
Նաիրա Զոհրաբյան. մարդկանց պետք չի ձուկ բռնել սովորեցնել, որովհետև ձուկ չկա...
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված «Զվաղվածության մասին» օրինագծին, ասաց, որ դա դատարկ օդ է: «Այսօր երկիրը հասցված է այն վիճակի, որ այդ 18.000 դրամը այդ 20.000 քաղաքացու համար ևս չկա: Ուստի, հիմա փորձում են շատ գեղեցիկ, շատ գլոբալ, բարդ ձևակերպումներով, որ մենք պետք է սովորեցնենք ՀՀ քաղաքացուն` ինչպե՞ս դառնալ որակյալ մասնագետներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրան` մեր խնդիրն այն է, որ ոչ թե մարդիկ չունեն համապատասխան որակավորում, այլ որ վարվող քաղաքականության արդյունքում այսօր ուղղակի գոյություն չունի աշխատատեղ, և մարդիկ հեռանում են: «Այն, ինչ որ դուք հայտարարել էիք, միֆ է, և այսպես էլ միֆեոլոգիաներով շարունակում եք ձեր քաղաքականությունը: Հիշո՞ւմ եք, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի տրամադրած գումարի 16 մլն-ը ծախսեցիք՝ մարզային բնակչության գլխին «Ինչպե՞ս ցանել կարտոֆիլը» թեմայով լոլոներ կարդալու համար: Այսինքն` պետք չէ նորից փորձել վերապատրաստել, նորից ինչ-որ դասընթացներ կազմակերպել մեր քաղաքացիների համար»,- նշեց Ն. Զոհրաբյանը:
Նրա ասելով` այսօր կան հրաշալի մասնագետներ, ովքեր ոչ թե համապատասխան մասնագիտական որակավորում չունեն, այլ լքում են Հայաստանը, քանի որ աշխատանք չկա: «Ամեն ինչ շատ պարզ է. այս նախագիծը բերել եք նրա համար, որովհետև այդ գումարը ևս չկա»,- նկատեց Ն. Զոհրաբյանը` ավելացնելով, մարդկանց պետք չի ձուկ բռնել սովորեցնել, որովհետև ձուկ չկա, իսկ կարթ բռնել մարդիկ լավ գիտեն:
Մեկնաբանել