
Առճակատում Բերձորում
Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի անձնակազմն ընդդեմ վարչակազմի ղեկավարի և հակառակը
Արցախի Քաշաթաղի շրջանի «Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի» աշխատանքը կաթվածահար է եղել: Այսպես են բնութագրում դպրոցի աշխատակիցները ստեղծված իրավիճակը: ԼՂՀ ոստիկանությունն առգրավել է դպրոցի բոլոր փաստաթղթերը և մինչ օրս չի վերադարձրել: Նոր ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր, շուրջ 300 աշակերտ սեպտեմբերից կարող է չհաճախել արվեստի և սպորտի դպրոց: Անձնակազմը չի կարող առանց փաստաթղթերի աշխատել և կազմակերպել նոր ուսումնական տարվա ընդունելությունն ու աշակերտների փոխադրումը հաջորդ դասարաններ:
Դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանն ասում է, որ երկու անգամ գրավոր դիմել է լիազոր մարմնին` ի դեմս շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի` հարցին միջամտելու և լուծում տալու խնդրանքով: Սակայն ոչ գրավոր, ոչ էլ բանավոր արձագանք չի ստացել: Դիմել են նաև ԼՂՀ ոստիկանապետին: 6-րդ վարչության պետը պատասխանել է, որ գործն ընթացքի մեջ է, տնտեսական ստուգումներ են կատարում և առայժմ չեն կարող փաստաթղթերը վերադարձնել:
«Իմ աշխատանքը լրիվ պարալիզացվել է: Հիմա երեխաներին հրամաններ պետք է տրվեին: Աբսուրդ է: Շարժամատյանը տարել են, ամեն ինչ տարել են»,-ասում է դպրոցի գործավար Կարինե Մատինյանը և նշում, որ նույնիսկ առգրավել են դպրոցի հարևանությամբ գտնվող խանութի` անձնակազմի անդամների պարտքի ցուցակը: Թե ինչ կապ ունի այդ ցուցակը գործի հետ, հայտնի չէ:
«Ստացվում է այնպես, որ դպրոցը սկսելու է արհեստականորեն չաշխատել: Ես չեմ կարող դասաբաշխում կատարել, չեմ կարող ուսուցիչներին ժամավճարներ գրել, որպեսզի տարիֆիկացիա լրացնեմ: Իսկ եթե դա չարվի, դպրոցի անձնակազմն աշխատավարձ չի ստանա, երեխաները դպրոց չեն գա»,- ասում է Գ. Մանուկյանը: Նա նշում է, որ իրենց այլ ելք չի մնում, քան առանց փաստաթղթերի, հիշողությամբ կազմակերպել դասապրոցեսը, սակայն դա էլ կարող է իրավապահ մարմինների համար նոր «հանցագործության» առիթ դառնալ, և իր դեմ առավել ծանր մեղադրանքներ ներկայացվեն:
Դրվագ 1
ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու հատկանիշներով: ԼՂՀ դատախազության հաղորդագրության համաձայն` Գոռ Մանուկյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, իր հանձնարարությամբ 2011-2013թթ. ընկած ժամանակահատվածում խմբակավարների միջոցով կազմակերպության արվեստի բաժնի խմբակների սաներից յուրաքանչյուր ամիս հավաքագրել է 600-ական դրամ գումար և մուտքագրել կազմակերպության դրամարկղ` հիշյալ անձանց շահերին պատճառելով ընդհանուր 1.071.000 դրամի չափով գույքային վնաս: Սա առաջին մեղադրանքն է տնօրենի նկատմամբ, որը թե տնօրենը, թե անձնակազմն անհիմն են համարում, քանզի 600-ական դրամները հավաքվել են դեռևս Գոռ Մանուկյանի տնօրեն դառնալուց առաջ:
«Մինչև արվեստի դպրոցի կազմավորվելը և Գոռ Մանուկյանի տնօրեն դառնալը, ես երաժշտականում եմ աշխատել, 1000 դրամ են այն ժամանակ հավաքել, դեռ արվեստի դպրոցը կայացած չէր և կոչվում էր «Պարարվեստի դպրոց»: Միշտ էլ եղել է վճար: Հետո երբ կայացավ արվեստի դպրոցը, վճարը 600 դրամ դարձավ»,- ասում է դպրոցի պարուսույց Աննա Մովսիսյանը:
Դպրոցի հաշվապահ Գայանե Բաբայանն ասում է, որ իրենց արտաբյուջեի պլանը գրեթե հավասար է բյուջեի պլանին: Դպրոցի բյուջեի ու արտաբյուջեի հաստատողը վարչակազմն է` ղեկավարի կնիքով ու ստորագրությամբ:
«Այսինքն` մենք այսքան տարի անօրե՞ն բան ենք արել,- զարմանում է դպրոցի հաշվապահը:-Երբ ես դա ասացի քննիչին, ինքն էնքան աբսուրդ բան ասաց: Ասում եմ` մեզ մոտ եկել են բազմաթիվ ստուգումների` 6-ից եկել են, վերահսկիչից եկել են, բազմաթիվ մարդիկ են եկել: Մեր վարչակազմն է հաստատում բյուջեն, հետո մեր նախարարություններն են հաստատում` ֆինանսների և մշակույթի, հետո նոր գնում է կառավարություն, և երբևիցե ոչ մեկի մոտ հարց չծագե՞ց, թե սա ի՞նչ ապօրինի գործ է, էս ի՞նչ արտաբյուջեի մասին է խոսքը: Ուրեմն պարոն քննիչն ինձ ինչ պատասխան տվեց. «Դե էդ վերևներից էլ չհասկացողներ կան, ինչո՞ւ է ձեզ թվում, որ բոլորը հասկանում են»: Քննիչն էլ չմոռանամ ասել` մի երեք տարվա քննիչ է: Բանից պարզվեց մենք բոլորս հանցագործ ենք»:
![]() |
![]() |
Հաշվապահ Բաբայանը նշում է, որ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալը վարչակազմի ֆինանսական վարչության պետի հետ այժմ պատրաստում է կառավարությանը ներկայացնել մի նախագիծ` դպրոցներում միջինացված գումար 800 դրամը սահմանելու համար: Այս պարագայում 600 դրամների հավաքագրման փաստի ապօրինի լինելն ուղղակի ծիծաղելի է դառնում: Գործավար Կարինե Մարտինյանն էլ ավելացնում է, որ դպրոցի նախկին տնօրենին նույնիսկ դատի էին տվել, որ այդ գումարները չի հավաքել ամբողջությամբ, իսկ հիմա գործ են հարուցում, որ հավաքագրվել է:
Դրվագ 2
Տնօրեն Գ.Մանուկյանի նկատմամբ երկրորդ մեղադրանքը վերաբերում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելուն: Ըստ դատախազության հաղորդագրության, Գոռ Մանուկյանը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու նպատակով, 2012-2013թթ. ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպության աշխատակից, Միջնավան քաղաքի պարի խմբակների խմբակավար-պարուսույց Կարեն Մարտիրոսյանի կողմից իրականում չպարապած դասաժամերի համար վերջինիս է վճարել ընդհանուր 209.305 դրամ աշխատավարձի գումար` վատնման եղանակով պետությանը պատճառելով զգալի չափով գույքային վնաս:
![]() |
![]() |
Պարուսույց Կարեն Մարտիրոսյանը, ում մասին նշված է հաղորդագրությունում, Քաշաթաղի Կովսական, Մուշ, Ալաշկերտ և Միջնավան համայնքներում ազգագրական պարի խմբակների պարուսույցն է: Մասնակցել է Արցախի ազատագրման պատերազմին: Կովսական է տեղափոխվել 2010թ.-ին` Երևանից: Կ. Մարտիրոսյանը Երևանի իր ազգագրական խմբի հետ համերգներով շուրջ մեկ ամիս շրջագայել է Կապան-Կովսական-Բերձոր երթուղով: Բերձորում հանդիպել է Գոռ Մանուկյանին, ով ասել է, որ լավ կլիներ այստեղ էլ ազգագրական երգ ու պար սովորեցվեր:
«Ես էլ խոսք տվեցի` կգամ, և որ ասացի կգամ ու որ խոսք եմ տվել, չէի կարող չգալ»,- հիշում է Կ. Մարտիրոսյանը իր Քաշաթաղ տեղափոխվելը: Եկել և ստանձնել է Կովսականի և Մոշաթաղի պարուսույցի «պաշտոնը»:
Կ. Մարտիրոսյանը պատմում է, որ 2010-ին ավելի քան 6 ամիս անվճար դասավանդել է Միջնավանում, երբ դեռ Միջնավանը արվեստի դպրոցի ենթակայության տակ գրանցված չի եղել: Այդ 6 ամիսներից հետո արդեն Միջնավանի երեխաները իրականացրել են պարային այն ծրագիրը, որն արդեն մեկ տարի Կովսականի երեխաներն էին իրականացնում, և Միջնավանն էլ հետո դարձել է երրորդ համայնքը, որտեղ նա սկսել է պաշտոնապես պար դասավանդել:
2011-2012 ուսումնական տարում աշխատանքները նորմալ են ընթացել, խնդիրներ չեն առաջացել, քանի որ եղել է համայնքներից Կապան ուղևորվող երթուղին, որով հասել է Միջնավան` շաբաթը երեք անգամ գնալու համար իր գրպանից ծախսելով 1500 դրամ: Հետո այդ երթուղին այլևս դադարել է գործել քիչ թվով ուղևորներ ունենալու պատճառով: 2012-ի հոկտեմբերից Կ. Մարտիրոսյանը սկսել է ավելի քան 12 կմ-ը ոտքով անցնել, նույնքան էլ հետդարձ կատարել: Սակայն մի քանի օրից հետո հասկացել է, որ չի կարող այլևս հետիոտն այդքան ճանապարհն անցնել, ոտքերը ցավում են: Դպրոցի տնօրենը հեծանիվ է տրամադրել Կ. Մարտիրոսյանին, որ վերջինս հեծանվով հասնի Միջնավան: Հեծանիվն էլ գրունտային այդ ճանապարհին շուտով փչացել է: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սկսվել են անձրևներն ու ցուրտը, Կ. Մարտիրոսյանը սկսել է բացթողումներով գնալ Միջնավան: Իսկ դեկտեմբերի վերջին հոր հիվանդության, այնուհետև նաև մահվան պատճառով եղել է Երևանում: Վերադարձել է փետրվարին կեսերին:
«Երեխաներին բացատրեցի, որ երկու ժամի փոխարեն 4 ժամ կպարապենք, բաց թողած դասերը կամաց-կամաց կլրացնենք: Անցյալ տարվա ամռանը Կովսականի երեխաներին տարել եմ Մոշաթաղ և իմ արձակուրդի հաշվին նրանց հետ աշխատել Մոշաթաղում, արձակուրդների շրջանում համերգներ են լինում, համերգներից առաջ ինտենսիվ պարապմունքներ ենք անցկացնում, այսպես թե այնպես այդ բացթողումները լրացվում են,- պատմում է պարուսույցը: -Կարևորը երբ քննիչին ասացի, որ պարապմունքներով չեն գնահատում, այլ արդյունքներով, և երբ խումբը, որն իբր ամիսներով չի պարապել, Պարի պետականի հետ կարող է մրցել ու պատվավոր տեղ զբաղեցնել, կարծում եմ դրանից առավել բան չկա»:
Կարեն Մարտիրոսյանը հիշում է, որ 2012-ի ամռանը վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն իրեն հորդորել է գնալ նաև Վան գյուղ և այնտեղ էլ պարի խմբակ բացել, քանի որ Վանում նույնպես պահանջարկ կա:
«Ասում եմ` պրն Խաչատրյան, ես ուզում եմ նաև Երիցվանք գնամ, բոլոր տեղերը գնամ, բայց հնարավոր տարբերակ չկա: Ասում է` բենզին տանք գնա, ասում եմ` բենզինը տվեք, շնորհակալ կլինենք, բայց բենզինը որտե՞ղ լցնեմ: Որ մեքենա տանք կգնա՞ս` հարցրեց: Ասացի` իհարկե կգնամ»:
Սակայն Կարենին մեքենա այդպես էլ չի տրամադրվել. վարչակազմը խոստացել է աճուրդով գնել դուրս գրված հին մեքենաներից մեկը, սակայն պարզվել է, որ վարչակազմի բյուջեն սուղ է, և աճուրդի ժամանակ վարչակազմը դա գնել չի կարողացել: Կարենի խոսքով, հորդորել են, որ ինքն իր գումարով գնի մեքենան, բայց ինքն էլ այդքան գումար չի ունեցել: Իսկ այդ ընթացքում Կարենն արդեն պարի դասեր է սկսել նաև Վանում:
Կարեն Մարտիրոսյանը նշում է, որ շրջանի ղեկավարությունը յուրաքանչյուր տոնի ժամանակ մեծ գումար է ծախսում, որ Կովսականից խումբը գնա և մասնակցի այդ միջոցառմանը, որովհետև տարածաշրջանում ազգագրական խումբ նույնիսկ Ստեփանակերտում չկա: Եվ Միջնավանը միակ քաղաքն է, որտեղից այս տարի երեխա է ընդունվում պարարվեստի ուսումնարան: Եթե պարապմունքներն անցկացված չլինեին, ինչպես էր այդ երեխան ընդունվելու:
Ամսական 85 հազար դրամ աշխատավարձ է ստանում Կ. Մարտիրոսյանը Կովսականում, Մոշաթաղում և Միջնավանում պար դասավանդելու համար: «Իրենք հաշվել են, որ եթե ես Միջնավանում եմ աշխատում, դրույքը այսքան արժե, այսքան բաց եմ թողել, ուրեմն պետությանը վնաս եմ տվել»,- ասում է Կարենը: Բացակայությունները հաշվել են հոկտեմբերից մինչև ապրիլ ամիսը, սակայն այդ ամիսներին խումբը տարբեր տեղերում տարբեր միջոցառումների է մասնակցել:
«Ծիծաղս գալիս է այդ 209 հազարի վրա: Ես իմ ընկերների միջոցով արդեն 2 միլիոնի ներդրում եմ արել այստեղ` տարազների, երաժշտական գործիքների, տիկնիկային թատրոնի տիկնիկների տեսքով: Մոտ 15 օրից հաջորդ 2 միլիոնն եմ ներդնելու, որովհետև ինձ իմ ընկերները մեքենա են առնելու` միկրոավտոբուս, որ ես գնամ Միջնավան, իսկ ես, պարզվում է, 209 հազարի վնաս եմ տվել»,- ասում է Կարեն Մարտիրոսյանը:
Նա նշում է, որ այս ամենը ոչ թե իր, արվեստի և սպորտի դպրոցի տնօրենի դեմ է, այլ հենց երեխաների. «Ես կարող է բարկանամ, վեր կենամ գնամ, ով է տուժելու` ե՞ս, Գոռ Մանուկյա՞նը: Երեխաներն են տուժելու: Իմ ազգությունը ցնծությամբ կընդունի այն փաստը, որ ես վերադառնամ Երևան, որովհետև ամեն լույսը բացվելուց ինձ հայհոյում են, որ ես Միջնավան եմ եկել,- ամփոփում է Կ.Մարտիրոսյանը: -Որոշ մարդկանց ամբիցիաների համար այդ երեխաները կարող է տուժեն: Չի կարելի մի ամբողջ համակարգ, որը ժամացույցի պես աշխատում է մոտավորապես մի 10 համայնքում, մասնաճյուղեր ունի թե’ սպորտային, թե’ մշակութային, վարի տալ միայն նրա համար, որ դու իմ դուրը չես գալիս, դա հիմար բան է»:
Բերձորյան այս «թնջուկը», ըստ դպրոցի անձնակազմի, վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և Գոռ Մանուկյանի հարաբերությունների լարվածության հետևանքով է առաջացել: Իսկ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ նախկին ոստիկանապետ, այժմյան շրջանի ղեկավարը ուզում է վերահսկել դպրոցի և տնօրենի աշխատանքները` գերազանցելով իր լիազորությունները և պատեհ ու անպատեհ առիթներով փորձելով միջամտել և տարբեր ստուգումներով ճնշումներ գործադրել դպրոցի, տնօրենի նկատմամբ: Մինչդեռ դպրոցի տնօրենը իր գործառություներն իրականացնում է ՊՈԱԿ-ների մասին օրենսդրության սահմաններում և իր գործառույթներն իրականացնելու համար չպետք է թույլտվություններ ստանա վարչակազմի ղեկավարից:
Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի աշխատակիցներից ոմանք նշում են, որ սա ակնհայտ հետապնդում է դպրոցի տնօրենի նկատմամբ և հիշում են դեպք, երբ օրը երկու անգամ նույնիսկ եկել են դպրոց ստուգումների` երեխաներին ներկա-բացակա արել և գնացել: Չնայած նրանք ազատ արտահայտվում են այս ամենի մասին, բայց չեն բացառում, որ դրանից հետո անձնակազմի նկատմամբ հետապնդումներն էլ ավելի կուժգնանան:
«Մենք այսպիսի հոգեվիճակում չենք կարող աշխատել»,- ասում է բասկետբոլի մարզիչ Նելլի Մարությանը, ում բացատրություն տալու համար կանչել են ոստիկանություն, սակայն վերջինս հրաժարվել է և չի գնացել: Թե ինչ կապ ունի բասկետբոլի մարզիչը այս գործի հետ, իրավապահները չեն բացատրել և չեն պարզաբանել նաև, թե ինչ կարգավիճակով են նրան կանչում ոստիկանություն:
«Երբ որ սկսվել է հիմնարկությունը, նույնիսկ աթոռ չենք ունեցել,- հիշում է գործավարուհի Կարինե Մարտինյանը և հավելում, որ Գ. Մանուկյանը երիտասարդ էր, կոլեկտիվ ստեղծեց, զարգացրեց դպրոցը, և արդեն քանի տարի է` դպրոցն աչքի է ընկնում, բոլորը ճանաչում են: Եվ դպրոցին մեքենայի նվիրատվությունից «այդ փուշը սկսել է ծակել աշխատակազմի աչքը»:
Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի դաշնակահարուհի Մադլենա Հովհաննիսյանը նշում է, որ երեխաները միշտ էլ գավաթներով են վերադառնում մրցույթներից, իսկ եթե դպրոցը չաշխատեր, նրանք գավաթներ դժվար թե կարողանային բերել դպրոցին:
Մեկ տարի չկա, ինչ դպրոցում շախմատի խմբակ է գործում: «Իմ երեխաները Քաշաթաղի չեմպիոն են դարձել բոլոր տարիքային խմբերում»,- հպարտանում է շախմատի մարզիչ Ավետիք Հունանյան և նշում, որ երեխաները հաղթել են նույնիսկ 10 տարի խաղացողին:
«Մենք ենք Գոռ Մանուկյանին խնդրել, որ հանկարծ չհանձնվի և դուրս չգա, որովհետև գիտենք, թե ինչ կկատարվի այստեղ, եթե իրենք իրենց կամակատարին դնեն դպրոցի տնօրեն»,- ասում է ուսումնական գծով փոխտնօրեն Գոռ Եսայանը:
Երկու օր առաջ երրորդ գրությունն է ուղարկվել վարչակազմի ղեկավարին` հարցին միջամտելու և փաստաթղթերը հետ վերադարձնելու խնդրանքով: Գրության պատասխանը դպրոցը դեռևս չի ստացել:
Քաշաթաղում և հատկապես Բերձորում վերջին օրերը լարված են անցնում: «Պայքարը» տեղափոխվել է նաև վիրտուալ տարածք: Ֆեյսբուքայն տարբեր խմբերում ակտիվ քննարկումներ են ընթանում: Իսկ ոչ վիրտուալ ճակատում տարբեր ստորագրահավաքներ են կազմակերպվում մտավորականների և քաշաթաղցիների մասնակցությամբ` ի պաշտպանություն Գոռ Մանուկյանի: Ստորագրված պահանջագրերն ուղարկվելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Հ.Գ. Բերձորի արվեստի և սպորտի դպրոցում կատարվող իրադարձությունների շուրջ Սուրեն Խաչատրյանի հետ հարցազրույցը` այստեղ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել