HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի բանտերում կան անմեղ մարդիկ»

Երբ աշխարհի շատ երկրներ հրաժարվեցին մահապատժից, առաջնային հիմնավորումներից մեկն այն էր, որ անգամ պարբերաբար կատարելագործվող իրավական համակարգ ունեցող երկրները չեն կարող խուսափել դատական ճակատագրական սխալներից: Մարդկության պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ դատապարտվել են անմեղ մարդիկ, անգամ մահապատժի դատավճիռներ են իրագործվել, սակայն տարիներ անց հայտնաբերվել է իրական հանցագործը: Գործերի վերաբացման համար ստեղծվեցին տարբեր գործիքներ՝ նոր ու նոր երևան եկած հանգամանքներ, գիտության զարգացման նվաճումներ: 20-րդ դարավերջից քրեական գենետիկան՝ ԴՆԹ թեստի միջոցով, աներևակայելի արդյունքներ է գրանցում զարգացած աշխարհում: Անգամ տասնյակ տարիներ առաջ դատապարտված մարդիկ արդարացման դատավճիռներով վերադառնում են ազատություն: ԴՆԹ թեստի կիրառման համար անհրաժեշտ է մեկ պայման. պետությունը պետք է պահպանի իրեղեն ապացույցները: Արևմուտքում համակարգը պահպանել է այդ ապացույցները:

Ի՞նչ է անում մեր պետությունը

Հայաստանում կյանքի դեմ ուղղված ու առանձնապես ծանր հանցագործությունների գործերով իրեղեն ապացույցները հիմնականում չեն պահպանվել: Դատավճիռների վերջում հաճախ տեսնում ենք` «իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը:

Երբ այս փաստի մասին ասացի ԱՄՆ-ից մեր հայրենակից, քրեական գենետիկ Գրեգ Համփիկյանին, («Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի մասնաճյուղի ղեկավարն է, Հայաստանում տարիներ առաջ մասնակցում էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» կազմակերպած կոնֆերանսին) կլորացրեց աչքերը:

Գրեգ Համփիկյան

«Չէ՞ որ գիտությունը մեծ տեմպերով զարգանում է: Հայաստանի բանտերում, իհարկե, կան անմեղ մարդիկ, քանի որ Հայաստանը դեռ շատ երիտասարդ պետություն է: 1990-ականներին նոր-նոր դատական համակարգ էր ծնվում: Այնքան հարցականներ կլինեն այդ գործերում: Ինչպե՞ս կարելի է պահպանել դատապարտյալի կյանքն ու վերացնել նրա գործի վերաբացման հիմքերը: ԱՄՆ-ում վերջին տարիներին հարյուրավոր դատապարտյալներ են 15-20 տարի անց արդարացվել շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման ու ԴՆԹ-ի»,- ասաց Գրեգ Համփիկյանը:

ՀՀ ԳԱԱ  փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արտաշես Ջավադյանը նշեց, որ, ցավոք, Հայաստանում դեռ չկան այդ լաբորատորիան, այդ գործիքները. դրանք շատ թանկ արժեն: 2004 թ-ից այս կողմ ազգային բյուրոյում պահվել են քրեական գործերի փորձանմուշների միայն էլեկտրոնային նկարագրությունները: Իսկ 1990-ականների գործերով ոչինչ պահպանված չէ: Այդ ժամանակ անգամ բյուրոն գոյություն չի ունեցել:

Սկսեցի հարցումներ ուղարկել աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրեագիտական կենտրոններին՝ դատափորձագիտական կենտրոնների եվրոպական ցանցին՝ պարզելու արդյոք հնարավո՞ր է առանց իրեղեն ապացույցների, քրեական գործերի նութերով նոր փորձաքննություն իրականացնել՝ հաշվի առնելով գիտության զարգացումը: Բոլոր երկրներից ստացվեցին մեկը մյուսին կրկնող պատասխաններ. «Ներողություն, բայց հին քրեական գործերով կրկնակի փորձաքննություններ կարող ենք անել միայն իրեղեն ապացույցների հիմքի վրա»: Եվ միայն Նորվեգիայի համապատասխան քրեագիտական կենտրոնից (Independent Forensic Services) ստացվեց պատասխան, որ հնարավոր է քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ վերականգնել իրավիճակը, այսինքն՝ կատարել քննչական փորձարարություն, որը չի տա 100 տոկոսանոց արդյունք: Ահա, թե որքան կարևոր է իրեղեն ապացույցների պահպանումը:

Ի՞նչ է անում Արևմուտքը

Նախորդ դարի վերջին՝ 1992-ին, ԱՄՆ-ում սկիզբ առավ «Անմեղության ծրագիրը» երկու քրեական գենետիկների կողմից: Նրանք պարզապես մամուլում կարդացել էին մի դատապարտյալի մասին, ով անընդմեջ կրկնում էր նույնը՝ ես անմեղ եմ: Եվ ԴՆԹ թեստը տարիներ անց ապացուցեց նրա անմեղությունը: Այսօր աշխարհում գործում է 48 «Անմեղության ծրագիր», միայն Անգլիայում՝ 23-ը կա:

Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Նոթթոնին հանդիպեցի Երևանում` «Ցմահ դատապարտյալների խնդիրները» միջազգային համաժողովի ժամանակ: Հետո նրա հետ համացանցով հարցազրույց անցկացրի:

Մայքլ Նոթթոն

 Նա արդեն տասնյակ տարիներ զբաղվում է ԴՆԹ թեստի հիմքով երկարատև ու ցմահ ազատազրկվածների գործերի վերանայմամբ: Պատմեց, որ Անգլիայում առաջինը Բուքլենդի գործն է վերաբացել, ով մեղադրվել է երկու 14-ամյա աղջիկների բռնաբարության և սպանության մեջ: Սկզբում նա խոստովանել է, թե մեկին ինքն է սպանել: Սակայն հետագայում պարզվել է, որ նրա տվյալները չեն համապատասխանում հանցագործության վայրում գտնվող առարկաների տվյալներին: Բուքլենդն առաջին արդարացվածն էր Անգլիայում: Նոթթոնը շաբաթական 30-50 նամակ է ստանում բանտարկյալներից: Ասում է, որ այժմ ողջ երկրում 1000-ից ավելի ուսանող անվճար աշխատում է գործերի վերաբացման ուղղությամբ, նաև իրավաբաններ, հետազոտողներ, բոլորը փորձում են անշահախնդիր օգնել անմեղ բանտարկյալներին: Իսկ առհասարակ վերջին երեք տարում վերանայվել է 301 մարդու գործ, 40 տոկոսն անմեղ է ճանաչվել, գտնվել են իսկական հանցագործները: Այդ գործերի 75 տոկոսի դեպքում մարդիկ դատապարտվել էին բացառապես վկաների ցուցմունքներով:

Նոթթոնը պատմեց, որ առաջին անգամ «անմեղ դատապարտյալներ» արտահայտությունը լսել է իր թեկնածուական ատենախոսության վրա աշխատելիս: Անգլիայում մի քանի հազար բանտարկյալ պնդում էին, թե իրենք անմեղ են: «Սկսեցի հոդվածներ գրել նրանց խնդիրների, վերաքննիչ համակարգի մասին: Այդ ժամանակ ինձ հրավիրեցին արդարադատության նախարարություն: Մոտ15 մարդ կար: Ասացի, որ հազարավոր անմեղ դատապարտյալներ կան, որոնց հարցերով զբաղվելու համար պետք է նոր ուղիներ գտնել: Ոչ ոք չէր խոսում: Ի վերջո, մեկն ասաց, որ ես պետության թշնամին եմ, քանի որ սասանում եմ հասարակության վստահությունը արդարադատության հանդեպ: Ի պատասխան ասացի, որ մենք հավատում ենք օրենքի ուժին, բայց եթե մեքենան կոտրված է, պետք է նորոգել այն: Անմեղ մարդիկ չպիտի մնան բանտում, պետք է գտնել իրական հանցագործներին, ոչ թե վկային կաշառելով՝ ապացույցներ ունենալ: Երբ սկսեցի այս թեմաներով գրել, շատերը զարմացան` ի՞նչ պատահեց այս մարդուն. ինչո՞ւ է նա պաշտպանում մարդասպաններին, բռնաբարողներին: Ես նրանց բացատրում էի, որ ես ոչ թե պաշտպանում եմ մեղավորներին, այլ անմեղներին: Այս գործընթացը համբերություն է սիրում. օրինակ, հինգ տարի պայքարում ես, երբեմն համակարգն ագրեսիվ է, կարող է չհասկանալ քեզ, բայց դու պահում ես քո դիրքորոշումը մինչև սկսում են հաշվի նստել քեզ հետ: Մենք բոլորս ցանկանում ենք համակարգը դարձնել ճշմարիտ: Աներևակայելի աշխատանք է: Այս թեսթերը ցույց են տալիս քրեաիրավական համակարգի անկատարությունը: Մենք աշխատում ենք ոչ միայն ԴՆԹ թեսթով գործերի վերաբացման վրա, այլև այն դեպքերում, երբ մարդ պնդում է իր անմեղությունը: Մեզ մոտ էլ տասնյակ տարիներ առաջ հաճախ իրեղեն ապացույցները ոչնչացվում էին դատավճռից հետո, այնպես որ չէինք կարող մեր աշխատանքը սահմանափակել միայն ԴՆԹ թեստով, դա նման է Հայաստանում ձեր կատարած աշխատանքին. մենք աշխատում էինք հրավիրել կառավարության ուշադրությունը, որ պահպանվեն բոլոր ապացույցները: Ի վերջո, պետական համակարգերի հետ մենք բարեկամներ դարձանք, այժմ հենց պետությունը պետական բյուջեով լուրջ միջոցներ է հատկացնում ԴՆԹ թեստերը կատարելու համար»,- պատմում էր քրեական գենետիկայի մասնագետը:

Նորից  Հայաստան

Հայաստանում ԴՆԹ թեստով գործերի վերաբացման հասնել դեռ հնարավոր չէ իրեղեն ապացույցների չպահպանման պատճառով: Սակայն առաջին քայլն արդեն արված է. Քրեական դատավարության նոր օրենքի նախագծում տեղ է գտել 100 հոդվածի 2-րդ կետը, ըստ որի կյանքի դեմ ուղղված և առանձնապես ծանր հանցագործությունների գործերով իրեղեն ապացույցները ենթակա չեն ոչնչացման: Օրենսգրքի ընդունումից հետո այդ դրույթը կարող է փրկել անմեղ դատապարտյալների կյանք:

Սակայն այսօր էլ կան դատապարտյալներ` հիմնականում երկարատև ու ցմահ ազատազրկվածներ, ովքեր տասնյակ տարիներ պատիժ են կրում, բայց և շարունակաբար բարձրաձայնում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերից այն կողմ: Նրանք անգամ ՄԻԵԴ(Մարդու իրավունքների եվրոպական դատարան) դիմելու հնարավորություն չեն ունեցել և չունեն այն պարզ պատճառով, որ դատապարտվել են մինչ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, այսինքն՝ 2001-ից առաջ ընկած ժամանակահատվածում: Հետևաբար ինչպե՞ս հասնել գործերի վերաբացման:

Միակ ելքը նոր ու նոր երևան եկած հանգամանքներն են

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 50-րդ գլուխը սահմանվում է գործերի բացառիկ վերանայման բողոքի չափորոշիչները:«Հետքի» հետ զրույցում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանը նշեց.

«Կա մի արժեք, որ կոչվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունություն: Կա դատական ակտի կայունության կանխավարկած: Դատավճիռը համարվում է օրինական, քանի դեռ ծանրակշիռ փաստարկներով այդ ակտի հիմքերը չեն դրվել կասկածի տակ: Եթե վերանայումը դառնա սովորական գործընթաց, արդարադատության համակարգը կփլուզվի: Նշանակում է՝ յուրաքանչյուր ամիս կարող են վերանայվել նախկինում կայացված դատական ակտերը և վերանայվել անընդհատ: Կարելի է անընդմեջ ասել՝ կասկածում եմ վկայի ցուցմունքի վրա, փորձաքննության վրա և այլն: Արդարադատության համակարգը, ինչպիսին էլ լինի, չի կարող նման ցնցումներ հանդուրժել: Մեր Վճռաբեկ դատարանն անընդհատ զբաղված պիտի լինի հին գործերի վերանայումներով: Նոր հանգամանքները պետք է այնքան ծանրակշիռ լինեն, որ այլընտրանք չթողնեն: Սա, իհարկե, գիտության նվաճումներին չի վերաբերում: Արևմտյան երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտության զարգացմամբ ձեռք բերված նոր գործիքները, օրինակ, ԴՆԹ-ն, հնարավոր է նոր երևան եկած հանգամանք դիտել: Չէ՞ որ այդ նոր գործիքը հնարավորություն տվեց դատական համակարգին վերաիմաստավորել ապացույցները: 1961 թ.-ին ոչ մեկը չէր մտածում, որ ԴՆԹ թեստ կհայտնագործի մարդկությունը, մեզ մոտ օրենսգիրք գրողները ուշադրություն չդարձրեցին դրան: Օրենսդրությունը մնաց գրեթե նույն մակարդակի վրա, ցավոք, շատ օրենսդիրներ ևս ընկալման առումով մնացին նախորդ դարում: Իսկ քրեական արդարադատության ոլորտը գնալով ավելի դինամիկ է դառնում: Օդորոլոգիան՝ հոտի մասին գիտությունը, մեզ համար ֆանտաստիկայի ժանրից էր, բայց այդ գիտությունը արևմուտքում թույլ է տալիս մարդուն անգամ հոտով նույականացնել: Բայց մատնահետքերը մենք դեռ նախնադարյան մեթոդներով ենք կիրառում: 15 օր է տևում արդյունքների ստացումը, իսկ դրսում՝ հաշված րոպեներ: Արդարադատության ոլորտ լուրջ ֆինանսական հոսքեր են պետք, որ այս ամենը զարգանա: Քրեական դատավարության մի դրույթ փոխելով, ցավոք, լուրջ փոփոխության չենք հասնի: Անշուշտ, իրեղեն ապացույցների պահպանումը ամրագրել օրենքով, կարևոր քայլ էր, բայց այս ամենին համալիր մոտեցում է պետք»:

Երկրորդ լուսանկարը` Գրեգ Համփիկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (3)

Նաիրա
բայց ինչ աննասուն սիստեմ ա ՀՀ արդարադատության սիստեմը։ ի՞նչ ա նշանակում ,,Սակայն այսօր էլ կան դատապարտյալներ` հիմնականում երկարատև ու ցմահ ազատազրկվածներ, ովքեր տասնյակ տարիներ պատիժ են կրում, բայց և շարունակաբար բարձրաձայնում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել ճաղերից այն կողմ: Նրանք անգամ ՄԻԵԴ(Մարդու իրավունքների եվրոպական դատարան) դիմելու հնարավորություն չեն ունեցել և չունեն այն պարզ պատճառով, որ դատապարտվել են մինչ Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալը, այսինքն՝ 2001-ից առաջ ընկած ժամանակահատվածում: Հետևաբար ինչպե՞ս հասնել գործերի վերաբացման,,: Վերաբացեք, էլի, այ դատավորներ, հանգիստ վեր ընկած կյանքն եք վայելում
SerVol
«Հայաստանի բանտերում կան անմեղ մարդիկ»....Հայաստանի բանտերում 80 տոկոսը անմեղ են: Իրական հանցագործին, ոչ գեղեցիկ աչքերի համար, բաց են թողնում, անմեղներին դատում: Այս պարագայում ատելություն է առաջանում ՍԵՓԱԿԱՆ ազգի նկատմամբ, այս պարագայում ես արդարացնում եմ ՏԵՌՌՈՐԸ, եթե այսպես կոչված իրենց գրպանի համար կարող են անմեղ մարդկանց կյանքը խորտակել` ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ.......
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ինքս շա՜տ զարմացա,որ՝ «դատավճիռների վերջում հաճախ գրում են` «իրեղեն ապացույցները ոչնչացնել» արտահայտությունը»: Ի՞նչ է սա. դատավորի ու հետա-/նախաքննության մարմինների հետքերի լվացու՞մ: Ի՞նչ ասել է ՝«Հայաստանում դեռ չկան այդ լաբորատորիան, այդ գործիքները. դրանք շատ թանկ արժեն»: Բա Լիսկաները,Մաքսիմները ու մականունավոր «պատգամավորները» էդ Ո՞ՆՑ են ամենքը 200 մլն. դոլար ունենում:...............................................Ժամանակն է,որ Հայաստանում անցնեն ժուրիով դատավարության,հատկապես քրեական դատավարությունում:Այսինքն՝ քաղաքացիական (գոնե մասնակի) վերահսկողություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter