HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Արվեստի ծեփած միջանցքը. Հովհաննես Թեքգյոզյան

«Արվեստի աքիլլեսյան գարշապարն առեւտուրն է: Արվեստի ու արվեստագետի փոխհարաբերություններն ավելի իրական են, քան հաճախ պատկերացնում ենք: Պաթետիկորեն կամ ակադեմիական լեզվով ասված` արարման ընթացքը, եթե ոչ գերբնական, ապա վերզգայական շերտեր, այնուամենայնիվ, պարունակում է:

Ստեղծագործելու հատուկենտ «վայրկյաններին» են արվեստի ու արվեստագետի շահերը համընկնում: Իսկ մնացած ժամանակը արվեստագետը մսխում է ինքնաոչնչացման, արվեստի ու չարվեստի կողմ ու դեմ հակամարտությամբ» (հատված «Հոգեկանչություն` ըստ սերիալի» էսսեից):

Առավոտյան այս տողերը վերլուծելով` պայմանավորվում եմ հեղինակի` գրող, Երեւանի դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ` հարցազրույց անցկացնելու ակնկալիքով:

Դրամատիկականի միջանցքները ոլոր են, աստիճանները` շատ: «Օրվա մի մասն այստեղ անցկացնող գրողի համար տարածքը նեղ պետք է որ լինի»,- մտածում եմ ու շարունակում բարձրանալ:

Հենց սկսում ենք հարցազրույցը, գլխումս պտտվող վերոնշյալ միտքն եմ ասում. հետաքրքիր է` տեսքտից դուրս, գրողն ինչպես է շարունակում, բացում միտքը: Եվ առանց խմբագրելու տեղադրում եմ եւ մտքի շարունակությունը, եւ գրողի ներանձնային ապրումը:

Հովհաննեսը պատասխանում է. «...Ընդ որում կարող ես կորցնել ամեն ինչ ու ոչինչ չշահել...Ստեղծած ստեղծագործության հաջողությունը 0.01% է, իսկ այն, ինչ ընթացքում կորցնում ես` 100%...: Ամեն մարդ իր ներսում ունի իր սեւ սենյակը, եւ ինքը երբ մնում է մենակ, ապրում է իր սենյակում, բայց զարմանալին էն է, որ դո ւ չես կարող վերանորոգել այդ սենյակը. ցանկացած գույն կարող դառնալ ոչ թե սեւ, այլ մոխրագույն` ձեռք բերելով ավելի վատ երանգ:

Մարդը, երբ որ արթանանում է, հիշում է իր ամենածանր բեռը` միսիանԻնքը դժվարանում է տանել: Բայց պետք է կարողանա փորձել օգտագործել գործողությունը դրականի համար: Մենք ապրում ենք այն տան մեջ , որը մենք ենք ստեղծել. մարդը ինքը ինչ-որ իմաստով տնօրինում է իր ճակատագիրը, բայց բնավորությունը, սկզբնավորվում է մեր ծնունդի պահից եւ զարգանում, փոխակերպվել չի կարող. այլապես կարող է տանել փլուզմանԴրա համար ինքը պետք է իր հետ անկեղծ լինի, այլապես ուրիշի մութ սենյակում կհայտնվիԻսկ դա բացարձակ ուրիշ աշխարհ է»…

Գրող եւ թատերական կյանք... Շարժումն անընդհատ է ստեղծողի համար, արարելու ընթացքը կանգ չի առնում: Ինքդ էլ գրել ես դրա մասին: Թատրոնում դա առավել կարեւոր, կենսական տարր է:

Շարժումը վերափոխվել է. ավելի տափակ էլեմենտներ է ձեռք բերել: Բեմի շարժումը, ոչ թե բեմական, երկու տարրերից է բաղկացած` շարժման միջոցով աուրա ստեղծելու եւ շարժումն իմաստավորելու… Այս համատեքստում անտրեպրիզային տափակության է բերում անիմաստ շարժումը: Այ այս պատճառով շատ թատրոններում տուժել է խորհրդավորությունը, իսպառ վերացել է, իսկ թատրոնն առաջին հերթին խորհրդավորություն է, արարողության ծնունդ .առանց դրա դառնում է կենցաղային, որը որեւէ կապ չունի թատրոնի հետ:

Գուցե դա նաեւ նրանից է, որ թատրոնի դերասանների մի մասը ավելի մասսայական, տեսանելի ու ընկալելի դարձան հեռուստասերիալների միջոցով:

Լավ թատրոնը կարող ենք բնորոշել հետեւյալ կերպ` միասին եւ երկար ժամանակով. նկատի չունեմ, որ մարդիկ գալիս են ստիպված… Միակարծության կոտրվելն է ստեղծում թատրոն. ուզես, թե չուզես պետք է անես, բայց երբ դառնում է ստիպված աշխատանք, միանգամից անհետանում է երկու հատկանիշներից մեկը: Դառնում է հավերժ միասին… Դառնում է սարսափելի ձանձրալի:

Եվ այդ ամենը փոխանցվում է հանդիսատեսի՞ն:

Հանդիսատեսը մետաստազի նման է. փոխակերպվող երեւույթ է: Նրան դեպի լավը փոխակերպելը տասնամյակներ է տեւում, դեպի վատը` վայրկյաններ, քաղցկեղի պես…

Եթե քաղցկեղի պես, ուրեմն բուժման ձեւեր այլեւս չկան…

Կա, բայց երկարատեւ բուժում է. առաջին հերթին սերդնի հարցն է… Թարմ արյունով կարելի է վերափոխել հանդիաստեսին: Գիտե՞ս` մարդու դեմքը շատ արագ վարկաբեկվելու միտում ունի. դերասանի ճանաչողության առաջին հատկանիշը նրա դեմքն է, եւ, երբ ձեռք է բերում այլանդակ հատկանիշներ, նույնիսկ պլաստիկ վիրահատությունը տափակեցնում է նրան: Թատրոնը շատ նման է այն ասացվածքին, թե առոջությունը պետք է պահպանել, ոչ թե վերականգնել: Սա շատ կարեւոր փաստ է, որովհետեւ երիտասարդ հասակում չես մտածում դեմքիդ մասին, երեսունից հետո դեմքդ սկսում է կնճռոտվել եւ այլեւս ի վիճակի չես որեւէ բան փոխելու:

«Թատրոնում աշխատող, ավելի ճիշտ` ապրող մարդը անհնար է՝ թատրոնից վիրավորանք չունենա». գրել ես էսսեներիցդ մեկում: Դու ինքդ արդեն տասնամյակից ավելի է` թատրոնում ես

Տարողունակ թեմա է… Բայց կարճ եթե ասենք, ամենամեծ շարժիչ ուժը վիարվորանքն է: Դրանից ելնելով` անընդհատ ուզում ես բան ապացուցել: Բայց երբ միասին ես տասը, քսան տարի, վիրավորանքը դառնում է ներելի: Մի վիճակ կա, որը սրվում է ստեղծագործության բացակայության դեպքում… Այս դեպքում վիրավորանքը դառնում է աններելի, չարության տեղիք է տալիս: Միայն մեղմվում է լավ ստեղծագործության դեպքում:

Բայց, ինչպես դու ես գրել մարդն անընդհատ փորձում է կանգնեցնել շարժումը, ուրեմն եւ արարում է, ստեղծագործում կամ փորձում ստեղծագործել…

Միայն ստեղծագորժության միջոցով են թատրոնի մարդիկ կարողանում հանդուրժել միմյանց. բոլոր տեղերում է էդպես: Թատրոնի մարդը հիվանդ է, եւ դու ապրում ես հիվանդ մարդկանց շրջապատում: Այն հավերժ է: Եվ ահա մշտապես ինքնահաստատման պրոցես է տեղի ունենում, եւ, եթե դա կատարվում է ստեղծագործությունից դուրս, կարող է մարդկային ճակատագրի անկման բերել: Բայց կարող է պատահել նաեւ հակառակը` վատը դնելով ստեղծագործության մեջ, թատրոնը շարժում ես առաջ, իսկ ոչ լիարժեք ստեղծագործության դեպքում կատաղությունդ հասնում է մեծ չափերի, դու սկսում ես ամբիցիա խաղալ… Եվ եթե սկզբունքը առաջընթացի է մղում, ապա ամբիցիայի դեպքում արձանացում է տեղի ունենում. քեզ չի հետաքրքրում առաջընթացը, այլ միայն դափնիները… Դրա համար ամբիցիայի հոմանիշն ինձ համար սպառումն է:

Այս համատեքստում մեր թատրոնն ի՞նչ փուլում է:

Մեր թատրոնը տարօրինակ մի փուլում է. ամբիցիաները հասել են բարձրունքի շատ դեպքերում, բայց սպասումի հետաքրքիր վիճակ կա… Արձանախումբ է ստեղծվել, որը ինչ-որ տարօրինակ ուղղության է նայում… Չգիտեմ՝ ինչ կլինի: 

Մի գործ ունեմ` «Անտիաթմա»-ն («Հակահոգի»-ն). էնտեղ արձանները շարժվում են: Իսկ արձանների շարժման հետեւանքով կարող է լինել ռետրոյի վերադարձ: Հնի ու նորի մասին խոսելը ինձ ծիծաղելի է թվում. թատրոն կամ կա, կամ չկա: Թեկուզ դա լինի մետաֆորական թատրոն... Հազար տեսակի թատրոն: Ամեն բան կարող է պատահել, մարդը նոր աշխարհայացքով դիտի ներկայացման բեմադրությանը, բայց նոր ուղություն ստեղծվում է երեւի երկու հարյուր տարին մեկ, որը տեւում է ընդամենը տասը տարի...

Վերադառնալով յուրաքանչյուրիս ներսում առկա «սեւ սենյակին»... Անընդհատ մթության մեջ ինքդ քեզ տեսնելն առանց միջամտությունների ձանձրույթի հանգեցնելու վտանգ չունի՞...

Ես հաշտվել եմ սեւության հետ. դու մթության մեջ սկսում ես տեսնել… Իսկ ուրիշի մթության մեջ դու ուղղակի կուրանում ես… Դրա համար դու ես եւ քո սենյակը: Մենակության երկու տեսակ կա, որը կառավարվում է մտքերով: Եթե դու ձեռք ես բերում քո անձնական մտքերը, որոնք դու ես ծնել,մենակությունդ դառնում է հետաքրքրիր, եւ հետաքրքիր նաեւ այլոց… Ուրիշների մտքերով կառավորվելու դեպքում դառնում է անտանելի…

Բայց ազդեցություններ կան, որոնցից խուսափելն անհնար է:

Բայց ազդեցություններից ազատվում ես քո մտքերը ստեղծելով…

Անդրադառնալով զրույցի սկզբում արծարծած ստեղծագործության միջոցով վիրավորանքից ազատվելու մտքին` ստացվում է արվեստագետը անընդհատ պետք է փորձի ստեղծել:

Այո… Ամենասարսափելին այն է, երբ ստեղծագործությունդ կիսատ է մնում: Այն որքան դեպրեսիայից դուրս բերելու միջոց է, նույնքան էլ կիսատ մնալու դեպքում ներսից կրծոտում է: Եթե գործը կիսատ է մնում, տեքստի ատամները մնում են քո ներսում եւ սկսում են քեզ ուտել:

Բայց ամեն մի ապրում կամ պատմություն չի, որ ավարտին է հասնում, եւ ուրեմն ստեղծագործործության դեպքում էլ կա՞ նման վտանգ, թե՞ շարունակության հարցը գրողի խնդիրն է...

Ստեծագործությունը բացահայտում է: Վատ արվեստագետը փորձում է ինքը հորինել, լավը փորձում է բացահայտել: Եթե ինչ-որ թեմա քեզ հուզել է, եթե գրում ես, սկսվում է բացահայտվել էնպիսի դետալներ, նկարագրություններ, որ կարդացողի մազերը, ով առնչվել է այդ երեւույթին, կարող է բիզ-բիզ կանգնեն… Բնազդաբար հասկանում ես, որ քեզ խաբում են, ու դու փորձում ես գրելով ճշտել ճշմարտությունը… Դա բացառիկ բան է: Գրականությունը կապերի խզում է մտերիմ մարդկանց հետ:

Կա ցավ եւ կա մտերմություն... Մտերմությունը բերում է ցավի, բայց դիմացինդ չի ուզում բացահայտի ճշմարտությունը. գրականությունը գալիս, բացահայտում է ամբողջը… Որեւէ մեկը, կարծում եմ, չի կարող հանդուրժել իր մասին բացահայտումը: Անկեղծորեն գրելը վիրավորում է մարդկանց… Ու էդ մարդկանց չի կարող դուր գալ իրենց մասին անկեղծությունը: Գրողներից շատերը սա չեն հասկանում: Եվ շարունակում են հորինել... Այնինչ պետք է բացահայտեն` ցանկացած ստեղծագործության դեպքում` խզելով հարազատների հետ ունեցած կապերը:

Եվ դու շարունակում ես այդպես ապրել...

Ես արդեն սովորել եմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter