
Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀԱԿ, ՕԵԿ
Սկիզբը՝
Երևանի բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծումները նախընտրական ծրագրերում. ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ
Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի՝ Երևանի բնապահպանական խնդիրներին ու դրանց լուծմանը վերաբերող դրույթները:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագիրը կազմված է երկու մասից: Առաջինը Քաղաքական ծրագիրն է, որը սահմանադրական կարգի վերականգմանը, Հայաստանի ողջ քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված միջոցառումների ծրագիր է: Երկրորդը Երևանի ծրագիրն է, որը տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում մայրաքաղաքի զարգացման ծրագիր է:
Բնապահպանական խնդիրներին անդրադարձ կա ՀԱԿ-ի Երևանի ծրագրում, ըստ որի՝ վերջին տարիներին իրականացված քաղաքաշինական ծրագրերի արդյունքում Երևանը կորցրել է հսկայական կանաչապատ, հանրային օգտագործման տարածքներ:
«Կառավարման նոր մշակույթ» բաժնում ՀԱԿ-ը խոստանում է ստեղծել կանաչ գոտիների պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն իրավական ակտով: Խումբը կունենա անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն:
«Քաղաքաշինություն» բաժնում նշված է, որ վերջին տարիներին Երևանում կանաչ զանգվածների անթույլատրելի նվազեցումը հանգեցրել է անապատացման ակնհայտ դրսևորումների և օդի աղտոտվածության: «Վերջին տարիներին մայրաքաղաքը կառուցապատվել է «կետային» սկզբունքով և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հաշվին»,- շարունակում է ՀԱԿ-ը:
Ստեղծված վիճակը շտկելու համար կուսակցությունը քաղաքաշինության ոլորտում առաջարկում է մի քանի միջոցառում, որոնցից բնապահպանությանն առնչվում է հետևյալ երկուսը.
- կբացառվի քաղաքի «կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը,
- կիրականացվի բակերի կառուցապատման համալիր ծրագիր, կստեղծվեն պուրակներ, ջրավազաններ:
Բնապահանական խնդիրներից ամենից մանրամասն անդրադարձ կա ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի «Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն» բաժնում:
«Մայրաքաղաքում աղտոտվածությունը աղետալի է նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու պարագայում: Օդային ավազանի աղտոտվածությունը 3-20 անգամ, իսկ հողերինը տասնյակ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային չափանիշը: Մայրաքաղաքի ջրային ավազանները և հոսող գետերը ծանր մետաղներով, կեղտաջրերով և տարբեր թափոններով աղտոտված են նորմայից մոտ 11 անգամ ավելի»,- գրված է «Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն» բաժնում:
Այս վիճակը շտկելու համար ՀԱԿ-ը խոստանում է ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ վերականգնվելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատնկումների, նոր պաշտպանիչ անտառաշերտեր հիմելու միջոցով: ՀԱԿ-ի մյուս խոստումները հետևյալներն են.
- Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:
- Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով:
- Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում սիզամարգերը, կկատարվի նրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության:
- Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը:
- Կվերակառուցվի Աէրացիայի կայանը:
- Երևանի կանաչ տարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը, պուրակները, այգիները ոռոգելու նպատակով կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը: Աստիճանաբար անցում կկատարվի ծառերի «կաթիլային» ոռոգմանը:
- Աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքում մակերեսային ջրերի աղտոտումը կանխելու, ջրամատակարարման ցանցում կորուստները նվազեցնելու համար:
- Քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների որակը և կազմակերպումը արմատապես փոխելու համար կներդրվի սկզբունքորեն այլ հայեցակարգ, որը կիրառվում է մաքուր քաղաք, ոչ մի գրամ աղբ առանց վերամշակման սկզբունքով:
- Առանձնակի ուշադրություն կդարձվի Նուբարաշենի աղբավայրին:
«Կոմունալ ոլորտ» բաժնում ՀԱԿ-ը խոստանում է, որ կկիրառվեն էներգախնայություն և շենքերի լայնածավալ ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ՝ նպատակ ունենալով աստիճանաբար անցնել էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ էներգետիկայի:
«Օրինաց երկիր» կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է տարբեր բնագավառներում բարեփոխումներ ներկայացնող 13 բաժնից, բայց չունի բնապահպանությանը նվիրված առանձին բաժին, ինչը ենթադրել է տալիս, որ կուսակցության կողմից կարևորվող առանձին բնագավառների շարքում բնապահպանությունը առավելագույնը 14-րդն է:
Միաժամանակ նշենք, որ տարբեր ոլորտներում ՕԵԿ-ի առաջարկած բարեփոխումների շարքում կան այնպիսի միջոցառումներ, որոնք բնապահպանական ուղղվածություն ունեն:
ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի սկզբում նշվում է, որ «Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք» ծրագրի նպատակներից է քաղաքի բնապահպանական նոր քաղաքականության ձևավորումը, կանաչ ճարտարապետության ավանդույթների վերականգնումն ու զարգացումը:
Նախընտրական ծրագրի «Կոմունալ-բնակարանային տնտեսության բարեփոխում» բաժնում թվարկված նախատեսվող միջոցառումների շարքում նշվում են նաև հետևյալները.
- բնակելի շենքերի բակերում կանաչ գոտիների ձևավորումը,
- աղբահանության վիճակի կտրուկ բարելավումը, կենցաղային թափոնների վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը` բնապահպանական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
«Կարգավորել Երևանի կառուցապատումը» բաժնում նշված է. «Հանրային նշանակություն ունեցող կառուցապատման և բարեկարգման յուրաքանչյուր նախագիծ պետք է պարտադիր անցնի հրապարակման, հանրային քննարկման, քաղաքաշինական համալիր գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլերը»: Այդ խնդիրը լուծելու համար ՕԵԿ-ն առաջարկվում է մի շարք միջոցառումներ, որոնց չենք անդրադառնում, քանի որ դրանք քաղաքաշինության և ոչ թե բնապահպանության ոլորտից են:
«Երևանի բարեկարգումը» բաժնում ՕԵԿ-ը խոստանում է.
- բարեկարգման, կանաչապատման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը տեղափոխել գլխավոր փողոցներից դեպի քաղաքի ծայրամասերում գտնվող երկրորդական փողոցներ ու նրբանցքներ,
- հիմնել նոր քաղաքային այգիներ և զբոսանքի վայրեր, պաշտպանիչ անտառաշերտեր` քաղաքի օդային ավազանը բարելավելու նպատակով,
- կանաչապատման արդյունավետությունը բարձրացնելու համար վերականգնել ոռոգման ցանցը` ժամանակակից ջրագծերի կառուցմամբ,
- շարունակել շենքերի բակերում կանաչ գոտիների ստեղծումը:
«Կապի, հեռահաղորդակցության և տրանսպորտի հետևողական զարգացում» բաժնում կուսակցությունը նախատեսում է ստեղծել պայմաններ էկոլոգիապես մաքուր, հեծանվային և էլեկտրոմոբիլային տրանսպորտի զարգացման համար:
շարունակելի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել