HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ես դատապարտում եմ պատերազմը». պատերազմի մասնակից հայ ռեժիսոր

«Քանի մարդ է տեսել ինչպես է սկսվում պատերազմը: Ես տեսել եմ: Այդ ժամանակ ես 6 տարեկան էի»:

Այսպես է սկսում իր պատմությունը Լենան, ով Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանում գերեվարվել էր: Արցախի այժմյան փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է պատմել Լենայի պատմությունը Ջիվան Ավետիսյանին, ով հետագայում որոշել է այդ դեպքի հիման վրա ֆիլմ նկարահանել:   

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» 45 րոպե 45 վայրկյանանոց ֆիլմը պատմում է 1992 թ.-ի գարնանը Մարաղայում տեղի ունեցած դեպքերի մասին: Այստեղ պատերազմի, բռնության, թալանի, սպանություններին զուգահեռ տեսնում ենք մի հայ աղջնակի պատմությունը, ով գերի ընկնելուց հետո հայտնվում է ադրբեջանցի այրու տանը: Միակ բանը, որ մնում է նրան հիշատակ, սպիտակ ժապավենն է, որը նա խնամքով պահում է բարձի տակ:

Կինը, մեղմ ասած, ուրախ չէ, որ նման մեկը հայտնվել է իր տանը, բայց առաջին բանը որ նա անում է, կերակրում է աղջկան: Սկզբի հակակրանքը թշնամու նկատմամբ աստիճանաբար վերածվում է սիրո և կապվածության աղջնակի նկատմամբ: Ադրբեջանցի այրին մեծ ուշադրությամբ ու հետևողական խնամում է աղջկան, երբ նրան ծեծում են բակի երեխաներն այն բանից հետո, երբ իմանում են, որ նա հայ է:

Առաջինը, ինչ նկատել էր ադրբեջանցի այրին, աղջկա վնասված ականջն էր. հայերի ջարդերի մասնակից իր հայրենակիցը վնասել էր աղջկա ականջը, երբ քաշել ու պոկել էր նրա ոսկե ականջօղը: Որոշ ժամանակ անց այդ նույն ականջներից կինը կախում է կապույտ քարով ականջօղերը:

Հայ աղջիկը Ադրբեջանում գերի է մնում 129 օր: Այդ ամբողջ ընթացքում նա անհամբերությամբ սպասում էր, թե երբ են իրեն փոխանակելու: Իր վիշտն ուներ նաև այրի կինը, ով դեռ հույս ուներ տեսնել պատերազմի ընթացքում կորած իր որդուն. գուցե հենց նրա հետ փոխանակեն աղջկան:

Գալիս է փոխանակման օրը, այրի կինն ինքն է ցանկանում ուղեկցել հայ աղջկան մինչև սահման, որտեղ նրան սպասում է հայրը: Բայց աղջկան փոխանակում են այլ մարդու հետ: Լենային տված նամակում նա մի բան էր խնդրում` գտնել իր որդուն ողջ կամ մեռած:

Իրականում այդ ադրբեջանցու մասին ոչինչ հայտնի չի լինում, բայց Լենան հասկանում է, որ «մայրը մեկն է բոլորի համար»:

Պատերազմի մասին պատմող ֆիլմը միաժամանակ երկու կանանց, թշնամի կանանց պատմությունն է, նրանց հարաբերությունների ու հետագա մտերմության:

Այժմ ֆիլմի իսկական հերոսուհին 27 տարեկան է և ծնողների հետ ապրում է ՌԴ-ում` Կրասնոդարում: Նրա պապը և բարեկամները ապրում են Արցախում: Իսկ ֆիլմի հերոսուհուն ռեժիսորը «հայտանբերել է» պատահականորեն` ընտանեկան հավաքույթներից մեկի ժամանակ: Տեսել ու միանագամից հասկացել է, որ նա պետք է մարմնավորի նրան փոքրիկ Լենայի դերը: Ռեժիսորը միայն մեկ պայման էր դրել` եթե նա համաձայնվի կտրել իր մազերը ֆիլմի համար, ապա դերը նրանն է: Այդպես էլ լինում է: Այժմ ռեժիսորն ասում է, որ դա «ուղղակի Աստծո պարգև էր», որ այդ դերը խաղաց փոքրիկ Մարիա Ղարագուլյանը: Իսկ ադրբեջանցի կնոջ դերը խաղում է Գրետա Մեջլումյանը:

Ջ. Ավետիսյանի համար այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորն այն է, որ հայ աղջիկը կարողացել է վերադառնալ հայրենի տուն: Այսօր էլ ողջ են այն սպաները, որոնք ժամանակին իրականացրել են այդ փոխանակումը, և շուրջ 20  տարի անց հիշելով այդ դեպքը, նույն ձևով վերապրում են անցածը:

Ֆիլմի ռեժիսորը պատմում է, որ ինքը ևս անցել է պատերազմի միջով, եղել Ստեփանակերտում, և այսօր կարող է հաստատապես ասել` «ես դատապարտում եմ պատերազմը»:

Ջ. Ավետիսյանի  «Ընդհատված մանկություն» ֆիլմը այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Այն ներկայացվել է նաև Կաննի կինոփառատոնի շուկայում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter