HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը գնում է ինսուլինը կրկնակի էժան

Մարինե Մադաթյան
Էդիկ Բաղդասարյան  

Պետական պատվերի շրջանակում առաքվող «Ինսուլին» դեղատեսակը, կառավարության որոշմամբ, առաջիկա հինգ տարիներին ներկրվելու է ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս» դեղագործական ընկերությունից: Վերջինիս և նախարարության միջև արդեն կնքվել է նախնական կարճաժամկետ պայմանագիր, որի հիման վրա ներկրվել է ինսուլինի` 2013թ. երկրորդ կիսամյակի համար անհրաժեշտ խմբաքանակը: Իսկ 2013-2018թթ.-ի պայմանգիրը կնքվելու է առաջիկա օրերին՝ «Սանոֆի Ավենտիս» ընկերության հետ ինսուլինի հինգ տարվա պահանջարկի չափը հստակեցնելուց հետո: Այս մասին մեզ հայտնեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը՝ ավելացնելով, որ արտադրողի հետ ուղիղ պայմանագիրը թույլ է տալիս ավելի էժան գնել ինսուլինը և խնայել պետբյուջեի միջոցները: Նրա խոսքով՝ 2013թ. երկրորդ կիսամյակում՝ կես տարվա կտրվածքով, արդեն իսկ խնայվել է 104 միլիոն դրամ:  

Մինչ այժմ առողջապահության նախարարությունը պետգնումների շրջանակում ինսուլին է գնել է ոչ թե արտադրող արտասահմանյան ընկերություններից, այլ դրանց հայաստանյան ներկայացուցիչներից: Արդյունքում` պետությունն այսքան ժամանակ վճարել է ինսուլինի` տեղական միջնորդ ընկերության` մրցույթի ժամանակ առաջարկած գումարը: Մրցութային առաջարկներից նախարարության կողմից մինչ այժմ ընդունվել է 1 սրվակ ինսուլինի համար (10մլ) նվազագույնը 4800 դրամը:

«Գները նախկինում բարձր էին, և տեղական ընկերություններն իրենց գնային առաջարկներում հավելավճարներ էին ավելացնում, այդ պատճառով նախարարությունը ինսուլինի ամբողջ քանակը բավարարելու համար ստիպված եղավ ավելի էժան տարբերակ գտնել և երկարատև պայմանագիր կնքել ուղիղ արտադրողի հետ»,- ասաց Ս. Քրմոյանը:

Այժմ, կառավարության նոր որոշմամբ, «Սանոֆի Ավենտիս» ընկերությունից ինսուլինի ձեռքբերման գին է սահմանվել 10 մլ-ոց սրվակով կարճատև ազդեցության ինսուլինի համար 4 եվրոն (մոտ 2200 դրամ), իսկ  կարճատև և միջին ազդեցության խառը ինսուլինի համար` 6 եվրոն (մոտ 3200 դրամ):

Սա նշանակում է, որ նախարարությունը մինչև հիմա ինսուլինի մեկ սրվակի համար գրեթե կրկնակի է վճարել:

Ինսուլինի ձեռքբերման բանակցություններն ընթացել են «Սանոֆի Ավենտիսի» գխամասային ֆրանսիական մասնաճյուղի հետ, իսկ դեղորայքը ներկրվելու է ընկերության՝ Հունգարիայում գտնվող արտադրական ստորաբաժանումից:

ԱՆ-ն ինսուլինի մատակարարման մրցույթը հայտարարել էր հունիս ամսին, որին հայտ էին ներկայացրել արտասահմանյան երեք ընկերություններ` ամերիկյան,«Էլի Լիլի և քամփնի»  դանիական «Նովո Նորդիսկ», ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս»  ընկերությունները՝ տեղի ներկայացուցիչների միջոցով:

Առաջին ընկերությունը հայտ էր ներկայացրել` ի դեմս ընկերության հայաստանյան մենեջեր Սիլվա Բարսեղյանի: «Նովո Նորդիսկ»-ի հայտը ներկայացրել է դրա հայաստանյան ներկայացուցիչ «Նատալի ֆարմ» ընկերությունը: Մրցույթում հաղթած  «Սանոֆի Ավենտիս» ընկերության հայտը, Սուրեն Քրմոյանի խոսքով, որևէ միջնորդ ընկերություն չի ներկայացրել. բոլոր բանակցությունները տեղի են ունեցել անմիջապես ընկերության հետ տեղի ներկայացուցչի միջոցով:  

Կասեցվեց Սամվել Ալեքսանյանի՝ ինսուլինի մատակարարման մենաշնորհը

Առողջապահության նախարարության՝ 2010-2012թթ.-ին ինսուլինի պետգնումների վերաբերյալ մեզ տրամադրած տվյալները հուշում են, որ ինսուլինի մատակարարումը մինչ հիմա մենաշնորհային բիզնես է եղել, և այն պատկանել է «Նատալի ֆարմ» ընկերությանը:

«Նատալի ֆարմ» ընկերության սեփականատերերը, ըստ պետռեգիստրի տվյալների, Ասատուր Ասատրյանն է` 99,4 % և Շողերինա Մկրտչյանը` 0,6 %: Շողերինա Մկրտչյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է: Ասատուր Ասատրյանը Շողերինա Մկրտչյանի քեռու որդին է: 

Պետգնումների մրցույթներում վերջինիս հաղթանակը տեղի է ունեցել այսկերպ: Հայտարարվել է մրցույթը, հայտ են ներկայացրել մի քանի ընկերություններ, «Նատալի ֆարմ»-ը, ինչպես միշտ, առաջարկել է ամենից ցածր գինը: Մրցույթը շահելուց հետո, սակայն, «Նատալի ֆարմը» ինսուլին է գնել նաև մրցույթում իր ամենահավանական մրցակցից «Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերությունից:

«Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Էլի Լիլի և քամփնի» ամերիկյան ընկերության դեղորայքը: «Նատալի ֆարմը»-ը, որը դանիական «Նովո Նորդիսկ» ընկերության ներկայացուցիչն է, մրցույթում ամենամյա հաղթանակից հետո իր մրցակցից «Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերությունից գնել ու պետությանը վերավաճառել է գրեթե նույնքան ինսուլին, որքան «Նովո Նորդիսկից»:

«Նատալի Ֆարմ» ու «Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերություններն այսկերպ համագործակցել են եկամտաբեր բիզնեսում, իսկ նախարարությունը պետբյուջեի միջոցներով աջակցել է նրանց բիզնեսին:

Եթե հաշվենք մեկ տարում «Նատալի ֆարմ»-ի՝ պետությանը վաճառած ինսուլինների տեսակները, ապա պարզվում է, որ այնքան ինսուլին, որքան գնվել է «Նովո Նորդիսկ»-ից, քիչ տարբերությամբ ձեռք է բերվել նաև «Էլի Լիլի և քամփնի» ընկերությունից: Օրինակ՝ 2010թ.-ին «Նատալի ֆարմ»-ը «Մ.Լ.Ն. ֆարմ»-ից գնել է «Էլի Լիլի և քամփնի» արտադրության 47077 միավոր 10մլ-ոց սրվակ ինսուլին և 1400 միավոր 3մլ-ոց ինսուլին, իսկ «Նովո Նորդիսկ» ընկերությունից՝ 56987 միավոր 10 մլ-ոց ինսուլին և 1582 հատ 3լ-ոց ինսուլին:

«Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերությունը ամեն տարի մրցույթում գոնե 100 դրամ թանկ գնային առաջարկ է ներկայացրել ու պարտվել «Նատալի ֆարմին», փոխարենը վնաս չի կրել՝ դառնալով մրցույթների կուլիսային հաղթող:

«Նատալի ֆարմ» ընկերության տնօրեն Ասատուր Ասատրյանին հարցրինք, թե ինչու ինսուլինի ամբողջ քանակությունը ձեռք չէր բերում «Նովո Նորդիսկ» ընկերությունից (7 դոլար՝ առանց ԱԱՀ), չէ որ «Մ.Լ.Ն. ֆարմ»-ը «Էլի Լիլի և քամփնի» ընկերության արտադրանքը իրենց վաճառել է վերավաճառքի գնով՝ կրճատելով «Նատալի ֆարմ»-ի հնարավոր ավելի մեծ շահույթը: Ա. Ասատրյանը պատասխանեց, թե ամեն ինչ չէ, որ շահույթի հետ է կապված՝ նկատի ունենալով փոխարենը շուկայում ձեռք բերած իրենց գերիշխող դիրքը: «Փաստորեն մենաշնորհ եք ունեցել» դիտարկմանը, Ա. Ասատրյանը պատասխանեց. «Դե, հիմա էդպես լավ չի հնչում, բայց հա, մենք ենք անցել»:

Ինսուլինի`«Սանոֆի Ավենտիսից» ձեռքբերման որոշումը վրդովեց ոչ այնքան ոլորտում գերիշխող «Նատալի ֆարմ» ընկերությանը, որքան «Էլի Լիլի և քամփնի» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանին, ով ինսուլին է վաճառում միայն «Մ.Լ.Ն. ֆարմ»-ին:

Որոշման գաղտնազերծման հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Սիլվա Բարսեղյանը ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ նախարարությունը պատրաստվում է ինսուլինի մատկարարման պայմանագիր ձեռք բերել ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս» ընկերության հետ, մինչդեռ «Էլի Լիլի և Քամփնի» ընկերության գնային առաջարկը ավելի մատչելի է եղել: Եվ եթե նախարարությունը ընդուներ «Էլի-Լիլիի» գնային առաջարկը, ապա կխնայվեին պետբյուջեի միջոցները՝ նշել էր Սիլվա Բարսեղյանը:

Մեզ հետ զրույցում էլ Ս. Բարսեղյանն ավելացրեց, թե իր ընկերությունը շահագրգռված է նախարարության հետ ուղիղ պայմանագիր կնքել: «Ես ձեզ կարող եմ ցույց տալ անցած տարի նախարարին գրած իմ նամակը: Գրել եմ, որ գների իջեցման հիմնական տարբերակն այն է, որ ուղիղ արտադրողից պետք է գնել: Ես Վրաստանում էլ եմ աշխատում: Վրաստանում ուղիղ աղբյուրից են գնում անում»,- ասաց նա: Ապա ավելացրեց, որ նախկինում վեց ամսվա համար ինսուլինը բերում էին 8 դոլարով, իսկ հնգամյա պայմանագրի դեպքում կարող են էժան բերել, սրվակը` 5 դոլարով: Հենց այդ գնային առաջարկն էլ «Էլի Լիլի և քամփնին» ներկայացրել էր մրցույթում և պարտվել:

Քանի որ Ս. Բարսեղյանը «շահագրգռված» է պետբյուջեն խնայելու հարցում, հարցրինք, թե ինչու ինսուլինի պետգնման մրցույթում մինչև հիմա ավելի ցածր գին չի ներկայացրել` իր ներկայացուցիչ ընկերության` «Մ.Լ.Ն. ֆարմ»-ի միջոցով:

«Մենք արդեն էդտեղ կապ չունենք, արտադրողը կապ չունի, հասկանո՞ւմ եք: Հարցը հետևյալն է. երբ արտադրողին ասում են՝ մենք վեց ամսվա համար ենք ուզում ինսուլին, այդ դեպքում արտադրողը տալիս է մի գին, իսկ երբ ասում են, որ հինգ տարվա համար ենք ուզում ինսուլին, բնականաբար արտադրողը տալիս է շատ ավելի ցածր գին: Իսկ թե ի՞նչպես են վերավաճառում, ի՞նչ են անում, էդտեղ արտադրողը, ցավոք, ոչինչ չի կարող անել»,- ասաց Սիլվա Բարսեղյանը: Իրականում, այս դեպքում արտադրողը կապ ունի վերավաճառող ընկերության հետ: Սիլվա Բարսեղյանն ու «Մ.Լ.Ն. ֆարմ»-ի տնօրենը՝ Հարություն Վասիլյանը ամուսիններ են: «Էդպիսի բան չկա: Ես չգիտեմ` դուք ում պատվերն եք կատարում: Ինչ ուզում եք գրեք, բայց էդպիսի բան չկա: Էնպիսի բաներ եք ասում, կարո՞ղ եք դուք ապացուցել, որ «Մ.Լ.Ն ֆարմը» իմ ամուսնու ընկերությունն է»,- ասաց Սիլվա Բարսեղյանը:

Հարցրինք՝ ինչն է պետք ապացուցել, սխա՞լ է, որ Հ.Վասիլյանը նրա ամուսինն է, պատասխանեց. «Չէ, դա սխալ բան… Ես ձեզ հետ խոսում եմ «Լիլիի» անունից, «Մ.Լ.Ն»-ի անունից ինչ կգրեք, «Ֆարմ Ադամայից» ինչ կգրեք, «Նատալիի» մասին ինչ կգրեք, դա ձեր գործն է»:

Նշենք, միայն, որ «Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերության տնօրեն Հարություն Վասիլյանը «Էլի Լիլի և Քամփնի» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանը գրանցված են նույն բնակարանում:  

«Մ.Լ.Ն. ֆարմը» ինսուլինի պետգնման մրցույթներում նախ ներկայացրել է 5200-5100 դրամ գնային առաջարկ, ապա իջեցրել 4800- 4900 դրամի:

««Էլի Լիլի»-ի սկզբունքն է` համագործակցել այնպիսի ընկերության հետ, որի հետևում պաշտոնյա կամ օլիգարխ չկա կանգնած»,- մեզ ասաց Սիլվա Բարսեղյանը, երբ հարցրինք, թե ինչու է «Նատալի-Ֆարմին» ինսուլինը վաճառվել «Մ.Լ.Ն. ֆարմի» միջոցով: Սիլվա Բարսեղյանը և «Մ.Լ.Ն. ֆարմ»-ի հետևում կանգնած նրա ամուսինը` Հարություն Վասիլյանը, համագործակցել են «Նատալի Ֆարմի»-ի հետ, իսկ վերջինս դեմ չի եղել թեկուզ քիչ շահույթով դառնալ ոլորտի մենաշնորհը:

«Մ.Լ.Ն ֆարմը» միշտ ավելի թանկ գնային առաջարկ է ներկայացրել, քան հաղթող «Նատալի Ֆարմը», բայց Սիլվա Բարսեղյանն այսօր դժգոհում է, որ իրենք մրցույթում չեն շահել: Անհասկանալի է, թե ինչու է դժգոհում մրցույթներում պարտվելուց, եթե արդյունքում հաղթող «Նատալի Ֆարմը» նրանցից գնել է ինսուլին:

Ս. Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, թե «Նատալի Ֆարմ»-ի հետ մրցույթների մշտական հաղթող է եղել «Ֆարմ Ադամա» ընկերությունը: Վերջինիս անունը նա շահարկում էր որպես «Սանոֆի Ավենտիս» ընկերության հայաստանյան ներկայացուցչի, որի հետ էլ նախարարությունն այժմ նոր գործարքի մեջ է: Նախարարության տրամադրած տվյալներով՝ «Ֆարմ Ադաման» ինսուլինի պետգնման մրցույթ մեկ անգամ է շահել՝ 2011թ-ին և ներկրել է «Սանոֆի Ավենտիս» ընկերության արտադրած ինսուլինը: Սակայն ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հերքեց այն, որ «Սանոֆի Ավենտիսի» այժմյան հայտը ներկայացրել է «Ֆարմ-Ադամա» դեղատունը՝ նշելով, որ ընկերության հայտը ներկայացրել է Ֆրանսիայի գլխամասային գրասենյակը, որը Հայաստանում ունի ներկայացուցչություն: Մրցույթում ընկերության հայտը նախարարությանը ներկայացրել է «Սանոֆի Ավենտիսի» հայաստանյան ներկայացուցիչ Վասիլի Ստեփանյանը` նշեց Ս. Քրմոյանը:

Նշենք, որ, ըստ պետռեգիստրի տվյալների, «Ֆարմ-Ադամա» ՍՊԸ-ի 50 % սեփականատերը Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Բաժնետոմսերի մյուս 50 % -ը Ռուսաստանի քաղաքացի Հակոբ Հովսեփյանինն է:

«Որևէ միջնորդ ընկերություն այս գործարքից օգուտ չի ունենալու»,- ավելացրեց Ս. Քրմոյանը:

Սիլվա Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ արտադրող ընկերության հետ ուղիղ պայմանագիր կնքելու մրցույթում իրենց ընկերությունը՝ «Էլի Լիլի և քամփնի»-ին ավելի ցածր գնային առաջարկը է ներկայացրել, քան «Սանոֆի Ավենտիսի»-ը: «Նախկին 8 դոլարի փոխարեն այժմ ներկայացրել ենք 5 դոլարի հայտ»,- ասաց Ս. Բարսեղյանը: «Նատալի Ֆարմի» տնօրեն Ասատուր Ասատրյանն էլ մեզ ասաց, որ իրենք ներկայացրել են 10մլ  սրվակի համար 3,3 դոլարի գնային առաջարկ (առանց ԱԱՀ). սա իսկապես ավելի ավելի մատչելի գնային առաջարկ է, քան հաղթած «Սանոֆի Ավենտիսի»՝ նույնքան չափաբաժնով սրվակի համար՝ 4-6 եվրոն: Թե ինչու նախապատվություն չի տրվել «Նատալի ֆարմին», Ս. Քրմոյանը պատասխանեց, թե բացի գնից մրցույթի ժամանակ հաշվի են առնում նաև այլ հանգամանքներ:

«Մրցույթը բավականաչափ բարդ գործընթաց է: Մենք հստակ ներկայացրել ենք մրցույթի պայմանները, ընկերությունները բացի գներից որպես պայման նաև ներկայացնում են ծրագրեր: Ընկերությունը, օրինակ, պարտավորվում է, որ հետագա տարիներին պատրաստ է 1 միլիոն դոլարի բարեգործական ծրագիր անել կամ հիվանդներին անվճար սարքեր տրամադրել»,- նշեց Ս. Քրմոյանը:

Նա ավելացրեց, որ թեև առողջապահության նախարարությունը թույլտվություն ունի ամբողջ ինսուլինը ձեռք բերել «Սանոֆի Ավենտիս» ընկերությունից և առայժմ լրամշակվում է հինգ տարվա պայմանագրի տեքստը, սակայն մրցույթում պարտված ընկերությունները («Նովո Նորդիսկ» և «Էլի-Լիլի և քամփնի») կարող են դեռ ներկայացնել նախարարությանը «իրենց ավելի նպաստավոր առաջարկները»:

«Եթե կտան ավելի լավ առաջարկներ, քան այն ընկերությունը, որը հաղթել է, կարծում եմ` մենք պետք է դիմենք կառավարություն և համապատասխան հանձնարարական ստանանք, թե ինչպես գործենք այնուհետև»,- նշեց Ս.Քրմոյանը:

Ինսուլինը ընդամենը մեկն է պետգնումներով ձեռք բերվող դեղատեսակներից: Պետբյուջեից դեղորայքի ձեռքբերման համար տրամադրվող միջոցները կարող են խնայվել բոլոր դեղատեսակների դեպքում: ԱՆ-ի մեզ տրամադրած տվյալներով` պետական գնումների շրջանակում 2013թ-ին ձեռք է բերվել 44 անուն դեղատեսակ:

Կառավարությանն առընթեր «Գնումների աջակցման կենտրոն» գրծակալությունն այժմ շրջանակային համաձայնագրեր ունի դեղագործական 47 ընկերությունների հետ: Դրանց մեջ են նաև «Նատալի Ֆարմ» և «Մ.Լ.Ն. ֆարմ» ընկերությունները, որոնք զրկվել են ինսուլինի մատակարարման հնարավորությունից, սակայն դեռ մասնակցում են այլ դեղատեսակների ձեռքբերման մրցույթներին:

Եվ եթե առողջապահության նախարարությունը ուղիղ պայմանագրեր ձեռք բերի դեղարտադրող արտասահմանյան ընկերությունների հետ բոլոր դեղատեսակների դեպքում, ապա կկրճատի պետբյուջեից դեղորայքի համար տրամադրվող գումարը յուրաքանչյուր դեղատեսակի համար` գուցե կրկնակի, ինչպես ցույց տվեց ինսուլինի օրինակը: Բոլոր 44 դեղատեսակները ներկրվում են արտերկրից համապատասխան դեղարտադրող ընկերություններից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter