HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբաններն ահազանգում են քննիչի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքի մասին

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի եւ նրա ընկերներ Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի եւ Արթուր Քլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ տղաներից առաջին երեքը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` խուլիգանության համար:

Չորս փաստաբանները` Անդրանիկ Հակոբյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մկրտիչ Դավթյանը եւ Կարեն Մկրտչյանը դատարանի դահլիճում հանդես եկան միասնական միջնորդությամբ, որը վերաբերում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված ապօրինություններին:

Պաշտպանները նշել են, որ hարուցված չորս  քրեական գործերը միացվել են առաջին հարուցված գործին (գործի համարը` թիվ 48105713):  Հենց այդ քրեական գործով են ձերբակալվել, ապա կալանավորվել Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Արթուր Քլյանն ու Գագիկ Առաքելյանը:

Նշված քրեական գործի երկամսյա ժամկետը լրացել է 2013թ. մայիսի 13-ին, որից հետո նախաքննությունը կամ պետք է ավարտվեր, կամ պետք է ժամկետը երկարացվեր: Սակայն դրանցից ոչ մեկը չի արվել, եւ 25 օր անց` հունիսի 7-ին, քննիչի կողմից որոշում է կայացվել նշված քրեական գործի նախաքննության ժամկետը 2 ամսով երկարացնելու մասին: Այն դատախազի կողմից երկարացվել է հունիսի 11-ին, այսինքն`թիվ 48105713 քրեական գործի նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց շուրջ մեկ ամիս անց:

Դատախազը օգոստոսի 1-ին հաստատել է նշված քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործը, նախաքննության ժամկետը լրացած վիճակում, ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբանները, մատնացույց անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները, նշում են, որ քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Նույն օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ  մասերի համաձայն` նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին`քննության ժամկետը լրանալուց առնվազն 3 օր առաջ:

«Թիվ 48105713 քրեական գործի նախաքննության երկամսյա ժամկետը 2013թ. մայիսի 13-ին լրանալուց հետո կատարվել է ապօրինի քննություն, որի ընթացքում կատարվել են ապօրինի դատավարական գործողություններ եւ կայացվել են ապօրինի դատավարական որոշումներ, ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են, իսկ մեղադրյալներն ապօրինի կերպով պահվել են կալանքի տակ»,-նշում են փաստաբանները:

Չորս փաստաբաններն էլ միջնորդում են մայիսի 13-ից հետո ձեռք բերված ապացույցները ճանաչել անօրինական եւ անթույլատրելի, միաժամանակ տեղեկացրել են քրեական գործով քննիչի կողմից թույլ տրված պաշտոնեական կեղծիքի մասին, որը նույնպես վերաբերում է ապացույցներին:

Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Գ. Գեւորգյանի կողմից թիվ 48105713 քրեական գործով այս տարվա ապրիլի 16-ից սկսած մեղադրյալներին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ ծանոթանալու համար նրանց է ներկայացվել  քրեական գործը` բաղկացած 4 հատորից:

4-րդ հատորը բաղկացած է եղել 143 թերթից, իսկ վերջին փաստաթուղթը եղել է Գագիկ Առաքելյանի` որպես մեղադրյալի հարցաքննության արձանագրությանը` գ.թ. 143: Ծանոթության համար 4-րդ հատորը 143 թերթից ներկայացնելու մասին նշված է նաեւ մեղադրյալ Արամ Մուղալյանի կողմից կատարված գրառմամբ գործի նյութերն իրեն ծանոթացնելու մասին արձանագրությունում:

Փաստաբանները դատարանում քրեական գործի ուսումնասիրությունից պարզել են, որ քննիչի կողմից կատարվել է պաշտոնեական կեղծիք: Այսպես, 4-րդ հատորում, Գագիկ Առաքելյանի ցուցմունքի արձանագրությունից` գ.թ. 143-ից հետո հերթական փաստաթուղթը նախաքննության ավարտի մասին Արամ Մուղալյանին հայտարարելու արձանագրությունն է` գ.թ. 144, որին հաջորդում են մյուս մեղադրյալներին  նախաքննության ավարտի մասին հայտնելու եւ գործի նյութերը նրանց ծանոթացնելու արձանագրությունները, պաշտպանների միջնորդությունները եւ դրանք մերժելու մասին որոշումները: Սակայն, 143-րդ եւ 144-րդ թերթերի արանքում քննիչի կողմից ավելացվել են փաստաթղթեր, որոնք ստիպված համարակալվել են 143ա, 143բ, 143գ, …143ը, 143[1], 143[2]:

Փաստաբանները պարզել են, որ «2013թ. հուլիսի 16» ամսաթվով կազմված իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը համարակալվել է գ.թ.143է, որը վկայությունն է այն բանի, որ մինչեւ հուլիսի 16-ը նախաքննության իրական ավարտ հայտարարելը նշված որոշումը կազմված չի եղել եւ բացակայել է ծանոթացման համար ներկայացված 4-րդ հատորի նյութերից:

Ըստ փաստաբանների` որպես ապացույց  ճանաչելու մասին որոշումը հետագայում կազմելու եւ գործի նյութերում դնելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ նշված որոշումը չի ներկայացվել նաեւ տուժողին, քանի որ գործի նյութերը վերջինիս ծանոթացնելու մասին արձանագրության համաձայն` 4-րդ հատորը տուժողին ներկայացվել է 143զ թերթից, մինչդեռ իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը համարակալված է գ.թ. 143է:

Բացի այդ, փաստաբանները պնդում են, որ տուժողին նախաքննության ավարտի մասին հայտնելու եւ քրեական գործի նյութերը ծանոթացնելու արձանագրությունները համարակալված են գ.թ. 1431 եւ 1432 , որոնք նույնպես կազմվել են նախաքննության ավարտի մասին մեղադրյալներին հայտարարելու եւ գործի նյութերը  նրանց ծանոթացնելու մասին արձանագրությունները կազմելուց հետո:

Մեկնաբանություններ (4)

Գեւորգ
Այ Գրիշա ջան, Ձեր ուրիշ հոդվածները շատ լուրջ, հասկանալի ու կապակցված են: Էս մեկը, շատ կներես, ոնց որ աբսուրդի թատրոնից լինի: Եղբայր, մի քիչ էլ ընթերցողի դրության մեջ մտեք: Լավ, այդ տղաներն իրենք ինչ են ասում? Որ խեղճ եզիդիի խոտը վառելու համար չէին այնտեղ գնացել, այն էլ մի երկու անգամ - կարծում եմ կասկածից դուրս է: Դե թող ասվի ինչ է կատարվել (ասենք - ըստ մեղադրողի վարկածի:) Հնարավոր է այս մարդիկ բոլորովին լուր էլ չունեն այս բոլորից եւ սա սարքովի, կեղծ պատմություն է նրանց գլխին (ըստ իրենց), եւ այս դեպքում սարքողն ու նպատակը որոնք են? Վերջը մի բան պիտի ասվի - որպիսզի այս պատմությունը (կամ լրատվությունը) կապակցված դիտվի ինչ որ տրամաբանությամբ: Դե ընթերցող, կարդա ու հանելուկ լուծի - քեմբրիջի ֆիզիկոսը եզիդու խոտի դեզի մոտ կրակ է վառել !!!
Գրիշա
Հարգելի Գեւորգ, ընթերցողի տեսանկյունից ընդունում եմ Ձեր դիտողությունը: Այս գործով երկրորդ դատավարությունն է եւ պաշտպանները մարտավարությունից ելնելով փակագծերը դեռ չեն բացում: Հասկանալի պատճառներով ամբաստանյալների հետ խոսել չի հաջողվում (կալանքի տակ են): Ձեր բարձրացրած հարցերի շուրջ երեկ ցանկացա խոսել գրավով ազատության մեջ հայտնված Արթուր Քլյանի հետ, բայց նրա առողջական վիճակը վատ էր, չկարողացավ խոսել: Հուսով եմ հաջորդ դատաքննությունների ժամանակ որոշ մանրամասներ կպարզվեն: Շնորհակալություն
Գրիշա
Հարգելի Գեւորգ, ըստ մեղադրական եզրակացության` տղաներն իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, տագնապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով հրկիզել են Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզին հարակից տարածքը և դեզին մոտ կապված շանը` գույքային վնաս պատճառելով սեփականատիրոջը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում, լուրջ անհանգստություն առաջացրել, հրճվել դրանով և դիմել փախուստի։ Բայց պաշտպանները չեն ընդունում, տուժողն էլ չէր պնդում, որ իրենք խուճապի մեջ են եղել, կամ տղաների արարքը դիտավորություն է եղել: Տուժող Սիաբանդ Խուդոյանը երեկ ասաց, որ թյուրիամացություն է եղել եւ տղաների դեմ բողոք չունի եւ դա պնդել է առաջին իսկ օրից:
Գեւորգ
Շնորհակալություն ուշադրության համար, հարգելի Գրիշա, որոշ բաներ կարծես սկսեցի կռահել: Համենայն դեպս տղաները կարեկցանքի արժանի են թվում եւ բոլորովին խուլիգանների չեն նմանվում: Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter