HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քաշաթաղից ոչ մի տեղ չեմ գնալու` անկախ այն բոլոր արհեստական խոչընդոտներից, որ ստեղծում են իմ առջև»

Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոնի` Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում և դպրոցի անձնակազմի տներում վերջերս խուզարկություններ են կատարվել: ԼՂՀ  ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ԼՂՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

ԼՂՀ դատախազության հաղորդագրության համաձայն` «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Մանուկյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, իր հանձնարարությամբ 2011-2013թթ. ընկած ժամանակահատվածում խմբակավարների միջոցով կազմակերպության արվեստի բաժնի խմբակների սաներից յուրաքանչյուր ամիս հավաքագրել է 600-ական դրամ գումար և մուտքագրել կազմակերպության դրամարկղ` հիշյալ անձանց շահերին պատճառելով ընդհանուր 1.071.000 դրամի չափով գույքային վնաս: Գոռ Մանուկյանը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու նպատակով, 2012-2013թթ. ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպության աշխատակից, Միջնավան քաղաքի պարի խմբակների խմբակավար-պարուսույց Կարեն Մարտիրոսյանի կողմից իրականում չպարապած դասաժամերի համար վերջինիս է վճարել ընդհանուր 209.305 դրամ աշխատավարձի գումար` վատնման եղանակով պետությանը պատճառելով զգալի չափով գույքային վնաս:

2001թ.-ից, երբ Գոռ Մանուկյանն ավարտել է ժամկետային զինծառայությունը Քաշաթաղի շրջանում, իր ընտանիքով վերաբնակվել է այնտեղ: 2001-ից 2005թ.-ը եղել է հեծանվավազքի մարզիչ, 2006թ.-ից ղեկավարում է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցը: Գոռ Մանուկյանը պնդում է, որ այս ամենի հետևում Բերձորի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն է, ով ամեն կերպ ուզում է հեռացնել իրեն աշխատանքից և տարբեր առիթներով իրենց դպրոց ոստիկաններ է ուղարկում:

Քրեական գործի և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի հետ եղած հակասության մասին «Հետքի» հարցերին պատասխանում է «Բերձորի արվեստի և սպորտի դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Մանուկյանը:

Ինչո՞ւ եք համոզված, որ այս քրեական գործի հետևում Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն է: Ի՞նչ հակասություն ունեք նրա հետ:

2010թ. օգոստոսից սկսվեցին արհեստական խոչընդոտներ շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից: Երբ օգոստոս ամսի աշխատավարձի հայտերն էինք ներկայացնում, ներկայացնում ենք նաև դպրոցին անհրաժեշտ նախատեսված ծախսերը` գրասենյակային, գործուղում, վառելիք և այլն, ի զարմանս ինձ, առաջին անգամ հանդիպեցի նման պատճառաբանության, որ «ձեր հայտում նշված վառելիքը մեզ կասկածի տեղիք է տալիս. օգոստոս ամսին դուք ինչպես եք կարողացել 60 լիտր վառելիքը ծախսել»: Ես գրավոր և մանրակրկիտ հիմնավորեցի, թե ինչպես ենք ծախսել այդ 60լ վառելիքը: Դրանից մի քանի օր անց դպրոց են այցելում շրջանի ոստիկանության քրեականի աշխատակիցները և ներկայացնում են, թե` վարչական շրջանի ղեկավարին զեկուցագիր եք ներկայացրել 60լ վառելիքի ծախսի մասին, որը կասկածի տեղիք է տվել, որ դուք նպատակային չեք ծախսել, և գործն ուղարկվել է ոստիկանություն, որպեսզի մենք քննենք դա: Ես նորից ներկայացնում եմ, թե ինչպես ենք ծախսել. դպրոցի ջրահեռացում ենք կատարել, ավազ ենք բերել, քար ենք բերել և այլն: Վերջում պարզվեց` այդ ամենում հանցակազմ չկա: Սա առաջին արհեստական խոչընդոտն էր, որ ես հանդիպեցի: Դա նշանակում էր, որ սրանից հետո մենք պարբերաբար ենք առնչվելու նմանատիպ օրինակների, և ցանկացած իմ գրություն կասկածի տեղիք է տալու և գնալու է ոստիկանություն:

Իսկ ինչի՞ հետ եք կապում այդ միջադեպը և լարվածությունը, մի՞նչ դա առնչվել էիք Ս.Խաչատրյանի հետ:

Մինչ 2010-ը Սուրեն Խաչատրյանը եղել է մեր շրջանի ոստիկանապետը, որևէ խնդիր չի առաջացել: Խնդիրն առաջացավ հենց օգոստոսին, երբ ինքն արդեն մի քանի ամիս շրջանն էր ղեկավարում: Օգոստոսի նշված դեպքից 20 օր հետո 6-րդ վարչության աշխատակիցները տնտեսական ստուգումներ են սկսում մեզ մոտ, քանի որ նորից վարչակազմի ղեկավարի կողմից եղել է ցուցում, որ դպրոցի երեխաների թվերն ուռճացված են և չեն համապատասխանում դպրոց հաճախող երեխաների իրական թվին: 6-րդ վարչության աշխատակիցները կատարում են իրենց աշխատանքը և ոչ մի խախտում չեն հայտնաբերում:

Երբ, փորձում էինք միջոցառումների մասնակցել, ճանապարհածախսի խնդիր էր լինում կամ չունեինք սարքին մեքենա, որին ես վստահեի, որ երեխաները դրանով ճանապարհ անցնեին, պարբերաբար դիմում էի վարչակազմի ղեկավարին` խնդրելով տվյալ միջոցառման համար օգնել: Շատ հաճախ պրոբլեմներ էինք ունենում: Երեխաները գյուղերից գալիս հասնում էին Բերձոր, ես մոտենում էի վարչակազմին և հարցնում` բա այս երեխաներն ինչով պետք է գնան, ասում էին` ավտոբուսը տրամադրում ենք, վառելիքն էլ դու լցրու, բայց իրենք խոստացել էին ապահովել նաև վառելիքով: Ես որտեղի՞ց վառելիք գտնեի: Մեր բյուջեով ամիսը 60լ վառելիքի գումար կա, որով տեղում մենք մեր աշխատանքներն ենք կազմակերպում: Եթե մենք ինչ-որ միջոցառման գնանք, ամբողջ ամիս չենք կարող շարժվել: Ւսկ մենք գյուղերում մարզաբաժիններ ունենք, պետք է գնանք աշխատանքներ կազմակերպենք, ստուգենք  և այլն: 2010-ին Երևանի կամերային տանը կազմակերպված ցուցահանդես-վաճառքից հետո մենք համալրում ենք մեր տեխնիկական բազան և «Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոցին տրամադրում է «Mercedes-Benz Sprinter» մեքենա` դպրոցի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: 2011-ին վարչակազմի աշխատակազմից զանգում են և ասում, որ այդ մեքենայով այսինչ երեխաներին պետք է ինչ-որ տեղ տանել: Ասում եմ` խնդիր չեմ տեսնում, միայն մի հարց կա, մենք Հիմնադրամի հետ ունենք նվիրատվության պայմանագիր, որտեղ հստակ նշված է, որ մեքենան պետք է ծառայի դպրոցի կարիքների համար: Եթե այդ հարցին հնարավոր է սահմանված կարգով լուծում տալ, ապա մեքենան կծառայի նաև շրջանի երեխաներին: Իմ պատասխանին արձագանքեցին` փաստորեն չես ուզում տրամադրել մեքենան: Առավոտյան պրն Խաչատրյանի մոտ ասում եմ, որ գրավոր կարգադրություն տվեք, որ մեքենան ծառայի նաև շրջանի միջոցառումների համար, որպեսզի ես իմ հաշվետվությունում դա հիմանավորեմ այդ կարգադրության կամ հրամանի համաձայն: Եվ իմ օրինական պահանջին, վարչակազմի ղեկավարն ասում է. «Լսի քեզ ինչ եմ ասում, հենց հիմա դիմումդ գրում ես ու դուրս գաս»: Ասում եմ. «Ինչո՞ւ պիտի դիմում գրեմ, վա՞տ աշխատող եմ, թե՞ իմ աշխատանքներն եմ վատ կատարում:  Ես օրենքով սահմանված իմ գործառույթները կատարում եմ»: Ասում է. «Դիմումդ գրի դուրս արի, թե չէ քո համար ավելի վատ կլինի»: Հետո էլ, թե. «Մենք միասին էլ չենք աշխատելու, չես ուզում դիմում գրել` դու գիտես, հեսա ես քո մոտ 6-րդ վարչությունը կբերեմ (դա էլ երևի իր համար ուժի միջոց է-Գ.Մ.), կգան, քո մոտ ստուգում կանեն: Ես կորոշեմ, որ քո հետ ոնց կվարվեմ»: Ու ես դուրս եկա: Այդտեղից ավելի լարվում են մեր հարաբերությունները:  

2011-ի փետրվարին վարչակազմից զանգում են դպրոց, ասում են, որ վարչակազմի ղեկավարն ասում է, որ դուք աշխատավարձի հայտն ուշացրել եք և պահանջում է գրավոր բացատրություն, թե ինչու եք ուշացրել: Ասում եմ. «Եթե ես աշխատավարձի հայտն ուշացրել եմ, խնդրում եմ ինձ ասեք` որ օրենքն եմ խախտել, որ ես բացատրագիր գրեմ»:  Դրանից հետո դպրոց այցելում է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը, ֆինանսատնտեսական բաժնի պետը, աշխատանքային խմբեր` դպրոցի աշխատանքները ստուգելու և վերահսկելու, չնայած չեն ասում, թե ինչու են եկել: 10 օր անց վարչակազմից կանչում են և տալիս են ստուգումների արձանագրության ակտ` 18 կետից մեղադրանք: Եվ ասում են, որ տեղում բացատրություն գրեմ, քանի որ այդպես է կարգադրված: Ինձ չեն տալիս ակտը: Ես հրաժարվեցի և ասացի, որ օրենքի սահմանված կարգով ուղարկեք ինձ գրությունը, ես կպատասխանեմ: Եվ դրանից հետո ինձ տալիս են «Նկատողություն» և «Խիստ նկատողություն»: «Նկատողությունը», որ ես ուշացրել եմ աշխատավարձի հայտը, «Խիստ նկատողությունը», որ ստուգող հանձնախումբը հայտնաբերել է, որ դպրոցը սարսափելի վիճակում է: Գրել էին, որ պարարվեստի փորձասենյակում պարի ժամին դաշնակահարը չէր նվագում, իսկ նա դրա համար գումար է ստանում: Իսկ մյուս սենյակում, որտեղ դաշնակահար կա, դաշնամուր նույնիսկ չկա: Այնքան վատ տրամադրված, որ 13 տարի դաշնամուրը դրված է այդ սենյակում, բայց իրենք արձանագրում են, որ այդ սենյակում դաշնամուր չկա: Արձանագրելուց կարող էին դաշնակահարին հարցնել, թե ինչու չի նվագում այդ պահին, նա էլ կասեր, որ հիմա դասականի ժամը չի, հիմա համերգային ծրագրի ժամն է, նստել և սպասում է իր նվագելու ժամին:

Նկատողությունը թվագրված է փետրվարի 15-16-ով, իսկ խիստ նկատողությունը` մարտի 1-2: Բայց երկու նկատողություններն էլ տալիս են նույն օրը` վարչակազմում, որ Գոռ Մանուկյանը փաստի առաջ կանգնի, քանի որ եթե նկատողությունը տային, ես կփորձեի վիճարկել դա, դրա համար դա պահում են, որ մի հատ էլ խիստ նկատողություն տան, մինչդեռ երեք օր հետո նկատողության օրինակը ես պետք է ստանայի: Ստորագրում ու ստանում եմ: Դրանք մարգարիտներ են, որ նման աշխատաոճով դու աշխատում ես Քաշաթաղի շրջանում, որ բոլորի ուշադրության կենտրոնում է, և հասկանում եմ, որ մեկ կամ երկու ժամ հետո ինձ կկանչեն շրջանի վարչակազմ և կասեն` սա Ձեր հեռացման հրամանն է: 

Ես դիմում եմ իմ ընկերներին, ովքեր տեղյակ են մեր աշխատանքներին և դպրոցի աշխատանքներին, ովքեր թույլ չեն տալիս, որ ինձ հեռացնեն աշխատանքից: Հետագայում ինձ ասում են, որ եղել է հեռացման հրաման, որը ընթացք չի տրվել: 

2012-ը խաղաղ անցավ: 2013-ի հունվարից շարունակվում են նույն պատմությունները: Պրն Խաչատրյանի ռազմավարությունը հիմա փոխվել է, փորձում է ոստիկանների միջոցով ճնշումներ գործադրել: Դա փաստում է ոստիկանությունից ստացված գրությունները, ես ահազանգում եմ այդ մասին վարչակազմի ղեկավարին, ոչ մի արձագանք չեմ ստանում` ոչ բանավոր, ոչ գրավոր: 

Այս անգամ ի՞նչն էր պատճառը, ըստ Ձեզ, որ վարչակազմի ղեկավարի հետ հարաբերությունները նորից լարվեցին:  

Առիթն այն էր, որ պրն Խաչատրյանը սկսեց իմ միջոցառումներն արհեստականորեն խոչընդոտել ու չթույլատրել, որ ես գնամ ինչ-որ տեղ: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության համագործակցության ծրագրերի շրջանակներում պայմանավորվածություն էինք ձեռք բերել Վիրահայոց թեմի Ջավախքի փոխանորդ Հայր Բաբկենի հետ, որ փոխայցելություններ լինեն Քաշաթաղի և Ջավախքի երիտասարդների միջև, համատեղ ծրագրեր իրականացվեինն: Նախնական պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո գալիս եմ Քաշաթաղի շրջան և վարչակազմի ղեկավարին ներկայացնում եմ, թե ինչ պայմանավորվածություններ եմ ձեռք բերել, ողջունում է, ամեն ինչ նորմալ է: Միայն ճանապարհածախսն էր պետք հոգալ, ասաց` հունվար է, պայմանները սուղ են: Ի վերջո, դա էլ չտվեցին, ես հայթայթեցի, կեցության բոլոր ծախսերն էլ հրավիրող կողմն էր հոգում: Զեկուցագիր եմ գրում, որ այսքան մարդ պետք է գնա, ծնողները սկսում են երեխաների համար անձնագրեր հանել, լիազորագրերին է հասնում հերթը, բայց պրն Խաչատրյանն այդպես էլ թույլտվություն չի տալիս: Մտնում եմ մոտը, ասում է. «Զբաղված եմ, հիմա բան չեմ կարող ասել, գնա հետո կգաս»: Երեխաները հանրապետությունից էին դուրս գալիս, պատասխանատվությունն իմ վրա է, բայց շրջանի վարչակազմի ղեկավարը պետք է համաձայնություն տար, եթե համաձայնությունը չլիներ, ինձ էլի նկատողություն պետք է տային: Հայր Բաբկենի հետ բոլոր պայմանավորվածությունները ձեռք էինք բերել, շաբաթ օր էր արդեն, երկուշաբթի պետք է գնայինք: Մեր երեխաներն արդեն Ջավախքի մասին գրքեր էին կարդում, բայց պրն Խաչատրյանը ոչ գրավոր, ոչ էլ բանավոր համաձայնություն չի տալիս: Ես այդ գումարն ուղարկում եմ Երևան և խնդրում եմ, որ այլ խումբ գնա, որպեսզի Ջավախքում նախապես պլանավորած միջոցառումը չձախողվի, բարձրաստիճան հյուրեր էին լինելու այնտեղ: Եվ հստակ հասկանում եմ, թե ինչ ռազմավարություն էր մշակել Քաշաթաղի ղեկավարը. թույլ չտալ, իսկ քանի որ ես խոստացել էի, պետք է գնայինք, ինձ խիստ նկատողություն կտային և կասեին` այդքան երեխայի առանց մեր թույլտվության տարել է, կարելի է նաև հեռացում տալ: Կամ եթե չգնայի, կլինեին արձագանքներ Ջավախքից: Մինչդեռ այդ ծրագիրը կնպաստեր, որ փոխայցելություններ լինեին Ջավախքի և Քաշաթաղի շրջանների երիտասարդների միջև, գնայինք Ջավախք ամառային հանգիստ անցկացնելու և համագործակցության այլ ուղիներ փնտրելու: Արդյո՞ք ինձ նկատողություն տալու համար արժեր 20 երեխայի Նոտարի շենքի մոտ լացացնել, այդքան ծնող դժգոհություն հայտներ: Նրանք վերաբնակիչ են, պետք է հատուկ մոտեցում ցուցաբերել նրանց նկատմամբ, փորձել ամեն ինչ անել, որ նրանք կապվեն այդ հող ու ջրի հետ: 

Մի քանի օր անց քրեականի աշխատակիցները նորից այցելում են դպրոց: Պատճան այս անգամ այն էր, որ մեր դպրոցի վարորդ Սարգիս Գասպարյանը երկու տեղ է աշխատում, պահանջում են նրա հետ կապված ամբողջ փաստաթղթերը: Սարգիս Գասպարյանը մեր հիմնական աշխատողն է, համատեղության կարգով աշխատում է նաև քաղաքապետարանում: Իբրև թե ուշացել է կամ ժամանակից շուտ է դուրս եկել աշխատանքից, որ հասնի մեզ մոտ, որը չի վերահսկվել, ինչը «հղի է ծանր հետևանքներով» և «ժամանակին անհրաժեշտ միջոցների չձեռնարկման դեպքում կարող է առաջ բերել քրեական օրենքով չթույլատրված արարքների կատարմանը»: Ով որ համատեղությամբ ընդունել էր, նա պետք է պատասխանատու կրեր, ես խախտում չեմ արել: Խնդիրն այն էր, որ փորձեն ինչ-որ օրինախախտում հայտնաբերեին, որը առիթ կհանդիսանար տնօրենին նկատողություն տալու համար: Մեր աշխատանքը չի կարող կառուցողական լինել: Ամեն խոչընդոտ պետք է ստեղծվեր ոստիկանների ձեռքով, որպեսզի ինձ ազատեն պաշտոնից: 

Եվ վերջին դեպքերից էր, երբ ես Քարվաճառ մեկնելու համար զեկուցագիր գրեցի, որ` խնդրում եմ թույլ տալ այսինչ նպատակներով գնալ Քարվաճառ: Գալուց հետո ինձ կանչում ասում են` դու թույլտվություն ստացել ես, որ գնացել ես: Ու ևս մեկ նկատողություն դրա համար եմ ստանում: Բացատրագիր եմ գրում, որ ես ոչ մի օրենք չեմ խախտել` իմ գործառույթներն իրականացնելու համար մեկնել եմ Քարվաճառ: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հ.Ավանեսյանն է գրում վարչակազմի ղեկավարին, որ ես զեկուցագիր եմ ներկայացրել` խնդրելով թույլ տալ, բայց ղեկավարի կողմից թույլտվություն չի եղել, իսկ ես ինքնագլուխ կերպով բացակայել եմ աշխատանքից: Ինձ տալիս են հրաման` կարգապահական տույժի ենթարկելու մասին: Քաղծառայողի պաշտոնի անձնագրով ինքը լիազորված չէր նման բան աներ: Ես բացատրություն եմ գրել: Ես դիմել եմ քաղաքացիական դատարան և վիճարկում եմ այդ նկատողությունը: Առաջին ատյանը մերժել է, հիմա դիմել եմ վերաքննիչ դատարան: 

Քրեական գործի մեղադրանքում նշվում է, որ 600-ական դրամներ եք գանձել աշակերտներից, և դա ապօրինի է: Ինչի՞ համար եք հավաքում դրանք, և ընդհանրապես ինչպե՞ս է գոյանում դպրոցի բյուջեն: 

Ֆինանսավորվում ենք պետբյուջեով և սեփական եկամուտներով: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը տալիս է մեզ մեր նոր տարվա բյուջեի թվերը, որտեղ գրված է` աշխատավարձ, գրասենյակային ծախսեր, կոմունալ, էլեկտրաէներգիա և այլն: Մենք այդ թվերը ստանում ենք վարչակազմից: Մենք ունենք բլանկներ, որտեղ լրացնում ենք այդ թվերն ըստ եռամսյակների` բացված տեսքով, որտեղ ներառում ենք և պետական բյուջեով նախատեսված գումարները, և մեր սեփական եկամուտները` ծնողական վճարները, խոսքը այդ 600 դրամների մասին է: Արդեն իսկ դրանք, ներառված ընդհանուր գումարի մեջ, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` տալիս են մեզ աշխատելու համար: Մենք այդ թվերը բաժանում ենք ըստ եռամսյակների, 6-ամսյակ և տարի և մեր ֆինանսական ամբողջական փաթեթը ներկայացնում ենք շրջանի վարչակազմի ղեկավարի հաստատմանը` որպես մեզ անմիջականորեն վերահսկող լիազոր մարմին: Վարչակազմը ստուգում և հաստատում է, որ ամեն ինճ ճիշտ է, վերահսկողությունը կատարված է և խախտում չկա: Նաև իր վրա է պատասխանատվություն վերցնում, որ ամեն ինչն օրենքի սահմաններում է: Եվ կնքում է տարվա բյուջեի մեր փաթեթը: Այստեղ ուղղակի որևէ խախտում անհնար է, ի՞նչ յուրացման կամ վատնման մասին կարող է խոսք լինել: Ես այդ ամբողջը մեկ-մեկ ներկայացրել եմ նաև կարևորագույն գործերով քննիչին, երբ ինձ հարցաքննել են որպես վկա: Մեզ մոտ երկու անգամ եղել է Ֆինանսների նախարարության վերահսկողականը, որևէ խնդիր չի առաջացել այդ հավաքագրված գումարների պատճառով: 

Այսինքն` 600-ական դրամները հաստատվա՞ծ են եղել վերադաս մարմինների կողմից և ակնհայտ երևացել են ձեր բյուջեում: 

600 դրամները, որքան որ գումար է հավաքվում, մենք ներկայացնում ենք ֆինանսների նախարարություն, վարչակազմ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, վիճակագրական վարչություն. բոլոր տեղերում համակարգված երևում է, թե տարեկան ինչքան գումար են կազմում մեր սեփական եկամուտները: 

Քանի՞ տարի է, որ 600 դրամները գանձվում են: 

2001 թվականից, և ընդհանրապես որևէ խնդիր չի եղել: Զանգեք Արցախի դպրոցի տնօրենների և հարցրեք` ինչպես են նրանք հավաքագրում այդ գումարները: Կա կանոնակարգված, պետականորեն հաստատված աշխատանքային ձև, և ամեն մի տնօրեն, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, ինքն է որոշում, թե ինչքան գումար հավաքի: Մեկը` մարզխորհրդի որոշումով է այդ ամենը հավաքագրում, մյուսը` վարչակազմի: Մեկը` ՊՈԱԿ-ի կանոնակարգով է առաջնորդվում: Մենք առաջնորդվել ենք մեր ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ: Մեր մոտ արխիվները չեն պահպանվել, բայց 2001-ի նախկին տնօրենից ես հարցրել եմ, ասել է, որ վարչակազմի համապատասխան թույլտվությամբ են իրենք գանձել այդ գումարները: Ես առաջնորդվել եմ դրանով: Ընդ որում` ամենացածր գումարը հավաքվում է մեր դպրոցում: Մինչև 2000 դրամ գումար է գանձվում Արցախում: 

Ի՞նչ եք պատրաստվում անել: 

Ես, ապրելով Քաշաթաղում, արդեն որերորդ դեպքն է, իմ իրավունքների պաշտպանելու համար ստիպված եմ գալ Երևան, դիմել փաստաբանների ծառայությանը, վճարել համապատասխան գումար, որպեսզի գնամ Քաշաթաղ ու իմ աշխատանքները կազմակերպեմ: 

Հնարավո՞ր է, որ այս ամենի հետևանքով որոշեք նորից վերադառնալ Երևան: 

Այսինքն` ես ումի՞ց նեղանամ: Նեղանամ մեր ղեկավարներից և լքեմ Քաշաթաղի շրջանը: Եթե ես հեռանամ Քաշաթաղի շրջանից և մտածեմ, որ իմ հեռանալով այդ հարցը կլուծվի, և նման աշխատանքային ձև շրջանի ղեկավարությունը չի որդեգրի և կառուցողական կլինի ի նպաստ վերաբնակիչների (մի վերաբնակ էլ ես եմ), բայց իմ գնալով այդ հարցը չի վերանա: 

Ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է վերանա: 

Միայն և միայն պայքարելով, նման խնդիրները փորձելով ներկայացնել հանրությանը: Չէ՞ որ Քաշաթաղի շրջանը վերաբնակեցված շրջան է, օրակարգային շատ լուրջ հարցեր կան: Պետական ռազմավարություն է մշակվում Քաշաթաղի շրջանը պահելու համար: Կառավարության կողմից ամեն ինչ արվում է Քաշաթաղի շրջանում վերաբնակեցում կատարելու համար, մեծ գումարներ է ծախսվում: Եվ ես կարծում եմ, որ Քաշաթաղի ներկայիս ղեկավարն անում է դրա 180 աստիճան հակառակը: Ես նույն Քաշաթաղի վերաբնակիչն եմ` 2001 թվականից, որն ունի երեք անչափահաս երեխա, ընտանիք, ամուսնացել եմ Քաշաթաղում, երեխաներս Քաշաթաղում են ծնվել, արմատներ ունեմ արդեն Քաշաթաղում: Իմ մայրը, պապս, տատս` բոլորն ապրում էին Քաշաթաղում: Պապս, տատս, հայրս մահացել են, մենք այնտեղ արդեն գերեզմաններ ունենք, ո՞նց թողնեմ գամ: Նման մոտեցումը վերաբնակչի նկատմամբ ուղղակի անթույլատրելի է: Շրջանի վարչակազմի ղեկավարի այս մոտեցումը պետք է փոխվի, կարևոր չէ, թե ես բարձրաձայնում եմ, բնակիչ կա, որ չի փորձում այդ ամենը ներկայացնել, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը չկա կամ միայն ինձ հետ է կապված: Այսօր արդեն շատ փակ դռներ կան Բերձորում, հին բնակիչներից ոմանք թողել գնացել են: 

Վերջին խուզարկության ժամանակ, երբ ոստիկանները գալիս են, հարցնում են` բանալի կա, ասում են չէ, ջարդում են դպրոցի տնօրենի դուռը: Դժվար էր ինձ զանգել ու բանալին ուզել, չէ որ այդ դպրոցը նոր է վերանորոգված, չէ որ մեր համար երազանք է եղել, որ նման ձև վերանորոգվի արվեստի դպրոցը: Ու մեր համար դպրոցում ամեն մի դուռ, ամեն մի քար, երբ վնասվում է, ցավ է, որովհետև մենք շատ դժվարությամբ ենք այդ ամենին հասել: Ոստիկանության աշխատողների նման աշխատաոճն իմ համար անընդունելի է. քանդել սարքածը, անունը դնել խուզարկություն, երբ կարող էին զանգել և հարցնել` պրն տնօրեն, ձեր աշխատասենյակի բանալին որտե՞ղ է, կարող եք ինչ-որ մեկին տալ, բերեն, որ դուռը չջարդենք: Սա էլ է հասարակ մոտեցում: 

Այս քրեական գործն էլ հերթական փորձն է` ինձ աշխատանքից ազատելու: Ես Քաշաթաղից ոչ մի տեղ չեմ գնալու, ապրելու եմ Քաշաթաղում` անկախ այն բոլոր արհեստական խոչընդոտներից, որ ստեղծում են իմ առջև: Ես չեմ նեղանում իմ հայրենիքից: Մի քանի ղեկավարներ, որոնք փորձում են իրենց անձնական ամբիցիաները բավարարել, ես դա չեմ վերագրում նրան, որ իմ հայրենիքը վատն է և թողնեմ գնամ, ուրիշ տեղ իմ բախտը փնտրեմ: Եթե կան ղեկավարներ, որոնք լավ չեն աշխատում կամ անձնական հարաբերություններով են աշխատում անձամբ ինձ հետ, չի նշանակում, որ դա պետք է առիթ հանդիսանա, որ ես հեռանամ: Ես գնալով` այդ հարցը չեմ լուծում, այդ աշխատաոճը կա: Բերձորում աշխատանք կգտեմ, եթե աշխատանքից էլ ազատեն, բայց չեմ կարծում, որ այդքան հեշտ է ազատել մարդուն աշխատանքից` առանց լուրջ մեղադրանքների: Սա լուրջ մեղադրանք չէ, սա ավելի շատ վախեցնելու փորձ է:  

Մեկնաբանություններ (14)

Զարուհի Մուրադյան
Էս խեղճ տանջված Բերձորը ինչքան ողորմելի պնակալեզ ունի....ու դեռ տղամարդկային հատկություններից են խոսում իրենց իրական անունը թաքցնելով......խղճահարությունից բացի ուրիշ ոչ մի բանի արժանի չեք....
Եսայան Գոռ
Լավ, մեկը չկա, թե Ձեզ խորհուրդ տա, որ ֆեյքերով հանդես չգաք, դա ապացուցում է Ձեր վախկոտությունը, Ձեր կողմից տարվող ուղու` Ձեր իսկ կողմից ոչ միանշանակ ընդունումը: Հակառակ դեպքում պարզ ճակատով` Ձեր իսկ անուններով հանդես կգայիք` ինչպես մենք: Մի վախեցեք, անհրաժեշտության դեպքում Ձեզ էլ չենք թողնի հանիրավի պատժեն, դուխով, Հայի տեսակին դա հարիր չէ:
john
ՈՒՋԵՂ,ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ,ԱԶՆԻՎ ՈՒ ՆՎԻՐՎԱԾ ՏՂԱ...ԲԱՅՑ ԻՆ՞Չ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅԴ ՈՀՄԱԿԻ ԴԵՄ...ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԼԱՓՈՂ ՈՀՄԱԿԻ ԴԵՄ..
Ժուաննա
vay de amota ha verjacreq,,ev miayn mi koxmin lselov chi kareli hodvac grel,es inqs linelov lragrox da hamarum em uxxaki nyuti hetevic vazel u anhimn entadrutyunner anel...cavum em ev ays nyut@ indzel hetaqrqrec,,,ev anpayman esel khetaqrqrvem u im nyut@ ktexadrem...
Արամ
Փաստորեն եթե կոռուպցիաի դեմ արգելք են դնում նշանակում է
ԲԵՐՁՈՐՑԻ
Ես հետևելով Ձեր համոզվեցի որ դուք խոսում էք այն մասին ինչը ձեզ ձեռք չի տալիս: Խնդրեմ հարգելի Գոռ ինչու չես խոսում այն մասին թե քո ղեկավարած դպրոցի խմբակավարներից ոմանք Ձեր իսկ իմացությաամբ խմբերը տանում են մրցումների և երեխաների հասանելիք գումարները վերցնում երեխաների ձեռքից, և երեխաներին թողնելով սովաց ու ծարավ, որը փաստ է և այդ մասին Բերձորի ցանկացած բնակիչ գդի, նաև դու գիտես թե ինչ է գրել իր բացատրության մեջ: ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ ԱՅՍ ՄԱՍԻՆ...
Գոռ Եսայան
Շատ ուրախ եմ, որ վերջապես քննարկում եղավ, սիրով կանդրադառնայի Ձեր գրածներին, սակայն գտնում եմ ավելի ճիշտ կլինի այս և ուրիշ բաների վերաբերյալ ամբողջական գրել` պատասխանելով Քաշաթաղ-վարչակազմի հարցերին, որը գրված է ՖԲ-ում, այդ մասին ես տեղեկացա ընկերներիցս: Սա շատ ավելի լավ է, խոսքը ինչ-որ բան գրելու մասին է` նույնիսկ եթե դա անհեթեթ է և անտրամաբանական, քան ոչինչ չգրելը և լալություն անելը, չեմ ասում լռել, դե, Վենինգերից հետո, դա արդեն լալություն է: Գրում եմ այստեղ, որովհետև այլ տեղ չեմ կարող, սոց ցանցերում գրանցված չեմ: Հետաքրքիր է լինելու, հավատացեք մասնագետին:
Արամ
Հետապնդում 3-ի շարունակություն
Արամ
Երանի Ձեր հավեսին, ՖԲ-ում մեկնաբանել է Քաշաթաղի վարչակազմը որ դա զուտ իրավական խնդիր է, իսկ դուք քաղաքականացնում էք, և արդեն պարզ է թե ստուգումները ինչից է սկսվել, արվեստի դպրոցի խմբավարի նողկալի արարքներից, որին նպաստել է նաև Գ. Մանուկյանը, Գոռ եսայան երեվի դուել Էս ետ նողկանքից փայատեր, որ սիրտտ մռմռում է,
Արամ
Գոռ Մանուկյան, եթե դու այդքան արդար մարդ էս ինչու չէս սպասում վոստիկանության վերջնական եզրակացությանը: Այսինք ես մի բան էմ հասկանում իտեռնետային սկանդալի միջոցով ուզում ես քեզ խղջան կամ փողոցային աղջկա պես ձենդ գլուղտ ես գցել, որ քեզանից հեռու մնան:
Գոռ Եսայան
Արամ դուք ինձ ճանաչում եք և մեղադրում, ես Ձեզ չեմ ճանաչում, սակայն, ինչքանով հասկացա, Բերձորից եք: Ասեք թե դուք ով եք և մենք կհանդիպենք, տեսնեմ այդ ինչ եք Ձեզ թույլ տալիս, որ ինձ մեղադրեք. հակառակ դեպքում ես ձեզ կհամարեմ վախկոտ` մարդ որը կարողանում է խոսել միայն թաքստոցից:
մենթո
Աչքիս 8 - ը միլիցու ձեռագիր է, թե չէ էլ ուրիշ ով պիտի այսքան իմաստուն խորհուրդ տար՝ ,,սպասել վոստիկանության վերջնական եզրակացությանը!,, - ձեր տունը չքանդվի՝ ձեր ,,արդար եզրակացություններով,, !
Բերձորցի
Գոռ ջան քեզ համբերություն մի քիչ էլ դիմացիր, դրանց վերջը շուտով կգա,իսկ էդ 8-րդ ին ցանկանում եմ մի քիչ տղամարդկություն և համաձայն եմ 10-րդ ի հետ
Արամ
Ես չեմ վախենում այլ հանդիպում եմ միայն տղամարդկային հատկություններ ունեցող տղերքի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter