HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան վճիռն «իրագործվեց» 22 տարի անց

Ֆիզիկական ազատության մեջ ապրող մարդիկ, երբ տոնում էիք Նոր տարին և Սուրբ ծնունդը, հիվանդանոցում մահացավ Մանուկ Սեմերջյանը, ով 22 տարեկանում հայտնվել էր բանտում և մոտ 22 տարի անմարդկային տառապանքներ կրել անազատության մեջ: Նա մահապատժի դատապարտվածներից առաջինն էր, ով ողջ էր մնացել և հավատում էր, որ շուտով կվերադառնա կյանք, կապրի բոլորի նման, վերջապես կստեղծի իր ընտանիքը, կունենա սիրած զբաղմունք: Նրան այդ հնարավորությունը չտրվեց, թեպետ օրենքը թույլ է տալիս ցմահ դատապարտվածին 20 տարի պատիժը կրելուց հետո դիմել վաղաժամկետ ազատվելու համար: Ասեմ, որ 3 նախկին մահապարտ ևս արդեն հատել է պատժի կրման 20 տարվա շեմը, սակայն նրանց էլ ազատ չեն արձակում այս կամ այն պատճառաբանություններով: 

Մահապատժի դատապարտվածները սովորաբար չեն խոսում բանտային պայմաններից, մեզ առաջին հերթին հուզում է արդարադատության իրականացումն այս երկրում: Սակայն Մանուկի մահը ստիպեց վերհիշել անկախ Հայաստանի առաջին տարիների բանտային տխուր ու դաժան համակարգը: Բայց միանգամից ասեմ՝ ոչ մի օրենք չի նախատեսում այնպիսի պատիժ, որի միջով անցանք մենք՝ զրկված մաքուր օդից, արևի լույսից, մարդավայել կերակրից: Մանուկը դարձավ 17-րդը, ում մահվան վճիռն այս կերպ իրականացվեց: Երբ մահապատիժը պետք է փոխարինվեր այլ պատժատեսակով, Մանուկը պատկերավոր ասում էր, որ դագաղի կափարիչը մի փոքր բացվել է, հույս է արթնացել, լույս երևացել: Սակայն մահապատիժը՝ գնդակահարության միջոցով փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, նույնն է թե՝ դանդաղ մահով: Ու Նոր տարվա գիշերը Մանուկի համար քարե դագաղի կափարիչը փակվեց ընդմիշտ: 

Մանուկի հետ նույն խցում եղել եմ մոտ երեք տարի: Վեց-յոթ տարի կլիներ՝ մաքուր օդ ու արևի լույսի երես չէինք տեսել, 24 ժամ նույն խցում փակված, նույն դեմքերը, ուրիշ ոչինչ: ԵԽ-ին անդամակցելուց հետո մեզ առաջին անգամ զբոսանքի տարան: Այդ օրը հիշում եմ այսօրվա պես: Բնական լույսի տակ նայում էինք իրար ու սարսափում. բոլորս դեղին դեմքերով էինք, կաշի ու ոսկոր: Ու մենք կարող էինք հանգիստ, առանց գրիմի, սարսափ ֆիլմում նկարահանվել: 

90-ականների կեսերին երկու տարի շարունակ խցում չենք ունեցել նույնիսկ հայելու մի փոքր կտոր, չէր թույլատրվում: Ալյումինե ամանների հատակներին էինք փորձում տեսնել մեր դեմքերի արտացոլանքը: Երբ երկու տարի անց ինքներս մեզ տեսանք հայելու մեջ, թվում էր՝ հայելուց նայում է նացիստական ճամբարներում տառապած մի անծանոթ:   Ռոբինզոնի պես էինք ապրում, բայց նա գոնե օվկիանոսի մոտ էր ու ամեն օր ջուրն էր մտնում, իսկ մենք լողանալու հնարավորություն չունեինք: Լոգանքը շքեղություն էր, թույլատրում էին տարին մեկ անգամ կամ ավելի վատ՝ երկու տարին մեկ անգամ: Այս ամենի մասին մանրամասն դեռ կկարդաք իմ երկրորդ գրքում: Բայց մինչ այդ պատմեմ լոգանքի հազվադեպ շքեղ օրերից մեկի մասին:  Եկան ասացին, որ իջեցնում են առաջին հարկում գտնվող բաղնիքը /եթե կարելի է այդպես կոչել/: Հանկարծ, չգիտես որտեղից, բաղնիքում մի կատու հայտնվեց: Հինգ տարի կլիներ, որ կենդանի չէի տեսել: Եվ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ եղավ …վախեցա, հետ քաշվեցի: Ինքս էլ չզարմացա՝ ինչու այդպես արեցի: Հետո կամաց-կամաց մոտեցա մոխրագույն, բրդոտ կենդանուն, ձեռքս կամաց մոտեցրեցի ու սկսեցի շոյել: Ուրախացա…գտա այն ճեղքը, որտեղից կատուն էր ներս մտել: Փորձում էի անցքը մի կերպ լայնացնել, որպեսզի դուրս պրծնեմ դժոխքից: Հագուստս մոտս չէր, բայց դա չէր խանգարում ինձ, պատրաստ էի անգամ լրիվ մերկ դուրս գալ ազատություն: 

Տառապանքների բույլը ամբողջական չի լինի, եթե չգրեմ մեր «մսով» ճաշի մասին: Որդերով լի ապուր էին տալիս, մեկ էլ` ռեժիմով շան ծեծ: Այս պայմաններում այնքան հեշտ էր չարանալը, մարդ մնալը՝ հերոսություն: 

Այնինչ համակարգը պիտի 20 տարի աշխատեր վերականգնված մարդ հասարակություն վերադարձնելու ուղղությամբ: Համենայն դեպս, պատժի երեք նպատակներից երկրորդը ուղղման մասին է: Ի՞նչ ուղղում, եթե խնդիր է դրված՝ պարզապես գոյատևել: 

Անցյալ տարվա վերջին ցմահ դատապարտյալների խնդիրները քննարկվեցին միջազգային համաժողովի ժամանակ: Հարազատներս բանտ էին ուղարկել համաժողովը լուսաբանող բոլոր հրապարակումները: Իմացա Մեծ Բրիտանիայի փորձի մասին, որտեղ ցմահ դատապարտյալն անցնում է A-D ճանապարհը, նա մոտիվացիա ունի՝ հայտնվել D-ում, որը մեր բաց ռեժիմն է, ավելին՝ Անգլիայում այս ռեժիմում նրանք ապրում են իրենց հարազատների հետ, աշխատում են, ապրում բնականոն կյանքով: Այսինքն՝ համակարգը մի յուրօրինակ քավարան է նախատեսում դատապարտյալների համար, երկար ժամանակ պատրաստում է լիարժեք ազատության: Լսեցի անգլիացի փորձագետի խոսքերը ամենակարևորի մասին. նա ասաց, որ կրկնահանցագործությունները գրեթե բացառվում են ազատություն ստացած ցմահ դատապարտյալների պարագայում: 

Իսկ մեզ մոտ 20 տարի կողպեքի տակ պահում ենք մարդուն՝ զրկելով ամենակարևորից՝ մարդ մնալու հնարավորությունից, հետո... հետոն դեռ ոչ մեկը չի տեսել: Եթե Մանուկի օրինակով ենք դիտարկում՝ մահապատիժ ու ցմահ բառերի  «մահ» արմատն իր սև գործն արեց: Ու մահապատժի վճիռն «իրագործվեց» 22 տարի անց: Հետևաբար օրենքից դուրս բերել դեռ չգործող այն նորմը, թե ցմահ դատապարտյալը կարող է 20 տարի անց դիմել ազատ արձակվելու համար: Միևնույնն է համակարգը դեռ չի գնում այդ քայլին: 

Մարդիկ, կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդը, անկախ իր կատարած կամ չկատարած հանցանքից (դա միայն Աստված գիտի) ազատության մեջ հեռանա կյանքից, հեռանա մարդկանցից: Դա կարևոր է առաջին հերթին Ձեր՝ ֆիզիկական ազատության մեջ ապրողներիդ համար: 

Մհեր Ենոքյան

ցմահ բանտարկյալ «Նուբարաշենի» կլոր բանտից

Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող 

Մեկնաբանություններ (11)

Նուբար Ասլանյան
Կարդալով այս նյութը ես էլ շատ բաներ հիշեցի...Ասեմ,բանտում տիրող «կարգ ու կանոնի»հեղինակները հիմնականում սպասարկող անձնակազմն է...
Էդուարդ Զորիկյան
Ամենաահավորն այն է որ մեղանչած, բայց մեղքն ընդունած, ապաշխարած որևէ մեկին Աստված ներում է, իսկ մարդիկ` ոչ : Հետաքրիր է կարդալ նաև հոգևորականի կարծիքն այս ամենի շուրջ:
Karen
միգուցե դու քո մասին մտածես ու ուրիշներին չանդրադառնաս, առավել ևս 4 հոգու սպանության համար դատապարտվածին:
Իրավաբան
Հայկ Հովսեփյան, այդ ամենը տպվում է որովհետև Հայաստանի կալանավորների մեջ էլ կան անմեղ մարդիկ, ինչպես ամբողջ աշխարհում։ Դուք այդքան անսխալական ե՞ք համարում մեր դատական համակարգը։ Հանեք ձեր վարդագույն ակնոցները։
Զառա
Հարգելի Կարեն, խոսքն, իհարկե, Մանուկ Սեմերջյանի մասին չէ, ով ընդունել էր իր մեղքը ու մոտ 22 տարի պատիժ կրել: Բայց Դուք առհասարակ վստահո՞ւմ եք մեր դատական համակարգին: Ձեր կարծիքով սխալ դատված կամ անմեղ մարդիկ չկա՞ն մեր բանտերում ու փոխարենը՝ ազատության մեջ, մեր կողքին, արդյո՞ք անպատիժ հովանավորյալլ հանցագործներ չեն ապրում շատ հաճախ...........
Karen
Հարգելի Զառա, Մի ընդհանրացրեք, թե իբր ազատության մեջ գտնվող ավելի ծանր հանցագործներ կան: Իհարկե կան, բայց դադարեցրեք: Այս պարագայում հարցը շատ ավելի կոնկրետ է, քան պատկերացնում եք: Միգուցե փորձեք գտնել մանուկ կոչվածի զոհերի հարազատներին ու նրանցից ևս կարծիք հայտնել կամ մտովի Ձեզ պատկերացնել նրանց փոխարեն/Աստված մի արասցե իհարկե/:
Վահե Ավետյան
Վեց-յոթ տարի կլիներ՝ մաքուր օդ ու արևի լույսի երես չէինք տեսել: Ալյումինե ամանների հատակներին էինք փորձում տեսնել մեր դեմքերի արտացոլանքը: Լոգանքը շքեղություն էր, թույլատրում էին տարին մեկ անգամ կամ ավելի վատ՝ երկու տարին մեկ անգամ: Որդերով լի ապուր էին տալիս, մեկ էլ` ռեժիմով շան ծեծ: *** Այստեղ հոդվածը քննարկողներից ոչ մեկը չանրադարձավ վերևում մեջբերածիս: Սա հատկանշական է մեր սադիստ հասարակությանը, որը նույնպես բանտում է 20 տարի ու դրանից առաջ էլ սովետական միությունում մոտ 80: Մեր հասարակության հոգեբանությունն է բանտարկված, անկախ նրանից բանտ կոչված կառափնարանի պատերից ներս են ապրում մարդ, թե դուրս: Մեր հասարակությունն է ամբողջությամբ մարդասպան, բայց իրենց մեջից առանձնացնում են ոմանց, փակում ու նրանց հետ իրենց համեմատելու միջոցով են իրենք իրենցից թաքցնում որ ոչ պակաս մարդասպան են, քան բանտարկվածները:
Զառա
Ուշադիր կարդացի բոլոր քոմենթները: Անշուշտ, շատ նուրբ խնդիր է, կա տուժող կողմ, սպանվածների հարազատներ: Բայց պետությունը մեր՝ հասարակության անունից մարդուն պատժել է , պատիժը չի իրագործել, փոխել է ցմահ ազատազրկմամբ, մի բան էլ 20 տարի անց ազատություն վերադառնալու շեմ թողել: Բայց փոխարենը համակարգը ձեռքերը ծալած նստել է՝ ոչ մի հոգեբանական աշխատանք, ոչ մի զբաղմունք, ոչ մի ուսուցում: Ամեն ինչ թողնված է բանտարկյալի անհատական որակների վրա: Եվ պատահական չի, որ հեղինակը գրում է. «Այս պայմաններում այնքան հեշտ էր չարանալը, մարդ մնալը՝ հերոսություն»: Մի բան էլ պատկերացնենք, որ այո, մեղքն ընդունած բանտարկյալների կողքին կան նաև չափազանցված պատիժ ստացածներ, սխալ դատվածներ, անմեղներ, ուրիշի տեղը նստածներ, տարիներ շարունակ պայքարողներ: Ի՞նչ անեն նրանք: Էնպես, որ հասարակության խնդիրը արդար դատ պահանջելն է: Էստեղից պիտի սկսել: Հ.Գ. Իսկ Վահե Ավետյանի խոսքերը պարզապես եկան հաստատելու իմ մտածումները. «Մեր հասարակությունն է ամբողջությամբ մարդասպան, բայց իրենց մեջից առանձնացնում են ոմանց, փակում ու նրանց հետ իրենց համեմատելու միջոցով են իրենք իրենցից թաքցնում որ ոչ պակաս մարդասպան են, քան բանտարկվածները»: Շնորհակալություն, Վահե
nina
Vorqan el porceci,es Mheri mej chtesa voch mardaspani,voch el hancagorci.Ete ays eritasardy azat charcakvi,es indz mexavor kzgam,chgitem inchu,chgitem inchpes?ASTVAC ognakan Mherin ev myus anmex mardkanc.es havatum em nra anmexutyany u havatum,vor mi or klini iskakan hrashq ev na azat karcakvi.
nina
Mher jan,exir lavates.ASTVAC mec e.ktesnes,vor mi or el du khaytnves azatutyan mej.hishir im xosqery.Es el em shat tarapanq krel ayd vayreni rejimi koxmic u gitem,vor galu e chari u chariqi verjy.es uxxaki havatum ei u xndrum ASTCUN,vor mi dur baci indz hamar u dury bacvec,es uxxaki paxa ayd hreshneri erkric,te che mi or el qo nman im erexaneri vzin kpatateyin inchvor mi kextot hancanq.da drancin heru che.es qez havatum em.
armen
Sovorabar Srikan e lav mardun spanum u zmah azatazrkvum. Linum e naev hakarak@: Lav Mardn e stipvaz srikain spanum u zmah azatazrkvum. Kan naev mijankyal depqer. Ardar dataran@ petq e nman hangamanqner@ himnakan qnnarkman ararka darzni.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter