HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Տնտեսական» քաղաքականություն կամ Սուքիասյանների ունեզրկումը

2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանած Խաչատուր Սուքիասյանը եւս հայտնվեց իշխանությունների «սեւ ցուցակում»` իր բոլոր հետեւանքներով:

Թեեւ ընդհատակից դուրս գալուց հետո Խ. Սուքիասյանին ազատություն «շնորհվեց», նրա մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Սրան զուգահեռ անցյալ ամիս քրեական հետապնդումներ սկսվեցին նաեւ վերջինիս եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ, ինչը, սակայն, մեկ այլ գործընթացի` Սուքիասյաններին ունեզրկելու բաղկացուցիչն է:

Ունեզրկում «օպերացիայում» զգալի ավանդ է ներդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով, իր իսկ բնորոշմամբ, երկար տարիներ (հատկապես առաջին նախագահի իշխանավարության օրոք) վատ հարաբերություններ է ունեցել Խաչատուր Սուքիասյանի հետ:

Երբ աճուրդի հանվեց Սուքիասյաններին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը, այն գնելու միակ հայտատուն հենց Ռուբեն Հայրապետյանն էր, ով անցյալ տարեվերջին, ի վերջո, գործարանը «գնեց»:

Մեկ տարի առաջ այս թեմային նվիրված ասուլիսի շրջանակներում Ռուբեն Հայրապետյանը բարոյականությունից խոսողներին խորհուրդ տվեց հատադարձ հայացք ձգել 90-ական թվականներին եւ պարզել, թե ինչ մեթոդներով են Սուքիասյանները ձեռք բերել իրենց ունեցվածքը, այդ թվում` «Բջնի» գործարանը:

«Թող նրանք (բարոյականությունից խոսողները) տեսնեն իրենց (Սուքիասյանների) գնածները, որոնք ժամանակին գնել կամ խլել են, դրանք բարոյակա՞ն են, թե՞ ոչ: Եթե իրենք (Սուքիասյանները) կընդունեն, որ անբարոյականություն են արել, ուրեմն ես էլ եմ դա արել,- ասաց Ռ. Հայրապետյանը: – Իսկ հարցը քաղաքականացնել պետք չէ, եւ մեկ տարի հետո կտեսնենք` այն քաղաքակա՞ն էր, թե՞ տնտեսական»:

Անցած մեկ տարին եկավ ապացուցելու, որ պատգամավոր Ռ. Հայրապետյանը, «տնտեսական շահագրգռվածությունից ելնելով», ձգտում է գնել հատկապես այն գործարանները, որոնք պատկանում են Սուքիասյաններին:

Հիշյալ ասուլիսից մեկ տարի անց` այս տարվա փետրվարի 12-ին, իրավապահները «Սիլ գրուպի» գրասենյակից բերման ենթարկեցին «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին: Պաշտոնական պարզաբանմամբ` «Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանը միջնորդավորված` ընկերոջն ուղարկված SMS կարճ հաղորդագրությամբ, ոստիկանությանը հայտնել էր, թե «Սուքիասյանն ու Արտաշը սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել որոշ փաստաթղթեր»:

Օրեր անց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հայտարարեց, թե Գոռ Դավթյանը սկզբում նշել էր, որ սպառնալիքն ուղեկցվել է զենքի գործադրմամբ, այդ իսկ պատճառով էլ մեղադրանքի հիմքում դրվել է նաեւ զենքի առկայությունը: Սակայն այն պահին, երբ տուժողը զենքի մասով ցուցմունքից հրաժարվել է, իրենք անմիջապես մեղադրանքից «զենքի պահը» հանել են:

«Մենք գործ ունենք մանիպուլիացիայի հետ: Մի անձից վերցրվում են ցուցմունքներ եւ միայն հիմնվելով այդ ցուցմունքների վրա` նախաքննություն է ընթանում, առաջադրվում է մեղադրանք, անձ է ձերբակալվում»,- ասում է Ս. Սուքիասյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Սուքիասյանն ու Ստեփանյանը ձերբակալվելուց 3 օր հետո ազատ արձակվեցին` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Օրեր անց նրանց մեղադրանք առաջադրվեց «մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով անձին ազատությունից ապօրինի զրկելու» համար (պատժվում է 3-5 տարվա ազատազրկմամբ):

Ներսես Նազարյանը միաժամանակ նշել էր, թե ահազանգով դեպքի վայր` «Սիլ գրուպի» գրասենյակ մեկնած իրավապահները պարզել էին, որ «նույն սենյակում փակված են Սարիբեկ Սուքիասյանը, Արտաշես Ստեփանյանն ու Գոռ Դավթյանը: Եվ տեղում առգրավվել են թղթեր, որոնք ստիպելով Գոռ Դավթյանին ստորագրել են տվել»:

Մինչդեռ Սուքիասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանն արդեն իսկ հրապարակել են գրասենյակի տեսախցիկների ձայնագրությունից հանված լուսանկարները, որոնցում շատ պարզ երեւում է, թե ինչպես է Գոռ Դավթյանն ինքնակամ, շատ հանգիստ լքել է գրասենյակը:

«Քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով: Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է եւ մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են,- իր տարածած հայտարարության մեջ նշել է Սարիբեկ Սուքիասյանը: – Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելով, այդ թվում նաեւ մեղադրանք առաջադրելով, ոչ ոք չի կարող խլել մեր ունեցվածքը եւ կոտրել մեր կամքը: Հուսով եմ` չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները: Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես մտածելակերպով»:

Գոռ Դավթյանը եւ Ռոբերտ Հարությունյանից, ովքեր «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի զգալի մասի սեփականատերերն էին, 2008 թվականի հոկտեմբերին իրենց պատկանող բաժնետոմսերը վաճառել են Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: Սակայն ընկերությունում 9 տոկոս բաժնետոմսեր ունեցող Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել դատարան` բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու պահանջով` պատճառաբանելով, որ խախտվել է իր նախապատվության իրավունքը, այսինքն` նախքան վաճառքը բաժնետոմսերն իրեն չեն առաջարկել:

«Դատական գործընթացի ժամանակ Ասպրամ Տոնոյանը առաջարկել է գյուղատնտեսության նախարարությանը` նույն պայմաններով ձեռք բերել բաժնետոմսերը` իր կողմից վճարած գումարը վերադարձնելով, ինչը նախարարության կողմից մերժվել է: Դրանով իսկ նախարարությունը հաստատել է իր հայցի ձևական և այլ նպատակներով ներկայացված լինելը»,- իր տարածած հայտարարությունում մանրամասնում է փաստաբան Լ. Սահակյանը:

Դատարանը նախարարության հայցը բավարարել է, եւ վճռի հետագա բողոքարկումները որեւէ արդյունք չեն տվել: Սակայն Գոռը եւ Ռոբերտը, նոտարական կարգով կնքված պայմանագրով, պարտավորվել են բաժնետոմսերը կրկին վաճառել Ասպրամ Տոնոյանին, ուստի գրավոր առաջարկներ են ուղարկել ընկերության բաժնետերերին` որպեսզի սպառեն նախապատվության իրավունքի հետ կապված միջոցները: Բայց այս անգամ էլ փոքր բաժնետերերից մեկը, ով եղել է Գոռի եւ Ռոբերտի նախկին աշխատակիցը` հաշվապահը, ցանկություն է հայտնել գնել առաջարկվող բաժնետոմսերը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` փետրվարի 12-ին Գոռ Դավթյանը գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որպեսզի տեղեկացնի, որ բաժնետոմսերը վաճառում է նոր բաժնետիրոջը, սակայն Սարիբեկ Սուքիասյանն ու Արտաշ Ստեփանյանը նրան ազատությունից զրկելով` պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր:

Անշուշտ, ոստիկանությունը չէր հրապարակել, որ «Բյուրեղ» ՓԲԸ-ում հայտնված նոր բաժնետերը նույն ինքը Ռուբեն Հայրապետյանն է: Պարզվել էր, որ ընկերությունում փոքր բաժնեմաս ունեցող հաշվապահն իր բաժնետոմսերը նվիրել էր հենց Ռ. Հայրապետյանին:

Փաստաբանների ներկայացմամբ` իրականում տեղի է ունեցել պաշտոնական վարկածի հակառակը: Ըստ այդմ` փետրվարի 11-ին Գոռ Դավթյանը զանգահարել է փաստաբան Արա Զոհրաբյանին ու պատմել, որ իրեն ահաբեկել է Ռուբեն Հայրապետյանը, հրավիրել են ուժային կառույցներ, այդ թվում ` դատախազություն, եւ ստիպում են, որ «Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի բաժնետոմսերը վաճառի ոչ թե Սուքիասյաններին, այլ Ռուբեն Հայրապետյանին:

«Գոռ Դավթյանը հրաժարվել է դա անել եւ զանգահարելով Արա Զոհրաբյանին` խնդրել է հանդիպել Սուքիասյանի հետ, ըստ էության` ակնկալելով նաեւ Սուքիասյանների պաշտպանությունը: Սուքիասյանը հանդիպում է Գ. Դավթյանի հետ, նա ահաբեկված պատմում է կատարվածի մասին ու խնդրում է իրեն աջակցել իրավական ձեւակերպումների հարցում, որպեսզի կարողանա հրաժարվել բաժնետոմսերը Ռուբեն Հայրապետյանին վաճառելուց»,- ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը` մանրամասնելով, որ Ա. Զոհրաբյանը կազմել է Հայրապետյանին ուղղված համապատասխան նամակ, որում նշել է այն իրավական հարցերը, որոնց առկայությամբ վերջինս ուղղակի չի կարող գնել բաժնետոմսերը:

«Տաօրինակ ձեւով դրանից անմիջապես հետո հարձակում է տեղի ունենում գրասենյակի վրա: Գոռ Դավթյանը բերման է ենթարկվում գրասենյակի բակից, ընդ որում` կալանավորի կարգավիճակում, որտեղ պահվում է ժամեր շարունակ»,- նշում է Լուսինե Սահակյանը:

«Մենք փետրվարի 13-ին մինչեւ առավոտվա 5:30-ի սահմանները եղել ենք ոստիկանության Էրեբունու բաժնում ու այնտեղ տեսել ենք նաեւ գործով տուժող ճանաչված Գոռ Դավթյանին: Նա ամբողջ օրն այնտեղ էր: Նրան անընդհատ շքախմբով մի աշխատասենյակից մյուսն էին տեղափոխում. տանում էին ոստիկանության պետի, հետո քննչական բաժանմունքի պետի, այնուհետեւ քննիչների աշխատասենյակ»,- շարունակում է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Պաշտպանները նշում են, որ Գոռ Դավթյանն իրապես տուժող է, ու ոստիկանությունում նա եղել է բավականին ընկճված. նստել է` գլուխը ձեռքերի մեջ առած, հայացքով անընդհատ փնտրել է պաշտպանություն: Ոստիկանության Էրեբունու բաժնում նրան ուղեկցող շքախմբի մեջ փաստաբանները տեսել են մեկին, ով, իրենց բնորոշմամբ` բացարձակ իրավունք չուներ գտնվելու ոստիկանության բաժնում եւ անընդհատ ստվերի պես հետապնդել տուժողին:

«Այս պահին, զուտ պաշտպանական մարտավարությունից ելնելով, այդ անձի անունը չենք հրապարակում: Մենք գիտենք նրա ով լինելը, ունենք նրա ոստիկանությունում տուժողի կողքին գտնվելու մասին վկայող անհերքելի ապացույցներ եւ չխանգարելով մեր պաշտպանության մարտավարությանը` ժամանակին այն նույնպես կտրամադրենք հանրությանը, գուցե նաեւ վարույթն իրականացնող մարմնին»,- ասում է Երվանդ Վարոսյանը: Փաստաբանները հրաժարվում են մանրամասնել` տվյալ անձը կապ ունի՞ Ռուբեն Հայրապետյանի հետ, թե՞ ոչ:

Նրանց խոսքերով` իրենց ձեռքի տակ ունեն ոստիկանության վարկածը հերքող ապացույցների մի ամբողջ փաթեթը, ինչը, սակայն, առայժմ չեն պատրաստվում տրամադրել իրավապահներին. «Որովհետեւ մենք հասկացանք, որ ինչքան ավելի շատ ենք ապացույցներ տալիս նախաքննական մարմնին, այնքան ավելի շատ է իրավիճակը փոխվում. նրանք սկսում են ձեռք բերել այլ ապացույցներ, կեղծել այդ ամբողջը»:

Ռուբեն Հայրապետյանն առայժմ հրաժարվում է մեկնաբանություններ տալուց, իսկ փաստաբանները հայտարարություն են տարածել, ըստ որի` փետրվարի 22-ին, այսինքն` Ս. Սուքիասյանի եւ Ա. Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց ընդամենը 10 օր անց,  Ռուբեն Հայրապետյանը Գոռ Դավթյանից եւ Ռոբերտ Հարությունյանից գնել է (նրանց հետ կնքել է պայմանագիր) այդ պահին վերջիններիս պատկանող բաժնետոմսերը` դառնալով «Բյուրեղ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի շուրջ 90%-ի սեփականատեր:

«Կարծում ենք` մեկնաբանություններն ավելորդ են»,- նշել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter