
Եպիսկոպոսի հէկերը...և ոչ միայն
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հէկերի մասին մեր հրապարակումը լայն արձագանք ստացավ ընթերցողների շրջանում: Հոդվածի տակ գրված մեկնաբանություններում եպիսկոպոսի պաշտպանները գրեթե համոզում էին, որ հէկերի հետ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը կապ չունի: «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության կոորդինատոր Տաթև Արծրունին էլ, արձագանքելով հոդվածին, վստահեցնում էր, որ «Էլեգիս» հէկը պատկանում է «Սյունիք» ԲՀԿ-ին և կառուցվել է գերմանական կազմակերպության կողմից: Հիշեցնենք, որ «Էլեգիս» ՍՊԸ-ն Հերմոնում երկու հէկ էր աշխատեցնում: Կոորդինատորը նաև զարմանք էր հայտնում, թե ինչու ենք նյութը վերնագրել «Եպիսկոպոսի հէկերը»` հիմնվելով «ինչ-որ գյուղացիների խոսքերի» վրա: Նկատենք, որ «ինչ-որ գյուղացիների» թվում էր նաև 6 տարի գյուղը ղեկավարող և համայնքի կողմից ընտրված գյուղապետ Գայ Օհանյանը:
Հիմա պարզաբանումներ մտցնենք` որոշ հետաքրքիր փաստեր հրապարակելով. «Սյունիք» ԲՀԿ-ն գրանցվել է 2004-ին, հիմնադիրներն են` Գարիկ Շահգալդյանը, Մայիս Մկրտչյանը և Գևորգ Մկրտչյանը (տես` լուսանկարում): Գարիկ Շահգալդյանին դեռ առիթ կունենանք անդրադառնալու: Մայիս Մկրտչյանին մեր ընթերցողներն արդեն ծանոթ են նախորդ հրապարակումից: Հիշեցման կարգով նշենք, որ վերջինս Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի եղբայրն է: Երրորդ հիմնադիրը Գևորգ Մկրտչյանն է: Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի ավազանի անունը Գևորգ է:
Որպեսզի ընթերցողների շրջանում կասկած կամ տարակուսանք չմնա Գևորգ Մկրտչյանի մասով, մեկ փաստ ևս նշենք, որի մասին բազմիցս հիշատակել են նաև մեկնաբանության հեղինակները. նույն Գևորգ Մկրտչյանը նաև Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի հիմնադիրն է, պետռեգիստրի էլեկտրոնային տվյալներում անձնագրային նույն տվյալներն են (լուսանկարում):
Այսինքն` բոլոր պնդումները, որ Սրբազանը հէկերի հետ որևէ կապ չունի, այդ թվում նաև Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի հավաստիացումը, թե հէկերն իրենցը չեն, այլ ինքն օգնել է, որ դրանք կայանան, իրականությանը չեն համապատասխանում:
Մեկ ուշագրավ փաստ ևս «Սյունիք» ԲՀԿ-ի մասին. Հերմոն գյուղում գյուղատնտեսական որևէ տեխնիկա չկա: Մեկ փոքր խոտհնձիչ ունի գյուղապետարանը, բայց դա ոչ միայն չի կարող ողջ գյուղին բավարարել, այլ նույնիսկ քչերն են հասցնում օգտվել դրանից: 5584 հա հող, որից 136 հա-ն վարելահողեր ունեցող գյուղի բնակիչները խոտհնձի ժամանակ պետք է սպասեն, թե երբ հարևան գյուղերի տեխնիկան կիջնի իրենց գյուղ՝ արտերը հնձելու: Օգնության են հասնում Կարմրաշենի և Ագարակաձորի տրակտորները: Օգտվելով առիթից, որ Հերմոն գյուղում ոչ մի գյուղտեխնիկա չկա, բարեգործական հասարակական կազմակերպության անվան տակ «Սյունիք» ԲՀԿ-ի գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկն իր վճարովի ծառայություններն է առաջարկում գյուղացիներին: «Սյունիք» ԲՀԿ-ի հայտարարությունը գյուղապետարանի ցուցատախտակին է փակցված: 1 հա հող վարելու համար կազմակերպությունը 14000 դրամ և 50 լիտր դիզվառելիք է գանձում, իսկ 1 հա-ն հնձելու համար` 30 հազար դրամ: Մանրամասները` լուսանկարում:
![]() |
![]() |
Հիմա անցնենք Մկրտչյանների մյուս բիզնես-նախագծերին: Բացի այն հէկերից, որոնց մասին արդեն գրել ենք, Մայիս Մկրտչյանը մասնակից է եղել նաև մեկ այլ՝ «Հերմոն ՄԱԴ» ՍՊԸ-ով գրանցված Քարագլուխ գյուղում նույնանուն գետի վրա գործարկվող, 1,790 կվտ հզորության «Քարագլուխ» փոքր հէկի հիմնմանը: Սակայն այն շուտով վաճառել է «Օստ-էլ» ՍՊԸ-ին: Այս հէկի կառուցման համար, ինչպես «Հետքի» հետ զրույցում նշել էր Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանը, շուրջ 7 հա գյուղնշանակության հող է «ամայացվել». «Որ խողովակներն անցկացրել են, այդ տարածքները փչացրել են»: Եղել են և ջրովի, և անջրդի վարելահողեր, որոնք գյուղացիները մշակել են: Մայիս Մկրտչյանը նաև «Գետնուղի հէկ» և «Լեռնային հէկ» ՍՊԸ-ների սեփականատերերից է: Հավանաբար, շուտով այս ՍՊԸ-ները նույնպես հէկեր են կառուցելու:
Գևորգ և Մայիս Մկրտչյանները, նույն պետռեգիստրի տվյալներով, նաև «Վայոց ձոր» ՍՊԸ-ի սեփականատերերն են: Իսկ Մկրտչյանների մյուս բիզնեսներին կանդրադառնանք առաջիկայում:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել