HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են ԱՊՊԱ ոլորտի «խաղացողները»

«Հետքն» արդեն անդրադարձել է ԱՊՊԱ համակարգի վճարումներին՝ դրանց ծավալներին, վիճակագրությանը եւ հաշվարկման մեթոդաբանությանը: Այս ոլորտը բավականին փողաբեր է, ու ինչպես պնդում են ընդդիմադիր մի շարք գործիչներ, պատահական (ոչ իշխանական) մարդիկ այստեղ չկան:

Ստորեւ ներկայացնում ենք այսօր հայաստանյան ԱՊՊԱ համակարգում գործող 7 ընկերությունների տերերին:

«Գարանտ Ինշուրանս» ՓԲԸ

Ընկերությունը գործում է շուրջ 11 տարի: Մինչ այս տարվա հուլիսը ՓԲԸ-ն կոչվում էր «Գարանտ-Լիմենս»: 2003-ից ընկերության հիմնական ուղղությունը եղել է առողջության ապահովագրումը եւ հենց այդ ոլորտի առաջատարներից մեկն էլ համարվում է «Գարանտ Ինշուրանս»-ը: Պատահական չէ, որ տնօրենների խորհրդի նախագահը Արման Բաբլոյանն է, որը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

Նա ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր, «Արաբկիր» հիվանդանոցի հիմնադիր Արա Բաբլոյանի որդին է, ժամանակին եղել է նույն հիվանդանոցի տնօրենը: Խորհրդի անդամներից են ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, որը հոր՝ Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրենն է, «Արֆին» վարկային ընկերության ղեկավար Անահիտ Գաբրիելյանը, իրավաբան Նաիրա Մանուչարյանը, ինժեներ Սերգո Սումբատյանը: Ընկերության գործադիր տնօրենը Սոնա Հովհաննիսյանն է: Ընկերության պաշտոնական կայքում տեղեկություն չկա կանոնադրական կապիտալի ու բաժնետերերի մասին: Նշանակալի մասնակիցների ցանկում նշված է միայն «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի տնօրեն Մանուշակ Երիցյանի անունը: Վերջինս Արա Բաբլոյանի կինն է: Նրան է պատկանում ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25,29 %-ը: ԱՊՊԱ ոլորտում «Գարանտ Ինշուրանս»-ի հավաքագրումներն այնքան էլ մեծ չեն, եւ ընկերությունը դաշտում համարվում է 5-րդը (տես վիճակագրությունը):

«Ինգո Արմենիա» ՓԲԸ

«Ինգո Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997-ին՝ «Էֆես» ապահովագրական ՓԲԸ անվանումով: 2003-ին ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը գնել է ռուսական «Ինգոսստրախ» ապահովագրական ԲԲԸ-ն, ինչից հետո էլ ՓԲԸ-ի անվանումը փոխվել է: Հենց «Ինգոսստրախ»-ն է «Ինվեստ Պոլիս» ՓԲԸ-ի 100 տոկոսի բաժնետերը, այսինքն՝ «Ինգո Արմենիա»-ի անուղղակի բաժնետերը: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 949.405.000 դրամ է: Ընկերության խորհրդի նախագահը «Ինգոսստրախ»-ի վարչության պետ Տատյանա Կայգորոդովան է: Մյուս բաժնետերը՝ մասնագիտությամբ բժիշկ-անեսթեզիոլոգ Լեւոն Ալթունյանը (1995-1999 թթ.՝ «Արգո» ՍՊԸ-ի տնօրեն), գործադիր տնօրենն է:  Ընկերության խորհրդի անդամներ Իգոր Մալախովը, Օլեգ Տուլինը, Սերգեյ Զոտովը նույնպես «Ինգոսստրախ»-ի աշխատակիցներ են: Մյուս անդամներից Հարություն Մանգոյանը Ալթունյանի պես բժիշկ-անեսթեզիոլոգ է, իսկ Բագրատ Մինասյանը կրթությամբ ինժեներ է, աշխատել է քաղավիացիայի վարչությունում, «Զվարթնոց» օդանավակայանում, 1993-2004 թթ. եղել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության տնօրենը, 2004-ից մենեջեր է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ում: ԱՊՊԱ ոլորտում հավաքագրված վճարներով «Ինգո Արմենիա»-ն «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ից հետո համարվում է երկրորդը (տես վիճակագրությունը): Հավելենք, որ այս տարվա հուլիսին «Ինգո»-ն եւ «Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ-ն միավորվեցին առաջինի անվան տակ: Այս իրադարձությանը նվիրված ասուլիսում նշվեց, որ տարեվերջին, ըստ կանխատեսումների, ԱՊՊԱ վճարների հավագրումները կկազմեն 9,2 մլրդ դրամ, ինչը շուկայում թերեւս առաջին ցուցանիշը կլինի: Ընկերության կայքում ներկայացված բաժնեմասերի համամասնությունը եւ կապիտալի ծավալը ներկայացված են 2008 թ.-ի տվյալներով: Ինչպես նշվեց, այժմ կանոնադրական կապիտալը մոտ 950 մլն է:

Մասնակիցներ

Բաժնեմաս

Բաժնեմաս. դրամ

1.«Ինվեստ Պոլիս» ՓԲԸ

75 %

563.158.000

2.Լեւոն Ալթունյան

25 %

187.720.000

  

«Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ

«Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996-ին, ապահովագրական գործունեություն սկսել է ծավալել 1997-ից: Կանոնադրական կապիտալը 1,29 մլրդ դրամ է: Ընկերության խորհրդի նախագահն ու հիմնադիրը Վահան Գաբրիելյանն է, ով 1990-ականների սկզբին հիմնադրել ու ղեկավարել է «Նոյ» ապահովագրական ՍՊԸ-ն: Ընկերության մասնակիցներից Հովիկ Շահինյանն էլ եղել է նույն «Նոյ» ընկերության տնօրենը, հետո աշխատել է իբրեւ «Նաիրի Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն, այժմ խորհրդի անդամ է: Ամենամեծ բաժնեմասը՝ 30 տոկոս, պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոնին, ում տվյալներում ընդամենը նշված է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավր է ու ընկերության խորհրդի անդամ: 12,5 տոկոս բաժնեմաս ունեցող Վահագն Շահինյանն էլ «Փյունիկ ՏԹՖ» ՓԲԸ-ի տնօրենն է: Ընկերության գործադիր տնօրենը Դավիթ Բաղդասարյանն է: Թե 2011-ի տարեկան եւ թե այս տարվա առաջին 7 ամիսների հավաքագրված ԱՊՊԱ վճարների ցուցանիշով «Նաիրի Ինշուրանս»-ը 4-րդն է (տես վիճակագրությունը):

Մասնակիցներ

Բաժնեմաս

Բաժնեմաս. դրամ

1.Վահան Գաբրիելյան

22,5 %

290.250.000

2.Հովիկ Շահինյան

22,5 %

290.250.000

3.Լեւոն Քոչարյան

30 %

387.000.000

4.Վահագն Շահինյան

12,5 %

161.250.000

5.Վահագն Խաչատրյան

12,5 %

161.250.000

  

«Ռասկո» ՍՊԸ

Ընկերությունը հիմնադրվել է 2004 թ.՝ «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի նախաձեռնությամբ՝ հայ-ռուսական մասնավոր հատվածի ներդրումային ծրագրի շրջանակներում: Հիմնադիրը «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ-ն է: 2008-ին այս ՓԲԸ-ն միաձուլվել է ««Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ի հետ՝ վերջինիս անվան տակ: Ներկայումս «Ռասկո»-ի հիմնական բաժնետերը հենց «Ռեգիոն»-ն է՝ 94,83 %: Վերջինիս հիմնական տերերը, ըստ «Ռասկո»-ի պաշտոնական կայքի, երեքն են՝ ռուսական «Տրանզիտ» ՓԲԸ-ն (27 %), ՌԴ քաղաքացի Կարեն Սաֆարյանը (21,85 %) եւ ՀՀ քաղաքացի Անյա Բաբաեւան (38,26 %): Ընդ որում՝ Սաֆարյանն ու Բաբաեւան հաշվառված են երեւանյան նույն տանը: Ըստ «Ռասկո»-ի կայքի՝ ընկերության 5,17 %-ի տերն էլ եղել է Էդուարդ Արաբխանյանը: Հետագայում հարաբերակցությունը փոխվել է՝ 90-10: Այս 10 տոկոսը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Արաբխանյանին եւ Միլենա Աղամալյանին: Աղամալյանին պատկանող 5 տոկոսը հետագայում իբրեւ գրավ բռնագանձվել է ի օգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի: Նշենք, որ Էդուարդ Արաբխանյանը ժամանակին «Ռասկո»-ի  խորհրդի նախագահն էր, սակայն մահացել է 2007-ին: Արաբխանյանի մահից հետո նրա ժառանգությունը չի ընդունվել: «Ռասկո»-ն փոխկապակցված է «Արդշինինվեստբանկ»-ի հետ: Ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Հարությունյանն ու խորհրդի անդամներից 3-ը, ըստ կայքի տեղեկությունների, աշխատում են բանկում: «Ռասկո»-ի կանոնադրական կապիտալը 968 մլն դրամ է: ԱՊՊԱ ոլորտի վճարների հավագրումներով «Ռասկո» ՍՊԸ-ն նախավերջին՝ 6-րդ տեղում է (տես վիճակագրությունը):

«ՌԵՍՈ» ՓԲԸ

Ընկերությունը հիմնադրվել է 2008-ին «ՅունիՌԵՍՈ» անունով, 2009-ին վերանվանվել է «ՌԵՍՈ»: Մտնում է «ՌԵՍՈ» ընկերությունների խմբի մեջ, որը ներառում է ԱՊՀ տարածքում գործող ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտների 30 ընկերություն: «ՌԵՍՈ» հապավումը բացվում է այսպես՝ «Русско-европейское страховое общество»: Ընկերության բաժնետիրական կապիտալը 1,87 մլրդ դրամ է: 50 տոկոսի բաժնետերը «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն է, իսկ մյուս 50 տոկոսինը՝ «CIS Equity Partners Limited» ՍՊԸ-ն, կամ՝ Գագիկ Զաքարյանն ու Սերգեյ Սարկիսովը: «ՌԵՍՈ»-ի խորհրդի նախագահը Գագիկ Զաքարյանն է, որը մասնաբաժիններ ունի «Պոլիգրաֆիա»-ում, «Յունիաստրում բանկ»-ում (նախագահ), «Յունիբանկ»-ում (խորհրդի նախագահ): «CIS Equity Partners Limited»-ի տեր Սերգեյ ու Նիկոլայ Սարկիսովներն էլ 54,4 % մասնաբաժին ունեն ռուսական «ՌԵՍՈ-Գարանտիա» ԲԲԸ-ում, որի դուստր ընկերությունն էլ համարվում է «ՌԵՍՈ»-ն: Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի եւ «ՌԵՍՈ» խմբի տնօրենների խորհուրդների նախագահն է: «ՌԵՍՈ» ՓԲԸ-ի խորհրդի անդամ են նույն Սերգեյ Սարկիսովը, «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի փոխնախագահ Կոնստանտին Թեւոսովը, «Յունիբանկ»-ի ղեկավարներից Վարդան Աթայանը, Օվսաննա Առաքելյանը: «ՌԵՍՈ»-ն Հայաստանում 3-րդն է ԱՊՊԱ վճարների հավաքագրմամբ (տես վիճակագրությունը):       

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ

Հիմնադրվել է 2008-ին եւ Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է: Ռուսական «Ռոսգոսստրախ» խմբի անդամ է: Կանոնադրական կապիտալը 2,52 մլրդ դրամ է: Ընկերության 100 տոկոսի բաժնետերը «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ն է: Վերջինիս նախագահը հայտնի գործարար Դանիլ Խաչատուրովն է: «Ռոսգոսստրախ»-ը 1921-ից գործող պետական ապահովագրական ընկերության՝ Գոսստրախ-ի իրավահաջորդն է: «Ռոսգոսստրախ» խմբի գլխավոր ընկերությունը նույնանուն ԲԲԸ-ն, որի գլխավոր տնօրենը կրկին Խաչատուրովն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահը մեկ այլ հայտնի գործարար՝ Ռուբեն Վարդանյանն է: «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի խորհուրդը ներկայացնում են Ալեքսանդր Մոզալյովը, Ալխաս Սանգուլիան, Դանիլ Խաչատուրովը, Իգոր Միրովսկին, Ռաֆայել Մինասբեկյանը, Սոնա Դալալյանը: Գործադիր տնօրենը Գագիկ Գրիգորյանն է: «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն Հայաստանում առաջատարն է նաեւ ԱՊՊԱ վճարների հավաքագրման ցուցանիշով (տես վիճակագրությունը):  

«Սիլ Ինշուրանս» ՓԲԸ

«Սիլ Ինշուրանս»-ը հիմնադրվել է 2000 թ.: Ընկերությունը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին: Սուքիասյանները թերեւս միակն են այս ոլորտում, որոնք առանց թաքցնելու չեն կիսում ներկա իշխանությունների քաղաքական հայացքները: ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հավասարաչափ՝ 20-ական տոկոսներով բաշխված են Սուքիասյան եղբայրների եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջեւ: Վերջինս նույնպես այս ընտանիքի սեփականությունն է (բանկում մասնաբաժին ունի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը): Կանոնադրական կապիտալը կազմում է 1,37 մլրդ դրամ: ՓԲԸ-ի խորհրդի նախագահը Էդուարդ Սուքիասյանն է, գործադիր տնօրենը՝ Հայկ Բաղրամյանը: ԱՊՊԱ վճարների հավաքագրման ոլորտում «Սիլ»-ը զբաղեցնում է վերջին՝ 7-րդ տեղը (տես վիճակագրությունը):

Մասնակիցներ

Բաժնեմաս

Բաժնեմաս. դրամ

1.Խաչատուր Սուքիասյան

20 %

274.000.000

2.Սարիբեկ Սուքիասյան

20 %

274.000.000

3.Էդուարդ Սուքիասյան

20 %

274.000.000

4.Ռոբերտ Սուքիասյան

20 %

274.000.000

5.«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ

20 %

274.000.000

 

 

Մեկնաբանություններ (1)

Anna
ծանոթ չեմ սրանց գործելակերպի առանձնահատկություններին, բայց տարբեր ծանոթներից շարունակ լսում եմ թե ինչպես են դեպքի վայրում կաշառք պահանջում սրանց աշխատակիցները` որոշակի փոխհատուցում ձեւակերպելուց առաջ: Ասենք 200,000դրամ փոխհատուցման դիմաց մեկից պահանջել էին 50,000 կաշառք, 1մլն փոխատուցման դիմաց մեկ ուրիշը վճարել էր շատ ավելին....ով է զբաղվում այս հարցով?...պետք է գտնել կանխելու եղանակներ թե չէ ամոթ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter