HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական գահի բանագնացները Երևանում-5

Սկիզբը

«Հարսնացուն» հյուսիսից. Վալենտինա Մատվիենկոյի այցը

Հուլիսի 11-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան այցելեց ռուսական հաջորդ բարձրաստիճան պատվիրակությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահականը, նա եւ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել են «հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ»: 

Մինչ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ ընդգծում է հայ-ռուսական «հարուստ օրակարգը», ինչը  «թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը», նաեւ` համոզվածություն է հայտնում, որ «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը երկու պետությունների համար ամուր հիմք է բոլոր ուղղություններով շարունակելու զարգացնել եւ խորացնել փոխշահավետ գործակցությունը», նաեւ` Վ.Մատվիենկոյի հետ կարեւորում է «օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը` բարձր  գնահատելով միջխորհրդարանական հանձնաժողովի անցած տարիների աշխատանքը», նրա ռուս զրուցակիցը կոշտ համոզվածություն է հայտնում, որ «միջխորհրդարանական հարաբերությունները կարող են եւ պետք է ծանրակշիռ ներդրում ունենան միջպետական հարաբերությունների զարգացման գործում»: 

Նախագահականի տարածած մամլո հաղորդագրության մեջ հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում «հարուստ օրակարգի» եւ քննարկված հարցերի կապակցությամբ: Մինչդեռ Մատվիենկոյի այցի ընթացքում քննարկված հարցերի մասին առավելագույնս պատկերացում է տալիս ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման հաղորդագրությունը: Երկու երկրների հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության դինամիկ ու վերընթաց զարգացման մասին ավանդական հայտարարություններից անդին հատկապես կարեւոր են Ազգային ժողովում ռուս բանագնացի կողմից արված մի քանի հայտարարություններ. 

1. Վ.Մատվիենկոն խոստովանում է, որ «տարբեր դիտորդական կառույցներում ընդգրկված ՌԴ պատվիրակները օբյեկտիվորեն արձանագրել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների`  բարձր մակարդակով ու օրենսդրությանը համապատասխան անցկացման փաստը, դրանք գնահատելով որպես եւս մեկ քայլ առաջ Հայաստանում պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ»: Ակնհայտորեն, ընտրությունները ճանաչելուց զատ, ակնարկը վերաբերում է նրան, որ ռուսաստանցի պատգամավորները, ընդգրկված լինելով ԵԽԽՎ, ԵԱՀԿ, ԱՊՀ դիտորդական առաքելությունների կազմերում, նպաստել են Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության ճանաչմանը, իսկ ավելի կարճ`  Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի իշխանություններին «ռազմավարական-եղբայրական поддержка» են ցուցաբերել: Թեպետ, ռուսական իշխանությունները դա, որպես միակողմանի լավություն, հայ պաշտոնակիցների երեսով տալու հիմքեր ամենեւին չունեն, քանի որ Ռուսաստանի վերջին նախագահական ընտրություններում, երբ նախագահ վերընտրվոց Վլադիմիր Պուտինը, նույնպիսի մի  ռազմավարական «поддержка» էլ արել էր ԵԱՀԿ/ԵԽԽՎ ու ԱՊՀ դիտորդական առաքելությունների կազմերում ընդգրկված հայկական պատգամավորական պատվիրակություներն իրենց ողջ կազմով` ոչ մի առարկություն չներկայացնելով ընտրությունների ժամանակ դիտված խախտումների կապակցությամբ… 

2. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ դրվատանքի խոսքեր հնչեցնելուց զատ Մատվիենկոն նաեւ շեշտում է «ընտրությունների դիտորդական գնահատման միասնական չափանիշների ձեւավորման անհրաժեշտությունը` այդ առումով կարեւորելով ընթացիկ տարում Երեւանում ԱՊՀ անդամ երկրների Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի մասնաճյուղի բացումը»: Հայտնի է, որ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից», Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունից» եւ Ղրղզստանում «կակաչների հեղափոխությունից» հետո Ռուսաստանը բացահայտ ու պաշտոնապես ԵԱՀԿ/ԵԽԽՎ դիտորդական առաքելություններին մեղադրել է իրենց զեկույցներով այդ երկրներում հեղափոխություններ հրահրելու մեջ: Նման մեղադրանք հնչեցվեց նաեւ Ռուսաստնի վերջին` վիճահարույց նախագահական ընտրությունների ժամանակ: Երկար ժամանակ Ռուսաստանի բարձրաձայնմամբ այս հարցը քննարկվում էր ԵԱՀԿ շրջանակներում: Գունավոր հեղափոխությունները որեւէ մահացու սպառնալիք Ռուսաստանի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը չեն հասցրել, սակայն չեզոքացրել կամ թուլացրել են այդ երկրների վրա ռուսական ազդեցությունը: Իսկ այդ ամենի պատճառը պաշտոնական Մոսկվան համարել եւ համարում է համաեվրոպական միջազգային կառույցների միջամտությունն ու դրա համար հիմք հանդիսացող «ընտրությունների միջազգային չափանիշները»: Ուստի, պատահական չէ, որ «գունավոր հեղափոխություններից» տակավին զգուշացող Ռուսաստանը նախաձեռնել է այլընտրանքային չափանիշների մշակումը ԱՊՀ շրջանակներում ու այդ կառույցի  մասնաճյուղերից մեկն էլ արտահանում է դաշնակից երկիր Հայաստան, որտեղ գունավոր հեղափոխության սպառնալիքի մասին մեկ տասնամյակից ավել է, ինչ խոսվում է… 

3. Վ. Մատվիենկոն թվարկում է հայ-ռուսական հարաբերությունների բազմաթիվ հարթություններ, որոնք արդեն իսկ վերընթաց զարգացման մեջ են. այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով` դրա գործունեությունը վերջին տարիներին արդյունավետ գնահատելով ու  հայտարարելով, թե «ռուսական կողմը վճռական է տրամադրված` ընդլայնելու միջխորհրդարանական համագործակցությունը», հաճախակի տեղի ունեցող հանդիպումներ բարձրագույն մակարդակով, հաստատված աշխատանքային, գործնական կապեր տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, խորհրդարանական կառույցների, գործարար հատվածների միջեւ, համագործակցության օրենսդրական հիմք եւ փոխշահավետ գործընկերային համագործակցության լուրջ համակարգ, երկու երկրների տարածաշրջանների (ռեգիոնների) միջեւ համագործակցություն, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ միջազգային խորհրդարանական այլ կառույցներում փոխգործակցությունը եւ դրանցում ՀՀ ու ՌԴ պատվիրակությունների սերտ համագործակցությունը, եւ այլն: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն անդրադարձել է նաեւ ինտեգրացիոն գործընթացներին, տնտեսության, գիտության, ինովացիոն, կրթության, այլ  ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Որքան որ տպավորիչ, բազմամակարդակ եւ արդեն իսկ իրողություն են նշված համագործակցությունները, այդուհանդերձ առավել էական են Վ. Մատվիենկոյի ցանկությունները. ա) տիկին Մատվիենկոն «մեծապես կարեւորում է հումանիտար եւ մշակութային համագործակցությունը, որոնք ունեն խորը պատմական արմատներ, եւ անհրաժեշտ  է դրանց պահպանումն ու գալիք սերունդներին փոխանցումը» (Սերժ Սարգսյանի խոսքերի կրկնությունն է) եւ «հարկավոր է նպաստել, որ  անցյալ տարվա հոկտեմբերի   24-ին ստորագրված հումանիտար ոլորտում համագործակցության մասին երկկողմ համաձայնագիրը ստանա գործնական նշանակություն»: Այս համատեքստում հայ-ռուսական կապերի հետագա ամրապնդման գործում հանդիպման կողմերը` Վ.Մատվիենկոն եւ Հ.Աբրահամյանը  «կարեւորում են տարբեր քաղաքացիական ու հասարակական կառույցների փոխգործակցության աշխուժացումը»: 

Նշվածը հենց այն դաշտն է, որը տարիներ շարունակ աչքաթող է արել Ռուսաստանը` դրանք քիչ կարեւորելով ու իր դիրքերը կորցնելով հենց հումանիտար ոլորտում, ինչը հանգեցրել է ժամանակի ընթացքում մշակութային եւ հումանիտար կապերի թուլացմանը, պատմական կապերի մասին նոր սերնդի անիրազեկությանը, ռուսական ինֆորմացիոն-մշակութային դաշտից նրա հեռանալուն: Իսկ քաղաքացիական սեկտորը բացառապես հայտնվել է արեւմտյան կառույցների հոգածության ու խնամակալության ներքո: Վերջին հաշվով տարբեր երկրներում նրանք են եղել գունավոր հեղափոխությունների առանցքային դերակատարներից մեկը, իսկ Հայաստանում քաղաքացիական ու հասարակական կառույցները չեն կարող ուշադրությունից դուրս լինել, հատկապես երբ վերջին տարիներին նրանք շատ առումներով ավելի արդյունավետ են դարձել, քան քաղաքական կուսակցությունները: Հետեւաբար, քաղաքացիական սեկտորը եւ քաղաքական դաշտը վերստին հայտնվել են Մոսկվայի ուշադրության կենտրոնում: 

Հնեց դա էր պատճառը, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցական ցուցակներում ընդրկվեցին կա’մ հստակ ռուսական կողմնորոշմամբ, կա’մ էլ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց Ռուսաստանը վստահում է…Պատահական չէ, նաեւ որ Վ.Մատվիենկոն կարեւորում է գունավոր հեղափոխություններից Հայաստանի ու Ռուսաստանի «պաշտպանվածության» հարցը` առաջարկելով փոխշահավետ համագործակցություն ու կոնկրետ մեխանիզմներ` սկսած ընտրությունների «օբյեկտիվ գնահատման» ու այլ հարցերում խորհրդարանականների, քաղաքական ուժերի համագործակցությունից ու փոխադարձ ինտեգրումից, վերջացրած` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին այլընտրանքային կենտրոն ստեղծելով:      

Մոսկվան բացահայտում է Մատվիենկոյի այցի չբարձրաձայնված խնդիրները 

Որքան էլ այս հանդիպման կապակցությամբ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինների տրամադրած տեղեկատվությունը թույլ է տալիս ուշագրավ շերտեր ու նրբերանգներ բացահայտել ռուս-հայկական հարաբերություններում, այդուհանդերձ ոչ Հայաստանի նախագահականի, ոչ Ազգային ժողովի տարածած տեղեկատվության մեջ չես հանդիպի նրան, ինչը ակնհայտ է դարձնում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտոնական կայքը: Այնտեղ է, որ ամբողջացվում է Սերժ Սարգսյանի ու Վալենտինա Մատվիենկոյի քննարկած «հայ-ռուսական հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգը» ու նկարագրվում է գրեթե ողջ հանդիպումը: 

Հաղարդագրության հենց սկզբից կարդում ես. «Հետխորհրդային տարածության մեջ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարները դարձան ՌԴ Դաշնության խորհրդի պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը: Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական տարածության մեջ, մասնակցում է մյուս եվրասիական ինստիտուտներին եւ լրջորեն շահագրգռված է առաջ շարժվել այդ ուղղությամբ», -զրույցի արդյունքների մասին լրագրողներին տեղեկացրեց խոսնակը: «Հայաստանի նախագահը դրականորեն է գնահատում եվրասիական ինտեգրմանը Հայաստանի մասնակցության հեռանկարները: Նա չի բացառում Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությանը եւ ապագայում` Եվրասիական միությանը»,-ընդգծեց Մատվիենկոն, նկատելով, որ ներկայումս Երեւանը խնդրել է ինտեգրացիոն այդ ձեւերի զարգացման “ճանապարհային քարտեզը” եւ շարունակում է փորձագիտական խորհրդատվությունը»: 

Սա բավականին սկանդալային բացահայտում է այն առումով, որ երբեւէ ոչ հաղորդագրություններում, ոչ հարցազրույցներում չի արտացոլվել նախագահ Սերժ Սարգսյանի անձնական դիրքորոշումը Եվրասիական միության, առավել եւս դրան ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների կապակցությամբ: Անցած տարվա հոկտեմբերին ԶԼՄ-ներում ընդամենը հայտնվեց մի հայտարարություն այն մասին, որն արել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ասելով, թե ինքը Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Եվրասիական միության գաղափարը եւ նա դրականորեն է արձագանքել: Չնայած վերլուծաբանների բարձրացված հարցապնդումներին, ՀՀ նախագահականն այդպես էլ չհերքեց կամ չհաստատեց արված հայտարարությունը, նաեւ գնահատական չտվեց, թե ինչո՞ւ է ռուսաստանցի ազդեցիկ հայ գործարարը հայտարարություն անում ՀՀ նախագահի անունից: 

Վալենտինա Մատվիենկոն ոչ միայն հաստատում է Սերժ Սարգսյանի այդ «դրական վերաբերմունքը», այլեւ իրազեկում է, որ Երեւանը Մոսկվայից խնդրել է եվրասիական ինտեգրման «ճանապարհային քարտեզը»: Հետեւաբար, Մոսկվա-Երեւան հարաբերություններում նման միտումներն արդեն իսկ բավարար էին դառնում Բրյուսելի համար` դադար վերցնելու Հայաստանի հետ իր հարաբերություններում ու անգամ հետաձգելով Հայաստանի համար դոնոր երկրների ու կազմակերպությունների խոստացված կոնֆերանսը:     

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն իր հերթին ընդգծել է, թե եվրասիական ինտեգրմանը միանալը չի հակասում Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորությանը, մյուս ինտեգրացիոն միավորների, այդ թվում` Եվրոպական Միության հետ համագործակցության խորացման նրա մտադրությանը. «Ռուսաստանը, եվրասիական տարածության մեջ ակտիվորեն զարգացնելով ինտեգրացիոն գործընթացները, ավանդաբար մտադիր է ընդլայնել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ համագործակցությունը»,-հանգստացրել է Մատվիենկոն եւ շարունակել. «Տարբեր ինտեգրացիոն գործընթացներում մասնակցությունը մեկը մյուսին չի հակասում, այլ, հակառակը, մեր ջանքերի, հնարավորությունների եւ ներուժի սիներգիա է ստեղծում»):    

Դժվար թե Մատվիենկոն չիմանար, որ իր հավաստիացումները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, եւ ԵՄ տարբեր դիվանագետներ, դեսպաններ ու փորձագետներ արդեն իսկ հրապարակավ ցուցանել են խորքային հակասությունները միաժամանակ թե ԵՄ-ի, թե Եվրասիական միության հետ տվյալ երկրի հարաբերությունների չափազանց խորացման պարագայում: Միգուցե հենց դրա մասին էլ խոսվել է Սարգսյան-Մատվիենկո հանդիպման ընթացքում, ինչի կապակցությամբ էլ ռուսական կողմը տեղեկացնում է. «Հաշվի առնելով, որ այդ թեման հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար, Մատվիենկոն առաջարկեց հարցերի այս պրոբլեմատիկայով ընդհանուր քննարկման հարթակ ստեղծել փորձագիտական մակարդակով: Ըստ որում, նա հղում կատարեց Դաշնության ժողովի հենքի վրա ռուս  ակնառու քաղաքական ու հասարակական գործիչների,  փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ Ինտեգրացիոն ակումբի աշխատանքների հաջող մեկնարկին»: 

Ճիշտ եւ ճիշտ հայկական կողմի համանմանությամբ, ով հաղորդագրություններում առաջին հերթին հիշատակում է իրեն հետաքրքիր կամ ցանկալի խնդիրներն ու դրանց շուրջ քննարկումը, ռուսական կողմը իր համար գերկարեւորվող այս խնդրի ներկայացումից հետո է միայն խոսում մնացյալի մասին: Մատվիենկոն մասնավորապես զեկուցում է, թե Սերժ Սարգսյանի հետ համակրծիք են նրանում, որ «ոչ մի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չկան այնպիսի պրոբլեմային հարցեր, որոնց համար լուծում չգտնվի»:  Ասել է. թե համատեղ քննարկումներում լուծում կտրվի նաեւ Մոսկվա-Երեւան, Մոսկվա-Բրյուսել առանցքներով հակասությունների խնդրին: Նշելով, թե «Հայաստանի նախագահը դրականորեն է գնահատում Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը», Մատվիենկոն նաեւ ընդգծում է. «Նա մեծ նշանակություն է տալիս ռազմա-քաղաքական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությանը: Այդ իսկ պատճառով Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի ակտիվ մասնակից եւ այդ կառույցում իրական գործնկեր Ռուսաստանի համար, որը Հարավային Կովկասում կարեւոր դեր է խաղում կայունության պահպանության գործում»:   

Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունից Երեւանի ակնկալիքների մասին Մատվիենկոն նշում է, որ «Սերժ Սարգսյանը վերահաստատեց համատեղ նախագծերի իրականացման, այդ թվում` Հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը»: Միջտարածաշրջանային (ռեգիոնների միջեւ) համագործակցության բնագավառում կողմերը նշել են փոքր ու միջին բիզնեսի, հատկապես ինովացիաների ոլորտում, կապերի զարգացման կարեւորությունը: 

Ռուսական կողմի հաղորդագրությունը այլ բացահայտումներ նույնպես կատարում է: Մասնավորապես նրանից տեղեկանում ենք, որ «զրույցի ընթացքում Վ.Մատվիենկոն առաջ է քաշել ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի եւ ՀԱՊԿ մասնակից երկրներում  ռազմական բազաներ տեղակայելու մասին Արձանագրության վավերացումն արագացնելու անհրաժեշտության հարցը: Հայաստանի նախագահը բացատրեց, որ Հայաստանի Ազգային ժողովում այդ փաստաթղթերի վավերացման հետաձգումը կապված է խորհրդարանական ընտրությունների եւ ներկայումս արձակուրդ գնալու հետ: Սակայն, անմիջապես աշնանային նստաշրջանի մեկնարկից հետո այդ փաստաթղթերը կներկայացվեն վավերացման»,-ռուսական կողմին հավաստիացրել է Սերժ Սարգսյանը: 

Եւ վերջապես, Վալենտինա Մատվիենկոն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ մի հարց, որը առանցքային տեղ էր զբաղեցրել նախորդ բանագնացի` Կոնստանտին Կոսաչեւի այցի օրակարգում. Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման թեման: «Հաշվի առնելով երկկողմ համագործակցության ընդլայնումը եւ ռուսական բիզնեսի ներկայությունը` հանրապետությունը ռուսաց լեզվի իմացությամբ մասնագետների կարիք ունի»,-Սերժ Սարգսյանին ասել է Վ.Մատվիենկոն: «Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվեցինք համատեղ քայլեր ձեռնարկել Երեւանում Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, ինչպես նաեւ` ռուսական քոլեջի բացումը արագացնելու ուղղությամբ: «Հայաստանի նախագահը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու ռուսական լեզվի ուսուցման հնարավորությունները եւ կիրառության ոլորտը»,-հավելել է Վ.Մատվիենկոն: 

Օտարալեզու դպրոցների ու այդ համատեքստում ռուսալեզու հաստատություններ բացելու դեռեւս չհաջողված փորձին արդեն իսկ անդրադարձել ենք նախորդ վերլուծություններում: Փաստացի, այդ դաշտում որոշակի դադար տրվեց մեծ այն բանից հետո, երբ  չմարող քաղաքացիական բողոքի պայմաններում օրենքը դժվարությամբ ընդունվեց ԱԺ-ում: Նշվածից բացի ու հետո, անշուշտ այլ` նկատելի ու անկկատ մնացած փորձեր նույնպես արձանագրվեցին, որոնք կապված էին ռուսական լեզվի գործածության ոլորտի ընդլայնման հետ: Բավական է հիշել հեռուստաընկերություններից մեկով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի` ռուսերեն լեզվով հեռարձակման շուրջ բարձրացած քննադատությունը, ինչպես նաեւ ավելի քիչ քննարկման առարկա դարձած մի փաստը. ռուսախոս կամ ռուսահայախոս կերպարների սպրդումը հեռուստասերիալներ… Սակայն խնդիրը ֆունդամենտալ լուծում չի ստացել` հետաձգվել է ռուսալեզու հաստատությունների բացումը, հետեւաբար ռուսական կողմն այդ աննշան քայլերով բավարարված լինել չի կարող: 

Ակնհայտ է, որ ռուսական կողմը գոհ չէ վերը թվարկված ոլորտներում ու հարցերում գործընթացների արագությունից, ըստ այդմ` Երեւանին շտապեցնում է հենց սեպտեմբերից վավերացնել ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը եւ ՀԱՊԿ մասնակից երկրներում ռազմական բազաներ տեղակայելու մասին Արձանագրությունը, բացել ռուսալեզու կրթական հաստատությունները, համաձայնել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման ռուսական առաջարկներին, եւ պատասխան տալ Եվրասիական միությանն ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: 

Սակայն սրանով Երեւանի վրա ռուսական գրոհը չավարտվեց ու «երկաթը տաք-տաք ծեծելու» տրամաբանությամբ մոտավորապես մեկ շաբաթ անց Հայաստան ժամանեց Ռուսաստանի Պետդումայի  նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով պետք է Հայաստանի հետ երկխոսությունը շարունակեր եվրասիական նախագծի շրջանակներում, շոշափեր գունավոր հեղափոխությունների, ԱՄՆ ագրեսիվ քաղաքականության եւ շատ այլ կարեւոր խնդիրներ:

Ստյոպա Սաֆարյան,

Վերլուծաբան 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter