HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական գահի բանագնացները Երևանում-4

Սկիզբը

Եվրոպացի ու ռուս բանագնացները նույն օրը, նույն վայրում

Մինչ ՀՀ բարձրագույն իշխանությունները հունիսի 4-ին ՌԴ նախագահի ներկայացուցիչին հավաստիացումներ էին տալիս նախկինում ստանձնած հանձնառություններին հավատարիմ մնալու կապակցությամբ, նույն օրը նախագահականում ու Ազգային ժողովում հյուրընկալվեց եվրոպացի մեկ այլ բարձրաստիճան բանագնաց` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Վերջինիս հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը «Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը» գնահատեց «հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը մեծապես նպաստող, իսկ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին մասնավորապես նշեց. «Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան եւ շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը: Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ եւ աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ»:

ԵՄ-ի հետ Հայաստանի կոնկրետ անելիքների կապակցությամբ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտել նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջեւ շփումներն ընդարձակելու համար»:

Հիրավի հումանիտար ու քաղաքական կոմպլիմենտարություն մեկ օրվա մեջ…    

ԱԺ-ում Հերման վան Ռոմպոյին հյուընկալած խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործում Սերժ Սարգսյանի դերակատարումն է ընդգծում` վերջինիցս ավելի համարձակ բառերով շարադրելով Հայաստանի եվրաինտեգրման հավակնությունները. «Եվրոպական ուղղությունը, Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը  ՀՀ  արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Այս առումով գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է: Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ մեծ ջանքեր է գործադրել եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված ժողովրդավարական երկիր կառուցելու,  Եվրամիության հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ուղղությամբ,  եւ այսօր մենք արձանագրել ենք տեսանելի հաջողություններ: Հայաստանը եվրոպական արժեքներով, սկզբունքներով ու չափանիշներով զարգացնելու ձգտումը վայելում է նաեւ համընդհանուր կոնսենսուս մեր հասարակությունում»:

Բրյուսելի ֆինանսական աջակցության խոստումը

Երկկողմ հարաբերություններին գնահատականներ տալուց ու ապագայի ծրագրերից խոսելուից զատ Նախագահ Սարգսյանը Հերման վան Ռոմպոյի հետ ճեպազրույցում բաց ակնարկ կատարեց նաեւ ԵՄ-ից ունեցած կարճաժամկետ ֆինանսական ակնկալիքների մասին. «Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը եւ դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, եւ մենք ակնկալում ենք, որ որպես Արեւելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը»: 

Իր հերթին Հերման վան Ռոմպոյը նույնպես շարադրում է Հայաստանի իշխանություններից իր ակնկալիքներն ու հավաստիացումներ տալիս Հայաստանի ակնկալիքների բավարարման առումով. « ողջունում եմ Եվրոպական միության հիմնական արժեքների հիման վրա բարեփոխումներ անցկացնելու Հայաստանի հանձնառությունը, որն ուղղորդելու է դեպի ԵՄ չափանիշների եւ նորմերի հետ մոտարկում: Սա ակնհայտորեն Հայաստանի ռազմավարական ընտրությունն է: Ես խրախուսում եմ Հայաստանին շարունակել այդ ճանապարհը՝ հզորացնելով իր ժողովրդավարական հաստատությունները, խրախուսելով թափանցիկությունը, արմատախիլ անելով կոռուպցիան եւ հարգելով մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, ներառյալ խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը: Դուք, պարո՛ն Նախագահ, ճիշտ ճանապարհի վրա եք, անգամ եթե դեռ շատ անելիք կա առջեւում: Ես նաեւ մատնանշել եմ եւ դա արել եմ նաեւ խորհրդարանականների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ: Որքան ավելի զորեղ կլինի ձեր հանձնառությունը իրական բարեփոխումներ իրականացնելու եւ համընդհանուր արժեքները պաշտպանելու գործում, այդքան էլ դուք կարող եք հենվել ԵՄ-ի վրա՝ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով: Այս կապակցությամբ ես ուրախ եմ հայտարարելու, որ ԵՄ-ը որոշել է Հայաստանի համար 2012 թվականի տարեկան օժանդակությանը հավելել եւս 15 մլն եվրո՝ Արեւելյան գործընկերության ինտեգրման եւ համագործակցության հոդվածի ներքո: Սա Հայաստանին տրամադրվող օգնության 25 տոկոսի աճ է: Այդ միջոցներն օգտագործվելու են մի շարք հիմնական բարեփոխումներին աջակցելու համար՝ Հայաստանին ասոցացման ճանապարհին օժանդակելու նպատակով»:

ՀՀ իշխանությունների առջեւ որոշակի հավելյալ պայմանականություն առաջադրելով առաջիկա նախագահական ընտրությունների որակն ու ընտրական գործընթացը բարելավելու կապակցությամբ, Հերման վան Ռոմպոյը խոսում է նաեւ Սերժ Սարգսյանի կարճաժամկետ ֆինանսական ակնկալիքի մասին. «Ես հաճույքով հայտարարում եմ, որ Եվրոպական հանձնաժողովը այժմ ի վիճակի է սկսել դոնորների կոնֆերանս անցկացնելու նախապատրաստությունները Հայաստանի եւ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ»:   

Երեւանի բեկված ակնկալիքները Մոսկվայից ու Բրյուսելից

Աշխարհի ուժային կենտրոններից Հայաստանի իշխանությունների ունեցած ակնկալիքներից անցած տարիներին նույնատիպ են եղել.

1. փող/վարկային միջոցներ` ֆինանսական ճգնաժամից տուժած հայկական տնտեսությունը փրկելու եւ նախանշված բյուջետային ծախսերը կատարելու համար: Թեպետ Երեւանի այս պահանջմունքը նոր չէ, սակայն այն առավել սրվեց հատկապես Հայաստանի տկար տնտեսության ու աղքատ հասարակության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած աղետալի հետեւանքներից հետո:
2. Քաջ հայտնի ավանդական մյուս ակնկալիքը ռազմա-քաղաքական անվտանգության երաշխիքներն են` թշնամական հարեւաններից պաշտպանվելու համար:

3. Հինգ տարին մեկ պարբերականությամբ այս երկուսին ավելանում է նաեւ երրրոդ ակնկալիքը` սատարում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ինչպես հետագա զարգացումները փաստեցին, հատկապեզս վերջին շրջանում արտաքին վարկային միջոցներ ներգրավելու շուրջ ՀՀ իշխանությունները բանակցել են ոչ միայն ԵՄ-ի, այլեւ Ռուսաստանի հետ: Ըստ որում, եթե ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքները եւ այդ ուղղությամբ տարվող բականցային գործընթացը նոր չեն, ապա Ռուսաստանի հետ բանակցությունների պատմությունը, կարծես թե, չափազանց թարմ է: Դժվար է հաստատապես պնդել, որ հունիսի 4-ին ՌԴ նախագահի ներկայացուցչի հետ նույնպես քննարկվել է Ռուսաստանից ֆինանսական աջակցություն ստանալու հարցը: Սակայն ուշագրավ է, որ Հայաստանից Հերման վան Ռոմպոյի ու Կոնստանիտին Կոսաչեւի հեռանալուց օրեր անց հայկական ԶԼՄ-ներում հայտնվեց երկու տեղակատվություն.

  1. Հետաձգվել է հայաստանյան բարեփոխումներին օժանդակելու նպատակով դոնոր երկրների եւ կազմակերպությունների բրյուսելյան համաժողովը, ինչը խոստացել էր Հերման վան Ռոմպոյը,
  2. բյուջետային սպասելի դեֆիցիտը ծածկելու նպատակով Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել $1 մլրդ վարկային միջոցներ ներգրավելու շուրջ, սակայն` դեռեւս ապարդյուն:

Ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված այս տեղեկատվության` ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում տարածեց, որով չհերքեց ոչ բյուջետային դեֆիցիտի սպասումը, ոչ էլ Ռուսաստանից $1 մլրդ վարկային միջոցներ ներգրավելու բանակցությունների մասին լուրը, այլ պարզապես նշեց, որ մշտապես բանակցում են հնարավոր բոլոր դոնորների հետ:

Ամեն ինչ ճիշտ է, լավ է, պատրաստ ենք բավարարել ակնկալիքը, բայց….

Թվում է, թե ամեն ինչ այս կերպ չպետք է զարգանար: Թե ռուս, թե եվրոպացի դիվանագետները Հայաստանի բարձրաստիճան իշխանություններից հավաստիացումներ էին ստացել Մոսկվայի ու Բրյուսելի հետ Հայաստանի հարաբերությունները խորացնելու, զարգացնելու ու ընդլայնելու, նրանց առջեւ նախկինում ստանձնած պարտավորություններին հավատարիմ լինելու, նախանշված ծրագրերն ու գործողությունները ապագայում արագ իրագործելու կապակցությամբ: Իսկ բանագնացներն էլ հայտարարել էին, որ Երեւան-Մոսկվա, Երեւան-Բրյուսել հարաբերությունները զարգացման ճիշտ, վերընթաց ուղու վրա են եւ արժեւորել էին ՀՀ իշխանությունների դերակատարումը դրանում: Հետեւաբար հարց է ծագում, թե ի՞նչն էր Հայաստանին տրված խոստումը երկու կողմերից չկատարելու պատճառը:

Կատարված վերլուծության համատեքստում սույն «ֆենոմենի» գրեթե միարժեք բացատրություն է դառնում այն, որ Մոսկվան չի կարող բավարարված լինել միմիայն հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմամբ ու դրա դիմաց  բավարարել Հայաստանի իշխանությունների ակնկալիքը: Հումանիտար ոլորտում համագործակցությունը, ինչպես արդեն նշել ենք, ծագել էր հանրային ոլորտի գրեթե անդառնալի եվրոպականացումը ետ շրջելու մտահոգությունից եւ ընդամենը հետեւանք է: Այն նաեւ Հայաստանի եվրոպականացման ընդամենը մեկ ասպեկտն է: Ռուսաստանի համար առավել էական է ներազդել եվրոպականացման մյուս առաջատար կոմպոնենտների` ԵՄ-ի հետ առեւտրատնտեսական բանակցությունների ու եվրոպական տնտեսական-քաղաքական-կրթական-մշակութային տարածության` Հայաստանի ազատ մատչումի վրա: Հայաստանի ու Արեւելյան գործընկերության այլ երկրների պարագայում հենց դա էլ թույլ չտալու համար հրապարակ է նետվել Եվրասիական միության հայեցակետը` իբրեւ Եվրամիության ու Արեւելյան գործընկերության «այլընտրանք»…

Անկախ նրանից, թե գործնականում որքան իրատեսական է այդ միության կայացումը, Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում Հայաստանի կողմից դրան հավանություն տալն արդեն արգելակում է այդ երկրի ու Եվրամիության բանակցություններն ու հարաբերությունների զարգացումը: Մեկ անգամ չէ, որ եվրոպացի պաշտոնյաներն ու փորձագետները նախազգուշացրել են, որ Եվրասիական միության կարեւոր կոմպոնենտը համարվող Մաքսային միությանն անդամակցելը անհաղթահարելի խոչընդոտ է հարուցում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու /ԽՀԱԱԳ/ ստեղծման համար, քանի որ դրա նորմատիվային ու գործնական իրողությունները հակասության մեջ են եվրոպական չափանիշների հետ: Հետեւաբար, Բրյուսելն էլ իր հերթին պետք է սպասեր` տեսնելու, թե ի՞նչ զարգացումներ են հաջորդում Կոսաչեւի այցին, որքա՞ն է պաշտոնական Երեւանը խորացնում Ռուսաստանի հետ իր հարաբերություններ, ու արդյո՞ք դա անիմաստ է դարձնում Հայաստանի հետ ԵՄ ռազմավարական համագործակցությունը:

Իսկ սպասելու անհրաժեշտություն Բրյուսելը հաստատ ուներ: ՌԴ նախագահի ավետաբեր ներկայացուցիչի այցին պետք է հաջորդեին նախ հարսնացուն, ապաեւ` փեսացուն Հյուսիսից. հուլիսի 11-ին Հայաստան պետք է ժամաներ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով Վլադիմիր Պուտինի հետ միասին հարում է ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի պետերբուրգյան ակումբին եւ նաեւ դրա պատճառով է վաստակել խորհրդարանի վերին պալատը ղեկավարելու իրավունքը: Իսկ հուլիսի 23-24-ին հայաստան էր ժամանելու Ռուսաստանի Պետդումայի  նախագահ Սերգեյ Նարիշկինը` Պուտինի մեկ այլ զինակից, ով վերջինիս նախորդ նախագահության ժամանակ նրա աշխատակազմի ղեկավարն էր, իսկ այժմ` նրան է վստահվել խորհրդարանի ստորին պալատի խոսնակի գործառույթը: Առաջինը Հայաստան պետք է բերեր խորհրդարանական ձեւաչափի ակտիվացման, ու այդ կերպ Հայաստանի քաղաքական դաշտի հետ ավելի ինտենսիվ աշխատելու ուղերձը, ինչպես նաեւ հետախուզելու էր Եվրասիական Միության խորհրդարանական ձեւաչափին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը: Իսկ երկրորդ բանագնացն ավելի հեռուն էր գնալու` դժգոհելով Արեւմուտքի վարած քաղաքականությունից, առաջարկելով միանալ  Եվրասիական միությանն ու անգամ դրա համար վերջնաժամկետ նախանշելով…. Մի խոսքով` բացի հումանիտար ոլորտը, առաջիկայում պետք է ակնհայտ դառնային ռուսական քաղաքականության նորանոր թիրախները Հայաստանում ու դրանց վերբերյալ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը:           

Այսպիսով պաշտոնական Երեւանի ֆինանսա-տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ու Բրյուսելից հրաշալի առիթ են դարձել երկու մայրքաղաքների համար «փող/վարկ` Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման» բանաձեւի կենսագործման համար: Այն հնարավորություն է ընձեռում նախկին չիրացված խոստումները կատարել տալու եւ նոր խոստումներ կորզելու համար: Երկու մայրաքաղաքների համար էլ գլխավոր հարցն ու Հայաստանին հիմնական ակնկալիքը նույնն է. որքանո՞վ է պաշտոնական Երեւանը պատրաստ իր դռեները լայն բացելու հնարավոր բոլոր ձեւաչափերով ու մակարդակներով մի դեպքում երկրի ռուսիֆիկացման, մյուս դեպքում` եվրոպականացման ողջ ճակատի առջեւ:  

Ըստ ամենայնի, այդ ու այլ հարցերում պաշտոնական Երեւանի պատասխաններից կախված կլինի այն, թե արդյո՞ք Ռուսաստանը կամ Բրյուսելը պահանջված ֆինանսական աջակցությունը կցուցաբերեն Հայաստանին, ինչպես նաեւ` քաղաքական աջակցություն կհայտնեն կամ չեն հայտնի գործող նախագահին առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ: Մոսկվան ու Բրյուսելը դեռ որոշ ժամանակ պետք է սպասեն` տեսնելու, թե ինչպես են ավարտվում Երեւանի բանակցությունները իրենց ախոյանի հետ:

(Շարունակելի) 

Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան, 

Լուսանկարը՝ Ս.Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter