
Քաղցկեղով հիվանդների համար դեղորայք ձեռք բերելու նպատակով երկար ճանապարհ պետք է գնալ
Կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդ, անհուսալի վիճակում հայտնված Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Անժելա Ավագյանին բժշկի կողմից նշանակված հոգեմետ տրամադոլ և ապաուրին դեղերը անվճար չեն տրամադրվում ոչ Ախթալայի առողջության կենտրոնի և ոչ էլ Ալավերդու բժշկական կենտրոնի կողմից:
Անժելան ապրում է մոր հետ, որը նույնպես ծանր հիվանդ է: Նրանք իրենց գոյությունը պահում են մոր 20 հազար և Անժելայի 15 հազար դրամ թոշակով: Հոգեմետ դեղերը ստանալու համար Ախթալայի առողջության կենտրոնի տնօրեն, բժիշկ Կարեն Ազարյանը շաբաթվա ընթացքում երկու անգամ դեղատոմս է գրում հիվանդի անունով: Վերջինիս միակ խնամողը` քույրը, չեղած տեղից ավելորդ ճանապարհածախս անելով, դեղատոմսի վրա Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետի վարիչ, բժիշկ Միքայելյանի ստորագրության համար մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ Ախթալայից գնում է Ալավերդի, այնտեղից էլ՝ Վանաձոր կամ Նոյեմբերյան` դեղերը գնելու համար:
Ախթալայի առողջության կենտրոնի տնօրեն Կարեն Ազարյանը «Հետքին» հայտնեց, որ անվճար հոգեմետ դեղեր քաղցկեղով ծանր հիվանդին պարտավոր է տրամադրել Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետը, որը, սակայն չի տրամադրում: Բժիշկ Ազարյանը նաև հայտնեց, որ Ալավերդու դեղատներից ոչ մեկը չունի հոգեմետ դեղեր վաճառելու լիցենզիա, որի պատճառով էլ Անժելայի քույրը ստիպված դրանք գնում է Նոյեմբերյանից կամ Վանաձորից: Անժելային անվճար հոգեմետ դեղեր չտրամադրելու մասին «Հետքը» խնդրեց «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի մեկնաբանությունը:
«Ալավերդի քաղաքի և Թումանյանի տարածաշրջանի բոլոր համայնքների քաղցկեղով ծանր հիվանդներին անհրաժեշտության դեպքում մենք անխտիր պարտավոր ենք տրամադրել ցավազրկող նարկոտիկներ: Սակայն հոգեմետ դեղեր սպասարկում ենք Ալավերդու և
մեր տարածաշրջանի բուժակ մանկաբարձական կետեր ունեցող համայնքերի քաղցկեղով հիվանդներին: Ախթալա համայնքի բնակիչ Անժելա Ավագյանին անվճար հոգեմետ դեղեր պարտավոր է տալ Ախթալայի առողջության կենտրոնը: Դրա համար կենտրոնի տնօրինությունը պետք է ձեռք բերի հոգեմետ դեղեր տրամադրելու լիցենզիա»,- ասաց Ստեփան Մոսինյանը: Կրկին խնդրեցինք բժիշկ Կարեն Ազարյանի բացատրությունը: «Մենք ֆինանսական այդ հնարավորությունները չունենք՝ հոգեմետ դեղերի լիցենզիան ձեռք բերելու համար: Ես չեմ էլ պատրաստվում ձեռք բերել այդ լիցենզիան, որովհետև չունենք նաև դրանց պահպանելու հնարավորություն: Տարածաշրջանում կա մեկ ՕՆԿՕ կաբինետ, որը պարտավոր է հոգեմետ դեղերով սպասարկել բոլոր համայնքների՝ չարորակ ուռուցքով ծանր վիճակում գտնվող հիվանդներին»,- ասաց Կարեն Ազարյանը:
Շնողի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, բժշկուհի Հերմինե Առաքելյանից էլ տեղեկացանք, որ ամբուլատորիան, որ սպասարկում է Շնող և Թեղուտ գյուղերի ազգաբնակչությանը և չի ենթարկվում Ալավերդու բժշկական կենտրոնին, նույնպես չունի հոգեմետ դեղերի բաշխման լիցենզիա: «Քաղցկեղով մեր հիվանդներին նարկոտիկներ և հոգեմետ դեղեր նշանակում և տրամադրում է Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետը»,- ասաց Հերմինե Առաքելյանը:
Պարզվեց Ալավերդու դեղատների սեփականատերերը նույնպես ամեն կերպ խուսափում են ծանր հիվանդներին հոգեմետ և նարկոտիկ ցավազրկող դեղերի վաճառելուց` կապված վաճառքի լիցենզիա ձեռք բերելու, դրանց պահպանության անվտանգության լրացուցիչ ծախսերի և իրավապահների պարբերական ստուգումների պատճառով: Դեղատների սեփականատերերի մի մասը այն կարծիքը հայտնեց, որ հոգեմետ և նարկոտիկ ցավազրկող դեղորայք ամբողջ տարածաշրջանի՝ քաղցկեղով, այդ թվում և՝ այլ ծանր հիվանդներին անվճար պետք է տրամադրի այն դեղատունը, որը կատարում է պետպատվերով բնակչության անվճար դեղորայքի բաշխումը: Նրանք հայտնեցին, որ Ալավերդիում դա կատարում է «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանի սեփական դեղատունը:
Անժելա Ավագյանին բժշկի կողմից նշանակված հոգեմետ տրամադոլ և ապաուրին դեղերը առողջապահական հիմնարկների կողմից անվճար չտարամադրելու մասին հայտնեցինք Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին: Մարզպետը խոստացավ մինչ իր կողմից խնդրին ծանոթանալն ու կարգավորելը Անժելա Ավագյանին ֆինասական օգնություն տրամադրել` պահանջված դեղորայքը գնելու համար: Իհարկե, սա խնդրի արմատական լուծումը չէր: Ալավերդիում և տարածաշրջանում Անժելայի դեպքը եզակի չէ: Քաղցկեղով հիվանդների հարազատների կողմից նարկոտիկ ցավազրկող և հոգեմետ դեղերի անվճար տրամադրման գործից դժգոհությունները միշտ էլ եղել և շարունակվում են: Սակայն Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից խնդիրը այդպես էլ արմատապես չի կանոնակարգվում: Հիշեցնենք, որ միայն Ալավերդու բժշկական կենտրոնի ՕՆԿՕ կաբինետում հաշվառված են 600-ից ավելի չարորակ ուռուցքով հիվանդներ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել