HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռետրո ակումբ»

Նաիրա Հայրապետյան

սկիզբը

«Ռետրո Ակումբ»-ում այսօր անդրադառնում ենք հին ու բարի օրերին` ներկայացնելով երաժշտական տարբեր ժամանակաշրջաններ ու ժանրեր ընդգրկող երգեր, որոնք պատկանում են բոլոր ժամանակներին. դրանք աշխարհի տարբեր մայրցամաքներ շրջագայած ամենասիրված, ամենաճանաչված երգերից են, համաշխարհային հիթեր:

Ահա նրանցից երեքը` “Oh, lady be good!” (1924թ), “The Sound of Silence” (1965թ), “Always on My Mind” (1972).

“Oh, lady be good!”-ը 1924-ին ծնված երգ է, որի հեղինակներն են Ջորջ և Աիրա Գերշվինները: 1947թ. Էլլա Ֆիցջերալդի կատարմամբ երգի ձայնագրությունը ճակատագրական դեր ունեցավ երգչուհու երաժշտական կարիերայում: Միանգամից վերածվելով հիթի` այն կարծես թե ազդարարեց նրա սոլո կարիերայի հաղթական սկիզբը: Էլլա Ֆիցջերալդը “Oh, lady be good!”-ը կատարել է բազմաթիվ անգամ, գրեթե իր բոլոր համերգների ընթացքում: 1959թ. Թողարկված “Ella Fitzgerald Sings the George and Ira Gershwin Songbook” ալբոմում երգը ներկայացված է բալլադային մեկնաբանությամբ` հայտնի գործիքավորող և կոմպոզիտոր Նելսոն Ռիդլիի գործիքավորմամբ:

Լսել` E. Fitzgerald- Oh lady be good

“Simon & Garfankel” (Սայմըն և Գարֆանքել). սա 60-ական թթ. ամենահաջողակ դուետն էր, որը ներկայացնում էին Փոլ Սայմընը և Արթուր Գարֆանքելը: Ամերիկյան ֆոլք-ռոք խմբին բնորոշ էր երեք  առանձնահատկություն`  երգերում անպայմանորեն առկա էին վոկալային հարմոնիկ պարտիաներ` գոսպելի էլեմենտներով, էլեկտրոկիթառ և լիրիկական-փիլիսոփայական տեքստեր:

1965թ. թողարկվեց “The Sound of Silence” երգի (երգի ստեղծման տարեթիվը` 1964) ռոքային տարբերակով սինգլը, որը խորհրդանշական դարձավ խմբի համար. այլ կերպ ասած` այս երգը լուսավորեց դուետի ուղին: Երգի հեղինակ Փոլ Սայմընը խորապես ազդված էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից, որից մի քանի ամիս անց սկսեց աշխատել երգի վրա: 1966թ. հունվարի 1-ից 8-ը, այնուհետև հունվարի 22-ից 28-ը ընկած ժամանակահատվածում “The Sound of Silence”-ը գլխավորում էր ԱՄՆ հիթ-շքերթների շարքը` երկու անգամ հետ մղելով նույնիսկ The Beatles–ի “We Can Work It Out” երգը:

“Always on My Mind”` «Ընդմիշտ իմ մտքում». քանթրի ոճով գրված երգի հեղինակներն են Ջոն Քրիստոֆերը, Մարկ Ջեյմսը և Ուեյն Քարսոնը: Առաջին անգամ ձայնագրվել է 1972թ. ամերիկյան փոփ-աստղերից մեկի` Բրենդա Լիի կատարմամբ, այնուհետև հայտնվեց Էլվիսյան տարբերակը, սակայն, մեծ իմաստով, երգը հանրաճանաչ դարձավ Ուիլլի Նելսոնի կատարումից հետո` 1982թ: Էլվիս Փրեսլիի կատարմամբ  “Always on My Mind” երգը ձայնագրվեց 1972թ. մարտի 29-ին, «Էլվիսը շրջագայում է» վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ երգիչը, աշխատանքներին զուգահեռ, փորձում էր հոգեբանորեն դեռևս  հաղթահարել ապահարզանի հետքերը: Երգն ընդգրկվեց  «Տարբեր ուղիներ» (“Separate Ways”) սինգլի հակառակ կողմում: Նույն թվականին հայտնի “Billboard” երաժշտական  ամսագրի տվյալներով զբաղեցնում էր լավագույն հորիզոնականները հիթ-շքերթային «մրցավազքում»:  Եվ չնայած երգի հաջողությանը` Փրեսլին այն առանձնապես չէր սիրում, ուստի նաև չէր ընդգրկում իր համերգային ծրագրերում:

Իսկ ահա 1982թ. Ուիլլի Նելսոնի կատարումը բազմաթիվ մրցանակներ բերեց, այդ թվում` երեք Գրեմմի (1983թ-ին` 25-րդ մրցանակաբաշխության ժամանակ)` «Տարվա երգ», «Լավագույն քանթրի երգ», «Տղամարդու լավագույն վոկալ» անվանակարգերում: Երգի համաշխարհային հաղթարշավը սկսված էր:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter