HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Սկսվել է Վահե Ավետյանի գործով դատավարությունը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, ընթանում է «Հարսնաքարում» ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով առաջին դատական նիստը: 

Գործով մեղադրյալներ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ. Մարգարյանին, Դ. Ադամյանին, Ա. Բաբլոյանին, Ա. Բաղդասարյանին, Ա. Խաչատրյանին եւ Ն. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի  6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 118-րդ հոդվածով:

Փաստաբանները գտնում են, որ Վահե Ավետյանի նկատմամբ կատարվածը պետք է որակվի որպես սպանություն, այլ ոչ թե դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածքների պատճառում:

Դատական նիստի ժամանակ Վահե Ավետյանի հոր ներկայացուցիչները միջնորդություն ներկայացվեց փաստաբան Վահե Գրիգորյանին ևս որպես Վահե Ավետյանի իրավահաջորդի` հոր ներկայացուցչի գործում ներգրավելու պահանջով: Մեղադրյալների փաստաբանները առարկեցին, սակայն դատարանը վերջիվերջո բավարարեց միջնորդությունը: 

Նորայր Հայրապետյանի փաստաբանը բացարկ հայտնեց դատախազ Արթուր Դավթյանին` հիմնավորելով, որ դատախազը հաշվի չի առել Նորայրին ապօրինի ու անհիմն ձերբակալելու փաստը: Փաստաբանը նաև միջնորդեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել Վահե Ավետյանի նկատմամբ` պարզելու, թե ինչ հաջորդականությամբ է վնաս հասցվել Վահեին և ում կողմից:

Նիստերի դահլիճը մարդաշատ է, աղմուկը` շատ, դահլիճում ներկաներին նիստի մասնակիցների խոսքը գրեթե չի հասնում, իսկ դահլիճում բարձրախոսներ չկան: Դատավորն արդեն 3 սանկցիա է կիրառել`  նիստը խոչընդոտելու համար, իսկ «խոչընդոտողները» խնդրում էին բարձր խոսել, որպեսզի իրենց էլ լսելի լինի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter