HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան 

Սկիզբը

2. «Կուսակցություների ազգային-հեղափոխական բլոկ». «Միջկուսակցական բյուրո» 

Ստեղծված ծանր կացությունից դուրս գալու և վերահաս աղետները կանխելու համար Շուշու հայ մտավորականության շրջանում գտնվեցին մարդիկ, որոնք երբեմն անհեթեթության հասնելու չափ տարօրինակ ռեցեպտներ էին առաջարկում։ Օրինակ, եղան այնպիսինները, որոնք ժամանակը հասած համարեցին վերականգնելու ... Խամսայի մելիքությունները։ Այո, դա առասպել չէ, առաջարկում էին վերականգնել Ղարաբաղի հինգ գավառների վաղուց պատմության գիրկն անցած մելիքությունները։ Եվ այդ առաջարկություն անողներն էլ տխմար մադիկ չէին։ Այդ փաստն ինքնին, իր անեկդոտային բնույթով, որչափ ծիծաղելի, նույնքան բնորոշ էր մտավորականության որոշ մասի խուճապային, հուսահատական տրամադրությունները պատկերացնելու, ստեղծված իրադրության ամբողջ դրամատիզմը հասկանալու համար։

Դաշնակցության հարող մտավորականության և ղեկավարների մի մասը «հիմնվելով այդ կուսակցության իրական ուժի և հեղինակության վրա, պահանջում էր իշխանություն ստեղծել, բաղկացած բացառապես դաշնակցականներից։ Իրավ է, դաշնակցությունը չուներ Լեռնային ղարաբաղում իր լուրջ քաղաքական մրցակիցը, չկար հասարակական ուժեղ բազա ունեցող մի այլ քաղաքական հակակշիռ ուժ։ Բայց 40 հազարից ավելի բնակչություն ունեցող Շուշում, որից հայերի թիվը հասնում էր առնվազն 22 հազարի[1], կային մեծաթիվ հայ մտավորականներ, որոնք պաշտոնավարում էին այդ հարուստ, ծաղկած քաղաքի դպրոցներում, պետական և հասարակական հիմնարկներում։ Դրանց մեծ մասը կապված էր գաղափարական կապերով այլ կուսակցությունների հետ։ Կային Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մենշևիկյան և բոլշևիկյան ֆրակցիաներին հարողներ, կային սոցիալիստ-հեղափոխականներ (էսեռներ), կադետներ և այլն։

Փետրվարյան հեղափոխությունից հետո, ինչպես ասացինք, Շուշու հայ հասարակական-մտավոր կյանքը միանգամից կենդանություն ստացավ քաղաքական խմբակցությունների աշխույժ գաղափարական պայքարով, որ տեղի էր ունենում դիսպուտների, մամուլի միջոցով։

Շուշու հայ մտավորականության ոչ-դաշնակցական մասի մեծամասնությունն այդ պայքարի ընթացքում շատ ջերմ հետաքրքրություն էր հանդես բերում հայ հասարակական կյանքը հուզող բազմապիսի հարցերի նկատմամբ։ Իսկ 1917 թ. Հոկտեմբերից հետո, երբ սկսեց ուժգնորեն փոթորկվել հասարակական-քաղաքական կյանքը նաև ամբողջ Անդրկովկասում, Շուշու հայ մտավորականության այդ մասը ցույց տվեց գործուն շահագրգռվածություն հարազատ երկրի վիճակի նորմալացման հարցերում։ Նա անկեղծ սեր էր տածում դեպի իր հերոսական ժողովուրդը և խորապես մտահոգվում նրա ճակատագրով։

Ժողովրդին նվիրված նման տարրերի առկայության պայմաններում, երբ քաղաքական հորիզոնում հետզհետե բարդվող մռայլ ամպերը ժողովրդի ապագայի նկատմամբ լուրջ կասկածների և մտահոգության տխուր զգացմունքներ էին հարուցում, երբ երկրում օրեցօր լրջացող իրադրությունը թելադրում էր վարել խիստ զգուշավոր, հեռատես, շրջահայաց քաղաքականություն, այդ պայմաններում տասնյակ և տասնյակ հազարավոր մարդկանց գոյության, նրանց կյանքի և գույքի ապահովության պատասխանատվությունը բնականաբար չէր կարող իր ուսերին առնելու հավակնություն ունենալ թեկուզ ժողովրդի ընդհանուր վստահությունը վայելող մեն-մենակ մի կուսակցություն իր համեմատաբար փոքրաթիվ գործիչներով։

Սեփական ժողովրդի կենսական շահերը, ազգամիջյան համերաշխությունն ու խաղաղությունը ապահովելու հրամայական անհրաժեշտությունը պահանջում էին համախմբել ընդհանուր գործի շուրջը հասարակության բոլոր ազնիվ, կարող, ձեռներեց, անձնվեր ու գործուն ուժերը, անկախ նրանց քաղաքական հայացքներից և ստեղծել նրանց մասնակցությամբ մի կոալիցիոն հեղինակավոր մարմին երկրի կառավարման համար։ Իսկ երբ հանգամանքները թույլ կտային, հետագայում հրավիրել ժողովրդական համագումար և նրա ընտրությամբ կազմել օրինական կառավարություն։ Քաղաքական լուրջ անհրաժեշտություն էր նույնպես, որ Ղարաբաղի հայության կառավարող օրգանն իր կազմով լիներ այնպիսին, որ կարողանար հավատ և վստահություն ներշնչել նաև հարևան մուսուլմանության։

Իրադրության հրամայական պահանջներից բխող այդ տեսակետը ի վերջո հաղթանակեց Դաշնակցության Ղարաբաղի կոմիտեի անդամների և ակտիվի շրջանում։ Այդ հանգամանքը լայն արձագանք և ընդհանուր հավանություն գտավ նաև մյուս կուսակցություններին հարող մտավորականության կողմից։ Այդպիսով հող ստեղծվեց ընդհանուր ուժերով կազմակերպելու Լեռնային ղարաբաղի ժամանակավոր կոալիցիոն իշխանություն, բաղկացած քաղաքական կուսակցական խմբակների և Դաշնակցության ներկայացուցիչներից։

Կարճատև նախապատրաստական աշխատանքներից և բանակցություններից հետո 1917 թ. դեկտեմբերի կեսերին, Շուշում, ժողովվեցին իրավաբան Լևոն Վարդապետյանի[2] բնակարանում քաղաքի կուսակցական* կազմակերպությունների ներկայացուցիչները, բացի կադետներից։ Ժողովը հանգամանորեն քննության առաջ Ղարաբաղում ստեղծված ընդհանուր կացությունը և ընդունեց միասնական գործողությունների պլատֆորմ, որով կանխորոշվում էր Ղարաբաղի առաջիկա ղեկավար օրգանի քաղաքականության ընդհանուր ուղղությունը։

Ժողովը նկատի առնելով, որ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը գոյություն ունեցող բոլոր տեղական վարչական, դատական, քաղաքային և այլ մարմինները կամ կազմալուծվել են կամ մատնվել անգործության, որի հետևանքով երկրում օրեցօր սկսում էր ուժեղանալ անիշխանությունը, եկավ միահամուռ եզրակացության, որ կենսականորեն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի 200 հազարից ավելի հայության կյանքի և խաղաղ աշխատանքի ապահովության համար բոլոր հեղափոխական կազմակերպությունների ջանքերի միացումը նրանց ներկայացուցիչներից կազմված մի միասնական մարմնի շուրջը, որ գործելու  է իբրև Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր տեղակա իշխանություն և որի հիմնական նպատակը լինելու է՝ կազմակերպել ժողովրդին, վերջ տալ գլուխ բարձրացրած անիշխանության և բոլոր միջոցներով պահպանել խաղաղությունը և ահմերաշխությունը երկու հարևան ժողովուրդների՝ հայերի և մուսուլմանների միջև։

Անդրկովկասյան կոմիսարիատի նկատմամբ ժողովը արտահայտեց միաձայն ժխտողական վերաբերմունք, գտնելով, որ երկրում ծայր առած անիշխանությունը արդյունք է հենց այդ կառավարության ապիկարության և հանցավոր քաղաքականության, մի քաղաքականություն, որ չէր բխում անդրկովկասյան ժողովուրդների համերաշխության, խաղաղ կյանքի և կենսական կարիքների բավարարման պահանջներից, այլ, ընդհակառակը, նպաստում էր աշխատավորական մասսաների շահագործման և ստրկացման, ժողովուրդների փոխադարձ անվստահության և նրանց ազգային մեկուսացման։

Ժողովը երկրում ստեղծված ծանր քաղաքական իրադրությունը համարեց անցումային, կապված Ռուսաստանում տիրող ընդհանուր քաղաքական կացության և միջազգային իրադրության փոփոխության հետ։

Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր տեղական իշխանության ընտրության համար ընդունվեց կուսակցությունների մասնակցության պրոպորցիոնալ սկզբունքը։ Դաշնակցույթունը պիտի տար հինգ, իսկ մնացած կուսակցությունները երեքական անդամներ։ Փոխադարձ համաձայնությամբ ընտրվեցին՝ Հայրապետ Մուսայելյան, Անուշավան Միքայելյան, Եղիշե Իշխանյան, Հարություն Թումյան, Ասծատուր Ավետիսյան, Աշոտ Մելիք-Հովսեփյան, Լևոն Վարդապետյան, Նիկոլայ Իսախանյան, Հռիփսիմե Մելիք-Հովսեփյան, Արամ Միքայելյան, Ալեքսանդր Մելքումյան, Ալեքսանդր Ծատուրյան, Արմենակ Ղարագյոզյան և Մելիքսեթ Եսայան։ Այդպիսով Ղարաբաղի կառավարման այդ մարմինը, որը պաշտոնապես անվանվեց ՙՀայ հեղափոխական կուսակցությունների և կազմակերպությունների ժամանակավոր խորհուրդ՚, սկզբում բաղկացած էր 14 հոգուց, բայց մի երկու օրից հետո, ինչ-ինչ պատճառներով բոլշևիկ անդամները հրաժարվեցին մասնակցել։ Այդպիսով, խորհրդի մեջ մնացին մյուս երեք կուսակցությունների ներկայացուցիչները, թվով 1 հոգի։ Խորհրդի նախագահ ընտրվեց Հայրապետ Մուսայելյանը* և քարտուղար՝ Նիկոլայ Իսախանյանը*։

Ժողովը հրահանգեց նորակազմ խորհրդին բանակցել Շուշու մուսուլմանական ազգային կոմիտեի հետ ազգամիջյան մի մարմին ստեղծելու համար, որը պիտի վճռեր երկու ժողովուրդների ընդհանուր շահերի հետ կապված հարցերը, լուծեր երկու կողմերի միջև ծագած վեճերը, կոնֆլիկտները ու պայքարեր անիշխանության դեմ և այլն։ Առաջարկվեց խորհդին աչալրջորեն հետևել ոչ միայն ներքին (անդրկովկասյան), այլև արտաքին քաղաքական իրադարձություններին և վարել այնպիսի քաղաքականություն, որն ապահովի քաղաքի և շրջանների հայ բնակչության անվտանգությունը, խաղաղ աշխատանքը և ընդհանուր անդորրությունը անցողիկ ժամանակաշրջանում։

Երկրում անիշխանության վերջ տալու և կարգն ու հագստությունը վերականգնելու գործը ժողովը համարեց առաջնակարգ և անհետաձգելի։ Անհետաձգելի համարվեց նույնպես կազմակերպել տեղերում վարչական և դատական մարմիններ բնակչության ընտրությամբ և գործուն մասնակցությամբ։

Նպատակահարմար համարվեց պարենավորման գործը շրջաններում կազմակերպել ներքին գնումների ու գյուղացիության մեջ եղած պաշարների ավելցուկի հայտնաբերման և ռացիոնալ բաշխման միջոցով, իսկ քաղաքի բնակչության պարենավորման հարցը քննել և լուծել մուսուլմանական ազգային կոմիտեի հետ։ Խորհրդին կից որոշվեց ունենալ մշտական պարենավորման մարմին, իսկ խորհրդի բյուջեով նախատեսված ծախքերը առաջարկվեց հոգալ ի հաշիվ քաղաքի ունևոր մասից գանձված միջոցների։

«Հայ հեղափոխական կուսակցությունների և կազմակերպությունների ժամանակավոր խորհուրդը» հետագայում սկսեց կոչվել «Միջկուսակցական բյուրո», և այդ անունով էլ հայտնի դարձավ Ղարաբաղում։

Շուշու մուսուլմանական ազգային կոմիտեն հավանություն տվեց Բյուրոյի ազգամիջյան մարմին ստեղծելու առաջարկություն։ Որոշվեց կազմել մի կոմիտե բաղկացած 13 անդամներից, որոնցից 6 հայ, 6 թյուրք և 1 չեզոք անձ, որ միաժամանակ պիտի լիներ կոմիտեի նախագահը։ Երկու կողմերի միաձայն հավանությամբ նախագահ ընտրվեց Շուշու նախկին հաշտարար դատավորը՝ Յոսիֆ Իլարիոնովիչ Կոբիևը, ազգությամբ վրացի, մի շատ բարեկիրթ, անաչառ ու ամենքից հարգված անձ։ Հայերից ազգամիջյան կոմիտեի անդամներ ընտրվեցին Հայրապետ Մուսայելյան, Լևոն Վարդապետյան, Եղիշե Իշխանյան, Նիկոլայ Իսախանյան, Աշոտ Մելիք Հովսեփյան և Արամ Միքայելյան, իսկ թյուրքերից՝ Բժիռկ Թաղի Քերիմով, Խոսրով-բեկ Ֆոլատով, Հուսեին-բեկ Միրզա Ջամալով, Մահմեդ-Հասան-բեկ Միրզա Ջամալով, Քերիմ-բեկ Բեհբուդով և Ազատ Ամիրով, բոլորն էլ, գրեթե առանց բացառության, բեկեր կամ բեկական ծագում ունեցողներ։

Ազգամիջյան կոմիտեի առաջին գործն այն եղավ, որ հրավիրեց Ղարաբաղի գործադիր կոմիտեի նիստ և պահանջեց, որ նա հրաժարական տա ամբողջ կազմով, որ և կատարվեց առանց ընդդիմության։ Այնուհետև որոշվեց անիշխանության դեմ միացյալ ուժերով պայքարելու համար ժողովել Շուշու հայ և մուսուլման ունևորներից 50 հազարական ռուբլի։ Հայ վաճառականությունը այդ գումարը իր շրջանում հավաքելու համար պահանջում էր, որ իր ներկայացուցիչներն ևս լինեն Միջկուսակցական բյուրոյում։ Բյուրոն սկզբում որոշեց մերժել այդ պահանջը, բայց հետո ստիպված եղավ կոմպրոմիսային այսպիսի որոշում ընդունել. այն բոլոր դեպքերում, երբ Միջկուսակցական բյուրոն բյուջեի հետ կապված հարցերը լուծելու համար կարիք կզգա հայ վաճառականության աջակցության, այդպիսի դեպքերում միայն բյուրոյի նիստերին կհրավիրվեն կադետական կուսակցության Շուշու կազմակերպությունից ներկայացուցիչներ։ Դրանից 50 հազար ռուբլու բաշխումը արդարացի կերպով ու արագորեն կատարելու և անիշխանության դեմ պայքարելու հարցերը քննարկելու համար կադետական կազմակերպությանն առաջարկվեց ուղարկել իր երեք ներկայացուցիչներին։ Բյուրոյի նիստին եկան Մելքում Խաչատրյանը, Գրիգոր-բեկ Մինասբեկովը և Ասծատուր Ստեփանյանը, երեքն էլ կադետական կուսակցության պատկանողներ։ Որոշվեց դրամի բաշխման և հավաքման գործը հայկական մասում հանձնարարել իրենց՝ վաճառականներին, կազմելով նրանցից այդ նպատակով մի հատուկ հանձնաժողով։ Իսկ որպեսզի Շուշու հայ ունևորները, որոնք, գրեթե առանց բացառության, բաղկացած էին խոշոր վաճառականներից, վստահ լինեն, որ իրենցից հավաքված գումարները բյուրոն գործադրելու է բացառապես երկրի կառավարման կարիքներին, որոշվեց բյուրոյի հաշվապահ հրավիրել սոլիդ աշխատավարձով Ասծատուր Ստեփանյանին, մինչդեռ Բյուրոն իր անդամների համար աշխատավարձ չսահմանեց, և նրանցից ոչ մեկը մինչև վերջ այդպիսի պահանջ չներկայացրեց։ Դրամի հավաքման գործը, սակայն առաջ չգնաց։ Վաճառականները սկսել էին ձգձգել այն ու հասցրին մինչև 1918 թվի հունվարի կեսերը։ Նրանց կազմած բաշխման ցուցակի քննությունը երևան հանեց բազմաթիվ անարդարություններ։ Գործն ուշանում էր, մինչդեռ շրջաններում և խճուղիների վրա անիշխանությունն օրեցօր խորանում, սպառնական չափեր էր ընդունում։ Սրվում էր երկրում նաև պարենային և ֆինանսական ճգնաժամը։ Վերջապես, դրամի բաշխման և հավաքման գործը Միջկուսակցական բյուրոն ստիպված եղավ առնելու իր ձեռքը։ Կազմվեց մի ցուցակ 135 վաճառականների և այլ հարուստների անուններով, որոնցից պիտի հավաքվեր ըստ բախշման ցուցակի շուրջ 400 հազար ռուբլի։ Բայց մեծ ջանքերից հետո հազիվ հաջողվեց ժողովել 210-215 հազար։ Այդ գումարից իսկույն Ազգամիջյան կոմիտեի դրամարկղը մուծվեց 50 հազար ռուբլի, սակայն կոմիտեի մուսուլման անդամների թուլության շնորհիվ անիշխանության դեմ ձեռնարկված միջոցառումները հաջողությամբ չպսակվեցին, և Շուշի-Եվլախ, Շուշի-Գորիս խճուղիները շարունակեցին մնալ զինված բանժաների հսկողության տակ։

3. Իշխանության մարմինների կազմակերպումը տեղերում։ Պայքար անիշխանության և բանդիտիզմի դեմ

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, թե քաղաքում և թե շրջաններում, մեծ գոհունակությամբ ընդունեց իշխանության կազմակերպումը Շուշում։ Երիտասարդության և մտավորականության լավագույն մասը,  արհեստավորությունը պատրաստակամություն հայտնեցին ամեն աջակցություն ցույց տալ Բյուրոյի աշխատանքներին։ Եվ, հիրավի, եթե երիտասարդության լավագույն մասի անձնվեր օգնությունը չլիներ, շատ դժվար կլիներ հաջողությամբ պայքարել մինչև ատամները զինված հանցագործ և արկածախնդիր տարրերի շահատակությունների, հակահասարակական գործողությունների դեմ, կազմակերպել քաղաքում և գյուղերում կարգի և հանգստյան վրա հսկող մարմիններ, վերականգնել երթևեկության ապահովությունը ներքին ճանապարհների վրա։

Քաղաքի անհանգիստ և բախտախնդիր տարրերի դեմ ձեռք առնվեցին վճռական միջոցներ Բյուրոյի գործունեության առաջին իսկ օրերից։ Նրանցից ոմանք գնդակահարվեցին, իսկ մի մասն էլ փախավ քաղաքից կամ բարվոք համարեց խաղաղ ապրել, զբաղվելով որևէ հանրօգուտ աշխատանքով։

Քաղաքի հայկական մասում կարգի պահպանության համար հիմնվեց միլիցիական վարչություն կամավոր հիմունքներով։ Շրջաններում, գրեթե յուրաքանչյուր գյուղում, նշանակվեցին քաղաքացիական և զինվորական լիազորներ։ Դրանցից առաջինների վրա պարտականություն դրվեց համախմբելու իրենց շուրջը գյուղերի գիտակից ու գործուն տարրերին՝ պահպանելու կարգն ու հանգստությունը գյուղերում, հսկելու երթևեկության ապահովության վրա և կարգավորելու բնակչության կարիքավոր մասի պարենավորման խնդիրը։ Իսկ զինվորական լիազորները պարտավոր էին կազմակերպել տեղերում զինվորական մարմիններ, գլխավորել այդ մարմինները, կատարել հաշվառում գյուղի զինված ուժերի, զենք կրելու ընդունակ տղամարդկանց, հրազենների, զինամթերքի և այլն, կազմակերպել ջոկատներ բանակում ծառայած նախկին զինվորներից, կատարել սիստեմատիկ վարժություններ, ներգրավելով նաև գյուղի զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց։

Այդ ամենը պիտի կատարվեր անաղմուկ։

Քաղաքի բնակչության հացի մատակարարման գործը կարգավորելու համար Ազգամիջյան կոմիտեի որոշմամբ Ասկերան ուղարկվեց ազդեցիկ հայ գործիչներից մեկը, որի պարտականությունն էր վերջ տալ Շուշի-Ասկերան ճանապարհի վրա տեղի ունեցող հարձակումներին ու կողոպուտներին և ապահովել Աղդամից Շուշի ուղարկվող ալյուրի և այլ կենսամթերքների տեղափոխության անվտանգությունը։

Գանձակի վրայով ռուսական էշելոնների հետ վերադարձվող հայ զինվորների վրա շարունակվում էին հարձակումները և բռնությունները Ջրաբերդի ուղեմասում։ Բանդիտների ձեռքից մի կերպ ճողոպրած հայ ճանապարհորդների բողոքներն օրը օրին բազմանում էին։ Բանդիտիզմի լիկվիդացիան և հանգստության վերականգնումը Ջրաբերդի շրջանում դարձավ նորակազմ իշխանության պատվի գործը։ Բյուրոն իր գործունեության առաջին օրերի նիստերից մեկը ամբողջովին նվիրեց դրան։ Որոշվեց բանդիտական խմբերը ոչնչացնելու և ճանապարհների անվտանգությունը վերականգնելու համար ամենաարագ կերպով Ջրաբերդի շրջանն ուղարկել պատժիչ արշավախումբ, հանձնարարելով այդ գործի կազմակերպումը և ղեկավարությունը զինվորական կոմիսարին[3]։ Միաժամանակ առաջարկվեց նրան կարգը Ջրաբերդում վերականգնելուց հետո, մեկնել Գանձակ և աշխատել տեղի հայ ազգային խորհրդի միջոցով զենք և զինմթերք ձեռք բերել Շուշում կայազոր կազմակերպելու համար։

Որոշվեց Ջրաբերդի շրջանի Թալիշ գյուղ ուղարկել հանձնախումբ Արշավիր Քամալյանի գլխավորությամբ՝ տեղում ծանոթանալու հացի պաշարներին ու փոխադրության հնարավորություններին։ Զինվորական կոմիսարի հետ պիտի մեկներ նաև ճարտարապետներից բաղկացած մի խումբ, որի վրա պարտականություն դրվեց հետազոտելու 1905 թվին սկսված, բայց չավարտված Շուշի-Գանձակ լեռնային ճանապարհի տրասսան, որն անցնում էր ծայրից-ծայր հայերով բնակված տերիտորիայով, և կազմելու նախահաշիվ այդ ճանապարհը շտապ ավարտելու և բարեկարգելու համար։

1918 թվի հունվարի մեկին, երբ հայկական Ղարաբաղը թևակոխում էր մի ահավոր թվական, որ նոր աղետներ պիտի բերեր մեր դժբախտ ժողովրդին, մի թվական, որի ընթացքում Ղարաբաղի հայությունը պիտի ապրեր մահացու վտանգներով հղի տագնապալի ամիսներ, այդ օրը զինվորական կոմիսարը մի քանի զինված ձիավորների հետ և երկու հանձնաժողովների ուղեկցությամբ գիշերը Շուշուց մեկնեց Խաչեն։ Հաջորդ օրը հացամթերման գործով գնացողները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Թալիշ, իսկ զինվորական կոմիսարին միայն հունվարի 6-ին հաջողվեց 300-ի չափ լավ սպառազինված և կռիվների մեջ կոփված այրուձիի հետ մեկնել Ջրաբերդ։

Ճանապարհի հետազոտության հանձնախումբը պիտի մի քանի օր սպասեր Խաչենում, մինչև ճանապարհները մաքրվեին ավազակախմբերից։

***

Արշավախմբի գործողությունները Ջրաբերդի շրջանում տևեցին ութ օր։ Այդ ժամանակամիջոցում Արջաձոր, Ջանյաթաղ, Կուսապատ, Հուռութաղ, Մարտակերտ, Մոխրաթաղ, Մեծշեն և այլ գյուղերի մոտակայքում անտառների մեջ վխտացող ավազակային խմբերը գլխովին ջախջախվեցին։ Նրանց մի մասը ոչնչացվեց, իսկ մի մասն էլ փախուստի դիմելով՝ թաքնվեց լեռնային անմատչելի տեղերում, մի մասին էլ հաջողվեց կալանավորել։

Ջրաբերդի գյուղացիությունը գործուն աջակցություն էր ցույց տալիս արշավախմբին պայքարելու բանդիտների դեմ։ Այսպես, օրինակ, արջաձորցիները, առնելով արշավախմբի մոտեցման լուրը, նախապես բռնել էին իրենց համագյուղացի երկու բանդիտների և երբ արշավախմբի առաջապահը մոտեցավ, նրան դիմավորեցին գյուղի ծերունիները և հանձնեցին ձերբակալվածներին՝ Եղոյին և իր ընկերոջը, որոնց մոտ գտնվել էին սպանված հայ զինվորների արյունոտ համազգեստներ։

Արշավախմբի գործողությունների ընթացքում ոչ մի գյուղ, իհարկե, չտուժեց և չէր կարող տուժել, բայց բանդիտական խմբերն անխնա ոչնչացվեցին կամ ցաք ու ցրիվ արվեցին ու այդպիսով կարգը վերականգնվեց Ջրաբերդի ճանապարհների վրա։

Արաշավախմբին, դժբախտաբար, չհաջողվեց միայն պատժել Մեծշեն գյուղացի Բախշի-բեկին, որի խոզարածներն ահ ու սարսափ էին տարածել ճանապարհների վրա և ոչ ոք չէր համարձակվում անցնել Մեծշենի սահմաններով։ Բախշի-բեկը կարողացավ փրկվել հատուցումից ոչ արշավախմբի ղեկավարության մեղքով, այլ, որքան էլ այդ տարօրինակ թվա, շնորհիվ գյուղատնտես, Շուշու ռեալական և թեմական դպրոցների նախկին դասատու, ամենքից հարգված Լևոն Թախթաջյանի միջնորդության, որն այդ խառը ժամանակներում ստիպված էր եղել ժամանակավորապես  տեղափոխվել և հաստատվել ընտանիքով Մեծշեն գյուղում, ուր աշխատում էր ամեն կերպ օգնություն ցույց տալ ամբողջ գյուղին նրա գյուղատնտեսական աշխատանքներում իր խիստ շահեկան խորհուրդներով, զրույցներով ու զեկուցումներով։ Թախթաջյանի կնոջ նկատմամբ իր կեղտոտ մտադրություններն իրագործելու համար, Բաշխի-բեկի սադրանքով, անտառում, որսի ժամանակ (Թախթաջյանը սիրում էր որսը) նրա մարդիկ փորձել էին սպանել Լևոնին, բայց վերջինս կարողացել էր խույս տալ և մի կերպ նետել իրեն գյուղը։ Երբ արշավախումբը մտավ Մեծշենը Բախշի-բեկին պատժելու, այդ ժամանակ Թախթաջյանը հիվանդ պառկած էր։ Արշավախմբի ղեկավարին Թախթաջյանի մոտ հրավիրվեց հոր կամքով նրա փոքրահասակ տղան՝ Արմենը։ Զինվորական կոմիսարը հայտնեց Լևոնին իր զարմանքը, որ նա, այնուամենայնիվ, ամեն կերպ աշխատում է ազատել Բաշխի-բեկին, իր մահացու թշնամուն, գյուղի ցեցին ու բանդիտին։ Բանից դուրս եկավ, որ դրա պատճառը Լևոնի վախն էր Բախշի-բեկի ազգականների հետագա վրեժխնդրությունից։ Կոմիսարն ստիպված էր տեղի տալ Թախթաջյանի համառ թախանձանքներին և բավականանալ Բաշխի-բեկին խստորեն նախազգուշացում անելով և ճանապարհների անվտանգության, Թախթաջյանի ու նրա ընտանիքի ապահովության ամբողջ պատասխանատվությունը ձգելով նրա և նրա մարդկանց ու ազգականների վրա։

Այն գյուղերում, որտեղ անհրաժեշտաբար լինում էր արշավախումբը, գումարվում էին գյուղացիական միտինգներ ու ժողովներ։

***

Բանդիտիզմը Ջրաբերդի շրջանում վերացնելու և կարգն ու հանգստությունը վերականգնելու իր միսիան վերջացած համարելով, զինվորական կոմիսարը տուն արձակեց արշավախմբի զինվորներին և վերցնելով իր հետ միայն երկու տասնյակ մարտիկներ, 1918 թվի հունվարի 16-ի երեկոյան հասավ Գանձակ։

Շամխորում տեղի ունեցած իրադարձությունների մասին շշմեցուցիչ լուրեր էին լսել նրանք Գանձակից եկող հայ ճանապարհորդներից։ Եվ սակայն պարզվեց քաղաքի քաջատեղյակ մարդկանց պատմածներից, որ այն ամենը, ինչ լսել էին նրանք ճանապարհին, չէին տալիս թեկուզ մոտավոր պատկերը այն ահռելի դեպքերի, որ իրապես կատարվել էին Աղստաֆա-Շամխոր երկաթգծի վրա 5-6 օր առաջ։

Մի երևույթ, որ առաջին իսկ հայացքից աչքի էր ընկնում Գանձակում, դա մոտ օերրում տեղի ունեցած այդ դեպքերի ազդեցության տակ հայ բնակիչների շրջանում տիրող ընդհանուր շփոթվածությունն ու տագնապն էր։

Ի՞նչ էր տեղի ունեցել։

Կես միլիոնանոց Կովկասյան բանակը, որ հրաժարվել էր դեռևս 1917 թ. հունիսին կատարել Ժամանակավոր կառավարության հրամանը՝ հարձակման անցնելու բոլոր ճակատներում և ընդունել էր բոլշևիկյան լոզունգը՝ «Խաղաղություն առանց անեկսիայի և կոնտրիբուցիայի», չճանաչեց Հոկտեմբերից հետո Անդրկոկվասյան Կոմիսարիատի իշխանությունը և 1917 թ. նոյեմբեր ամսից սկսեց կազմալուծվել ու լքել ռազմաճակատը, սկզբում մանր խմբերով և ապա հետզհետե խտացող մասսաներով հորդելով դեպի հյուսիս, ինչպես հեղեղ։

Ռազմաճակատի այդ մերկացումը, որի առաջն առնելու համար Ստեփան Շահումյանի ջանքերն անցել էին ապարդյուն, Անդրկովկասի հայության համար մահացու աղետների դուրռ էր բաց անում։ Կովկասյան ճակատում գործող թուրքական բանակը, որ ռուսական բանակի ուժգին հարվածների տակ ջախջախված, հազիվ կենդանության նշաններ էր ցույց տալիս, հավաքում էր իր վերջին ուժերը, կազդուրվում, զորանում ռուս զորքի թողած մեծամեծ պաշարներով և հայրենիք վերադարձող ռուս զինվորների բազմության ետևից վախեվախ, արյունռուշտ բորենու պես քայլ առ քայլ մոտենում Անդրկովկասի սահմաններին, դուրս մղելով տեղում մնացած հայկական պաշտպանական փոքրաթիվ ջոկատները։ Կոտորածների վտանգն այս անգամ դամոկլյան սրի պես կախվում էր Անդրկովկասի հայության գլխին։ Կոտորածներից մի կերպ ճողոպրած Արևմտյան Հայաստանի արյունաքամ, ծվատված հայության վերջին բեկորները, որոնք կամավորական ջոկատների պաշտպանության տակ իրենց ավերակներում մի կերպ ծվարել էին, լքում են վերջնականապես հայրենի հողը և ծանր կորուստներով խուճապահար փախչում ու ապաստանում Անդրկովկաս։

Ռուսաստան մեկնող էշելոնները, որոնք տոգորված բոլշևիկյան իդեալներով, հայտարարում էին, որ  իրենք ճանաչում են միայն Ռուսաստանի ժողովրդական կոմմիսարների խորհրդի և Բաքվի հեղափոխական կոմիտեի իշխանությունը, երկյուղ առաջ բերին վրաց մենշևիկների մեջ։ Վտանգավոր համարելով բաց թողնել դեպի Ռուսաստան բոլշևիկորեն տրամադրված զինված զինվորների այդ խոշոր զանգվածները, այլև կարիք ունենալով զինելու անդրկովկասյան ազգային զորամասերը, Ժորդանիան և իր ընկերները որոշում են կազմակերպել Ռուսաստան դիմող էշելոնների զինաթափումը։ Երբ անհնարին է համարվում կազմակերպել զինաթափումը Ղարսի և Սանահինի գծերի վրա, այդ ժամանակ Ժորդանինան հեռագրում է Գանձակի մուսավաթական կոմիտեին, առաջարկելով զինաթափ անել Աղստաֆա-Շամխոր գծի վրա կուտակված էշելոնները, բաղկացած մինչև 20 հազար մարդուց։ Զինաթափմանն օգնելու նպատակով Թիֆլիսից դեպի Աղստաֆա-Գանձակ է ուղարկվում զրահապատ գնացք։

1918 թ. հունվարի 9-ից սկսվում են գործողությունները ռուսական էշելոնների դեմ։ Մուսուլմանական-բեկական տասնյակ հազարավոր արյուն-կզակ հորդաները «Դիկայա դիվիզիայի» հրոսակների առաջնորդությամբ գիշերը շրջապատում են զինվորներով լեցուն վագոնները։ Սկսվում է կատաղի գնդակոծություն։ Ռուս զինվորները, որոնք անվրդով քնած էին վագոններում, իրենց դեմ նախապատրաստված դավադիր հարձակման անտեղյակ, հանկարծակիի գալով, ենթարկվում են խուճապի։ Ստեղծված սոսկալի շփոթն ու իրարանցումը հնարավորությունից զրկում են ռուս զինվորներին կազմակերպելու հակահարված։ Սկսվում է մի կատարյալ արյունալի կոտորած։ Վիրավորներին մեռցնում կամ կենդանի-կենդանի թաղում էին։ Այդպիսով ոչնչացնում են Աղստաֆա-Շամխոր գծի վրա եղած էշելոնների մեծ մասը։ Մուսուլմանական բանդաներին հաջողվում է խլել հազարավոր հրացաններ, շատ թնդանոթներ, գնդացիրներ և մեծ քանակության փամփուշտ։

Այդ խժդժություններից մոտ մեկ ամիս առաջ, 1917 թ. դեկտեմբերի 14-ին, տեղի էր ունեցել Գանձակում գտնվող 219-րդ գնդի զինաթափումը մուսավաթական կոմիտեի նախաձեռնությամբ։ Ինչպես պատմում էին գանձակեցիները, այդ գունդը չէր կազմալուծվել, նա պահպանում էր քաղաքը և աչքի էր ընկնում իր կարգապահությամբ։ Չնայելով դրան՝ նա ենթարկվեց թյուրք հորդաների գրոհներին, զինաթափ արվեց և մինչև վերջին թելը կողոպտվեց մուսուլմանական խուժանի կողմից։

Այդպես էին երախտահատույց լինում ռուսներին Անդրկովկասի մուսուլման բեկերն ու խաները այն բազմաթիվ արտոնությունների, բարձր աստիճանների, պարգևատվությունների համար, որ նրանք առատորեն ստացել էին ցարական իշխանությունից տակավին ռուսական տիրապետության առաջին օրերում և հաճախ ի հաշիվ «ռուս ժողովրդի հավատարիմ բարեկամ» հայ մելիքների ու հայ չարքաշ գյուղացիության։

***

Գանձակ հասնելու հաջորդ օրվա առավոտյան ազգային խորհրդի նախագահ Արշակ Մալխասյանի հետ ունեցած տեսակցությունը զինվորական կոմիսարին համոզեց, որ զուր է մեծ հույսեր կապել խորհրդի օգնության հետ։ Ռուս զինվորներից կողոպտված զենքից և զինամթերքից Գանձակի հայության ձեռքը բան չէր ընկել և չէր էլ կարող ընկնել, քանի որ Գանձակի և նրա շրջանի հայերն այդ տմարդի, ավազակային, արյունոտ կողոպուտին անմասնակից էին։

Ազգային խորհուրդը, այնուամենայնիվ, նույն օրվա երեկոյան իր հատուկ նիստում լսեց զինվորական կոմիսարի զեկուցումը Ղարաբաղի ընդհանուր վիճակի մասին և որոշեց իր տրամադրության տակ եղած սուղ միջոցներից տալ որոշ քանակությամբ զենք, գլխավորապես «բերդան» սիստեմի հրացաններ և տասը հազար ռուբլի փոխարինաբար։ Որքան էլ աննշան լիներ այդ օգնությունը Ղարաբաղի համար, զինվորական կոմիսարն ստիպված էր բավականանալ դրանով։ Այստեղ ավելորդ չենք համարում հիշել Գանձակի ազգային խորհրդի մի առաջարկությունը, որ նրա անկարողության մի ակնառու ապացույց էր իբրև քաղաքի և նրա շրջանի հայության ղեկավար մարմնի։ Ազգային խորհրդի հիշյալ նիստում տեղի ունեցած խոսակցություններից պարզվեց, որ Գանձակի շրջանի հայկական գյուղերի սահմաններում ևս երևան էին եկել բանդիտական խմբեր, որոնք չարիք էին դարձել տեղի հայ գյուղացիության գլխին։ Ազգային խորհուրդը այդ անիշխանության վերջ տալու համար փոխանակ կազմակերպելու ժողովրդին, որ ավելի քան անհրաժեշտ էր այդ վտանգավոր ժամանակներում, և բանդիտիզմի վերացման համար օգտագործելու քաղաքի հայկական մասում իր տրամադրության տակ գտնվող զորամասը, բաղկացած 800 հոգուց, չամաչեց իր նախագահի բերանով խնդրել Ղարաբաղից հատուկ միսիայով Գանձակ եկած փոքրաթիվ ջոկատին՝ վերացնել բանդիտիզմը նաև իրենց շրջանում։ Զինվորական կոմիսարն իր զարմանքը հայտնեց այդ առաջարկության առթիվ, մատնանշելով այն մեծ հնարավորությունները, որ ուներ Գանձակի ազգային խորհուրդը սեփական միջոցներով և ուժերով կատարելու այդ աշխատանքը։ Բարեբախտաբար, Գանձակի և նրա շրջանի հայության ղեկավարությունը շուտ ըմբռնեց իր առաջարկության անհեթեթությունը և հրաժարվեց նրանից։

Երկու օր հետո ազգային խորհրդից ստացած զենքը բարձելով տեղում գնված մի քանի ջորիների վրա, զինվորական կոմիսարն իր մարդկանցով ճանապարհվեց Ղարաբաղ։ 

4. Համերաշխության միտինգներ. օկրուգային խորհուրդ. ինքնապաշտպանության միջոցառումներ 

Զինվորական կոմիսարն իր միսիայի կատարման մասին Միջկուսակցական բյուրոյում զեկուցելուց հետո՝ ձեռնարկեց մի շարք անհետաձեելի աշխատանքների։ Շուշում կազմակերպվեց կամավոր հիմունքներով մոտ 100 հոգուց բաղկացած կայազոր կապիտան Արտաշես Վարդապետյանի գլխավորությամբ։ Կայազորը տեղավորվեց քաղաքի հայկական մասում գտնվող նախկին ռուսական զորանոցի շենքերում։ Վարդապետյանի եռանդուն ջանքերի շնոհիվ այդ փոքրաթիվ, բայց ընտիր մարտիկներից բաղկացած ջոկատը իր օրինակելի կարգապահությամբ և լավ մարզվածությամբ դարձել էր Շուշու հայ բնակչության փայփայանքի առարկան։ Ժողովուրդը լավ գիտակցում էր պատմական պահի լրջությունը և իր ուժերն ու միջոցները չէր խնայում ընդառաջելու այն բոլոր հրատապ խնդիրների լուծման, որոնք բխում էին երկրի հանգստության և պաշտպանության պահանջներից։ Յուրաքանչյուրը կատարում էր իր հանձնառությունը հոժարական ու բարեխղճորեն։

Քաղաքի պարենավորման գործով Թալիշ գյուղն ուղարկված հանձնաժողովը, ինչպես և Շուշի-Գանձակ լեռնային ճանապարհի հետազոտության տեխնիկական հանձնաժողովը իրենց միսիան կատարել էին հաջող։ Թալիշցիները և սարովցիները խոստացել էին տալ հարյուր հազար փթի չափ ցորեն չափավոր գներով։ Քաղաքի հայ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող այդ գործարքը, սակայն, գլուխ չեկավ, գլխավորապես դրամի և փոխադրական միջոցների հետ կապված դժվարությունների պատճառով։ Այնուամենայնիվ, թե քաղաքում և թե շրջաններում միջոցներ ձեռք առնվեցին մեղմելու հացի կարիքը։ Գյուղական լիազորների և գյուղացիության ընդհանուր ջանքերով գյուղում եղած հացի պաշարները հաշվի առնվեցին, և ավելցուկը վաճառքի ու փոխատվության եղանակով բաշխվեց գյուղի ու քաղաքի կարիք ունեցող բնակչության մեջ։ Այդպիսի ձեռնարկումներով հնարավոր եղավ քիչ-շատ մեղմելու հացի ճգնաժամը։ Պահանջում էր միայն ամեն կերպ ձգտել պահպանելու խաղաղություն, որպեսզի հայ գյուղացին կարողանար հաջողությամբ անցկացնել 1918 թվականի վեգետացիոն շրջանը։ Խաղաղություն պահպանելու գաղափարն էր, որ ոգեշնչում ու ղեկավարում էր Միջկուսակացական բյուրոյի շուրջը համախմբված առաջավոր մտավորականությանը։ Խաղաղության և համերաշխության նշանաբանով 1918 թ. մարտ և ապրիլ ամիսներին Ազգամիջյան կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքում գումարվեցին մի քանի բազմամարդ միտինգներ հայերի և մուսուլմանների մասնակցությամբ։

***

Ապրիլի սկզբներում Շուշի էր եկել Անդրկովկասյան կոմիսարիատի նախկին փոստ-հեռագրական կապի մինիստր ինժեներ Լյուֆտալի-բեկ Բեհբուդովը։ Նա բերել էր իր հետ Թիֆլիսից 500 հազար ռուբլի, որից 200 հազարը երկրի պարենավորման կարիքների, իսկ 200 հազարը անիշխանության դեմ պայքարելու համար։ Պարենավորման հատկացրած 300 հազար ռուբլին գոյություն ունեցող անբավ կարիքների ծովում շատ աննշան արժեք ուներ։ Այդ գումարը մուծվեց քաղաքի ընդհանուր գանձարանը, որը դեռ անունով պահպանում էր իր գոյությունը։ Կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին, անխտիր, թե´ հայերին և թե´ թյուրքերին, բաց էր թողնվում 50-ական ռուբլի, որով մի քանի ֆունտ հաց հազիվ կարելի էր ձեռք բերել։ Կոմիսարիատի կողմից հանձնարարված էր 200 հազար ռուբլին օգտագործել դաշտային և լեռնային Ղարաբաղի բնակչության ընդհանուր վիճակին ծանոթանալու, անիշխանության դեմ պայքարելու և տեղական բնույթի մի շարք խնդիրներ լուծելու համար։ Այդ աշխատանքը պիտի կատարեին՝ Լյուֆտալի-բեկը իբրև մուսուլմանեսրի ներկայացուցիչ և Հայրապետ Մուսայելյանը հայերի կողմից։ Հարցերը նախապես քննության առնվեցին Միջկուսակցական բյուրոյում և մուսուլմանական ազգային կոմիտեում, որից հետո տեղափոխվեցին Ազգամիջյան կոմիտե։ Այստեղ հարցերի քննության մասնակցում էր նաև Բեհբուդովը իբրև Անդրկոմիսարիատի ներկայացուցիչ։ Ազգամիջյան կոմիտեն որոշեց հրավիրել օկրուգային համագումար, բաղկացած Շուշու, Ջիվանշիրի, Կարյագինոյի և Զանգեզուրի նախկին գավառների մեջ մտնող բոլոր շրջանների ներկայացուցիչներից։ Համագումարը տեղի ունեցավ 1918 թվի ապրիլի երկրորդ կեսում և տևեց չորս օր։ Այդտեղ որոշվեց պարենավորման գործը հանձնել հատուկ մարմնի, դնելով նրա տրամադրության տակ Թիֆլիսից բերված 200 հազար ռուբլին, ցորենի և ալյուրի գնումներ կատարելու համար։ Քոչը պիտի բարձրանար սար նախապես որոշված ճանապարհներով։ Քոչվորները պարտավոր էին տալու քոչի տուրք, որով պիտի վարձատրվեին քոչի անցման ապահովության համար նշանակված հսկիչները և հատուցվեցին հայ գյուղացիներին հասցված վնասները։ Տուրք չտվողներին որոշվեց բաց չթողնել յայլաղները։

Համագումարը ընտրեց օկրուգային խորհուրդ, բաղկացած հայ և մուսուլման անդամներից։

Խորհրդի պարտականությունն էր ստեղծել ուժեղ վարչական ապարատ անիշխանության դեմ պայքարելու և հարկերը հավաքելու համար։ Դա Անդրկովկասյան կոմիսարիատի միակ և անհաջող փորձն էր կազմակերպելու տեղերում իշխանություն։ Օկրուգային խորհուրդը, որը բնականաբար պիտի լիներ ավելի հեղինակավոր, քան, ասենք, Շուշու Ազգամիջյան կոմիտեն, Միջկուսակցական բյուրոն կամ մուսուլմանական ազգային կոմիտեն, անընդունակ գտնվեց դառնալու Ղարաբաղի երկու զոնաների համար տեղական գործունակ միասնական իշխանություն։ Նա բավականացավ միայն նրանով, որ կազմակերպեց գրասենյակ, ընտրեց նախագահ և քարտուղար ու ապա, առանց որևէ շոշափելի գործ կատարելու, քայքայվեց ու անհետացավ Ղարաբաղի հորիզոնից։ Այդ կազմալուծման պատճառը նույն այն ցեցն էր, որ կրծում էր նաև իրեն՝ Անդրկովկասի կոմիսարիատին ներսից։ Դա թե´ մեկի և թե´ մյուսի մեջ գերիշխող բեկական- կալվածատիրական-ազնվականական տարրն էր, որ իր տնտեսական-սոցիալական ձգտումներով և քաղաքական ռեակցիոն իդեոլոգիայով ստեղծել էր ներքին անհաղթահարելի հակասություններ։ Նա իր հակաժողովրդական քաղաքականությամբ ոչ մի համակրանք և ազդեցություն չկարողացավ ձեռք բերել տեղական ժողովուրդների շրջանում։ Թուրք աշխատավոր ժողովուրդը թեև ակամայից իր ճակատագրի տնօրինությունը հանձնել էր իրեն կեղեքող բռնակալ բեկերի և խաների ձեռքը, բայց նա շարունակում էր ատել նրանց իր ամբողջ հոգով։

Օկրուգային համագումարի ընթացքում տեղի ունեցավ մի անհաճո միջադեպ, որը քիչ էր մնում ոչ միայն խափաներ համագումարի ամբողջ աշխատանքը, այլև դառնար արյունահեղության պատճառ, ի չիք դարձնելով Ղարաբաղի հայ և մուսուլման լավագույն մարդկանց ջանքերը՝ պահպանելու խաղաղությունը և համերաշխությունը երկու հարևան ժողովուրդների միջև։

Համագումարի նիստերը տեղի էին ունենում Շուշու մուսուլմանական քաղաքամասում, «խանի տուն» կոչված հին բնակելի շենքում, որի սյունազարդ պատշգամբից բացվում է դիտողի առաջ տեղանքի մի ընդարձակ սքանչելի տեսարան, որ ընդգրկում է հայկական Ղարաբաղի արևելյան կողմում՝ Ասկերանից դեպի հյուսիս և հարավ ձգվող լեռնային զանգվածները և դաշտային Ղարաբաղի անծայրածիր հարթությունը, որ երիզվում է մշուշապատ հորիզոնում Կովկասյան լեռների բարձրաբերձ գագաթների ձյունապատ շղթայով։

Համագումարի 4-րդ և կարծեմ վերջին նիստում հայ պատգամավորներից Մելիքսեթ Եսայանն իր ելույթի վերջում, խոսքն ուղղելով համագումարի պատգամավոր թյուրք կալվածատերերին՝ զայրալից և սպառնական ժեստերով հայտարարում է.

«Բեկեր, խաներ և աղալարներ, դուք, որ այսօր այս հինավուրց տան մեծ պատշգամբից հիանում էիք նրա առաջ բացվող հոյակապ տեսարանը դիտելով, դուք այդ ժամանակ  տածո՞ւմ էիք, որ երբ բոլշևիկները մտնեն Ղարաբաղ, ձեր անհաշիվ չարագործությունների համար ձեզ մեկ-մեկ պիտի կախեն հենց այդ պատշգամբի սյուներից»։

Հայ պատգամավորներից մեկ ուրիշը՝ Հակոբ Բալասանյան, թյուրքերեն է թարգմանում Եսայանի հայերեն ճառը, բայց մեղմելով նրա սուր արտահայտությունները և առանց մի բառ անգամ թարգմանելու թյուրք բեկերին ուղղված վերջին սպառնական խոսքերից։ Սակայն բեկերից մեկը, որ լավ հասկանում էր հայերեն, պահանջում է ամբողջությամբ և ճիշտ թարգմանել Եսայանի ասածները։ Այդ պահանջին աղմուկով միանում են մյուսները։ Բալասանյանը ընկնում է անհարմար կացության մեջ։ Այդ ժամանակ Եսայանը համարձակ բարձրանում է տեղից և իր ամբողջ ճառը նույն տոնով կրկնում բառ առ բառ մաքուր թյուրքերեն լեզվով[4]։ Բեկերի շրջանում վայրկենապես բռնկվում է մեծ իրարանցում և վրդովմունք։ Մթնոլորտը արագորեն սկսում է էլեկտրականանալ։ Առաջանում է խիստ վտանգավոր լարվածություն։ Բեկերից ոմանք բռնելով դաշույնների կամ սրերի դաստակներից, բարձրագոչ աղաղակներով պատրաստվում են հարձակվելու Եսայանի և հավանորեն նաև մյուս հայ պատգամավորների վրա։ Մինչդեռ Եսայանը, բոլորովին անվրդով բազմած իր տեղում, ժպիտը դեմքին անտարբեր նայում էր տեղի ունեցող իրարանցմանը։ Հայ և մուսուլման ինտելիգենցիայի ջանքերով հաջողվում է վերջապես հանգստացնել բորբոքված կրքերը և, բարեբախտաբար, միջադեպը հարթվում է առանց բարդությունների։

(շարունակություն)



[1] Տե´ս՝ “Кавказский календарь”, 1915 г.

[2] Հայաստանի խորհրդայնացումից հետո Լևոն Վարդապետյանը տեղափոխվելով Երևան, վարեց Հայաստանում մի շարք պատասխանատու պաշտոններ։ Եղավ արդարադատության կոմիսար, Դիլիջանի գավգործկոմի նախագահ և այլն։ Վախճանվեց վաղաժամ, 1945 թ., Երևանում։

[3] Բյուրոյի որոշմամբ կոմիսարներ սկսեցին անվանվել աշխատանքի տարբեր բնագավառների ղեկավարները։ 

[4] Եսայանը երկար աշխատել էր Բաքվում հայ և թյուրք բանվորների շրջանում և լավ գիտեր թյուրքերեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter