
Ինչպե՞ս են պետության հյուրին «տեղավորում» խոնավ կացարանում
Արդեն մի քանի օր է՝ Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսին եմ դիմում՝ Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Մասիմո Լիպպիի հետ հարցազրույց անելու նպատակով: Պրոֆեսոր Լիպպին Վիգեն Ավետիսի խորհրդով մասնակցում է Գյումրիում տեղի ունեցող քանդակագործության միջազգային սիմպոզիումին: Նա միակ մասնակիցն է, ով հրաժարվել է հոնորարից: Պրոֆեսոր Լիպպիին Գյումրիում հանդիպեցինք հուզված հոգեվիճակում:
Թամաշա՝ թեժ երթևեկի մեջ
Հաղթանակի փողոցի մոտից ձգվում է լայն ճանապարհ, որտեղ երթևեկը եռում է: Փողոցի մի մասում հացատունն է՝ անհասկանալի դիզայնով, իբր Գյումրվա կոլորիտով, հացատան դիմաց Աշոտ Ողորմածի արձանն է ՝ ձիուն հեծած, որը հայացքը, ասես, հառել է բիլիարդի սրահին: Արձանի կողքին այգին է, որի եզրագծով՝ մայթի երկայնքով, շարվել են անավարտ քանդակները: Ընդ որում՝ քանդակները շարք կանգնած զինվորների նման են տեղադրվել, որտեղ կազմակերպիչները խրոխտ հայացքներով վերև-ներքև են անում, ինչպես հրամանատարը: Բայց ի տարբերություն հրամանատարի՝ լուսանկարում են, եկող-գնացողների հայացքները որսում, «էստի համեցեք» ասում՝ չմոռանալով լուսանկարվել: Իսկ փողոցի կենտրոնում միայն համարձակ վարորդներն են կանգնում, որոնց համարձակությունը, ասես, ներշնչվում է շքեղ ավտոմեքենայից ու դրա «ոսկե» համարներից: Փողոցն անցնելով՝ այս պատկերն ավելի կոնտրաստային է դառնում:
Ուկրաինայից, Բելառուսից, Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից և Արցախից 10 քանդակագործ, ծառերի ճյուղերի հետ «կռիվ» տալով, տեղաշարժվում է: Նրանցից ոմանք արդեն հասցրել են հարմարվել այդ վայրին, քանի որ այլընտրանք չունեն: Մուգ կապույտ բլուզով, ալեխառն մազերով պրոֆեսոր Լիպպին աշխատում էր: Քիչ անց պայմանավորվեցինք հարցազրույցի համար: Քանի որ դեռ ժամանակ կար, և պետք է սպասեի այնքան, մինչև նա ավարտեր իր աշխատանքը, սկսեցի խոսել սիմպոզիումի մասնակիցների հետ: Հետաքրքիր էր իմանալ, թե մեր պետության հյուրերը գո՞հ են, արդյոք, իրենց ցուցաբերված ընդունելությունից, ի՞նչ տպավորություններ են ստացել: Քանդակագործներից մեկը դժգոհեց սննդից, կացության պայմաններից՝ խնդրելով չհրապարակել իր անուն-ազգանունը: Բացի կենցաղային ոչ բավարար պայմաններից՝ նա դժգոհ էր նաև իրենց աշխատանքի համար հատկացված վայրից: Նրա խոսքով՝ իրենք բանվորի աշխատանք էլ են անում, որովհետև երբեմն ստիպված հավաքել քարերը:
Ինչո՞ւ էր բարկացել Արթուր Գևորգյանը
Սիմպոզիումի կազմակերպիչ Արթուր Գևորգյանին նախ հարցրինք, թե ինչով է պայմանավորված տվյալ վայրի ընտրությունը, որը, կարծես, դժվարություններ է ստեղծում քանդակագործների աշխատանքի համար, բացի այդ՝ երթևեկն է խանգարում: «Ոչ մի բան չի խանգարում, քանդակները տեղադրված են այն դիրքում, որ քանդակագործները կարող են հեռանալ իրենց հիմնական կետերից 10 մետր հեռավորության վրա, փողոցից 2,5-3 մետր հեռավորության վրա է դրված: Ընտրված է այս վայրը, որովհետև կենտրոնական հատված է, մենք չէինք կարող քաղաքից դուրս սիմպոզիում անել, որ գյումրեցիները չտեսնեին: Իսկ երբ գյումրեցիները տեսնում են, իրենք իրենց ներդրումը, ներգրավվածությունն են ունենում, իրենց ոգևորում է այս ամենը, և իրենք էլ են մասնակցում հանրային միջոցառմանը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Սրան ի պատասխան՝ երբ փորձեցինք դիտարկում անել. «Եթե սիմպոզիումը կազմակերպվեր հարմարավետ վայրում՝ բանուկ փողոցից հեռու…», սիմպոզիումի կազմակերպիչը թույլ չտվեց շարունակել՝ ասելով. «Ներողություն, իսկ ո՞վ ասաց, որ հարմարավետ չէ, Դուք որևէ մասնակցից ունե՞ք կարծիք, որ հարմարավետ չէ: Դուք մասնագետ չեք, հարգելիս: Ես լրագրության նրբությունների մեջ մենակ մի բան եմ նշում՝ այն, ինչ որ ինտերվյու եմ տալիս, բառիս բուն իմաստով՝ հետևողական եմ լինում՝ «սիրոյ» մատերիալից մինչև նյութը հետագայում հետամուտ եմ լինելու: Հարց եք տալիս՝ պատասխանում եմ՝ կներեք, Դուք մասնագետ չեք: Ես քանդակագործ եմ, և նախքան տեղի ընտրության հարցը և մնացած հարցերը մասնագետները նստել խորհրդակցել են և որոշել, թե ինչու այստեղ և ոչ այնտեղ»:
Ա. Գևորգյանը նշեց, որ երբ քար են տեղափոխում սիմպոզիումի վայր, ճանապարհային ոստիկանությունը հսկում է, որպեսզի այդ մարդաշատ վայրում պատահարներ չլինեն: Մեր հաջորդ հարցին, թե մասնագետներից դժգոհություններ ստացե՞լ է, արդյոք, կացության պայմանների վերաբերյալ, ասաց. «Անկեղծ եմ ասում՝ չի եղել, որևէ մասնակից անձամբ ինձ որևիցե դժգոհություն չի հայտնել, Աստված է վկա: Ուզո՞ւմ եք՝ 10 մասնակիցներով հավաքվենք, մամլո ասուլիս անենք, և չունեն դժգոհություններ, որովհետև ամեն առավոտ մոտենում է ծրագրի ղեկավարը, կոորդինատորը, ֆինանսիստը, ասում է՝ ի՞նչ հարցեր ունեք՝ սկսած էլեկտրաէներգիայի սնուցողից, սկսած խոհարարից, սկսած մատուցողից: Բոլորից, ովքեր պատասխանատու են, որևիցե մեկից դժգոհություն չկար: Կարող է պատահի կա օրվա խնդիր, որը բարձրացվում է, և երկրորդ օրը լուծվում է այդ խնդիրը»:
Ինչպե՞ս են ընդունում պետության հյուրին
Պրոֆեսոր Լիպպիին հատկացրել են խարխուլ շենքում գտնվող մի բնակարան, որի դուռը բացելիս խոնավության հոտն արդեն «պարուրում է» մտնողին: Հյուրասենյակի պատից կախված չաշխատող ժամացույցն արդեն ասելիք ուներ սենյակ մտնողին: Մինչ այդ նա աթոռից վերցնում է իր հագուստներից մեկը, որը սենյակի խոնավությունից թացացել էր: Նրա ասելով՝ առաջին օրերին աշխատանքային գործիքների պակաս կար, որը հետո նաև իր ջանքերով լուծվեց:
Սեղանին դրված էին նամակների մի տրցակ, իտալերենով գրքեր ու քարե խաչ: Ասում է ՝ նամակները գրել է մղձավանջային ու իր համար տառապալի այդ օրերի պատճառով. «Այս օրերին ես երեխայի պես փնտրում էի մորս, ուզում էի տեսնել իմ հարազատներից որևէ մեկին…»:
Երբ արդեն լուսանկարում էի պրոֆեսոր Լիպպիի սենյակը, ներս մտավ սիմպոզիումի կազմակերպիչ Արթուր Գևորգյանը, որը րոպեներ անց զանգահարեց Լիպպիին հյուրընկալածներից մեկին՝ ասելով, որ լրագրողը պետք է իրենից թույլտվություն հարցնի, որ հարցազրույց անի: Այդ հեռախոսազանգին հաջորդեց երկրորդը, որի ժամանակ ասաց, թե լրագրողը պետք է տանտերերից թույլտվություն հարցնի, որպեսզի լուսանկարի տունը: Հետո ավելացրեց, թե իրենք համապատասխան ձևով կարձագանքեն լրագրողի կատարածին:
Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ էր, որ պրոֆեսոր Լիպպին նման պայմաններում է ապրել այս օրերին:
«Ես տեղյակ չէի, թե ինչ պայմաններում էր նա ապրում: Ինձ ասացին, որ շատ լավ պայմաններ են: Ես վստահ էի, որ մեր պետության հյուրը, Գյումրի քաղաքի հյուրը չէր կարող քնել խոնավ մի սենյակում: Ուզում եմ մեղադրական խոսքեր հնչեցնել ոչ թե կազմակերպչի հասցեին, այլ այն բոլոր կառույցների, որոնք այդքան փոքր գումարով ցանկանում են հրավիրել շնորհալի արվեստագետների և փոքր հնարավորություններով մեծ գործեր ստանալ:
Ես ցավով եմ տեսնում, որ Գյումրիի քաղաքապետն իր աթոռից չիջավ, իր մեքենան չնստեց և չգնաց, չճաշեց քաղաքի հյուրերի հետ, ովքեր գնալու են իրենց երկրները, պատմելու են, թե ինչ է իրենից ներկայացնում Գյումրին, ով է քաղաքապետը և ինչպիսի ուշադրության են արժանանում նրանք: Քաղաքապետը չգնաց տեսնի, թե ինչ միջավայրում են քնում, հանգստանում հյուրերը, թե ինչ է պատրաստված հյուրերի համար»,- ասաց Վ. Ավետիսը:
Նրա խոսքով՝ հյուրերը սնվել և քնել են ոչ ապահով պայմաններում: «Քանդակագործը, կարծում եմ, նաև մտածող մարդ է, ում համար պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի կարողանա միտքը վերածել քանդակի: Այդ մարդկանց նվազագույն պայմաններ էին հարկավոր, և եթե քաղաքապետը չկարողացավ ապահովել հյուրանոցով, կարծում եմ՝ պետք է տաներ իր տուն այդ մարդկանց, որպեսզի նրանք կարողանային իրենց ամբողջ կյանքում հիշել, թե Գյումրիի քաղաքապետն ինչպես իր տանն ընդունեց արվեստագետներին»,- նշեց նա:
![]() |
Ննջասենյակում տեղադրված մահճակալի վերեւի հատվածը բեռնված է կենցաղային իրերով |
ՀՀ կառավարությունը 8 մլն դրամ էր հատկացրել Գյումրիում քանդակագործության միջազգային սիմպոզիում կազմակերպելու համար, 1 մլն դրամ էլ հատկացրել էր Շիրակի մարզպետարանը:
Առաջին լուսանկարում՝ ձախից աջ. Վիգեն Ավետիս, Մասիմո Լիպպի
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել