HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացու կյանքը

Ռազմիկ Մարկոսյան

«…Երբ իջա ավտոբուսից, արդեն գիշեր էր: Սաստիկ բուք էր ու սառնամանիք: Անմիջապես բարձրացրի մուշտակիս օձիքը, գլխարկիս ականջակալերն իջեցրի ու կզակիս տակ հանգույց արեցի: Հետո պայուսակիս բռնակը թաշկինակով կապեցի ձեռքիս, որ կարողանամ ձեռքերս գրպանումս պահել ու շարժվեցի դեպի ծանոթիս տունը, որ գյուղի վերջին տունն էր, իսկ իմ կողմից, բարեբախտաբար, առաջինը: Քայլում էի քամուն հակառակ՝ երեք քայլ առաջ, երկու քայլ հետ  «արագությամբ»: Աստիճանաբար քայլելը դժվարացավ, ու սաստկացավ տագնապս: Բայց ելք չկար. պիտի հաղթահարեի ճանապարհը: Քամին աչքերիցս արցունք էր բերում: Արցունքներս վայրկենապես սառչում էին ու աչքերս պատում սառույցով: Այսպես, քայլում էի՝ օձի նման սառն ու անհայացք: Հեռվից գայլի ոռնոց էր լսվում: Ես մեն-մենակ էի բնության տարերքի ու գիշատչի ոռնոցի դեմ: Գլխումս իմ լսած պատմություններն էին այդ վայրում զոհվածների, ցրտահարվածների մասին: Թեև ջանում էի հաղթահարել ճանապարհը, բայց այնուամենայնիվ զոհերի թիվը մտքումս մեկով ավելացրի: Հանկարծ հիշեցի, որ այդ կողմերում մարդիկ իրենց տներից մինչև բակում գտնվող սննդամթերքի պահեստը պարան են կապում՝ ձնաբքի ժամանակ կողմնորոշվելու համար: Ես, ինձնից մինչև ծանոթիս տունը, մտովի կապեցի իմ պարանն ու նրա օգնությամբ սկսեցի առաջ գնալ: Քայլում էի՝ մտքիցս կառչած: Թեև ճանապարհը երկար չէր, ես այն հաղթահարեցի մոտ երկու ժամում: Բայց ինձ մի կյանք թվաց: Ճանապարհի հետ մեկտեղ ուժերս էլ ավարտվեցին: Ահա այն դուռը, որն իմ առաջ միշտ բաց էր: Վերջ: Ես հաղթեցի: Բայց հաղթահարածիս ծանրության պատճառով չէի կարողանում լիասիրտ վայելել հաղթանակս…»: 

Սա մի հատված է իմ ինքնակենսագրական գրքից, որը խորհրդային գերտերության կենսագրության մի էջն է: 

Շատ տարիներ առաջ էր՝ 1978-ին, երբ չորս տարվա խիստ ռեժիմի կալանք կրելուց հետո, Պերմի 35-րդ կալանավայրից ինձ էտապով տեղափոխեցին աքսորավայր:  Էտապի քայքայիչ ընթացքը հաղթահարելուց հետո հայտնվեցի Ղազախստանի Կենբիդաիկ գյուղում: Այս տարածքում տեղակայված էր ԳՈՒԼԱԳ-ի երեք կղզյակներից մեկը՝ Կարլագ ուղղիչ-աշխատանքային գաղութների համակարգը: Դեռևս 1940-ին Կարլագը 600 քառակուսի կիլոմետր  տարածք էր զբաղեցնում: Գաղութի պատմության ողջ ընթացքում նրա հուժկու ծնոտների արանքում իրենց բաժին հասած տաժանակրությունն են կրել համաշխարհային մեծության գիտնականներ, քաղաքական և մշակույթի գործիչներ, սպայակազմ, հոգևորականներ: Առայսօր Կարլագի արխիվները բացված չեն, և հայտնի չէ նրա զոհերի նույնիսկ մոտավոր թիվը: Այստեղ՝ Ակմոլենսկի բնակավայրում էր տեղակայված նաև հայտնի АЛЖИР ճամբարը՝ հայերեն թարգմանությամբ՝ ՀԴԿԱՃ-ը (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար): 

 

Աշխեն Նալբանդյանը Վահան Տերյանի ազգականն է եւ երգահան, բանաստեղծ Բուլատ Օկուջավայի մայրը

Այդ կանայք նույն կոչմանն էին արժանացել, ինչ իրենց՝ հայրենիքի դավաճան և ժողովրդի թշնամի ամուսինները, քանի որ չէին ընդունում, որ իրենց ամուսիններն այդպիսին են: 20.000 հազար կին է «ապրել» այս ճամբարային համակարգում: Կանանց տանջանքի այդ վայրերի հարևանությամբ գործում էր նրանց երեխաների ճամբարը. 25.342 մանուկ աքսորական, որոնց տեղավորման մանրամասները հոգում էր ՆԳԺԿ ղեկավար Եժովը: Բացառված էր որևէ հավանականություն, որ իրար բարեկամ, ծանոթ երեխաները տեղավորվեն նույն ճամբար-մանկատանը: Դեռահասների դաստիարակության դժվարին գործը քրեական հանցագործներին էր վստահված, որոնք իրենց հանձնարարությունը կատարում էին, այսպես ասած՝ մեծ պատասխանատվությամբ: Մայրերի հետ լինելու իրավունք միայն նորածիններն ունեին: 1938-53թ.թ. Ալժիրում հսկիչների բռնաբարության հետևանքով կալանավոր կանանցից  ծնվել է 1507 անհայրանուն երեխա:

Ճամբարային այդ համակարգում    աքսորավայրեր կային նաև քաղաքական բանտարկյալների համար, որոնք ոտնձգություն էին կատարել Խորհրդային Միության պետական համակարգի դեմ. համարձակվել էին խոսել ԽՍՀՄ հանրապետությունների պետական անկախության մասին: Երկրի պետանվտանգության համակարգի համար նման արարքը երկու բացատրություն ուներ. ԽՍՀՄ-ից անկախանալ ձգտողը կամ հոգեկան հիվանդ էր, որի տեղը հոգեբուժարանն էր, կամ պետական հանցագործ, որին նույնպես պետք էր մեկուսացնել հասարակությունից: Իմ դեպքում ընտրել էին երկրորդ տարբերակը: Ընդ որում, ես որակվել էի որպես «հատուկ վտանգավորության պետական հանցագործ»:   

Խորհրդային բռնապետության դեմ գաղափարական պայքարի բանակում միայն կամավորներ էին: Ես դրանցից մեկը եղա՝ ազատության զոհասեղանին դնելով ոչ միայն բանտերում ու աքսորում անցկացրած տարիներս, այլև ողջ կյանքս, որն ասես մի մեծ վերապրում լինի: Այսօր չկա Խորհրդային Միությունը, որը  հազիվ մի մարդու կյանքի չափ իր գոյատևման ընթացում հասցրեց այնքան չարիքներ գործել, որոնք անհնար է ամբողջությամբ արձանագրել: Այսօր Հայաստանն անկախ է: Իսկ ես այսօր չունեմ հուշերիս մեջ պարփակվելու ազատ իրավունք, քանի որ իմ անցյալում գրեթե ամեն բան անանձնական էր: Ապրած տարիներս անվերջ խորհել են տալիս իրենց մասին ու կանխորոշում իմ ներկան, իմ ապրած ամեն օրը:

Երեսուներկու տարի անց այդպիսի մի օր էր, երբ ես, որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար, մեկնեցի Ղազախստան՝ մասնակցելու «Կրոնի դերը ԱՊՀ երկրներում» թեմայով միջազգային կոնֆերանսին:

Աքսորից վերադառնալուց հետո երբեք այսքան մոտ չէի եղել Կենբիդաիկին: Մղումս դեպի երբեմն անիրական թվացող անցյալը, թույլ չտվեց, որ երկար հյուրընկալվեմ Ղազախստանի գրավիչ մայրաքաղաքում, և ես, կոնֆերանսի աշխատանքներն ավարտվելուն պես, բռնեցի իմ վաղեմի բնակավայրի ճանապարհը:

Գուցե տարօրինակ թվա, բայց ես կարոտել էի Կենբիդաիկը ու վախենում էի, թե խորհրդային կարգերի, նրա բռնության ու տառապանքի վայրերի հետ մեկտեղ այդ գյուղն էլ վերացած կլինի երկրի երեսից: Արագ սլացող ավտոմեքենան ասես ինձ ոչ թե առաջ էր տանում, այլ հետ՝ դեպի իմ հախուռն, տառապագին անցյալը, որը բերնեբերան լեցուն էր փշալարերի «մաղթած» ունայնությամբ, քայքայիչ հետապնդումներով, ստի ու անարդարության դեմ պարզած իմ երիտասարդ, անսանձ նվիրումով:  

Դեպի Կենբիդաիկ իմ ընթացքի մեջ մի անբացատրելի հաղթականություն կար: Ես գնում էի իմ աքսորավայրը՝ այն գյուղը, որտեղ ապրել եմ որպես քաղաքական հանցագործ: Բայց ահա իրականացել է այն, ինչը շատերի պատկերացմամբ անիրականանալի էր ու անգամ սարսափելի: Տեղի բնակչության համար, հատկապես սկզբնական շրջանում, ես, իմ ազատատենչությունը, տարօրինակ ու անըմբռնելի մի բան էինք: Ես «հակա» էի, որն ընդդիմացել էր բացարձակին: Թող որ այն լիներ բացարձակ անմարդկային, բացարձակ ստոր, բայց այն նաև բացարձակ ուժ էր, ինչը կյանքի հոսանքին տրված, սովորական բնակչի համար ամենաշոշափելին էր ու ամենաիրականը:  Դրանից անդին անորոշությունն էր, և ես նրանց աչքում դեսպանն էի անորոշության ու սադրիչը բացարձակ ուժի ընդվզման: Եվ ահա տասնամյակներ անց, երբ վաղուց իրականացել էր այն, հանուն ինչի ես «իմ գյուղում» մի անհասկանալի աքսորական էի, այնպե՜ս էի ուզում նայել այն օտար բնակավայրի աչքերին, որը հուշերիս մեջ զարմանալի հարազատ էր ինձ:

Ճանապարհն անցնում էր խորհրդային АЛЖИР-ի կողքով, որը քաղաքական կալանավորների նախկին աքսորավայր Կենբիդաիկ գյուղից 100 կմ հեռավորության վրա էր: Մայրուղով անցնելիս տեսա երբեմնի կանաչ օազիս հիշեցնող կանանց ճամբարը: Այն վերածվել էր սառն ու անհրապույր մի բնակավայրի, որտեղ անցյալի իրական դիմագիծը վկայող շինություններ են միայն: Դրանց գորշությունն ինձ հիշեցրեց այդ ճամբարի կանաչապատման պատմությունը: Ղեկավարությունը կալանավորներին հրամայել էր ծառեր տնկել ճամբարի ողջ տարածքում: Կանայք դողդոջուն ձեռքերով տնկում էին ծառերը, իսկ տարածքի նապաստակներն ուտում էին դրանք: Եվ ահա հրաման է արձակվում, որ եթե նապաստակները կրծոտեն տնկիները, կանանց կգնդակահարեն: Ու կալանավոր կանայք, հանուն իրենց փրկության, իրենց առանց այն էլ սակավ օրապահիկը թողնում էին ծառերի մոտ, որ նապաստակները կշտանան ու չվնասեն տնկիները: Այ, թե ինչպես էր առաջացել հեռվից աչք շոյող այն կանաչ տարածությունը: Իմ աքսորականության տարիներին մարդիկ կա՛մ մտքում, կա՛մ շշուկով էին պատմում այս պատմությունը, որն այնքան անիրական ու զավեշտալի էր դարձնում կյանքի ու մահվան սահմանագիծը: Հենց այդ սահմանագծի վրա, ինչպես օդում կապված պարանի վրա, իրենց երերուն գոյատևումն էին կրում հազարավոր կալանավորներ:  

Այսօր АЛЖИР-ը ԳՈՒԼԱԳ-ի թանգարան է դարձել և ճշմարտության զգալի մասը վերականգնված է:

Իսկ ի՞նչ է իր մեջ թաքցնում իմ Կենբիդաիկը:

Ճանապարհային ցուցանակն ազդարարեց Կենբիդաիկի մուտքը, և մեր մեքենայի ընթացքը դանդաղեց: Ես արտաքուստ հանգիստ էի: Զգացողություններս այնքան էին անձնական, որ պատշաճ էի համարում թաքցնել դրանք:

Իմ առջև Կենբիդաիկն էր՝ գրեթե ամայացած: Սակավ բնակչությամբ մի գյուղ է դարձել երբեմնի ինտերնացիոնալ, կենսունակ բնակավայրը: Հիմա այստեղ ապրում են միայն գյուղի ոչ ժամանակավոր բնակիչները: Այլևս ոչ մի աքսորական, ոչ մի բռնադատված, որոնցով Խորհրդային Միության պետական-քաղաքական սարդոստայնը նենգ հետամտությամբ բնակեցնում էր հսկա քաղաքական ճամբար հիշեցնող իր անծայրածիրությունը՝ արհեստական շնչառություն տալով անբնակ տարածքներին: Տեղացիների թիվը գնալով ավելի ու ավելի էր զիջում աքսորվածների, բանտարկյալների ու հատուկ վերաբնակեցվածների ընդհանուր թվին: Չգիտեմ՝ դա կյա՞նք էր, թե՞  մահ:  

Իսկ կյա՞նք էր այն, ինչ տեսա Կենբիդաիկում:

Իմ երբեմնի «պարտադիր» բնակավայրում կողմնորոշվելու համար փորձեցի գտնել գյուղի ակումբն ու ճաշարանը, որոնք այն ժամանակվա գյուղական վայրերի  ողջության վկայականն էին: Դրանց հետքն անգամ չկար: Սկսեցի շրջել անծանոթ վայրերում: Շարունակ որոնում էի՝ ինքս էլ չգիտեի, թե ինչ: Այս անիմաստությունից փրկվելու համար շարժվեցինք դեպի հարևան գյուղը: Նաև մի սարսափելի ձմեռային գիշերվա հուշն էր ինձ տանում այնտեղ: Քիչ անց իմ առջև ևս մի կիսավեր բնակավայր էր: Այդտեղ, մոծակների ամբարտավան պարսերի պատճառով, առանց պաշտպանիչ ցանցի հնարավոր չէր դրսում մնալ: Առաջ էլ այդ գյուղում մոծակներ շատ կային, բայց ոչ այդ քանակությամբ, քանի որ դրանց դեմ հետևողականորեն միջոցներ էին կիրառվում: Համակարգը հոգում էր:

Քայլերս արագ ուղղեցի դեպի իմ ծանոթ տունը, որ գյուղի ծայրին էր գտնվում: Եվ…հրաշք… Ահա այն՝ երեսուն տարով ծերացած: Մոտեցա, թակեցի: Այդ տան դուռը միշտ էլ բաց է եղել իմ առաջ: Բնակիչները հայ էին: Այն տարիներին դա ինձ համար Աստծո նվեր էր: Նայեցի տանեցիների դեմքին: Երիտասարդ էին ու բնականաբար՝ անծանոթ: Քիչ անց ներս մտավ մի տարեց կին: Նրա դեմքն ինձ ոչ այնքան ծանոթ, որքան հարազատ թվաց: Ես ներկայացա, պատմեցի իմ մասին: Նա արագ մտաբերեց ինձ ու կանչել տվեց ամուսնուն, որն ինչ-որ գործով դուրս էր եկել տնից: Որոշ ժամանակ անց կանգնել էինք դեմ-դիմաց ես ու իմ վաղեմի ծանոթ հայը՝ իր գյուղի պես ծերացած, կիսակյանք:

Անմիջապես ճանաչեց ինձ: Մարդիկ սովորաբար երանությամբ են հիշում անցյալը, բայց երևի այն ժամանակ աքսորական լինելուս պատճառով նա խնայեց ինձ ու շատ զուսպ խոսեց անցյալի մասին: Ներկայի մասին նախընտրեցինք լռել: Բայց դա տխուր լռություն չէր: Չի կարելի տխրել բոլոր ժամանակների համար: Պետք է ապրե՛լ բոլոր ժամանակները: Պետք է միշտ կարողանալ մտքով կառչել փրկարար պարանից: Ես նայում էի նրա ընտանիքի՝ ինձ անծանոթ անդամներին ու մտածում, թե ինչպիսին է լինելու նրանց ապագան: Հետո հասկացա, որ այդ ընտանիքի ապագան կլինի այնպիսին, ինչպիսին կլինի այդ վայրերի վաղվա օրը: Չգիտեմ, թե այն ինչպիսին կլինի, բայց գիտեմ, որ դա կորոշի կյանքը, այլ ոչ՝ մահը:

Ինձ ճանապարհելիս բարեկամս ասաց. «Դու հաղթեցիր»: Ես ժպտացի նրան:

Խորհրդային բռնապետությունն ինձ այդպես էլ չի կարողացել «ուղղել», քանի որ ես ուզում էի տեսնել, ոչ թե աքսորականներով բնակեցված ու նրանցով ծաղկեցրած Կենբիդաիկը, այլ այն, ինչ կարող էր լինել, եթե աշխարհիս երեսին չլիներ մի մարդու կյանքի չափ տևած այդ երկրի պատմությունը: Շուրջս ամայություն էր, ու տխուր էր մեր հրաժեշտի պահը: Բայց ես ժպտացի նրան ու պատասխանեցի՝ գիտեմ:

Ես գիտեմ, որ հաղթել եմ: Բայց հաղթահարածիս ծանրության պատճառով չեմ կարողանում լիասիրտ վայելել հաղթանակս:

Ոչինչ, ես դա իմ վաղեմի բարեկամի զավակներին եմ թողնում:   

Հ.Գ. Օրեր առաջ Ղազախստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանի օգնությամբ ճշտեցի, որ АЛЖИР (ՀԴԿԱՃ) դատապարտված է եղել 79 հայ կին՝ «հայրենիքի դավաճան և ժողովրդի թշնամի» մեղադրանքով: Այժմ բանակցություններ են գնում Հայաստանի կողմից Ակմոլենսկի ճամբարի տարածքում հուշաքար տեղադրելու մասին: Հնարավոր եղավ նաև ձեռք բերել АЛЖИР-ի հայ զոհերի ցուցակը, որը հրապարակվում է առաջին անգամ: Ստորև ներկայացված կալանավոր կանանց  մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել «Հետք»-ի խմբագրություն: (Ցուցակը ներկայցանում ենք АЛЖИР թանգարանում պահպանված փաստաթղթերի ուղղագրությամբ):

Ցուցակում նշված կանանցից տեղեկություն կա միայն Մարիա Լիսիցյանի մասին, ով հետագայում դարձավ գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրը, ինչպես նաև հանրահայտ բանաստեղծ, երգիչ-երգահան Բուլատ Օկուջավայի մոր՝ Աշխեն Նալբանդյանի մասին: 1939-ին Աշխենը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և հինգ տարվա աքսորի՝ «հակասովետական, տրոցկիստական գործունեություն» մեղադրանքով: Կալանքը կրելուց հետո ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության հատուկ ժողովը նրան ենթարկել է կրկնակի դատապարտման: Աշխենին  աքսորել են Բոլշոյ  Ուլույ (Կրասնոյարսկի  մարզ):  Աքսորից ազատվել է 1945թ.

Աշխեն Նալբանդյանի գործում առկա են միայն նրա գրած երկու դիմումները: Առաջինում նա խնդրում է Բոլշոյ Ուլույից իրեն տեղափոխել Դուդինկա. «Ինձ չի հաջողվել Բոլշոյ Ուլույում աշխատանք գտնել: Իմ մասնագիտությամբ օգտակար լինելու հեռանկար չեմ տեսնում: Ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ որպես տնտեսագետ-ֆինանսիստ: Խնդրում եմ ինձ թույլ տալ տեղափոխվել Դուդինկա, որտեղ կկարողանամ աշխատել և վարձատրվել»: Աշխենին չեն մերժում, բայց ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով նա չի կարողանում տեղափոխվել: Աշխենի երկրորդ խնդրանքն իր գործի վերանայումն է: «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»,- գրում է Աշխենը: Նրա դիմումին պատասխանում են. «Խնդրանքը մերժվում է, քանի որ ճիշտ  եք դատապարտված»: 

 

1.Ավետիսյան Սոֆյա Քրիստոփորի

2.Ավշարովա Թամարա Իվանի

3.Աղաբաբովա Անահիտ Արտեմի

4.Աղաջանովա-Մուղդուսի Ռիժիկ Բակլյարովի

5.Ադամյան-Հովանեսյան Գայանե Սերգեյի

6.Այվազովա Նինա Լվովի

7.Ալիբեկովա Մարիա Վարդանի

8.Արուստմովա Եվգենիա Սողոմոնի

9.Ասլանյան –Վարդանյան Աշխեն Գրիգորի

10.Աթարբեկովա Սոֆյա Միխալիի

11.Հախումյան Ռեքսիմա Մելքումովի

12.Բալայան Նինա Յակովի /Հակոբի/

13.Բարկայա –Թութուիջակ Ասյու Արսենի

14. Բարսեղյան Արկիոզան Կոնստանտինի

15.Բեկզադյան Մարիա Սեմյոնի

16.Բուբլիչենկո Աննա Ավետովնա

17.Վարնազովա Վարվարա Արկադիի

18.Վելիկանովա Սաթենիկ Իվանի

19.Վիզիրյան Սոֆյա Արկադիի

20.Ղարիբովա Սաթենիկ Սեմյոնի

21.ԳեորգիեվաԹամարա Ֆադեյի

22.Գլուշանովա Ռոզա Լվովի

23.Գորոշչենկո-ԱվետիսյանՍուսաննա Մանուկի

24.Գրիգորյան-Մանվելյան Հայկանուշ Ավետի

25.Դավիդովա-Կիրակոզովա Մարիա Ավետի

26.Դավթյան Մարիա Ներսեսի

27.Դավթյան  Մարիա Ներսեսի

28.Ենուկովա –Գրիգորյան Պայցուր Աղաբեկի

29.Երեմյան Տիտանիկ Գասպարի

30.Զյուլգուդարովա Թամարա Սերգեյի

31.Իվանյան Հայկանուշ Լազարի

32.Իլլինա Նադեժդա Ստեփանի

33.Իպոլիտովա Նադեժդա Ստեփանի

34.Կամարաուլի Կարախանովա Ելենա Ադամի

35.Կասպարովա Սուսանա /այդպես է փաստաթղթերում/ Աղաջանի

36.Կացովա Սոֆյա Միխալիի

37.Կուրովերովա Սոֆիա Միխաիլի

38.Կուշվիդ Մարիա Արտեմի

39.Լեվինսկայա-Պլոտկինա Պոլինեա Մայխայլովի/այդպես է փաստաթղթում/

40.Լեգատ Սուսաննա Անդրեյի

41.Լեժավա Աննա Սերգեյի /Սարգիսի/

42.Մալեվիչ Արաքսի Թոմասի

43.Մալխոսյան-Բատկիսյան Մարգարիտա Արտեմովնա

44.Մամիկոպովա ԳաայուԱրեստի /այդպես է փաստաթղթում/

45.Մանուկյան Թաքու Մուկուչի

46.Մելիքովա-Պիրալովա Ելենա Իվանովնա

47.Մինասյան Արմենա  /Արմենդի/ Սարգսի

48.Միրզաբեկյան Վարսենիկ Մինաեվնա

49.Մնացականովա Աննա Մարտիչի

50.Մուսաելյան Փառանձեմ Բալաջանի

51.Նաջարով Հայկանուշ Ալեքսանդրի

52.Նեկրասովա-Նազարյան Աշխեն Միխաիլի

53.Ներսեսյան Մարիա Ավետի

54.Պավլովսկայա Ելիզավետա Բասիլի

55.Պալիոխա Աննա Մարտիրոսի

56.Պարզյան Անահիտ Գեորգիի

57.Պարոնյան Արաքսի Միխայիլի

58.Պերճյան –Գրիգորյան Արուսա Կարպի

59.Պետրոսյան Թամարա Իոսիֆի

60.Պողոսյան Մարիա Տիգրանի

61.Պուրնիս /Սանահյան/  Մարիա Երեմի

62.Ռաթիխան Ազլարա Աստադ Կարլի

63.Ստեփանյան –Բագատուրովա Անահիտ Իվանի

64.Սուքիասյան Ռշտունի Գևորգի /Գեորգիի/

65.Սուլխանովա Վարվառա Գրիգորիի

66.Թագինոսավա Եվգենիա Արսենի

67.Տակտակիշվիլի -Նասկիդովա Մարիա Ստեփանի

68.Թարումովա-Այրումովա Ելենա Վասիլի

69.Տեր-Դավթյան Սոֆյա Սերգեյի

70.Թոմսոն Մարիաննա Կարպի

71.Փիլիպոսյան Ամելիա Սեմյոնի

72.Խիտարովա Եկատերինա Ալեքսանդրի

73.Ծատուրովա Աշխեն Գրիգորիի

74.Ճավճավաձե Եվգենիա Գրիգորիի

75.Չոլախյան ՄարյուՀամբարձումի

76.Չխիկվիշվիլի Եկատերինա Զաքարի

77.Շաֆիրովա Ասյա Բոգդանի

78.Յուզբաշյան Մարգարիտա Հունանի

79.Յախոնտովա Բարիկա /Գոհարիկ/ Հովանեսի 

80.Լիսիցյան Մարիա   Վարդանի

81.Նալբանդյան Աշխեն

Մեկնաբանություններ (9)

Марина
Моя бабушка Иванян Айкануш Лазаревна, жена Иванян Арама Исааковича. Неожиданно увидела этот список, когда ввела имя бабушки в поисковую строку.
Погосян Гагик
Моя бабушка как раз записана в приложенном списке под номером 55 - Парзян Анаида Георгиевна. С моего малого возраста она мне старалась рассказать всё, что с ней произошло. Она скончалась в 1985 году, когда мне было 16 лет. А с 1999 года я уже 20 лет работаю над большой книгой, в которой собраны документы и о моей бабушке, и о моём дедушке - Парзян Гагике Хачатуровиче. В том числе, в 2002 году я полностью ознакомился с их следственными делами, хранящимися в Москве в архиве ФСБ Российской Федерации.
Սմբատ Պետրոսյան
Գերազանց մոտեցում, ուղակի հուշերի այդպիսի նկարագրություն, լինեն դրանք լավ թե վատ, հիանալի տպավորություն թողեցին:
Հ. Իսաղուլյան
.....Իսկ կյա՞նք էր այն, ինչ տեսա Կենբիդաիկում, կարծում եմ, ԱՅՈ, որքան էլ դաժան ու մաքառումներով լի, այնուամենայնիվ հաղթանակ ուրվագծող ճանապարհ էր...., դուք անսահման հարուստ մարդ եք, որովհետև ապրել եք բոլոր ժամանակները: Նույնիսկ հիացմունքի բառերը չեն կարող նկարագրեն ՁԵՐ ներաշխարհը ......: Շնորհակալություն Շնորհակալություն, որ բոլորիս փոխարեն մրսել եք, վախեցել եք.....ու ժպտացել եք:
Մարինե Հայրապետյան
...Սա կարծես մի յուրօրինակ խնկարկում լինի նրանց տառապյալ հոգիների և նրանց հիշատակի համար...
Օնիկ Միքայելյան
Թանկագին Ռազմիկ, հոդվածդ որքանով որ ինձ հուզեց ու ծանր ապրումների առիթ տվեց, նույնքան և ավելի չափով հպարտության զգացում պարգևեց, որ մենք նույն ազգից ենք: Դու և նման մարդիկ են, որոնք հանուն ճշմարտության և մարդկային ու ազգային արժանապատվության՝ մերժելով հարմարվողականությունն ու փափուկ անկողինը, ընտրեցին պայքարի ուղին: Այդ մարդիկ են ազգի աղը և քանի որ ազգը կա, ուրեմն պայքարի այդ փուլը հաթությամբ է պսակվել: Քո ձեռք բերած ցուցակի՝ անլուր տառապանքներ կրած, խնկարկելի կանանց վարքը թող օրինակ լինի հայ կանանց ու աղջիկներին, որ մերժեն ազգային շահը մի կողմ նետած և հայրենիքի թալանով երեխա սնող մարդկանցով գայթակղությունը: Առաջարկում եմ ՀԴԿԱՃ-ի հայ կանանց ցուցակը հասանելի դարձնել լայն հասարակությանը՝ պետական աջակցությամբ և նրանց հիշատակի ու հոգիների հանգստության համար աղոթքի պատարագ մատուցել՝ ճշտելով օրը և եկեղեցին:
Օ. Միքայելյան
ՀԴԿԱՃ-ի հայ կանանց նկատմամբ խորհրդային պետության արածը հանցանք է մարդկության դեմ, որն ընդունում է նաև ժողովրդավար Ռուսաստանը: Ինձ հայտնի չէ արդարացվել են արդյոք այդ մարդիկ՝ համապատասխան կարգով և ոչ միայն նրանք, քանի որ դա միակ ճամբարը չի եղել: Այդ կարևոր խնդրի լուծումն առանց պետական միջամտության՝ անհատների ուժերից վեր է:
Վարդան Վարդանյան
Որևէ մեկնաբանություն անելն ավելորդ եմ համարում, քանի որ ընթերցելուց հետո այն ինչ-որ ուզեցի արտահայտել, այնպես կատարյալ է արտահայտված գրվածքում, որ որոշեցի կոչ անել բոլորին ընթերցել այն, ընդ որում ոչ միայն այս գրվածքը այլ Ռազմիկ Մարկոսյանի բոլոր հոդվածները, քանի որ դրանք ծնված են հոգևոր խորը և ամբողջական ապրումներից, որոնք իմ կարծիքով հոգևոր կենդանի դասեր են, որ կենսական են բոլոր սերունդների համար: Ռազմիկ Մարկոսյանի ՀԱՂԹԱՆԱԿԸ բոլորիս համար է: Եվ եթե ինքը «չի կարողանում» լիարժեք վայելել այն, հնարավոր է, որ դա նաև այն պատճառով է, որ մենք «չե´նք վայելում» այդ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Այդպիսի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ են Հայաստանի իրական անկախության հիմքում: Աջակցում եմ Ռազմիկի նկարագրած այդ աներևակայելի, բայց իրական չարիքի զոհ դարձած բոլոր ընտանիքների բարի հիշատակը վառ պահելուն նվիրված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես նրանց վերաբերյալ արխիվների բացահայտմանը և յուրաքանչյուրի մասին առանձին լուսաբանմանը, նաև նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցմանը, որոնց իրագործմանը կարծում եմ հարկ է հետամուտ լինել պետականորեն: Շնորհակալություն ոչ միայն այս հոդվածի համար, այլև քո ապրած կյանքի համար, որը անանձնական է և իմ կարծիքով փարոս ոչ միայն հայերի այլև մարդկության համար: Հ.Գ. Ռազմիկ Մարկոսյանի յուրաքանչյուր խոսք իմ համար այնպիսի մեծ արժեք է, որ ինձ արժանի չեմ համարել որևէ կերպ մեկնաբանել նրա գրածը: Սա իմ առաջին մեկնաբանությունն է ընդհանրապես, որը գուցե երկար ստացվեց և ոչ լիարժեք:
Վարդան Վարդանյան
Որևէ մեկնաբանություն անելն ավելորդ եմ համարում, քանի որ ընթերցելուց հետո այն ինչ-որ ուզեցի արտահայտել, այնպես կատարյալ է արտահայտված գրվածքում, որ որոշեցի կոչ անել բոլորին ընթերցել այն, ընդ որում ոչ միայն այս գրվածքը այլ Ռազմիկ Մարկոսյանի բոլոր հոդվածները, քանի որ դրանք ծնված են հոգևոր խորը և ամբողջական ապրումներից, որոնք իմ կարծիքով հոգևոր կենդանի դասեր են, որ կենսական են բոլոր սերունդների համար: Ռազմիկ Մարկոսյանի ՀԱՂԹԱՆԱԿԸ բոլորիս համար է: Եվ եթե ինքը «չի կարողանում» լիարժեք վայելել այն, հնարավոր է, որ դա նաև այն պատճառով է, որ մենք «չե´նք վայելում» այդ ՀԱՂԹԱՆԱԿԸ: Այդպիսի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ են Հայաստանի իրական անկախության հիմքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter