
Հովիկ Աբրահամյան. «Թալանչի պաշտոնյաներից պետք է ազատվել»
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց 2012թ. հաշվետվությունը: Նա մի շարք չարաշահումներ թվարկեց եւ մտահոգություն հայտնեց հատկապես գնումների եւ շինարարության ոլորտում տիրող իրավիճակի առնչությամբ, քանի որ չարաշահումները համակարգային բնույթ են կրում:
Իշխան Զաքարյանի խոսքերով` երկրի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների համար շատ հաճախ վճարվում է դրանց շուկայական արժեքից ավելի թանկ: Այն պահին, երբ Իշխան Զաքարյանը թվարկում էր դատարանների նոր շենքերի կառուցման համար օգատագործվող շինանյութերի գները, որոնք մի քանի անգամ ավելի թանկ են ձեռք բերվել, քան շուկայում է վաճառվում, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դուրս եկավ ԱԺ դահլիճից` տպավորություն ստեղծելով, թե բացահայտումներն իրեն չեն հետաքրքրում:
Իսկ չարաշահումները հետեւյալն են. օրինակ`ձեռք է բերվել սովորական մալուխ, որի մեկ մետրը խանութներում արժե մոտ 130 դրամ, բայց կառուցողներն այն ներկայացրել են 1007 դրամ: Իշխան Զաքարյանի ձեռքին էր այն ՀԴՄ կտրոնը, որն ապացուցում էր մալուխների 130 դրամ լինելը: Մեկ այլ դեպքում մետաղապլաստե պատուհանի 1քմ-ի համար նախահաշվարկային գին է նշվել 85 հազար դրամը, սակայն ձեռք են բերել 53 հազար դրամով, իսկ տնտեսած գումարը ոչ թե վերադարձվել է բյուջե, այլ ձեւակերպվել է որպես շահույթ:
Միայն դատական համակարգի շենքերի շինարարության ուսումնասիրությամբ ՎՊ-ն հայտնաբերել է 270 մլն դրամի ուռճացված գումար: Այլ ոլորտներում նույնպես չարաշահումներ եւ անարդյունավետ ծախսեր է հայտնաբերել Վերահսկիչ պալատը: Իշխան Զաքարյանը նշեց, որ մի քանի նյութեր ուղարկվելու են դատախազություն:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զարմացած էր, որ այդքան «թալանչիներ կան» եւ շարունակում են պաշտոնավարել: Նա եւս կողմ էր, որ չարաշահման դեպքերի մասին նյութերն ուղարկվեն դատախազություն: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ վարչապետը կազատվի թալանով եւ յուրացումներով զբաղվող պաշտոնյաներից, այլապես անիմաստ է ԱԺ-ում քննարկելը: Այս հաշվետվությունը, որը պետք է պատգամավորների ուշադրության կենտրոնում լիներ, քննարկվում էր գրեթե կիսադատարկ դահլիճում:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել