HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յո՞ երթաս Երեւան «ճանապարհային քարտեզով»

Երեւան-Մոսկվա հարաբերությունները սովորականից ավելի ջերմանալու նշաններ են ցույց տալիս: Հուլիսյան շոգին զուգընթաց Հայաստան այցելած 5 ռուս բարձրաստիճան պաշտոնյաների տեղատարափ այցերի տրամաբանական շարունակությունը դարձավ օգոստոսի 8-ին ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի դաշնություն` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպելու նպատակով: Այց, որի համար ՀՀ նախագահը հարկադրված եղավ անգամ ընդհատել իր կարճատեւ ամառային արձակուրդը, եւ որի մասին լայն հանրությունը տեղեկացված չէր մինչեւ օգոստոսի 2-ը, երբ ՀՀ նախագահականը ազդարարեց ՀՀ նախագահի «աշխատանքային արձակուրդի» մասին: Մինչ այդ էլ Հայաստան ժամանած ռուս բանագնացներից եւ ոչ մեկ հրապարակավ չէր ակնարկել Ս.Սարգսյանին ուղարկված Վ.Պուտինի հրավերի մասին: Թե ինչո՞ւ աշխատանքային այցն այդ կերպ ազդարարվեց ու միայն օգոստոսի 2-ին` առայժմ միայն ենթադրություններ կարելի է անել:

Ակնհայտ է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու ռազմավարական դաշնակիցները հանկարծակի սովորականից ավելի շատ սկսեցին կարեւորել միմյանց ու խոսել ռազմաքաղաքականից մինչեւ առեւտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում չիրացված մեծ ներուժի, հնարավորությունների եւ երանելի ապագայի մասին: Ռուսական կողմից դրա հիմնական շարժառիթը, անշուշտ Վ.Պուտինի տարածաշրջանային մեծ ծրագիրն է, որն անվանվել է եվրասիական նախագիծ` Եվրասիական միություն իր բաղադրիչներով (Մաքսային միություն, միասնական տնտեսսկան տարածություն եւ այլն): Եւ հուլիս ամսվա ընթացքում Հայաստան ժամանած ցանկացած ռուս բարձրաստիճան պաշտոնյա լիազորված էր երկկողմ հարաբերությունների զարգացումից ու խորացումից անդին պարզել նաեւ Երեւանի վերաբերմունքը եվրասիական նախագծի կապակցությամբ` այդպիսվ Երեւան-Մոսկվա գործընթացը վերածելով «եվրասիական շինարարության շուրջ երկխոսության ու բանակցության»:

Պաշտոնական Երեւանը, որ ավանդաբար ու առավելապես շահագրգռված է եղել աշխարհի ուժային կենտրոնների հետ նախեւառաջ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, անցած տարիներին չկարողանալով լուծել շրջափակման ու պատերազմի վտանգի նվազեցման բարդագույն խնդիրները,  նկատելի է, որ վերստին շահագրգռված է դարձել իր հայացքը Ռուսաստանին ուղղելու հարցում` նրանից ակնկալելով ոչ միայն ռազմաքաղաքական, այլեւ ֆինանսատնտեսական երաշխիքներ փակուղային վիճակում գոյատեւելու համար: Բայց ի հակառակ երկկողմ հարաբերությունների հանդեպ իր շատ ավելի մեծ շահագրգռության եւ հանուն ռուսական կողմից իր ակնկալիքների բավարարման, Հայաստանը հարկադրված է նաեւ ոչ միայն վերաբերմունք արտահայտել եվրասիական բազմակողմ ձեւաչափերի հանդեպ, այլեւ մասնակցություն ապահովել դրանցում. այս պահին դա ավելի կարեւոր է դարձել Կրեմլի համար, քան սոսկ երկկողմ համագործակցությունն է արբանյակ կամ նրա կողմից կարեւորվող պետություններերի հետ:

Ըստ այդմ, Ռուսաստանը, հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյա հոբելյանի քողի տակ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններն ակտիվացնում է ռեգիոնալ խնդիրներ լուծելու հեռահար նպատակով: Եւ Երեւան-Մոսկվա առանցքով բանակցությունների առայժմ անվերջանալիությունն արդյունք է նրա, որ Մոսկվան չի շտապում գոհացնել Երեւանին, ով համաձայնել է երկկողմ մակարդակով շատ բաների, բայց հետաձգել էր իր պատասխանը Մաքսային միությանն ու Եվրասիական միությանը միանալու կապակցությամբ:

Այս խորապատկերին, օգոստոսի 8-ին Հայաստանի իր գործընկերոջ հետ ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ աշնանը միջկառավարական հանձնաժողովի ռուս եւ հայ գործընկերները (ռուսական կողմից հայտարարվել է համանախագահը` տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը) կհանդիպեն եւ «շատ ճիշտ խնդիր է դրված նրանց առջեւ. մշակել մինչեւ 2020թ. տնտեսության ոլորտում մեր հարաբերությունների զարգացման պլանը, ստեղծել ճանապարհային քարտեզ»: (http://www.kremlin.ru/news/16176):

Իզուր է մտածել, թե «ճանապարհային քարտեզը» բացառապես վերաբերում է տնտեսության ոլորտում երկու երկրների հարաբերություններին (հատկապես երբ տեքստում էլ գործ ունենք երկու հավասարոզոր կատեգորիաների թվարկման հետ` «տնտեսության ոլորտում հարաբերությունների զարգացման պլան» եւ «Ճանապարհային քարտեզ»): Թեպետ դրանք տարբեր բաներ են, սակայն, անշուշտ փոխկապակցված, բայց այլ տեսակի` պայմանականության (conditionality) կապով: Ինչպես ակնարկել է ՌԴ նախագահը, եթե «ոչ վատ զարգացող տնտեսությամբ» Հայաստանը, որի հետ Ռուսաստանի ապրաքաշրջանառությունը արդեն հասել է «նախաճգնաժամային մակարդակին», եւ ում Ռուսաստանը «թիկունք է կանգնել ճգնաժամի փորձառության պայմաններում` օգնելով հաղթահարել շատ բան», այժմ ցանկանում է ավելին` վերընթաց ապրանքաշրջանառության մեջ եւ ճգնաժամի ամբողջական հաղթահարում, ապա պետք է ռուս գործընկերների հետ միասին ստեղծի այդ «ճանապարհային քարտեզը» դեպի Մաքսային Միություն եւ Եվրասիական Միություն:

Կրեմլը սպասում է Երեւանի քայլերին

Անցած տարվա ընթացքում Երեւանը կարողացավ ոչ միայն զարմացնել այլեւ զայրացնել Մոսկվային: Հայաստանը չէր շտապում ոչ միայն կյանքի կոչել ՀՀ նախագահի` 2011թ. հեյտեմբերի 24-ի պետական այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, այլեւ անուշադրության էր մատնել ԱՊՀ շրջանակներում ստորագրված պայմանագրերը: Պատահական չէ, որ հուլիս ամսվա ընթացքում Հայաստան ժամանած ռուսական պատվիրակությունները հետաքրքրվում էին, թե ե՞րբ եւ ի՞նչ գործնական քայլերով է պատրաստվում Երեւանը իրականացնել ռուսալեզու կրթական հաստատություններ բացելու, ռուսական լեզվի գորրածության շրջանակն ընդլայնելու, հումանիտար ոլորտում համագործակցությանը զարկ տալու իր պարտավորությունները, կամ վավերացնելու այս կամ ԱՊՀ պայմանագիրը (Ռուսական գահի բանագնացները-1,2,3,4,5):

Ռուսական լեզվի, ռուսալեզու հաստատությունների ու հումանիտար ոլորտի հարցեր անխտիր բարձրացրել են Հայաստան ժամանած բոլոր առանցքային բանագնացները` Կոնստանտին Կոսաչեւը, Վալենտինա Մատվիենկոն, Սերգեյ Նարիշկինը: Ռուսական կողմը վերջապես հասավ նրան, որ ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կ.Կոսաչեւը հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեց Հայաստանում ռուսական գիմնազիա եւ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու, Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանին` ազգային գիտահետազոտական կենտրոնի կարգավիճակ շնորհելու, ինչպես նաեւ` համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու, ուսուցիչների որակավորման բարձրացման հարցերի շուրջ (Ռուսական գահի բանագնացները-1(http://hetq.am/arm/opinion/17015/rusakan-gahi-banagnacnery-erevanum-1.html), Ռուսական գահի բանագնացները-2 (http://hetq.am/arm/opinion/17077/rusakan-gahi-banagnacnery-erevanum--2.html)):

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն էլ Սերժ Սարգսյանից անուղղակի հետաքրքվել էր, թե ինչու մինչեւ այժմ Ազգային ժողովում վավերացված չեն ԱՊՀ-ում Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը եւ «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին Արձանագրությունը: Նա նաեւ ուղղակի հասկացրել էր դրանց վավերացումն արագացնելու մասին: ՀՀ նախագահը վավերացման հապաղումը պայմանավորել էր խորհրդարանական ընտրություններով ու ամառային արձակուրդներով, եւ խոստացել դա անել Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին պես (Ռուսական գահի բանագնացները-5, http://hetq.am/arm/opinion/17329/rusakan-gahi-banagnacnery-erevanum-5.html):

Դեհ, ինչպե՞ս կարող է Մոսկվան հանգիստ վերաբերել ու չխանդել, երբ Երեւանը արդեն ամիսներով ԱԺ օրակարգում կախված ու չվավերացված է պահում 2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիր, որը ՌԴ նախագահ Վ.Պուտինի խոսքով «հիմնարար պայմանագիր է, որն ընկած կլինի մեր երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների հիմքում» եւ «փոխում է հետխորհրդային տարածությունում առեւտրատնտեսական կապերի կոնֆիգուրացիան» (http://www.bbc.co.uk/russian/international/2011/10/111018_commonwealth_free_trade.shtml): Մինչդեռ դրան զուգընթացը Երեւանը փութաջանորեն թակում է Բրյուսելի դուռը` «մոտ ապագայում ավարտին հասցնելու Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները եւ սեղմ ժամկետներում ավարտելու նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունները» (Ռուսական գահի բանագնացները-4, http://hetq.am/arm/opinion/17260/rusakan-gahi-banagnacnery-erevanum-4.html): Երեւանը պլանավորել է դրանք Բրյուսելի հետ ստորագրել մինչեւ «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների գագաթաժողովը, որ կայանալու է 2013թ. սեպտեմբերին, Վիլնյուսում:

Ավելին, նույն Վալենտիան Մատվիենկոյի այցի օրերին` հուլիսի 24-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին հյուրընկալած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի թիվս այլ հարցերի,  նրա հետ  քննարկում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին է ներկայացնում  «Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների ընթացքը» (http://www.mfa.am/hy/press-releases/item/2012/07/24/french_fm/): Իսկ Երեւան-Բրյուսել առանցքով այդ առաջընթացը չէր կարող չառաջացնել Մոսկվայի զայրույթը, ում համար կարեւոր նույնատիպ մեկ այլ պայմանագիր անորոշության վիճակում է, եւ Մատվիենկոն էլ պետք է հիշեցներ վավերացումն արագացնելու անհրաժեշտության մասին:

Ինչպե՞ս կարող է Մոսկվան չզայրանալ, որ ՀԱՊԿ պայմանագրերից ու արձանագրություններից Երեւանը ժամանակին ու անհապաղ վավերացնում է այն, ինչը իրեն է պետք: Ասվածի օրինակ կարող է ծառայել, մասնավորապես, Հայաստանում ռուսական ռազմաբազաների գտնվելու ժամկետը երակարացնող եւ Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանության մեջ ռուսական ուժերը ներգրավող արձանագրությունը: Սակայն, Երեւանը մինչեւ օրս չի վավերացրել ԱԺ օրակարգում ամիսներով սպասող 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրութունը:

Այս վերջինը չափազանց կարեւոր է Ռուսաստանի համար, քանի որ վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում կազմակերպությունից դուրս երրորդ երկրի ռազմական բազայի տեղակայմանը: Այն մասնավորապես նախատեսում է. «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո եւ նրանց պաշտոնական առարկության բացակայության դեպքում»: Այն նաեւ նախատեսում է, որ «Արձանագրության կիրառության կամ մեկնաբանության հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի հետ խորհրդակցությունների եւ բանակցությունների ճանապարհով» (http://www.dkb.gov.ru/session_fortnight/a.htm):

Կարճ ասած, տեսական հարթության վրա Հայաստանում կամ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրում այլ երկրի զորամիավորում կամ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ տեղակայելու հարցում պարտադիր է մյուսների, եւ առաջին հերթին Ռուիսաստանի համաձայնությունը: Եւ եթե Հայաստանն իր անվտանգության շահերից ելնելով ու իր դեմ ուղղված ադրբեջանական վտանգը չեզոքացնելու համար արագ վավերացրել էր ռուսական ռազմաբազաներին վերաբերող արձանագրությունը, այս մեկը, որը կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանին ազդեցության հավելյալ գործիք է տալիս, դեռեւս չի վավերացրել:

Այս խորապատկերին, երբ Մոսկվան գտնում է, որ Երեւանը ժամանակին ու պատշաչ չի կատարում իր պարտավորությունները, հատկապես` դրանցից Ռուսաստանի համար կարեւորները, Երեւանը ամիսներով համաձայնություն չի տալիս Կրեմլի համար մեկ այլ կարեւոր գործընթացին` եվրասիական ինտեգրմանը, մինչդեռ այդ իրավիճակում ցանկանում է Մոսկվայի ռազմաքաղաքական ու առեւտրատնտեսական երաշխիքները ստանալ:

Եվրասիական միությունը, «Ճանապարհային քարտեզը» եւ Հայաստանը

2011թ. հոկտեմբերի 3-ին ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը ռուսական «Իզվեստիա» պարբերականում տպագրեց իր «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. Ապագա, որը ծնվում է այսօր» հայտնի հոդվածը` իբրեւ այդ հսկայական տարածաշրջանում Ռուսաստանի նոր ստրատեգիայի «համառոտագիր» եւ ի նշանավորումն 2012թ. հունվարի 1-ից մեկնարկող Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միասնական տնտեսական տարածության (http://izvestia.ru/news/502761): Վ.Պուտինի տեսլականով «Եվրասիական միությունը բաց նախագիծ է` Լիսաբոնից մինչեւ Վլադիվաստոկ եւ ավելի հեռու» (http://www.kpe.ru/sobytiya-i-mneniya/ocenka-tendencii-s-pozicii-kob/2728-putin-es-eto-otkritiy-proekt)` հավակնելով առաջին փուլում միութենական կապերի մեջ դնել մասնավորապես ԱՊՀ եւ ՀԱՊԿ տիրույթները:

Թվարկված երեք երկրների նախագահներն արդեն 2011-ի նոյեմբերին ստորագրեցին Միասնական տնտեսական տարածության հիմնադիր փաստաթղթերը, որոնց մեջ մտնում են Եվրասիական տնտեսական ինտեգրման հռչակագիրը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏԿ) մասին պայմանագիրը` ԵՏԿ-ի համար նախանշելով երեք երկրների ինտեգրացիոն շինարարության կառավարման վերազգային մարմնիի կարգավիճակ: Ինչպես նշվեց, ԵՏԿ մեկնարկեց 2012թ. հունվարի 1-ից, որին պետք է հաջորդեր Մաքսային միության ստեղծումը: Իսկ արդեն 2015թ. բազմափուլ ու բազմահանգրվան այս գործընթացը նախատեսված է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության ստեղծումով:

Հետխորհրդային տարածքում աստիճանաբար քննարկումների առարկա դարձող այդ խնդրի կապակցությամբ 2011թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն իր հարցազրույցում նշում է. «Եվրասիական միության հաջողությունը աստիճանաբար ավելի ու ավելի ուժեղ ձգողականություն կստեղծի նախկինում ԽՍՀՄ կազմում գտնված մյուս երկրների, տվյալ դեպքում` նաեւ Հայաստանի համար: Խնդիր կա` ընդհանուր սահմանի բացակայությունը:  Սակայն, գիտեք, կյանքը տեղում չի կանգնում, այն մշտապես փոխվում է: Մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի 5 տարի անց, եւ որ Հարավային Կովկասում քաղաքական պայմանները, որոնք գոյություն ունեն այսօր, նույնպիսին կլինեն: Ոչ մեկ չի կարող ասել այդ մասին, սակայն այնպիսի լավատեսությամբ մարդը, ինչպիսին ես եմ, համարում եմ, որ տնտեսական միտքը, քաղաքական միտքը կգտնեն նաեւ այդ հարցի լուծումը, ու թե Մաքսային միությանը, թե Եվրասիական միությանը Հայաստանի միանալու նախադրյալներ եւ պայմաններ կհայտնվեն: Գիտեք, ես կարծում եմ, որ դա Հայաստանի համար մեծ բարիք կլինի» (http://www.panarmenian.net/rus/interviews/85626/):

2012թ. հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Եվրասիական Միության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հարցին, նշում է, որ Հայաստանը դեռեւս չի կողմնորոշվել դրան անդամակցելու առնչությամբ. «Այս կապակցությամբ կարծիքների փոխանակման, քննարկման փուլ է: ԱՊՀ շրջանակներում եւ ԵվրԱզԷՍի շրջանակներում հանդիպումների ժամանակ սա քննարկումների կարեւոր նյութ էր: Կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կլինեն նոր հանդիպումներ թե նախարարական, թե ավելի բարձր մակարդակներով, որպեսզի հստակեցվեն երկրների մոտեցումները և նախանշվեն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ»  (http://www.mfa.am/hy/press-conference/item/2012/01/16/anual_pc/):

Ինչպես եւ ազդարարել էր ՀՀ արտգործնախարարը, 2012-ի ապրիլի 2-ին Հայաստան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` «մտքեր փոխանակելու ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ միութենականության, գործընկերության զարգացման, ԱՊՀ տարածքում, ներառյալ` բուն Համագործակցությունը, ինտեգրացիոն գործընթացների ընթացքի շուրջ»: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարում է. «Խոսել ենք նաեւ ԵվրԱզԷսի եւ ձեւավորվող միասնական տնտեսական տարածության, իսկ հեռանկարում` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ստեղծված Մաքսային Միության հենքի վրա Եվրասիական տնտեսական միության մասին: Այդ գործընթացների «դռները» բաց են, այդ թվում` Հայաստանի եւ Եվրազեսի ու ԱՊՀ մյուս անդամ-երկրների համար: Մենք հաշվարկում ենք, որ դրանք թափ կառնեն եւ իրական արդյունքներ կտան մեր պետությունների քաղաքացիների շահերի տեսանկյունից» (http://www.mid.ru/brp_4.nsf/0/68CC302E91095D57442579D50027C625):

Իբրեւ այս հարցով ռուսական կողմին ուղղված պատասխան, մայիսի 16-ին ռուսական vedomosti.ru պարբերականում տպագրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «Հայաստանը նայում է Եվրոպային» հոդվածը, որտեղ Եվրասիական ու մասնավորապես Մաքսային միությունների հետ կապված նա հայտարարում է. «Մենք մշտապես եղել ենք ԱՊՀ-ի եւ ԵվրաԶԷՍ-ի մասշտաբում տնտեսական կապերի խորացման ակտիվ կլողմնակիցը: Միեւնույն ժամանակ, մեզ համար Մաքսային միություն մտնելը բովանդակազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով. ընդհանուր սահման չկա ոչ Ռուսաստանի, ոչ  Ղազախստանի, որ էլ Բելառուսի հետ: Սակայն այդ միավորման հարթակում հնարավոր են համագործակցության այլ փոխշահավետ ձեւեր: Անհրաժեշտ են ինտեգրացիայի խթանիչներ. կա այսպես կոչված «հեռու տարածքների» փորձ, որի համաձայն միության շրջանակներում վերջիններս համագործակցում են ավելի մեղմ պայմաններով, ստանում են որոշակի արտոնություներ եւ դոտացիաներ: Մենք առաջարկել ենք Հայաստանի եւ Մաքսային միության համագործակցության առանձնահատուկ ձեւ մշակել: Հարցն այժմ քննարկումների ակտիվ փուլում է»: (http://www.vedomosti.ru/opinion/news/1745680/vremya_sobirat_edinye_standarty?full#cut):

Մայիսի 30-ին Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս Յոհան Շմիդտը, հղում անելով ՀՀ վարչապետի հոդվածի վրա, իր հարցազրույցում եւս հայտարարում է Եվրասիական միությանն անդամակցությունն ու եվրաինտեգրումը համատեղելու անհնարինության մասին. «Հայաստանի վարչապետը, եթե ես ճիշտ եմ հասկացել, եւս մեկ անգամ ընդգծել է, որ մի կողմից իրենք շահագրգռված են ԱՊՀ-ի հետ հարաբերությունների ինտենսիֆիկացմամբ` հենվելով ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի պայմանագրի վրա, իսկ մյուս կողմից ԵՄ-ի հետ` կնքելով ասոցացման համաձայնագիր: Հակասող ու անհնարին կլինի, օրինակ, միանալ ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրին եւ միաժամանակ մաս կազմել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ կնված Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը» (http://xn--c1adwdmv.xn--p1ai/news/1536789.html): 

ԱՊՀ մասնակից պետությունների հետ կապերի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչեւը հուլիսի 4-ին փորձում է ոչ միայն պարզել, թե որքանո՞վ է Երեւանը հավատարիմ 2011թ. հոկտեմբերի 24-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրված Հումանիտար ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրին, ի՞նչ գործնական քայլերով է պատրաստվում կյանքի կոչել այդ ոլորտում իր ստանձնած, բայցեւ` տեղում դոփող պարտավորությունները, այլեւ նախնական հետախուզում է, թե պաշտոնական Երեւանը արդյո՞ք ցանկանում խորացնել Մոսկվայի հետ իր հարաբերությունները բազմակողմ` ԱՊՀ ու ՀԱՊԿ ձեւաչափով:

«Ռուսական գահի բանագնացները-5» (http://hetq.am/arm/opinion/17329/rusakan-gahi-banagnacnery-erevanum-5.html) վերլուծության մեջ ուշադրություն էինք հրավիրել հուլիսի 11-ին Հայաստան այցելած մեկ այլ բանագնացի` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման վրա, որի գլխավոր թեմաներից մեկը նույնպես եղել է «հետխորհրդային տարածության մեջ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարները»: Ռուս բանագնացն իր զրույցի արդյունքների մասին Կրեմլին տեղեկացրել է, որ  «Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի Եվրասիական տնտեսական տարածության մեջ, մասնակցում է մյուս եվրասիական ինստիտուտներին եւ լրջորեն շահագրգռված է առաջ շարժվել այդ ուղղությամբ»: Ավելի կոնկրետացնելով Երեւանից իր հեռտ տարված ուղերձը, Մատվենկոն նշել է, թե «Հայաստանի նախագահը դրականորեն է գնահատում եվրասիական ինտեգրմանը Հայաստանի մասնակցության հեռանկարները: Նա չի բացառում Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությանը եւ ապագայում` Եվրասիական միությանը», ապա հավելել է, որ «Երեւանը խնդրել է ինտեգրացիոն այդ ձեւերի զարգացման «ճանապարհային քարտեզը» եւ շարունակում է փորձագիտական խորհրդատվությունը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի` ռուսական կողմին ուղարկված ուղերձները համադրության մեջ նշանակում էին, որ Երեւանը այժմ եւ ամբողջ ծավալով չի կարող միանալ Մաքսային միությանը, սակայն պատրաստ է նրա հետ համագործակցության` ավելի մեղմ պայմաններով, արտոնությունների ու դոտացիաների դիմաց: Եւ, ինչպես նշվեց, հենց այդտեղ է Սերժ Սարգսյանը ռուս բանագնացի միջոցով Վ.Պուտինին ուղարկում այդ ուղղությամբ ու առանձնահատկություններով «ճանապարհային քարտեզ մշակելու» գաղափարը:

Դժվար է ասել, թե արդյոք Մատվիենկոյի հաջորդը` հուլիսի 23-24-ին Երեւան ժամանած Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը արդյոք իր հետ Երեւան էր բերել «ճանապարհային քարտեզի» նախագիծը թե` ոչ, սակայն միարժեք եկել էր Հայաստանի իշխանությունների հետ բանակցելու, որոնց ընթացքում հիմնական ուշադրությունը պետք է դարձվեր (http://www.duma.gov.ru/news/274/187700/) «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը, հումանիտար համագործակցության հարցերին, ինչպես նաեւ` իբրեւ ԵվրԱզԷս-ում դիտորդ երկիր Հայաստանի հետ երկխոսության շարունակմանը եվրասիական շինարարության ու նրա խորհրդարանական չափման շրջանակներում:

Երեւան ժամանած վերջին բանագնացը ՀՀ նախագահի ու վարչապետի հետ իր ունեցած հանդիպումների կապակցությամբ Մոսկվային հայտնում է (http://www.duma.gov.ru/news/274/189583/), որ «բանակցությունների ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցությունը այսպես կոչված «եվրասիական նախագծի» շրջանակներում: Տիգրան Սարգսյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ուշադրությամբ հետեւում է, թե ինչպես է զարգանում այդ նախագիծը եւ ձգտում է իր տեղը որոշակիացնել դրանում»:

Այսպիսով, մինչեւ օգոստոսի 8-ը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցը, պաշտոնական Երեւանը Կրեմլին տեղեկացրել է, որ «չի բացառում առանձնահատուկ պայմաններով» Մաքսային, իսկ ապագայում նաեւ` Եվրասիական միությանը միանալը, սակայն այս պահին դեռեւս ուշադրությամբ հետեւոմ է զարգացումներին, փորձում է իր տեղը որոշակիացնել եվրասիական նախագծում եւ կցանկանար, որ «ճանապարհային քարտեզ» մշակվեր դրա համար:

Եւ ահա օգոստոսի 8-ին Մոսկվայում Պուտինն ու Սարգսյանը քննարկում են «երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ` միջազգային ու տարածաշրջանային օրակարգային հարցեր: Մասնավորապես` Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցությունը ԱՊՀ եւ ՀԱՊԿ տարածության մեջ, անվտանգությունը Կովկասում » (http://www.kremlin.ru/news/16176): Իսկ սա ոչ ինչ է, քան եվրասիական ինտեգրացիայի շրջանակներում բանակցությունների շարունակում` երկու երկրների հետագա հարաբերությունների լայն դիապազոնն ու դրանց հեռանկարը բացահայտ կախվածության մեջ դնելով ԱՊՀ ու ՀԱՊԿ տարածաշրջանում եվրասիական ծրագրերին Հայաստանի միանալուց:

Սերժ Սարգսյանի հետ մամլո ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինը  հայտարարում է. «Այսօրվա զրույցի համատեքստում մենք քննարկեցինք ԱՊՀ, ՀԱՊԿ, այլ միջազգային կազմակերպությունների հարթակներում փոխգործակցության զարգացման հեռանկարները: Ավելի ընդարձակ խոսել ենք հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն պրոցեսների մասին: Մտորեցինք այն մասին, թե ինչ պետք է արվի, որպեսզի օգուտ քաղվի ինտեգրացիոն հարթության վրա վերջին պայմանավորվածություններից: Պայմանավորվեցինք այն մասին, որ կստեղծենք խառը հանձնաժողով, որը պետք է դիտարկի, թե Մաքսային միության, միասնական տնտեսական տարածության շրջանակներում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության բնագավառում ինչպե՞ս կարելի է օգտագործել վերջին պայմանավորվածությունները Հայաստանի առնչությամբ` նրա ողջ առանձնահատկությամբ հանդերձ: Ես ի նկատի ունեմ, որ մենք բոլոր դեպքերում ընդհանուր սահման չունենք, սակայն կարելի կլինի մտածել ինչ-որ գործիքների մասին, որոնք արդեն համաձայնեցված են երեք պետությունների միջեւ» (http://www.kremlin.ru/transcripts/16180):  

Եւ ահա այդ խառը հանձնաժողովն է, որի առջեւ, Պուտինի գնահատմամբ` ճիշտ խնդիր է դրված` «պատրաստել մինչեւ 2020թ. մեր համագործակցության ծրագիրը: Դա մեր առեւտրա-տնտեսական կապերի ճանապարհային քարտեզի նման մի բան կլինի» (http://www.kremlin.ru/transcripts/16180):

Վերջաբանի փոխարեն

Այսպիսով, մինչ Ռուսաստանը ցանկանում էր «երկաթը տաք-տաք» ծեծել եւ ստանալ Երեւանի համաձայնությունը Մաքսային ու Եվրասիական միություններին միանալու վերաբերյալ, Հայաստանի իշխանությունները, գիտակցելով դրանից բխող բոլոր բարդությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում, նախ հրաժարվեցին Եվրամիության այդ հակոտնյային դասական «կոշտ միացումից»` առաջարկելով ավելի «փափուկ» համագործակցություն: Իր հերթին Ռուսաստանը, կարծես թե, գիտակցում է, որ հավելյալ ճնշումներն ու կոշտ պահանջները Երեւանի նկատմամբ կվտանգեն առաջին հերթին հենց Հայաստանի հետ իր հարաբերությունները, երբ այդ փոքրիկ երկիրն է Հարավային կովկասում փաստացի մնացել Ռուսաստանի ազդեցության տարածման միակ ու հուսալի միջնաբերդը:

Ըստ այդմ էլ Վլադիմիր Պուտինը համաձայնում է Հայաստանի ու Մաքսային միության «փափուկ միացմանը», եւ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվում են «ճանապարհային քարտեզ» մշակել` աշնանը հաստատելու համար: Մինչ այդ, Ռուսաստանը սպասում է հումանիտար ոլորտում չկատարված պարտավորությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ` Երեւանի կողմից երկու կարեւոր պայմանագրերի վավերացմանը:

Դրանցից մեկով` ԱՊՀ ազատ առետրի գոտու մասին պայմանագրով Հայաստանը ԱՊՀ տարածքում հայտնվում է նոր կոնֆիգուրացիայով առեւտրատնտեսական կապերի մեջ, դրանով իսկ  պարտադրված մտնելով հակասությունների դաշտ մի կողմից ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրով, մուտքի դյուրացված արտոնագրային ռեժիմով, Խորը և համապարփակ ազատ առեւտրի գոտով ստեղծվելիք իրավական ռեժիմի, մյուս կողմից` ԱՊՀ համանման համաձայնագրերով ստեղծվելիք ռեժիմի միջեւ: Այսինքն, այս դեպքում Մոսկվան սպասում է, որ Հայաստանն ինքը կսահմանափակի ԵՄ-ի հետ իր հարաբերությունների դաշտը` վավերացնելով «շառոտ» պայմանագիրը:

Երկրորդով` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին արձանագրությամբ Հայաստանը կրկին  սահմանափակում է երրրորդ երկրների հետ իր ռազմա-տեխնիկական համագործակցության դաշտը, քանի որ այլեւս առանց Ռուսաստանի համաձայնության չի կարողանա իր տարածքում թույլ տալ այլ երկրների զորամիավորումների կամ ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայում, անգամ դրանց շուրջ սակարկություն:

Իսկ եթե Մոսկվային նաեւ հաջողվի Երեւանին այնպես միացնել Մաքսային միությանն ու հետագայում Եվրասիական Միությանը, որ ԵՄ-ի համար անիմաստ դառնա Երեւանին իր կողմը գրավելը, ապա Հայաստանը մեկընդմիշտ մնում է ռուսական ազդեցության դատապարտված ֆորպոստ:

Թվում է, թե այս ամենի գիտակցումն է եղել պատճառը, որ ՀՀ նախագահը մերժել եվրասիական նախգծին Հայաստանի «կոշտ միացումը» եւ հասել է «փափուկ միացման» շուրջ Վ.Պուտինի համաձայնությանը: Սակայն մարտահրավերը մնում է այն, թե ինչպես կսահմանի խառը հանձնաժողովը «փափուկ միացումը» եւ Հայաստանի համար կապահովի «հեռացված տարածքի» կարգավիճակ, որ այն համարժեք չլինի «կոշտի միացմանը» եւ չհարվածի Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությանը: Մի խոսքով` գերխնդիր է, որպեսզի «թեժացող» հայ-ռուսական հարաբերությունները «չպաղեցնեն» հայ-եվրոպական հարաբերությունները:

Իսկ թե Ռուսաստանի դաշնության նախագահ Վ.Պուտինը երբ «պահը հարմար» կհամարի պաշտոնական այցով Հայաստան գալու համար, ինչի հրավեր արդեն իսկ արել է ՀՀ նախագահը, դեռ հստակ չէ: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք աշնանը կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ Երեւանը հասցրած կլինի վավերացնել ՌԴ-ի համար կարեւոր արձանագրությունն ու պայմանագիրը, հումանիտար ծրագրերը` տեղից շարժված կլինե՞ն, եւ արդյո՞ք խառը հանձնաժողովը մշակած կլինի երկուստեք համաձայնեցված «ճանապարհային քարտեզը»: Պուտինի այցը պետական է, ուստի ձեռքբերումներն ու արդյունքները պետք է նույնպես պատկառելի լինեն:   

Ստյոպա Սաֆարյան,
վերլուծաբան

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս հոդվածն էլ (ինչպես մնացած 5-ը) ես գտնում եմ ավելի շատ նկարագրողական,քան վերլուծական: Ես հոդվածի հեղինակին`Ստյոպա Սաֆարյանին, առաջարկում եմ հաջորդ անգամ գրել մի հոդված, որտեղ ԿՈՆԿՐԵՏ ու կետ առ կետ շարադրված լինի թե (երկարաժամկետ` 30-40 տարվա կտրվածքով) Հայաստանի համար որն է ,այդ դեպքում, ԼԱՎԱԳՈՒՅՆ ալտերնատիվը/ընտրությունը կամ չընտրությունը (և ինչու)` հաշվի առնելով երկրի ռազմա-պաշտպանողական և տնտեսա-սոցիալական ասպեկտները:...................................................................................................... Ես գտնում եմ,որ Հայաստանի համար ընտրությունը հեշտ չէ,քանի որ ԱՅՍ ՊԱՀԻՆ երկրի ռազմա-պաշտպանական շահերը գտնվում է ռուսական զամբյուղում,իսկ երկրի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ (քիչ թե շատ անկախ) տնտեսական շահերը` Արևմտյանում: Ընդհանրապես, կասկածի դեպքում, ԿԱՄ պիտի հետաձգես ընտրությունդ,ԿԱՄ ընտրես ինքդ քեզ: Այսինքն` ՊԻՏԻ հետևյալ հարցը տրվի.«Ո՞րն է Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ շահի համար ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»: Իմ պատասխանը. 1-ին փուլ. կարճաժամկետ կտրվածքով` Ռուսաստան, 2-րդ փուլ. երկարաժամկետ կտրվածքով` Արևմուտք/ԵՄ: Այսինքն` ՍՊԱՍԵԼ Արցախի հարցի վերջնական լուծմանն ու Եվրոպական ճգնաժամի վերջնական ավարտին ու ՆՈՐ ՄԻԱՅՆ ընդունել ՄՇՏԱԿԱՆ որոշում:
Ստեփան Սաֆարյան
Հարգելի Վարազ Սյունի, երիցս ճիշտ եք, որ ասյս շարքը նկարագրողական-վերլուծական է: Պատճառը այն է, որ հանդիպումների այս ծղթան գրեթե չի դիտարկվել պատճառահետեւանքային ծղթայի մեջ, վստահաբար եմ ասում` ռուսական կողմի տրամադրած տեղեկատվությունը երբեք տեղ չճի գտել հայկական ինֆորմացիոն տարածության մեջ եւ ստիպված եմ եղել դա անել, ռուսական կողմի տարածած հաղորդագրությունները այլ բաների մասին են եղել, իսկ հայկական կողմինը ` այլ: Հետեւաբար ծագեց նման շարք անելու անհրաժեշտությունը: Սա րադարացման համար չէ, որ գրում եմ, այլ փաստարկելու, թե որն է եղել մոտեցումը: Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին, ապա այն հրաշալի է, եւ պատկերացրեք, որ այն լինելու է:ՃՃՃ Պարզապես, ամեն ինչ հերթով... Համ էլ հիմա արչձակուրդային շրջան է, եւ ոչ բոլորն են հետեւոմ ու շատ հաճախ ափսոսում ես, որ քչերն են կարդում այն, ինչը ցանկալի է, որ լինի ավելի լայն շրջանակների սեփականությունը: Հարգանոք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter