
369,600 դրամանոց ՀԴՄ. ՊՈԱԿ-ի տնօրենը գաղտնի է պահում սարքի ներկրման գինը
2012թ. հոկտեմբերի 18-ին կառավարությունը որոշում ընդունեց, որ տնտեսվարող սուբյեկտները 2013թ. հունվարի 1-ից պետք է ունենան նոր չափանիշների համապատասխանող ՀԴՄ-ներ: Հաջորդ ամիս՝ նոյեմբերի 8-ին, կառավարությունը որոշեց, որ ստեղծվելու է «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, որն էլ զբաղվելու է այդ ՀԴՄ-ների ձեռքբերմամբ և վաճառքով: Թե նոր ՀԴՄ-ները որքան էին արժենալու, վերոնշյալ որոշումներից ոչ մեկում չէր նշվում:
Որոշման իրականացումը հետաձգվեց: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ նոր ՀԴՄ-ները դեռևս ներդրված չէին, փոխարենը Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերջերս հայտարարեց, որ 500 միլիոն դրամ և ավելի իրացման շահույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտները մինչև հուլիսի 1-ը պետք է ձեռք բերեն «նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ»: Իսկ թե որքան են արժենալու նոր ՀԴՄ-ները, խոշոր հարկատուներին հայտնի դարձավ ձեռքբերման վերջնաժամկետից՝ հուլիսի 1-ից միայն երեք օր առաջ՝ կառավարության հունիսի 27-ի «Թույլտվություն տալու մասին» որոշմամբ, որով էլ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին թույլ տրվեց խոշոր հարկատուներին վաճառել ՀԴՄ-ները 369,600 դրամով:
Այս օրերին խոշոր հարկատու ընկերություններից մեկի աշխատակիցը՝ Հարություն Սաֆարյանը, զանգեց մեր խմբագրություն և ասաց, որ իրենք դեռ 2012թ.-ից տեղյակ էին, որ նոր ՀԴՄ-ներ պետք է ձեռք բերեն, բայց սարքի գնի մասին խոսակցություններն այս ընթացքում հասել են մինչև 170-180 հազար, և իրենք զարմացել են, որ այդքան շատ պետք է վճարեն:
Այս ընկերությունն ունի 29 մասնաճյուղ, նույնքան թվով ՀԴՄ են ձեռք բերել` մոտ 11 միլիոն դրամի: Հարություն Սաֆարյանի խոսքով` դա իրենց ընկերության համար չնախատեսված ծախս էր:
«Ինչպե՞ս է գոյացել այդ ՀԴՄ-ի գինը: Եթե կառավարությունն ուզում է բիզնես միջավայր ստեղծել, ինչո՞ւ է այդքան թանկ վաճառում շարքային ՀԴՄ-ն: Եվ հետո, խոշոր հարկատուն ընկել է անհավասար պայմանների մեջ միջին հարկատուի հետ: Ո՞նց է որոշվում խոշոր հարկատուն: Այսինքն` եթե 499 միլիոն դրամ ես վճարում, դեռ խոշոր հարկատու չես, հենց 500 միլիոն ես վճարում, արդեն խոշո՞ր ես»,- ասաց Հ. Սաֆարյանը:
Կառավարության որոշմամբ՝ նոր ՀԴՄ պետք է ձեռք բերեն «ամսական ավելացված արժեքի հարկ վճարողները»: Այսինքն՝ այժմ նոր ՀԴՄ-ները պետք է պարտադրվեին բոլոր` ոչ միայն խոշոր հարկատուներին: Հարություն Սաֆարյանի կարծիքով` դա չի արվել, որպեսզի ընդդիմության մեծ ալիք չբարձրանա: «Լավ կլիներ` միանգամից անեին, ավելի մեծ կլիներ ընդդիմությունը: Ընկերությունների մեծ մասը պարզապես կփակվեին, որովհետև այս ՀԴՄ-ի գնի չափով հասույթ նրանք չունեն»,- ասում է նա:
Նոր ՀԴՄ-ի գնի վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան` ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ սարքը խոշոր հարկատուներին վաճառվել է թանկ գնով` հետագայում ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցման համար: Պատասխանում նշվում է, որ սարքի գինը` ներառյալ ծրագրային ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը, կազմում է 203 հազար դրամ: Թե որքան է ՀԴՄ-ի ներմուծման արժեքը առանց ծրագրային ապահովման, պատասխանում չեն նշել:
Նշենք, որ «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի ստեղծման մասին կառավարության որոշման մեջ նախատեսված չէ, որ դրա պահպանման ծախսերը հոգալու են խոշոր հարկատուները: Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ-ների ծրագրային ապահովման գնին, ապա մեզ հետ զրույցում ՀԴՄ վաճառող և սպասարկում իրականացնող ընկերությունները նույնիսկ նշում են, որ իրենց գործունեության ընթացքում ծրագրերն անվճար են տրամադրել ՀԴՄ գնորդներին: «Գուցե էնպիսի ծրագիր են գրել, որ ընդհանուր այդքան արժի, չգիտեմ, բայց մենք ծրագրերի վաճառքով էլ ենք զբաղվել ու երբ ծրագրեր էինք գրում, ՀԴՄ-ի գինը ներառում էր այդ ծրագրի արժեքը»,- ասաց «Վառնա Տրեյդ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Արա Վահանյանը: Նա նոր ՀԴՄ-ները գնահատեց մոտ երկու հարյուր դոլար: «Մենք ոչ միայն ծրագրի համար լրացուցիչ գումար չենք վերցրել, այլև պետության պահանջներին համապատասխան` չորս անգամ էլ նոր ծրագիր ենք գրել», - ավելացրեց Ա.Վահանյանը: «Վառնա Տրեյդի» վաճառած ամենաթանկ ՀԴՄ-ն մինչև հիմա ութսուն հազար դրամ է եղել:
Թե ինչու ՀԴՄ-ների ձեռք բերման համար չի հայտարարվել մրցույթ և չի առաջարկվել նվազագույն գին, ՊԵԿ-ը պատճառաբանում է, որ կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող մեքենաների ձեռքբերումը հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցութային կարգով: Նշենք, որ կառավարությունը նոր ՀԴՄ-ների վերաբերյալ որոշումը կայացրել է 2012թ. հոկտեմբերի 18-ին, իսկ ՀԴՄ-ները ներդրվել են 2013թ. հուլիսին: Այսինքն` որոշումն իրականացվել է դրա ընդունումից մոտ ութ ամիս հետո: Եվ այս դեպքում է ՊԵԿ-ը մեզ պատասխանել, որ մրցույթ հայտարարելու համար ժամկետները բավարար չէին:
ՀԴՄ վաճառող և սպասարկող ընկերությունները մեզ հետ զրույցում նշում են, որ նոր ՀԴՄ-ների` 2012թ. հոկտեմբերի 18-ի որոշմամբ սահմանած չափանիշները ոչ այնքան սարքի, որքան դրա ծրագրային ապահովման կամ նախկին ՀԴՄ-ներին լրացուցիչ սարքավորումներ ավելացնելու խնդիր է: Օրինակ` կառավարությունը սահմանել է, որ նոր ՀԴՄ-ները պետք է ունենան «256 MB. հիմնական հիշողություն և մինչև 32 GB. լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն»: ՀԴՄ վաճառող և սպասարկող «Վառնա Տրեյդ» և «Էլլոդի» ՍՊԸ-ների ներկայացուցիչները նշում են, որ այդ հնարավորությունը ապահովելու համար անհրաժեշտ է նախկին սարքին ընդամենը լրացուցիչ սարքավորում ավելացնել և ոչ թե ձեռք բերել նոր ՀԴՄ:
Խոշոր հարկատուներին ՀԴՄ-ները վաճառելուց հետո «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ընկերությունների ներկայացուցիչների համար կազմակերպել է դասընթաց` սարքի ծրագրին ծանոթացնելու նպատակով: Սակայն ՀԴՄ-ի 369,600 դրամը չի ներառել հարկատուների` դասընթացի մասնակցության վճարը: Ընկերություններից յուրաքանչյուրը ՊՈԱԿ-ին վճարել է 12 000 դրամ:
Թե ինչպես է «ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը զբաղվում առևտրային գործունեությամբ, ՊԵԿ-ից պատասխանել են՝ մեջբերելով ՊՈԱԿ-ների մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, համաձայն որի՝ «Պետական կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ գործունեության տեսակներով»:
Նույն հոդվածի երրորդ կետը սահմանում է, որ ՊՈԱԿ-ին «Ենթաօրենսդրական ակտերով չեն կարող տրվել այնպիսի իրավունքներ կամ արտոնություններ, որոնց հետեւանքով այն կարող է ապրանքային շուկայում գերիշխող դիրք գրավել կամ խախտել տնտեսական մրցակցության մասին օրենսդրության այլ պահանջները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
«ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գերիշխող դիրք է գրավել ապրանքային շուկայում: ՊՈԱԿ-ի գործունեության պատճառով ՀԴՄ վաճառող և սպասարկող բոլոր ընկերությունները փակվում են, իսկ խոշոր հարկատուներն այլընտրանք չունեն. նրանք, կառավարության որոշմամբ, պարտադրված են ձեռք բերել 369 հազար դրամանոց ՀԴՄ-ն: Մինչև 2015թ.-ը նոր ՀԴՄ-ները պարտադրվելու են բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:
ՀԴՄ վաճառող ընկերություններից մի քանիսը չցանկացան իրենց անունից ներկայանալ. նրանք նշեցին, որ փոխելու են գործունեության տեսակը, այլ բիզնեսով են զբաղվելու և չեն ուզում հարկային ծառայության հետ խնդիրներ ունենալ: «Վառնա Տրեյդ»-ը պարզապես փակվելու է. վաճառքի գծով տնօրեն Արա Վահանյանի խոսքով` ընկերությունն ունի 30 աշխատող: «Փակվելու է նաև «Էլլոդի» ՍՊԸ-ն»,- ասաց ընկերության տնօրեն Կարեն Տոնապետյանը: Նա նոր ՀԴՄ-ների գնի վերաբերյալ կարծիք չհայտնեց, ասաց, որ չի տեսել սարքը, բայց ավելացրեց, որ իրենց վաճառած ամենաթանկ ՀԴՄ-ն մինչև հիմա 75 հազար դրամ է եղել:
Թայվանական արտադրության «Mitac MS2351» մոդելի ՀԴՄ-ն էլեկտրոնային վաճառքի խանութներում հնարավոր չեղավ գտնել: Այս մոդելի հսկիչ դրամարկղային մեքենայի մասին տեղեկություն չկա նաև ընկերության՝ «Mitac International Technology Corporation»-ի պաշտոնական կայքում: Փորձեցինք ճշտել նույն պարամետրերն ունեցող թայվանական արտադրության ՀԴՄ-ների գինը էլեկտրոնային խանութներում: Դրանք սկսվում են 115 դոլարից և հասնում առավելագույնը 400 դոլարի (մոտ 165 հազար դրամ):
«ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (լիազոր մարմին` ՊԵԿ) տնօրեն Գագիկ Մուրադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նոր ՀԴՄ-ներն իրենք են ներկրում: Նա հրաժարվեց պատասխանել, թե ինչպես է գոյացել ՀԴՄ-ի 369,600 դրամ արժեքը` ասելով, որ սարքի վաճառքի գինը որոշել է կառավարությունը, և «որոշման մեջ ամեն ինչ պարզ գրված է»: Այն հարցին, թե ինչ գնով է ՊՈԱԿ-ը ներկրել սարքը, տնօրենը պատասխանեց, թե դա գաղտնիք է: Ասացինք, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը պետք է բաց լինի, և մենք չենք զանգահարել մասնավոր ընկերություն: Գ. Մուրադյանը պատասխանեց, որ չգիտի` ինչքան է սարքի ներկրման արժեքը: Թե ինչպես տեղյակ չէ գնից, եթե ներկրողն ինքն է, տնօրենը պատասխանեց. «Եթե նույնիսկ տեղեկություն էլ ունեմ, իհարկե չեմ ասի, ուզում եք` ձայնագրեք, ուզում եք` ոչ: Դա ես չեմ կարող ասել»:
Լուսանկարը` www.taxservice.am-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել