HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը Արտավազի բնակիչներին պարտավորեցրեց վաճառել սեփական հողատարածքները

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (ք. Հրազդան) բավարարել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Աբրահամյանի` Արտավազ գյուղի բնակիչների սեփականությունն օտարելու պահանջով ներկայացրած բոլոր հայցերը:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության 25.02.2010 թ. թիվ 241-Ն որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի բնակիչների սեփական հողատարածքները` 95.87549 հա գյուղատնտեսական նշանակության հողերը, ճանաչվել են բացառիկ` գերակա հանրային շահ: Հիշյալ որոշմամբ հողատարածքները ձեռք է բերել «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն, որի տնօրենը գործարար Արամ Աբրահամյանն է:

Հողատարածքների սեփականատերերի մի մասը համաձայնել է ընկերության առաջարկած փոխհատուցման գումարի չափին եւ օտարել հողամասերը: Բնակիչների մյուս մասը, դեմ լինելով իր սեփականությունը օտարելու մտքին եւ չհամաձայնելով առաջարկվող փոխհատուցման գումարի չափին, հրաժարվել է պայմանագիր կնքել, եւ «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն նրանց սեփականությունը ձեռք բերելու նպատակով դիմել է դատարան: Սեփականատերերի մի մասը նույնպես դատարանում հաշտություն է կնքել եւ ընդունել առաջարկված գումարը, իսկ նրանք, ովքեր հաստատակամորեն հրաժարվեցին հողատարածքները վաճառելու մտքից, հակընդդեմ հայց ներկայացրին:

«Լեգելատա» իրավաբանական գրասենյակը, որը ստանձնել է 28 սեփականատերերի շահերի պաշտպանությունը, դատարանին ներկայացրած առարկությունների մեջ նշել է, որ անձին սեփականությունից զրկելու համար պետք է առկա լինի օտարման հիմքը` բացառիկ` գերակա հանրային շահը եւ պայմանները, գործընթացը պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով եւ նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Պատճառաբանելով, որ տվյալ դեպքում առկա չեն «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված հանրային շահ ճանաչելու որոշման սկզբունքները, այն է` հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, գերակա հանրային շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման, գերակա հանրային շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը:

Պատասխանողի ներկայացուցիչները կարծում են, որ Կառավարության 25.02.2010 թ. թիվ 241-Ն որոշմամբ չի հիմնավորվել ոչ ընդգրկված վիճելի հողատարածքների օտարման օբյեկտիվ անհրաժեշտությունը, ոչ էլ դրանց չափերը, եւ այդ պայմանները չպահպանելը հանգեցնում է գերակա հանրային շահ ճանաչելու փաստաթղթերի անվավերության:

Հայցերը քննել են Կոտայքի մարզի դատավորներ Նունիկ Պողոսյանն ու Արիստակես Սիսակյանը: Նրանց կայացրած մի քանի տասնյակ վճիռները միեւնույն բովանդակությունն ունեն` դատարանն անհիմն է համարել պատասխանողների ներկայացրած առարկությունները եւ ներկայացրած հակընդդեմ հայցերը ու մերժել դրանք:

«Գերակա հանրային շահի բացակայության վերաբերյալ պատասխանողների ներկայացուցիչների պատճառաբանությունը սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներից դուրս է, քանի որ այդ մասին առկա է Կառավարության թիվ 241-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը»,- իր մերժումն այսպես է պատճառաբանել դատարանը:

Սեփականատերերի ներկայացուցիչները փոխհատուցման գումարի չափերի մասին իրենց առարկություններում նշել էին, որ քննարկվող հողամասերի համար հայցվորի առաջարկած փոխհատուցման չափը հիմնված չէ օրենքով սահմանված կարգով իրականացված գնահատման ընթացակարգի վրա, ինչից հետեւում է, որ դրա շուկայական արժեքին համաչափ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող:

«Հայցվորը, ի խախտումն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 48-րդ հոդվածի պահանջի, չի ապացուցել իր հայցի հիմքում ընկած այն պնդումը, թե իր առաջարկած փոխհատուցման գումարը համարժեք է քննարկվող հողամասերի շուկայական արժեքին»,- հայտնել են նրանք եւ դատարանին խնդրել մերժել հայցերը` ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Փոխհատուցման չափի վերաբերյալ պատասխանողների ներկայացրած առարկությունները նույնպես դատարանն անհիմն է համարել. «Գործով պատասխանողի կողմից դատարանին հողամասերի շուկայական արժեքի եւ փոխհատուցման գումարի անհամարժեքության վերաբերյալ ապացույց չի ներկայացվել, հետեւաբար դատարանը գտնում է, որ հայցապահանջը ենթակա է բավարարման` ընկերության կողմից հողամասի օտարման դիմաց առաջարկված համապատասխան գումարի չափով»:

Հողամասերի գնահատման նպատակով հայցվորը պայմանագիր է կնքել «ՏՈՍՊ» ՍՊԸ-ի հետ: Վերջինս 2010 թ. հունիս ամսին իրականացրել է հողամասերի շուկայական արժեքի գնահատում եւ տրամադրել է հողամասերի գնահատման հաշվետվությունները: Հողամասերի շուկայական արժեքի գնահատումն իրականացվել է` հիմք ընդունելով հողամասի 1 հա-ի շուկայական արժեքը + 15%:

2010 թ. նոյեմբերի 8-ին հայցվորը կրկին իրականացրել է հողամասերի գնահատում եւ տրամադրել հողամասերի վերագնահատման հաշվետվությունը, համաձայն որի գնահատվող գույքի շուկայական արժեքի որոշակի փոփոխություններ չեն նկատվել, եւ հողամասերի համար առաջարկվող փոխհատուցման գումարը համարժեք է օտարվող հողամասերին:

Դատարանը բավարարել է հայցերը եւ վճռել, որ հողամասերի համար հայցվորի առաջարկած փոխհատուցման գումարները պետք է թողնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին` մինչեւ պատասխանողի կամ նրա իրավահաջորդի կողմից գումարը ստանալու հայտ ներկայացնելը:

Դատարանը նույնաբովանդակ վճիռներ է կայացրել նաեւ Արտավազ համայնքի այն սեփականատերերի նկատմամբ, ովքեր բացակայում են հանրապետությունից եւ անտեղյակ են, որ իրենց սեփական հողատարածքները Կառավարությունը գերակա հանային շահ է ճանաչել, եւ դատարանն էլ առանց նրանց գիտության վճիռ է կայացրել դրանք օտարելու մասին:

«Սեփականատեր Սիլվա Պողոսյանը չի ներկայացել դատական նիստին, դատարանի կողմից նրան հասցեագրված ծրարը փոստը վերադարձրել է` «հասցեատերը բացակայում է» մակագրությամբ»,- առանց պատասխանողի մասնակցության դատաքննություն իրականացնելու եւ նրա սեփականությունը օտարելու մասին իր կայացրած վճիռը այսպես է հիմնավորել դատավորը:

Համաձայն ՀՀ քաղ. դատ. օր.-ի 94 հոդվածի 1-ին կետի` պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում, դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:

Արտավազ գյուղական համայնքի ղեկավար Ռեմ Հովհաննիսյանը գրությամբ դատարանին հայտնել է, որ Արտավազ գյուղի բնակիչ Սիլվա Պողոսյանը բացակայում է բնակավայրից, եւ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան: Համայնքի ղեկավարը նույնաբովանդակ գրություններ է ներկայացրել նաեւ համայնքի բնակիչներ Վյաչեսլավ Շահնազարյանի, Նորայր Աֆրիկյանի, Շափաղատ Առուշանյանի, Անուշ Առաքելյանի, Յուրիկ Շահնազարյանի, Արեստ Իվանյանի եւ այլոց վերաբերյալ:

Հնարավոր է, որ սեփականատերերի այս խումբը կամովին համաձայներ իր սեփականությունը օտարելուն եւ չվիճարկեր այն, բայց եւ միանգամայն հնարավոր է, որ նրանք եւս միանային այն խմբին, ովքեր անհամաձայնություն ունեն եւ պայքարում են իրենց սեփականությունը, նաեւ` համայնքը պահպանելու համար: Սակայն, հնարավոր է, որ նրանք իրենց սեփականությունը կորցնելու մասին տեղեկանան այն ժամանակ, երբ հողատարածքներն արդեն կառուցապատված կլինեն:

Լիլիթ Աբրահամյան

Մեկնաբանություններ (1)

andrei
здравствуйте. я бывший житель артаваза. щас проживаю в россии. в артавазе есть 3.5 гектар земли, и мы плотим щас за это налоги. но нам сообщили что эти земли проданы. и что эти деньги в банке. я бы хотел узнать, млгу ли я приехать и получить свою деньги, и сколько мне пологается за 3.5 гектара

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter