
Վահագն Չախալյանն ազատ արձակվեց
Մոտ 30 րոպե առաջ Վրաստանի Ռուսթավիի թիվ 1 բանտից ազատ է արձակվել «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահանգն Չախալյանը:
Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այժմ իրենք ուղևորվում են Թբիլիսիի հայկական եկեղեցի, ինչից հետո Վահագն Չախալյանը կուղևորվի Ախալքալաք՝ հայրական տուն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել էր համաներման մասին օրենքը, որը տարածվում էր նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդի վրա:
Վահագն Չախալյանն անազատության մեջ էր 2008 թ. հուլիսի 21-ից և կրեց պատժի մեկ քառորդից ավելին: Նրան Վրաստանի դատարանը մեղավոր էր ճանաչել զենք-զինամթերքի ձեռքբերման և պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության և իշխանության ներկայացուցչի դեմ կատարված խուլիգանության հոդվածներով և դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը» ուսումնասիրել էր Վահագն Չախալյանի գործը և ինչպես շատերը, համարում էր, որ նրա դեմ կայացրած մեղադրական դատավճիռները քաղաքական ենթատեքստ ունեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել