HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշենն արդեն շահագործվում է

«Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործում է երկու` Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց հանքավայրերը: Դրմբոնի հանքավայրը ընկերությունը շահագործում է 2002 թվականից: Պղնձի այս հանքավայրի պաշարները կազմել են 3,2 մլն տոննա: Հանքաքարի տարեկան արդյունահանումը և վերամշակումը վերջին տարիներին հասել է 350 հազար տոննայի: «Հիմա արդեն Դրմբոնի պաշարների մարման ժամանակահատվածն է սկսվում: Հանքավայրի մնացորդային պաշարները 500 հազար տոննա են, որը կբավականացնի 2-2,5 տարի աշխատելու համար»,- ասում է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի գործադիր վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը: «Բեյզ Մեթըլս»-ը 2012թ.-ին 6-ամսյա ժամկետում, մակաբացել է Կաշենի (Ծաղկաշենի) բաց հանքավայրը:

Կաշենը շահագործվել է 2013 թ.-ի մայիսի 1-ին: Հանքավայրը գտնվում է Դրմբոնից 40 կմ հեռավորության վրա: Հանքավայրը փռված է ձորի խորքում և շրջափակված է աստիճանահարթակներով: Ընկերությունը կարճ ժամանակամիջոցում կառուցել է նաև Կաշենից դեպի Դրմբոն տանող ճանապարհը: Կաշենի հանքաքարը պարունակում է պղինձ և մոլիբդեն: Արթուր Մկրտումյանը հավաստիացնում է, որ բաց հանքավայրում գոյություն չունեն ռադիացիոն էլեմենտներ պարունակող մետաղներ, և ընդհանրապես մթնոլորտային ազդեցության տակ արտանետումներ և արտադրանքներ չկան:


«Դա դասական պղինձ-պորֆիրային համակարգ է` ամբողջ աշխարհին վաղուց հայտնի, և, ի ուրախություն մեզ, որևէ վտանգ չենք տեսնում օգտակար կամ ոչ օգտակար պարունակության տեսքով»,- ասում է «Բեյզ Մեթըլսի» գլխավոր տնօրենը: Հանքավայրը նախագծով ունի 500 մետր սանիտարական գոտի, որտեղ առկա է 7 բնակելի տուն: Ընկերությունը որոշել է այդ ընտանիքներին տեղափոխել սանիտարական գոտուց, որի համար Լեռնային Ղարաբաղի կառավարությունը և գյուղապետարանը Վարդաձոր գյուղի դպրոցի հարևանությամբ տարածք են հատկացրել ընկերությանը: «Արդեն ունենք նախագիծ, յուրաքանչյուր տունը լինելու է 50-55 մլն դրամ արժողությամբ, 4 և 3-սենյականոց, առանձին անասնագոմով, բոլոր կոմունիկացիոն հարմարություններով: Տները կունենան կոյուղաջրերի հավաքման և վնասազերծման կայան: Բնակարանները կառուցվելու են մեկ տարվա ընթացքում»,- հայտնեց Արթուր Մկրտումյանը:

Ստորգետնյա հանքավայրի շահագործման 11 տարիներին Դրմբոնի երկու պոչամբարներում կուտակվել է 4 մլն տոննա արտադրական պոչանյութ: Մեկ տարի առաջ «Բեյզ Մեթըլզ»-ը Կաշենի բաց հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ Դրմբոնում կառուցել է 3-րդ պոչամբարը: Ընկերության Ընդհանուր հարցերով վարչության պետ Սամվել Իվանյանն ասում է, որ 3-րդ պոչամբարը կառուցված է 14 հա-ի վրա: Գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, սակայն պնդեց, որ Դրմբոնի 3 պոչամբարները միասին զբաղեցնում են 10 հա տարածք և տեղավորված են ձորի մեջ:

Ըստ նրա՝ պոչամբարները բավականին երկար են, եւ ունեն 80-100 մետր լայնություն: Երկրի ընդերքի կեղևը պոչանքային ազդեցություններից զերծ պահելու նպատակով 3-րդ պոչամբարի հատակը ծածկված է գերմանական արտադրության հատուկ թաղանթով: 

Պոչամբարները շահագործվում են ջրի շրջառու համակարգով: Դրմբոնում առաջին անգամ կիրառվում են նաև պոչերի կրկնակի մշակման տեխնոլոգիաներ: Ֆլոտացիոն մեթոդով հարստացման արդյունքում պոչանքներում բավականաչափ կորզելի ոսկի է դեռ մնում, սրա համար Դրմբոնում նոր գործարան են կառուցում: Արթուր Մկրտումյանն ասաց, որ նախորդ 2 պոչամբարների պոչանքները ևս մեկ անգամ մեկ աստիճանով ոսկուց կորզվելուց հետո կվերադառնան 3-րդ պոչամբար` արդեն հիմնական տեղադրման համար: «Բնապահպանները զգուշացնում են պոչանքների տեղաշարժման վտանգների մասին»,- հիշեցրինք գլխավոր տնօրենին:


Ա. Մկրտումյանն ասաց, որ այդտեղ վտանգ չի տեսնում, քանի որ տեղափոխելուց հետո պոչանքները քիմիական գործընթացի ենթարկվում են հատուկ սարքավորումների և տարողությունների մեջ, տեղափոխումն էլ իրենից ներկայացնում է հատուկ տեսակի պոմպերի կիրառում: Տնօրենին հարցրինք նաև հանքարդյունաբերության հետևանքով Դրմբոնում և Կաշենում ընկերության կողմից իրականացրած անտառահատումների մասին: «Բարեբախտաբար, քիչ ենք հատել անտառներ: Կաշենում երևի թե մացառուտների տեսքով 3-4 հա անտառ ենք հատել, իսկ Դրմբոնում 11 տարիների ընթացքում, հաշվի առնելով պոչամբարային տնտեսությունը, ընդհանուր առմամբ հատած կլինենք 20-30 հա անտառներ»,- ասաց նա:


«Բեյզ Մեթըլս»-ի գլխավոր տնօրենը ասաց նաև, որ Ղարաբաղում կան նաև նոր ձևավորվող հանքարդյունաբերական 2 այլ ընկերություններ: Նրանցից մեկը տարեվերջին արտադրանք է տալու: Արթուր Մկրտումյանը բնապահպահպանական խնդրի լուծում համարեց բարոյական հանքարդյունաբերողի կարևոր գործը: Նա հայտնեց, որ Ղարաբաղում բնապահպանական խնդիրները վերահսկելու համար բնապահպանական ՀԿ-ներ կան:

Ակամայից սկսում ես մտածել` մի՞թե Ղարաբաղի անկրկնելի ու կուսական բնությունը նույնպես զոհ է դառնալու հանքարդյունաբերությանը: 

Մեկնաբանություններ (3)

ВахоСюник
Արա սպանիք թողիք ինչ աղետ ինչ բան.Որ 100 տղամարդու ընտանիք սոված նստած են լինում կարողա ձեր նման հրեշտակները տանում ամենքին 120 000 դևամ են տալիս ամեն ամիս. Մի քիչ առողջ դատեք ես չեմ ուզում որ մեր ազգը աղքատության մեջ տանջվի դրսի երկրներից օգնություն խնդրի
Գևորգ
Հանքարդյունաբերությունը Արցախի նման փոքրիկ երկրի համար տնտեսության աղետալի ճյուղն է:Մի քսան տարի հետո Արցախի կուսական անտառներից ոչինչ չի մնա:Մի քիչ զսպեք,ձեր ախորժակը,պարոնայք:
Давид
О каких рудниках в Арцахе может идти речь?! Даже азеры не додумались до такого варварства.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter