HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի «նոր հարևանության քաղաքականության» նոր ելևէջները. երկաթուղային դիվանագիտություն

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Նախորդ վերլուծության մեջ անդրադարձել էի 2008թ., վրաց-ռուսական պատերազմից հետո Վրաստանի ներսում ու նրա շուրջ ստեղծված այն նոր իրողություններին, որոնք անխուսափելիորեն դառնալու էին այդ երկրի նորընծա ղեկավարի` Բիձինա Իվանիշվիլու ու «Վրացական երազանք» դաշինքի արտաքին քաղաքականության ելակետերը: Սակայն միայն դրանով չէ, որ տարբերվելու էին հին ու նոր Վրաստանների տարածաշրջանային, ավելի ստույգ` «հարեւանության» քաղաքականությունները: Իվանիշվիլու կառավարությունը հարեւանների հետ հարաբերվելիս միանգամայն նոր հնարքներ` ինֆորմացիոն օպերացիաներ ու պարադիգմաներ գործարկեց, որոնց առանձնահատկությունն էր` նախ գրգռել, փորձարկել նրանց վախերն ու սպասումները, ապա կառավարել դրանք, ստեղծել խաբկանքներ ու բարձրացնել Վրաստանի գինը հարեւանների համար:

Եթե Միխեյիլ Սահակաշվիլին Վրաստանի հստակ ընդգծված արտաքին քաղաքական կուրսը` եվրաատլանտյան ինտեգրացիայի առանցքը ամրապնդում էր գերազանցապես տարածաշրջանային էներգետիկ նախագծերով` նավթագազատար խողովակաշարերով, ապա Բիձինա Իվանիշվիլին, կարծես թե, առավելապես սեւեռված է երկաթգծերի վրա. Վրաստանի տարածքում գործող ու նոր կառուցվող երկաթուղիները ոչ պակաս ներուժ ունեն ակտիվացնել աշխարհաքաղաքական տարբեր առանցքները` հյուսիս-հարավն ու արեւմուտք-արեւելքը: Իվանիշվիլու դիվանագիտությունը, հիրավի, կարելի է անվանել երկաթուղային դիվանագիտություն, որը երբեմն պատրանքաստեղծ է, երբեմն` խաղային, իսկ իրականում` realpolitic ու պրագմատիկ:  

Գրգռելով Հայաստանի վախերն ու սպասումները-1

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Բիձինա Իվանաշվիլու սադրած առաջին սկանդալը, թերեւս, օրեր անց հայերի հասցեին արված արտահայտություններն էին: Հարցազրույց տալով The New Times ռուսական պարբերականին (այն տպվել է հոկտեմբերի 5-ին), նրա գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացի` «Դուք ապրել եք Ֆրանսիայում, ձեր երեխաները մեծացել են այդ երկրում, եւ հանկարծ՝ կուսակցություն, ընտրություններ… Ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը» հարցին Իվանիշվիլին պատասխանել էր. «Մենք վրացիներս այդպես տարօրինակ ենք՝ մենք կապված ենք մեր հողին: Այդպիսին է մեր բնավորությունը: Ահա, օրինակ, մեզ մոտ այստեղ հայեր են ապրում: Իսկ ես ապշահար եմ լինում. ահա նրանց հայրենիքը կողքին է, իսկ նրանք մեզ մոտ են ապրում: Ձեր համար, հավանաբար, այդպիսի հարց չկա: Իսկ ինձ համար անհասկանալի է: Ես ապրել եմ Ֆրանսիայում, մեկ տարի Ամերիկայում, իսկ ինձ երազում սկսեց երեւալ իմ գյուղը, իմ հողը...»: «Միշտ դեպի տուն, հայրենիք վերադառնալը վրացիների գեներում է»,- ընդգծել էր Իվանիշվիլին:

Նրա այս խոսքերը ոչ միայն սուր քննադատության արժանացան Վրաստանում` Սահակաշվիլու թիմի կողմից, այլեւ արժանվույնս վրդովեցրին Հայաստանի քաղաքական-հասարակական լայն շրջանակներին: Ժամեր անց ինքը` Բիձինա Իվանիշվիլին ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ պարզաբանմամբ, որում մեղքը գցել էր հարցազրույցը վերցրած լրագրողի վրա: Վրաստանի նորընծա ղեկավարը արդարացավ, թե լրագրողի հարցին ինքը տվել է լայն պատասխան, սակայն ԶԼՄ-ները փոխել, համատեքստից հանել ու աղճատել են իր խոսքերը: Իրավիճակը հստակեցնելու փոխարեն նա ավելի խճճեց այն` հայերի կողքին ավելացնելով նաեւ հրեաների անունը. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ես զարմացել էի, որ հայերն ապրում են այստեղ: Այնինչ սա նաեւ նրանց հայրենիքն է: Կցանկանայի ընդգծել, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունքներ ունի անկախ իր ծագումից: Դա երաշխավորված է Սահմանադրությամբ եւ, միեւնույն ժամանակ, դա իմ համոզմունքն է: Ինչ վերաբերում է հարցազրույցին, ապա ես լրագրողի հարցին ընդգծված նշել եմ, որ հիացած եմ հայերի եւ հրեաների հատուկ շնորհքով, որ նրանք կարողանում են աշխարհի քաղաքացի լինել, նրանք ամենուրեք հաջողակ են, որտեղ էլ որ ապրեն, եւ ուժեղ սփյուռք ունեն: Իսկ մենք` վրացիներս, զարմանալի ժողովուրդ ենք, ցավոք որեւէ տեղ չկարողացանք հիմնավորվել եւ ուժեղ սփյուռք կազմել: Այսպիսին էր իմ պատասխանի հիմնական համատեքստը: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Վրաստանը բազմազգ պետություն է եւ այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների հայրենիքն է»: (շատերն են տեսակետ հայտնել, որ Բիձինա Իվանիշվիլին ազգությամբ հրեա է, եւ ըստ երեւույթին այդ կերպ նա փորձում էր, իր ազգությունը եւս նշված համատեքստ մտցնելով, ընդծել, թե իբր վիրավորական ոչինչ չի ասել հայերի հասցեին): 

Վրաստանի վարչապետի բարձրացրած այս սկանդալից հետո շատերին, այդ թվում` տողերիս հեղինակին, թվում էր, թե տեղի ունեցածը անզգուշության ու քաղաքական անփորձության արդյունք է: Նաեւ` հետեւանք այն բանի, որ այդ մտքերի հեղինակը պարզապես գործարար է, տեղյակ չէ տարածաշրջանի ժողովուրդների պատմությանը, փորձառու եւ հղկված պետական կամ քաղաքական այր չէ, եւ այլն: Սակայն խոստովանել է պետք, որ թերագնահատել ենք Բիձինա Իվանիշվիլուն: Ակնհայտորեն, նման «սադրիչ» հայտարարությունները նոր ձեռագիր էին դառնալու դիվանագիտության մեջ, ինչը միգուցեեւ չի համապատասխանում քաղաքական տեխնոլոգիաների ավանդական պատկերացումներին, իսկ իրականում` ինֆորմացիոն օպերացիա էր: Դրա նպատակը հարեւան երկրի` Հայաստանի նյարդային համակարգը ստուգելն էր` նրան երկու անգամ հիշեցնելով, որ հայերը Վրաստանում թեկուզեւ նախանձելի կամ հիացմունքի արժանի կազմակերպված եւ ուժեղ են, բայց սփյուռք են` եկվոր, եւ ոչ մի առավելություն չունեն ու չեն կարող ունենալ այնտեղ ապրող այլ ազգություններից: Հանուն արդարության պետք է նշել, որ «կուժ ասում եմ` կուլա լսիր» ասացվածքի ուժով, այն, թերեւս վերաբերում էր ոչ միայն հայերին, այլեւ մյուս ազգություններին, այդ թվում ադրբեջանցիներին, որոնց խնդիրները, ինչպես նշել ենք վերլուծության առաջին մասում, վերջին շրջանում նոր լարվածություններ էին ստեղծում վրաց-ադրբեջանական հարաբերություններում: 

Իվանիշվիլին իր այդ հայտարարությամբ հասկացնում էր, թե որքան լավ եւ զգույշ պետք է լինեն իր հետ վրացահայերը, որոնց կոմպակտ բնակվող հատվածը` ջավախահայությունը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկելիս նախապատվությունը առավելապես տվել էր Սահակաշվիլու «Միացյալ Վրաստան» կուսակցությանը, ինչպես նաեւ` Հայաստանի իշխանությունները, որոնք այս տարիներին բավական սերտ անձնական, քաղաքական ու տնտեսական/բիզնես հարաբերություններ են ստեղծել Վրաստանի նախագահի ու նրա թիմի հետ: Դրանից զատ, Միխեյիլ Սահակաշվիլու «Միացյալ Վրաստանը» եւ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ը նույն համաեվրոպական կուսակցական ընտանիքի` Եվրոպայի ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ են, իսկ վերջինս Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անթաքույց սատարում էր երկուսին էլ` փափագելով նրանց վստահ հաղթանակը: 

Եթե այս ամենը դիտարկում ենք մեկ այլ կարեւորագույն փաստի` առաջիկայում շահագործման հանձնվելիք Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու համատեքստում, ապա ավելի լայն եւ ուշագրավ պատկեր է բացվում: Բազմիցս է նշվել ու հայտարարվել, այդ թվում` Վրաստանի իշխանությունների կողմից, որ այն եւս աշխարհաքաղաքական նշանակության նախագիծ է. Ռուսաստանը շրջանցող այդ երկաթգիծը Կովկասը կապում է Եվրոպային, Ադրբեջանը` Թուրքիային: Նման նշանակության երկաթգիծը չի կարող մտահոգիչ չլինել նաեւ այս մի տարածաշրջանային նախագծի արդյունքում Կովկասից դուրս մղվող Ռուսաստանի, ապաեւ` ավելի խոր մեկուսացման մեջ հայտնվող Հայաստանի համար: Վերջինիս մտահոգության առարկաներից մեկը հանդիսացող վրացահայության կոմպակտ բնակվող հատվածը` ջավախահայությունը ոչ միայն գտնվում է իր անմիջական հարեւանությամբ, այլեւ հենց երկաթուղու գոտում: Ոչ Հայաստանը, ոչ էլ ջավախահայությունը չողջունեցին Ղարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարություն, որովհետեւ այն ոչ միայն շրջանցում էր Հայաստանը, այլեւ տարածաշրջանի թուրքականացման լուրջ վտանգ էր պարունակում: Այդպիսի դժգոհ ու իրավազուրկ հայաբնակ անկլավը արտաքին մանիպուլյացիաների հրաշալի գործոն կարող է լինել, եթե, իհարկե, նպատակ դրվի խոչընդոտել երկաթգծի շահագործումը կամ նրա գործառնությունը:  

Այդպիսով, Վրաստանի նորընծա ղեկավարի առաջին հայտարարությունները էթնիկ հողի վրա էին` ուղղված ներքին անկայունության պոտենցիալ օջախներին, առաջին հերթին` ջավախահայությանը, որի հանդեպ չափազանց զգայում է  պաշտոնական Երեւանը, իսկ  ուշադիր` Մոսկվան: Սակայն այստեղ է, որ օգնության է գալիս Բիձինա Իվանիշվիլու հաջորդ հնարքը` Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները նորմալացնելու, Աբխազիայով նրա հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու շահագրգռությունը, որը մեղմում է նրանց վախերն ու ստեղծում շահագրգռություն` միառժամանակ նայելու դեպի Թբիլիսիի առաջիկա ռուսամետ քայլերի կողմը: Մինչ Երեւանն ու Մոսկվան հմայված կնայեն (միգուցե` տարիներ շարունակ) «Վրացական երազանքի» ստեղծած «Աբխազական պատրանքի» կողմը, ոչ միայն առաջին, այլեւ շատուշատ  գնացքներ Բաքվից հասած կլինեն Թուրքիա ու Եվրոպա… 

Ուստի, Իվանիշվիլու հետապնդած իրական նպատակը Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգիծը անվտանգ շահագործման հանձնելն է` կառավարելով հնարավոր ռիսկերը, ըստ որում` այն մի վերջին անգամ ու ավելի թանկ գնով Ադրբեջանի վրա վաճառելուց հետո… 

Գրգռելով Ադրբեջանի վախերն ու սպասումները-1 

Դժվար թե Բիձինա Իվանիշվիլին չհասկանար, որ չափազանց մեծ բարդությունների վերացման հետ կապված Աբխազական երկաթուղու վերագործարկումն ավելի նախընտրելի է օրեցօր շոշափելի ու տեսանելի դարձող Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու գործարկումից: Հետեւաբար, բիզնես-հաջողակ վարչապետը, անհավատալի է, որ հանուն «ապառիկի նախագծի» զոհաբերեր «կանխիկ նախագիծը», ինչի պատրանք փորձեց ստեղծել քիչ անց` իր մեկ այլ ինֆորմացիոն օպերացիայով: 

ԵՄ մայրաքաղաք Բրյուսել այցելելուց հետո (նախապես հայտարարված ամենաառաջին պաշտոնական այցելությունը ռազմավարական գործընկեր ԱՄՆ հետաձգվել էր) երկրրոդը, իսկ հարեւան երկրներից առաջինը Բիձինա Իվանիշվիլին այցելեց Ադրբեջան` Վրաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկեր երկիր: Դեկտեմբերի 26-ին նշանակվածմ այցից օրեր առաջ Բիձինա Իվանիշվիլինին Ադրբեջանին ցնցեց Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի վերաբերյալ իր հայտարարությամբ: Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում նա նշեց, թե «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի «Ախալքալաք-Կարս» հատվածի կառուցման հարցը պետք է քննարկել, քանի որ հնարավոր է` այն ձեռտու չէ Վրաստանին. «Մեղմ ասած` «Ախալքալաք-Կարս» երկաթուղու կառուցումը հարցեր է առաջացնում: Հնարավոր է՝ ես ստիպված լինեմ այս թեմայով հարցեր ուղղել Ադրբեջան կատարելիք իմ այցի ժամանակ  եւ մեր բարեկամական երկրին նրբորեն  բացատրել, որ  ինչ-որ մի փուլում դա, հնարավոր է, շահավետ չլինի մեզ համար, և կարգավորման կարիք ունի: Իսկ դա հեշտ չի լինի, քանի որ գործընթացն արդեն սկսվել է, եւ շինարարությունն ընթացքի մեջ է: Անհրաժեշտ էր այդ հարցերը լավ վերլուծության ենթարկել նախապես՝ մինչև շինարարության մեկնարկը, եւ այս գործընթացում ներառել նաեւ փորձագետներին»: Վրաստանի վարչապետը հավելել էր, թե մի կողմից` իր կառավարությունը պետք է հարգանք ցուցաբերի հարեւանների եւ այն պարտավորությունների հանդեպ, որ ստանձնել է նախկին կառավարությունը, սակայն մյուս կողմից` կան հարցեր, որոնք պատասխաններ են պահանջում:

Աբխազական երկաթուղին վերագործակելու մտադրության խորապատկերին Բիձինա Իվանիշվիլու այս մի հայտարարությունը, ինչպես եւ սպասելի էր, ռեզոնանս տվեց թե Վրաստանի ներսում, թե Ադրբեջանում: Դրան անմիջապես արձագանքեց նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին` նշելով, որ այս հարցում կառավարության նմանօրինակ դիրքորոշումը մտահոգիչ է Վրաստանի համար, հակասում է նրա ռազմավարական շահերին եւ կարող է երկիրը հեռացնել Եվրոպայից «Ես մտահոգված եմ Բաքու-Ախալքալաք-Ղարս երկաթուղու նախագծի վերանայման եւ դադարեցման մասին վարչապետի հայատարարությամբ:  Դա անկախ Վրաստանի կարևոր նախագիծն է, որը թույլ է տալիս Ռուսաստանը շրջանցելով կապվել Եվրոպայի հետ այն բանի հաշվառումով, որ Վրաստանը ձգտում է ինտեգրվել ԵՄ-ի հետ: Վարչապետի այդ հայտարարությունը մեզ հեռացնում է Եվրոպայից ու միակողմանի/ստրկացնող հարաբերություններով կապում է Ռուսաստանի հետ… Եթե իսկապես պատրաստվում են դա անել, այդ դեպքում հասկանալի է, թե ինչու նախօրեին Պուտինը ողջունեց Վրաստանի կառավարությունից հղված դրական ազդանշանները»»,-գուժեց Մ.Սահակաշվիլին

Ինչպես նկատելի է այս հայտարարության մեջ` եթե նախագահ Սահակաշվիլուն, առավելապես հետաքրքրում էր եվրոպական ուղղությունը, ինչպես նաեւ` իր մրցակցին եւս մեկ անգամ Ռուսաստանի հետ կապելու առիթը, բայց ոչ հարեւանների հետ հարաբերությունների լարումը, ապա Իվանիշվիլու հետապնդած նպատակները այլ դաշտում էին:        

«Վրացական երազանքի» ղեկավարի խոսքերը Աբխազական երկաթուղու վերաբացման նրա մտադրության հետ մեկտեղ կատարյալ փոթորիկ առաջացրին Բաքվում: Փորձագիտականից մինչեւ պաշտոնական մակարդակներ հնչեցին Վրաստանի ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը վերանայելու կոչեր: Վերջին հաշվով, ինչպես նշել եմ վերլուծության առաջին մասում, այն ոչ միայն Ադրբեջանը Թուրքիային կապող երկաթուղի էր Բաքվի համար, այլեւ Հայաստանի մեկուսացումն ու շրջափակումը խորացնող եւս մեկ գործիք է, որին Ալիեւի վարչախումբը առանցքային նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության լուծման հայեցակարգում: Իվանիշվիլին իր այդ հայտարարութամբ Ադրբեջանին հասկացնում էր, թե կարող է խոցել Հայաստանի մեկուսացման նրա բազմամյա արտաքին քաղաքականությունը, ջուրը լցնել վատնված միլիարդները` եթե ցանկանա, իսկԱդրբեջանն էլ իրեն լավ չպահի իբրեւ հարեւան: Հետեւաբար, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է չափազանց լավ լինի Վրաստանի նոր ղեկավար հետ: Մյուս կողմից, նման հայտարարությունը Կրեմլին պիտի հավատ ներշնչեր, թե Իվանիշվիլին գործում է ընդդեմ Ռուսաստանի մեկուսացման եւ շահագրգռված չէ Արեւմուտք-Արեւելք ծրագրերով: 

Բաքու կատարելիք այցից երկու օր առաջ` դեկտեմբերի 23-ին Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլուսում մի փոքր մեղմեց իր սկանդալային հայտարարությունը, նշելով, թե Ադրբեջանը Թուրքիային միացնող Բաքու-Ախալքալաք-Ղարս երկաթգծի շինարարությանը ոչինչ չի սպառնում. ոչ մեկ չի պատրաստվում այն կանգնեցնել», սակայն «Վրաստանի համար նախագծի տնտեսական արժեքի կապակցությամբ հարցեր կան դրա գործառնության սկզբի առաջին փուլում»: Նա պարզաբանեց խնդրո առնչությամբ իր մտահոգությունները. այն բանից հետո, երբ նոր երկաթգիծը շահագործման հանձնվի, պլանի համաձայն` 2013թ. վերջի դրությամբ Վրաստանի գործող երկաթուղիներով ապրանքափոխադրումները կարող են կրճատվել, ինչին կհաջորդի Վրաստանի նավահանգիստներում ապրանքաշրջանառության կրճատումը; 

Ինչպես որ Իվանիշվիլին իր երկրորդ հայտարարությամբ նրբորեն չհրաժարվեց հայերի հասցեին արած նախկին հայտարարությունից, գրեթե նույն ձեռագրով այս անգամ էլ «հրաժարվելով» ասածից, փաստացի չհրաժարվեց Բաքվին ուղղված իր հիմնական ուղերձից. «Ոչ մի դեպքում, իմ ոչ մի ելույթում ես կասկածի տակ չեմ դրել այն հարցը, թե շինարարությունը պետք է կանգ առնի կամ այդ կարգի ինչ-որ բան: Ես չեմ համարում, թե բարդ կլինի հարցը ադրբեջանական կողմի հետ այնպես կարգավորելը, որ վնաս չհասցվի Վրաստանի տնտեսությանը, մի կողմից, եւ նոր երկաթուղու աշխատանքին` մյուս կողմից»: Անտարակույս է, որ նրա կողմից հակասության վիճակում դրված երկու հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում Վրաստանի ղեկավարը նախապատվությունը կտար երկրի տնտեսությանը վնաս չհասցնելուն (եթե, իհարկե, այդպիսի վտանգ իրականում կա), ինչը անուղղակի կնշանակեր երկաթուղու գործառնությունը կասկածի տակ դնելուն: Սակայն, Վրաստանի վարչապետը ճիշտ է հասկացել նոր երկաթուղու նշանակությունը Ադրբեջանի համար, հետեւաբար գիտե, որ Ադրբեջանը հանուն դրա գործառնության կգնա զիջումների եւ «հարցը կկարգավորվի» հօգուտ Վրաստանի: 

Ադրբեջանի համար երկաթուղու այդքան բարձր գնի գիտակցումն է, որ Բիձինա Իվանիշվիլուն առիթ է տալիս նոր զիջումներ կորզել Բաքվից եւ նույն մամուլի ասուլիսում ազդարարել, որ Բաքու կատարելիք այցի ընթացքում քննարկման գլխավոր հարցը լինելու է Վրաստան ներմուծվող գազի գնի քննարկումը: Նա հայտարարեց, թե գազի ներկայիս գինը «լավն է», սակայն առկա է այդ հարցով հետագա բանակցությունների հնարավորուրթյուն: Ասել է թե` գազի «լավ» գինը ավելի «լավացնելու» հնարավորություն: Փաստացի, Վրաստանի վարչապետը Բաքու գնաց Ադրբեջանին պատկանող ապրանքը` Բաքու-Թբիլիսի-Ղարս երկթագիծը (բավական է, որ այդ երկաթգծի վրացական հատվածն էլ կառուցվում է Ադրբեջանի տված երկարաժամկետ վարկով) նրա վրա թանկ ծախելու եւ Վրաստանին վաճառվող գազի գինը էժանացնելու գործարք-առաջարկով:

Այդ մամլո ասուլիսում նա մի քանի այլ շանտաժներ էլ արեց որոշ ներդրումային տնտեսական ծրագրերի կապակցությամբ, որոնք, նրա խոսքերով «հարցեր են հարուցում», եւ դրանք երկրի շահերին համապատասխանեցնելու կարիք կա: «Վերանայման» ենթակա նախագծերի շարքում նա հիշատակել էր Գարդաբանիում 160 մեգավատ հզորությամբ մագիստրալային էլեկտրացանցի (ՄԷՑ) շինարարությունը, «գիգանտ, ՀԷԿ-երի կառուցումը, բնական պաշարների օգտագործման հետ կապված հարցեր, որոնք հեշտ չեն լինի, քանի որ կան ստորագրված պայմանագրեր եւ այդ գործընթացը պետք է իրականացվի այնպես, որ բիզնեսին չվախեցնեն):     

Այս պահին ինձ հայտնի չեն, թե ովքեր են թվարկված տնտեսական նախագծերի ու ներդրումների սեփականատերերը` վրացի՞, թե՞ օտարերիկրացի (այդ թվում` ադրբեջանցի կամ հայ) գործարարներ, սակայն դրանք ակնհայտորեն օտարազգիներ են: Իսկ «նախագծերի» հիշատակումը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ուղղվածություն ունի, քանի որ ներդրումները կատարվել ու պայմանագրերը ստորագրվել են նախկին իշխանությունների օրոք: 

Մասնավորապես, բնական պաշարների օգտագործման կապակցությամբ նոյեմբերի 1-ին Վրաստանի Տնտեսության եւ կայուն զարգացման նորանշանակ նախարար Գիորգի Կվիրիկաշվիլու տարածած հաղորդագրության մեջ հիշատակվել էին բնօգտագործման թիրախ ոլորտները, դրանցում իրականացվելիք «ռեվիզիայի» դրդապատճառները: Նախարար նշել էր, որ բնական պաշարների օգտագործումից պետության համար հավաքվող վճարները «չափազանց ցածր են»: Ըստ նրա` նոր դրույքաչափեր մտցնելու դեպքում դրանք կվերաբերեն ոսկուն, պղնձին, մանգանին, հանքային ջրերին եւ անտառային տնտեսությանը, որոնց համար գործող օրենսդրության համաձայն, ոսկու 1 գրամի համար դրույքաչափը կազմում է 0.9 լարի է, պղնձի 1 տոննայի համար` 136 լարի, մանգանի հանքաքարի (1 տոկոսանոց բաղադրություն) 1 տոննայի համար` 0.012 լարի, իսկ հանքային ջրի խորանարդ մետրի համար` 3 լարի: Նախարարը հայտարարել էր. «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու այնպիսի բնական պաշարների օգտագործման հարցերին, ինչպիսիք են օգտակար հանածոները (պղնինձ, մանգան եւ ոսկի), անտառները, ջրային ռեսուրսները, հանքային ջրերը, ինչպես Սաիրման, Բորժոմին, Նաբեգլավին եւ այլք: Թվարկումը կարելի է երկար շարունակել եւ հաճախ շահագործումը (բնական պաշարների), տեղի է ունենում իռացիոնալ եղանակներով, իսկ չափազանց ցածր դրույքաչափերի պատճառով պետության համար այդպիսի կարեւորագույն պաշարը, փաստացի այնպես է քամուն տրվում, որ երկիրը դրանից համապատասխան օգուտ չի ստանում»: Նախարարը ակնարկել էր, որ «շատ դեպքերում տրամաբանական կլինի մտածել, որ տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքներ», եւ սպառնացել. «Մենք պլանավորում ենք ուսումնասիրել վերը թվարկված բոլոր ուղղություններով  ներդրողների ստանձնած պարտավորությունները` ինչպես պետության, այնպես էլ բիզնեսի շահերի առավելագույն հաշվառմամբ, եւ չենք բացառում, որ բնական պաշարների հանույթի համար վճարը էապես վերանայվելու է»:   

Միայն այն, որ իր հայտարարության վերջում նախարարը նշել էր, թե  նախկինի նման Վրաստանը հավատարիմ է «այն բոլոր միջազգային համաձայնագրերին ու պարտավորություններին, որոնք ապահովում են բիզնեսի ազատության պաշտպանվածությունը Վրաստանում», խոսում է  նրա մասին, որ այդ ոլորտում ներդրողները եւ Իվանիշվիլու թիրախի տակ հայտնված նախագծերի հեղինակները օտարերկրացիներ են: Իսկ վերջին տարիներին Վրաստանում ներդրումներ կատարել են թե ադրբեջանցիները, թե հայերը, հետեւաբար Բաքու մեկնելու նախօրեին նախագծերի ռեվիզիայի հիշեցումը հաստատ ուղղվածություն ունի դեպի Ադրբեջան (եթե ոչ նաեւ Հայաստան, քանի որ հաջորդ այցելությունը պետք է լիներ Երեւան): 

Այս տպավորիչ շանտաժներից հետո դեկտեմբերի 26-ին Բաքվում Բիձինա Իվանիշվիլուն հաջողվում է ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ «կարգավորել» խնդիրները, ավելի ստույգ` նրանց վրա վաճառել իրենց ապրանքն ու վախերը, եւ հանդես գալ «մեղայականով»: Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում նա հայտարարում է. «Նախկինում ես հայտարարել էի, որ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի շահագործման հանձնելուց հետո, հնարավոր է, վրացական երկաթգծերով ապարանքափոխադրումները կրճատվեն: Սակայն դա հապճեպ հայտարարություն էր: Իրականում, այդ հարցում ոչ մի խնդիր չկա», հավաստիացնելով, որ երկաթուղու շինարարությանը ոչինչ չի սպառնում, եւ հերքելով իր ընդդիմախոսների այն մեղադրանքները, թե ինքը գործում է Ռուսաստանի շահերի օգտին: Նա նաեւ տեղեկացնում է, թե Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահին նույնպես բացատրել է, որ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի անարդյունավետության առնչությամբ իր մեկնաբանությունները «հապճեպ» են եղել եւ նախագծին ոչինչ չի սպառնում:

Եթե երկաթուղային այս սկանդալը, իբրեւ հիշողություն, մնում է անցյալում, ապա առջեւում նորերն էին, բայց` արդեն Հայաստանի հետ կապված…     

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Ed
Vrastanum yerkrord angam shindzu heghapokhutyun sarqetsin. Yev Shevardnadzein pashtonank anel@, yev Shahakshvilun qaghaqakan impotent nerkayatsnel@, lav mshakvadz tsenari tarber gordzoghutyunner en. Vrastan@ uni hstak npatak, u qayl ar qayl pordezum e npatakan hasni. Gga nayev or@, yerb Vrastan@ tntesapes u andzi iravunqneri hartserov, shat aveli hrapurish klini tarber azgutyan qaghaqatsineri hamar. Chi batsarvum vor Abkhazner@ u Osetner@ kamovin @ndhunen Vrastani inqnishkhanutyun@. Michder Hayastani gavarakan gordzichner@, irents andznakan shaher@ ver en dashum Hayastanyan u hamahaykakan shaherits- u yerkir@ mi qani hoqu monopol dasht@ dartsradz, talanum en amboghj hay joghovrdin. Nuynisk Siriahayerin hasanaliq mardasirakan ognutyun@ ays bashibozukner@ aynpes tiratsan, kardzes huys unen hur-havityan ter linen ays kutakadz harsutyan@. Ush te shut, ayd amboghj kutakadz@ srants dzerqnerits arnelu en. Mijazgayin@ yerbek ays gavaradzin gordzichnerin chi toghni vor azat shunch qashen.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իրոք լավ հոդված/վերլուծություն է: Հայաստանը, այս հարցում, Վրաստանից շատ բան կարող է սովորել: Բայց 5000 դրամով «ընտրվածը» վախից բերան կբացի՞ : Հայաստանն էլ ունի տարբեր (ոչ պակաս արդյունավետ)լծակներ` հենց նույն Վրաստանի ու Ռուսաստանի նկատմամբ. ռազմաբազաներ,Ջավախք: Երբ որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն ասեց,որ ընտրվելու ժամանակ կճանաչի նաև Ջավախքի անկախությունը, շատերը իրեն որպես «անլուրջ էպոսագետ» պիտակավորեցին: Իսկ Ստեփանակերտի լամպերի գործարանի կոմսոմոլի բաժնի նախկին աշխատակցի ՀՀ-ի նախագահ լինելու տարիներին Ջավախքում քաղաքական հետապնդումների ու տնտեսական անտարբերության քաղաքականություն էր: Հայաստանցի «զորբաները» Դուբայներում ու Կոբուլետիներում են «ներդրում»/փողերը լվանում,երբ որ քթի տակ Ջավախքը պլանավորված դատարկում են,որից հետո գալու է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐԹԸ: Պատմությունը բազմիցս ցույց է տվել,որ մեր հարևանները Հային ԼՈՒՐՋ ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ,բացառությամբ երբ Հայը վարել է ագրեսիվ-պահանջատիրական քաղաքականություն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Hay(4) -Նախ,ես չեմ չանաչում Ա.Գեղամյանին: Երկրորդ` պիտի հարգել քո պետությանը ու (անձը վիրավորող) պիտակներ չկպցնել նախագահի այս կամ այն թեկնածուին: Երրորդ` պիտի հարգել այն փաստը,որ ամեն թեկնածու իր քարոզարշավի ձևն ու հնարավորությունն ունի: Չորրորդ` իսկ ՀՀԿ-ի 'թեկնածուն' ի՞նչ «քարոզարշավ» է անում: Եվ հինգերորդ` քո նշած կառավարության ԻՍԿԱԿԱՆ կամակատարները- ա)Գագիկ Ծառուկյանն էր,որն իր բիզնեսային շահերը ՎԵՐ ԴԱՍԵՑ երկրի շահերից ու (անտեսելով իր ընտողներին) իրեն/ԲՀԿ-ին դարձրեց քաղաքական ԴԻԱԿ, բ)Լ. Տեր-Պ.-էր,որն ԱԶԳԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ սկզբից «բանակցեց» ՀՀԿ-ի,իսկ հետո «ավելի հայրենասեր» ԲՀԿ-ի հետ,ու երբ տեսավ,որ բան չի ստացվում ԻՐ համար, ազգին բռխկեց դուրս. «տարիքի» պատճառով: Կարծես 'դժվար' էր հասկանալ,որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ՆՈՒՅՆ (մի մարդու շուրթերից կախված) «կուսակցություն» անվան տակ թաքնված օլիգարխային բիզնեսներ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter