HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ոչ մի տեղ չկան վերածննդի համար այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան Գյումրիում». մեկնարկեց «Վերածնունդ» փառատոնը

«Խորհրդանշական է հենց անունը` «Վերածնունդ»: Մեկ ուրիշ տեղ այս անունը երևի թե այսքան չգործեր, ինչպես Գյումրիում», - «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի բացման կապակցությամբ ասում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Ապրիլի 10-ին Գյումրու Վ. Աժեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ փառատոնի հանդիսավոր բացումը: Դասական երաժշտության երեկոն ուղեկցվում էր ամենատարբեր գործիքների նվագակցությամբ` հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ: Գերմանիան ներկայացնող Մագդալենենտրիոն ներկայացրեց Ֆրանց Շուբերտի «Տրիո սի բելոմ մաժորը», Ավստրիայից Վիկտոր Միլոսերդովն` Ն. Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը», Իսրայելից Վիկտոր Գոլդբերգը` Ս. Ռախմանինովի «Երաժշտական ակնթարթը», Ֆրանսիայից Չունգ Միհյեն` Կոմիտասի «Կռունկը» և այլն:

Այս տարի մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում են հայ և օտարեկրյա հայտնի երաժիշտներ: Նրանց թվում են` ֆրանսաբնակ ջուջակահար Ժան Տեր-Մերկերյանը, դաշնակահար, կոմոպոզիտոր, ինչպես նաև դերասան և հաղորդավար Լևոն Օգանեզովը, իսպանաբնակ ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանը և այլք:

Շուրջ 10 օր աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտները Գյումրի քաղաքը կվերածեն իսկապես դասական երաժշտության տոնի` ամեն օր հանդես գալով համերգներով, ինչպես նաև վարպետության դասերով:

Ֆ. Ցոլակյանը նշում է, որ չնայած քաղաքը փոքր է, բայց այն ունի մեծ ավանդույթներ, և այն արվեստի քաղաք է: Սա այն քաղաքն է, որը տվել է բազմաթիվ նշանավոր արվեստագետներ: Մյուս կողմից` նա հավելում է, որ կան տաղանդավոր արվետագետներ, որոնք ծնունդով Գյումրիից են, սակայն այժմ ստեղծագործում են այլ վայրերում. «Երևի պատճառն այն է, որ այստեղ այդ հնարավորությունը չի եղել»:

«Ոչ մի տեղ չկան վերածննդի համար այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան այստեղ: Դա պետք է իրականացվի ցանկացած միջոցով: Բոլորը պետք է անեն ուղեղային գրոհ, որպեսզի քննարկվի քաղաքի վերածննդի ծրագիրը, բոլորը մասնակից լինեն դրան: Մենք բոլորս դրանով հետաքրքրված ենք», - ասում է Լ. Օգանեզովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter