
Դատարանը մերժեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հայցն ընդդեմ գործարարի
Քիչ առաջ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ մերժել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի հայցը՝ ընդդեմ գործարար Խաչիկ Խաչատրյանի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը 2012թ. դեկտեմբրի 28-ին դատական հայց էր ներկայացրել Խաչիկ Խաչատրյանի դեմ: Լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել էր Խաչիկ Խաչատրյանին՝ պարզաբանում ստանալու համար, սակայն գործարարը նրան այսպիսի վիրավորական պատասխան է տվել. «Գրի, ազիզ ջան, գրի, ցավդ տանեմ... ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես: Էդ էլ կարաս գրես»:
Լրագրողը գործարարից պահանջում էր հրապարակային ներողություն խնդրել` իրեն վիրավորելու համար:
Սոնա Գրիգորյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չգիտեն, թե ինչ պատճառաբանությամբ է դատարանը մերժել իր հայցը և լսելով, որ դատարանը մերժում է՝ բոյկոտել-դուրս են եկել նիստերի դահլիճից: «Մինչև վերջ գնալու եմ, բողոքելու եմ նաև վերաքննիչ դատարան»,- ավելացրեց Ս. Գրիգորյանը:
Մեկնաբանել