HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

սկիզբը

Եսայանի այդ ելույթը գնահատվեց քաղաքի հայ հասարակայնության կողմից իբրև անխոհեմ, անհեռատես և իր բնույթով գրգռիչ գործողություն,որ կարող էր պատճառ դառնալ արյունահեղության: Միջադեպը ցույց տվեց, թե որչափ լարված էին ազգայնական կրքերը, և ինչպես մի անզգույշ խոսք կամ գործողություն կարող էր նետել Ղարաբաղը ազգամիջյան արյունալի բախումների վիհը։ Բարեբախտաբար, համերաշխությունը և խաղաղությունը պահպանելու ազնիվ պայքարում հայերի հետ էր մուսուլման մտավորականության լավագույն, թեպետև փոքրաթիվ մասը։ Լյուֆտալի-բեկ Բեհբուդովի գլխավորությամբ։ Վերջինս մեծ աշխուժով և անկեղծությամբ աշխատում էր պահպանել բարի հարևանական հարաբերությունները հայ և մուսուլման ժողովուրդների միջև։ Այդ վեհ նպատակի համար Բեհբուդովը չխնայեց մինչև իսկ իր կյանքը։

Լյուֆտալու շուրջը խմբված թյուրք առաջադեմ ինտելիգենցիան, թեև կազմում էր փոքրամասնություն բժիշկ Մեհմանդարովի ռեակցիոն և հայատյաց համախոհների թվի համեմատությամբ, այնուամենայնիվ, այդ փոքրամասնությունը վայելում էր քաղաքի մուսուլման բնակչության աշխատավոր մեծամասնության համակրանքը։

Հայտնի էր նաև, որ մուսուլմանության ղեկավար մասի՝ բեկերի և խաների քաղաքական օրիենտացիան թուրքական էր։ Մուսուլման կալվածատերերի դասակարգային ինքնապահպանության բնազդը, նրանց համար մահացու վտանգներով հղի այդ խառը ժամանակներում, մղել էր նրանց օսմանյան թուրքերի գիրկը, դարձնելով վամպիրների այդ ոհմակին պանթուրքական, պանիսլամական գաղափարախոսության կատաղի հետևորդներ։

Ինչ վերաբերում է թյուրք աշխատավոր գյուղացիության, նա իր առողջ բնազդի թելադրանքով, իհարկե, կողմնակից էր համերաշխության հարևան հայ աշխատավորության հետ։ Բայց նա էլ ճնշված էր, տգետ, մոլեռանդ, իր բեկերի, խաների, մոլլաների և սեփական «ղոչիների» գերին, որոնց ակամա լսում էր ու հնազանդվում։

1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո մուսուլման գյուղացիության շրջանում ծայր առած ագրարային շարժումները, դժբախտաբար, անհաջող վախճան ունեցան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռեակցիոն ուժերի գերիշխանության հաստատումը Անդրկովկասում հնարավորություն տվեց մուսուլման կալվածատերերին օգտվելու երկրում ստեղծված իրադրությունից և բնում խեղդելու հողային շարժումները։ Հինդարխի գյուղացիական ապստամբության ղեկավար հերոս Սալմանը կարողացավ առժամանակ խուսափել բեկերի վրեժխնդրությունից և ապաստանել Շուշում հայերի մոտ։ Նա այնուհետև անցավ հայերի օգնությամբ Գանձակ և այնտեղ, շատ չանցած, դավաճանաբար սպանվեց թյուրք բեկերի վարձկանների ձեռքով։ Ժողովրդի ծոցից ելած այդպիսի հատ ու կենտ անձնվեր հեղափոխական գործիչները Անդրկովկասյան կոմիսարիատի հողային ռեակցիոն քաղաքականության շնորհիվ հալածվեցին կամ ոչնչացան մուսուլման կալվածատերերի ձեռքով, և թյուրք աշխատավոր գյուղացիության վրա շարունակեցին իշխել նրա նախկին արյունածուծ կեղեքիչները։

Ղարաբաղի հայ ղեկավարները այդ ամենը տեսնում և նախազգում էին գալիք վտանգները։ Նրանք չդադարեցին և չթուլացրին երկու ժողովուրդների միջև համերաշխությունը պրոպագանդելու ու պահպանելու համառ և անձնվեր աշխատանքը, երկու կողմերի միջև տեղի ունեցած լուրջ կամ նույնիսկ աննշան միջադեպը խաղաղությամբ հարթելու գործուն ձեռնարկումները։

Հիշենք մանր ու խոշոր դեպքերից միայն մեկը։

1918 թվի ապրիլի սկզբներին խաչենցիները, հացի կարիքից դրդված, դաշբուլաղցի տաքգլուխ երիտասարդների առաջնորդությամբ հարձակվում են հայկական Ղարաբաղի սահմաններում գտնվող մուսուլմանական Խոջալու գյուղի վրա, հափշտակում գյուղացիների հացահատիկը, ինչքան ւարողանում են, և քշում գյուղի մանր ու խոշոր եղջերավոր անասունները։ Խոջալեցիները հարձակման հենց սկզմու սարսափահար փախչում են գյուղից և ապաստանում խճուղու մոտիկ մուսուլմանական Մալիբեկլի գյուղում։

Շուշու թյուրքական ազգային կոմիտեն այդ դեպքի առթիվ նույն օրն ևեթ հայտնում է իր բողոքը Միջկուսակցական բյուրոյին։ Վերջինիս կողմից զինվորական կոմիսարթ անհապաղ մեկնում է Խաչեն՝ քննելու տեղի ունեցած հարձակման և կողոպուտի հանգամանքները, երևան հանելու այդ գործի հանցավորներին և ամեն կերպ աշխատելու հարթել վտանգավոր միջադեպը, որ կարող էր լուրջ բարդությունների առիթ դառնալ։ Միջադեպը խաղաղությամբ հարթելու համար անհրաժեշտ էր առաջին հերթին թալանված խոշոր և մանր անասուններն իսկույն ժողովել և վերադարձնել խոջալեցիներին։ Այդ միջոցառման հաջողության համար պահանջվում էր գործել արագորեն և եռանդով, հաշվի առնելով յուրաքանչյուր րոպեն անգամ, այլապես թալանված անասունները կարող էին մեջ-մեջ արվել և մորթվել ավարառուների կողմից։

Երեկոյան Բալուջա գյուղը հասնելով, զինվորական կոմիսարը կանգ չառավ այնտեղ և շարունակեց ճանապարհը դեպի Դաշբուլաղ, ուր, ըստ լուրերի, գտնվում էր ավարի մեծ մասը։ Բայց մի անսպասելի դիպված խանգարեց նրան գիշերը հասնելու Դաշբուլաղ։ Բալուջա գյուղով անցնելիս, հենց գյուղի մեջ սայթաքում ընկնում է նրա ձին և տակով անում նրան, սաստիկ վնասելով աջ ոտի ծունկը։ Քանիդ եռ ցավերը չէին սաստկացել, կոմիսարը կարողանում է շարունակել ճանապարհը։ Բայց երբ ոտքի ցավերն ուժեղացան, և այն սաստիկ ուռավ, նա ստիպված եղավ իր ուղեկիցներով գիշերել ճանապարհի վրա գտնվող Մեհտիշեն գյուղում։ Չնայելով տանտիրոջ և նրա տնեցիների բոլոր հոգատար ջանքերին՝ ցավերը չմեղմացան ամբողջ գիշեր։ Այնուամենայնիվ, վաղ առավոտյան, տակավին լույսը չբացված, կոմիսարը կարգադրեց իր մարդկանց պատրաստել շտապ ձիաները ճանապարհվելու Դաշբուլաղ։ Տանտիրոջ հորդորները և թախանձանքները՝ չբարձրանալ անկողնից, շնորհակալությամբ մերժվեցին։ Կոմիսարը տանտիրոջ և իր ուղեկիցների օգնությամբ նստելով ձին, ուղեվորվեց Դաշբուլաղ։ Դաշբուլաղում գյուղի լիազորներին առաջարկվեց անմիջապես միջոցներ ձեռք առնել հավաքելու խոջալեցիներից խլված անասունները և մատնանշել ավարառության պարագլուխներին։ Վերջիններս, սակայն, ժամանակ էին գտել թլկելու գյուղից։ Հաստատվեց, որ, հիրավի, թալանված անասունների առյուծի բաժինը զավթել էին դաշբուլաղցիները։ Գոմերում թաքցրած և գյուղի ապրանքի հետ հանդ ուղարկված անասունները հայտնաբերվեցին։ հաջորդ առավոտյան բերին նաև մյուս գյուղերում եղածները։

Թալանված ապրանքը բոլոր գյուղերից Դաշբուլաղ հավաքելուց հետո, փոխադրվեց մուսուլմանական ազգային կոմիտեի հետ պայմանավորված վայրը՝ «խանի-բաղ», խոջալեցիներին վերադարձնելու համար։ Վերջիններս, իհարկե, շատ ուրախ եղան, որ ետ են ստանում գրեթե ամբողջ խլված անասունները։ Թյուրքական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Աբուլֆատ-բեկը, ըստ երևույթին, այքան էլ գոհ չէր, որ հայերի և խոջալեցիների միջև տեղի ունեցած միջադեպը լուծվում է այդպես խաղաղ. նա դրդում էր նրանց պահանջել հայերից նաև կողոպտված հացահատիկը։ Բայց տուժած կողմթ ավելի խոհես գտնվեց և հրաժարվեց այդպիսի պահանջից։ Խոջալեցիները, հաջորդ օրը, ինչպես խոստացել էին, վերադարձան իրենց ընտանիքներով Խոջալու։ Նրանց խոստացված էր լիակատար ապահովություն։ Կոմիսարը, այնուհետև, վերջացած համարելով իր միսիան, վերադարձավ քաղաք և ոտքի ջարդվաթքի բարդացման հետևանքով, երկար ժամանակ չկարողացավ բարձրանալ անկողնից, թողնելով դառբուլաղցի «քյալագյոզների» գործի քննությունը իր օգնականին։

Խաղաղասիրական այդպիսի անձնուրաց քաղաքականություն վարելով հանդերձ։ հարազատ ժողովրդի կյանքի և հանգստության համար ծանր պատասխանատվություն ստանձնած գործիչները իրենց գործունեության հենց սկզբից չէին տարվում ավելորդ լավատեսությամբ, չէին կլանվում խաբուսիկ և վտանգավոր պատրանքներով։ տասնյակ հազարավոր ռուս զինվորների բռնի զինաթափումները և բեկական բազմահազար հորդաների սպառազինումը Ղարաբաղի սահմանակից մուսուլմանական շրջաններում, օսմանյան թուրքերի արագ առաջխաղացությունը դեպի Անդրկովկասի սահմանները – այդ ամենը ահազանգում էին լինել շրջահայաց և, զգաստորեն գնահատելով հետզհետե բարդացող իրադրությունը, պատրաստ լինել դիմագրավելու գալիք փորձությունները։ Պատմությունը հայ ժողովրդի մի բազմամարդ, կորովի, կենսունակ հատվածի գոյության, նրա լինել-չլինելու հարցն էր նույնպես հրապարակ քաշում, և կլիներ հավասարազոր դավաճանության, եթե աչքաթող արվեին ժողովրդի պաշտպանության խնդիրները։

Ղարաբաղը զինված էր տակավին 1905-1906 թվականներից, այն դժբախտ տարիներից, երբ ցարական իշխանությունները, անմասնակից դարձնելու համար Անդրկովկասը Ռուսաստանում բռնկված հեղափոխական շարժումներին, սուր թշնամություն էին առաջ բերել հայ և թյուրք ժողովուրդների միջև և ազգամիջյան արյունահեղ մարտերի ասպարեզ դարձրել ամբողջ Անդրկովկասը։

Երկրում եղած զենքի մոտավոր հաշվառումը ցույց տվեց, որ գրեթե չկա մի ընտանիք, որ չունենա մեկ կամ ավելի հրացան և այլ զենքեր։ Զենք կերլու ընդունակ գրեթե բոլոր տղամարդիկ զինված էին։ Բացի հրացաններից շատերը ունեին նաև սրեր և այլևայլ սիստեմի ատրճանակներ։ Բայց հայկական Ղարաբաղի ամբողջ դժբախտությունն այն էր, որ խիստ սակավ էր զինամթերքը, մարտական փամփուշտը, գլխավորապես ռուսական երեք գծանի հրացանների համար։ Իսկ այն որևէ տեղից ձեռք բերելու հնարավորություն Ղարաբաղը չուներ։ Ժողովրդի մեջ եղած փամփուշտը հազիվ կարող էր բավականանալ երկու-երեք օրվա տաք կռիվներին։ Գանձակը, որտեղից միայն կարելի էր որևէ բան հուսալ, գրեթե ոչինչ չտվեց, բացի վարժական փամփուշտներից և մի քանի տասնյակ հին սիստեմի հրացաններից, որոնք գործածածական էին միայն 19-րդ դարի 70-ական թվականներին։ Պիտի խոստովանել, որ Գանձակի և նրա շրջանի հայությունը ինքը մեծ կարիք ուներ զենքի և զինամթերքի։ Նա գտնվում էր անապահով և չափազանծ վտանգավոր պայմաններում։ Գանձակում էր գործում մուսավաթականների ռազմակայանը, եթե կարելի է այդպես կոչել արյունարբու ելուզակների այդ գլխավոր կենտրոնը, ուր յուրաքանչյուր օր ներս ու դուր էին անում մուսուլմանների լավ սպառազինված հազարավոր բանդաներ, որոնք ամեն րոպե կարող էին առիթ ստեղծել թալանի և մասսայական կոտորածների համար։ Գանձակում բռնությունները, խուզարկությունները և ձերբակալությունները հայերի շրջանում դարձել էին սովորական երևույթ։

Գանձակի հայոց ազգային խորհրդի նախագահը 1918 թ. հուլիս ամսին Ադրբեջանի կառավարությաննախագահին ուղղված «մեմորանդումի» մեջ, բողոքելով Գանձակի և շրջանի հայության դեմ գործադրվող բռնությունների առթիվ, նշում էր հետևյալ կոնկրետ փաստերը.

«... 1. Գանձակ քաղաքում և շրջանում բացակայում է հայերի համար անձի և գույքի անձեռնմխելիությունը։ Ընդհանուր խուզարկությունները և ձերբակալությունները, որոնք կատարվում են ստորին վարչական անձանց և հաճախ նույնիսկ սովորական, առանց համազգեստի, զինված մարդկանց կողմից՝ դարձել են առօրյա երևույթ։ 2. Քաղաքում իշխում է ոստիկանության քմահաճույքը և կամայականությունը, մասնավորապես ծեծը։ Մի որևէ ոստիկան կարող է ամեն տեսակի անարդարացի և բռնության գործողություններ կատարել հայերի նկատմամբ։ 3. Համատարած են վարչական պատիժներն առանց դատի և դատաստանի։ 4. Կատարվում են տնտեսական ճնշումներ. հայերը հնարավորություն չունեն իրենց գործածության համար գնելու թեկուզ փոքր քանակությամբ ցորեն։ Իշխանությունների մի շարք ձեռնարկումները, որոնք կապված են բնակիչների պարտավորությունների կամ ծախքերի հետ, լիովին գործադրվում են հայերի նկատմամբ։ 5. Տեղի են ունենում հայերի նկատմամբ գույքի և դրամի բռնի կորզումներ։ 6. Ամենուրեք գոյություն ունի անբարյացակամ վերաբերմունք դեպի հայերը, որոնք մուսուլմանների կողմից ենթարկվում են բռնությունների և ծաղր ու ծանակի...»[1]։

1918 թ. հուլիսին Ադրբեջանի կառավարությունը պահանջում էր Գանձակի լեռնային մասի հայ գյուղացիությունից հանձնել զենքերը[2]։ Եվ ոչ միայն Գանձակի և նրա շրջանի, այլև ընդհանրապես Ադրբեջանի տերիտորիայում ցրված բազմաթիվ հայաշատ վայրերի բնակչությունը գտնվում էր կոշմարային կացության մեջ, մշտապես ենթակա ադրբեջանական իշխանությունների անվերջ բռնություններին և կամայականություններին։

1918 թ. հունիսին Զանգեզուրի վրայով ճակատից վերադարձած հայ զինվորների մի խումբ, բաղկացած վեց հոգուց, կարողացել էր մեծ դժվարություններով Շուշի հասցնել և հանձնել Միջկուսակցական բյուրոյին երկու գնդացիր «ձեռքի» և «Մաքսիմ» սիստեմի, բայց, դժբախատաբար, մեկական ժապավենով և համարյա առանց փամփուշտի։ Զինվորները հայտնեցին, որ Ղարաբաղի համար Թիֆլիսում կազմակերպված Շուշու գունդը, բաղկացած մի քանի հարյուր ղարաբաղցի և նուխեցի զինվորներից ու սպաներից, գնդապես Միքայել Մելիք Շահնազարյանի գլխավորությամբ հասել է արդեն Սիսիան և շուտով կլինի Գորիսում, որտեղից նա շարժվելու է դեպի Ղարաբաղ, իր հետ բերելով երկու դաշտային թնդանոթ, մեծ քանակությամբ հրացաններ և զինամթերք[3]։

Այդ տեղեկությունը Ղարաբաղի ղեկավարության մեծ հույսեր ներշնչեց։ Երբ գնդապետը հաջողությամբ տեղ հասներ, ոչ միայն թնդանոթներ և առատ զինամթերք կունենար Ղարաբաղի հայության զինվորական կազմակերպությունը իր տրամադրության տակ, այլև կկարողանար լավագույն կերպով կազմակերպել երկրի զինված ուժերը, ստեղծելով կարող, փորձված զինվորականներից գլխավոր շտաբ և հրամանատարություն, որոնք իրենց ձեռքը կառնեին երկրի ուժերի ղեկավարությունը, զինվորական անհրաժեշտ կազմակերպվածություն և կարգ կմտցնեին քաղաքի ու գյուղերի մարտական ուժերի մեջ, կմշակեին զորակոչի և երկրի պաշտպանության ործոշակի պլան, մի խոսքով կվճռեին ռազմական գործողությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքների բոլոր հիմնական հարցերը։

Սակայն այդ բոլոր հույսերը և ակնկալումները, դժբախտաբար, չիրականացան։

***

Անդրկովկասի թուրքական սահմանի երկարությամբ և Բաքվում մեծ թափով զարգանում էին դեպքերը։ Ապրիլ ամսի կեսերին Գանձակից ստացված լուրերի համաձայն՝ մարտ ամսի 30-ից մինչև ապրիլ ամսի սկզբները Բաքվում տեղի էին ունեցել կատաղի քաղաքացիական մարտեր մուսավաթական ռեակցիոն զինված հորդաների և հեղափոխական ուժերի միջև։ Մի քանի օրվա արյունահեղ ճակատամարտերից հետո մուսավաթական- բեկական զինված ուժերը, որոնք գործում էին մուսուլմանական ՙդիկայա դիվիզիայի՚ ընդհանուր ղեկավարությամբ, գլխովին ջախջախվել և դուրս էին շպրտվել Բաքվից։

Հեղափոխական ուժերի այդ հաղթանակից հետո, որի մեջ հայկական զորամասերի մասնակցությունը ունեցել էր վճռական նշանակություն, ստեղծվել էր Բաքվում խորհրդային իշխանություն Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ Այդ լուրերը Ղարաբաղում ընդունվեցին ուրախությամբ։ Ապագայի նկատմամբ խրախուսիչ հեռանկարներ էին բացվում։

Մուսավաթական ռեակցիոն ուժերը Բաքվում վճռական պարտություն կրելուց հետո նահանջել ու ամրացել էին Գանձակում և ժամ առ ժամ սպասում էին օսմանյան թուրքերին՝ միացյալ ուժերով Բաքվի վրա գրոհելու համար։ Անցյալի գրեթե նույնական պատմական փաստերից կարելի էր եզրակացնել, որ թուրքերը Բաքվի վրա արշավելուց առաջ կարող են հաշիվ տեսնել Գանձակի շրջանի լեռնաբնակ հայության և հատկապես Ղարաբաղի հետ, իրենց թիկունքն ապահովելու նպատակով։ Այդ հանգամանքը սկսեց լուրջ անհանգստություն պատճառել Ղարաբաղի ղեկավարության երկրի մոտալուտ ճակատագրի համար։

Հաշիվներ էր արվում, թե երբ կհասնի Ղարաբաղ գնդապետ Մելիք Շահնազարյանը Շուշու գնդով, իսկ այդ հաշիվները մխիթարական ոչինչ չէին ասում։ Գնդի Գորիս և ապա Ղարաբաղ անցնելը կապված էր մեծ դժվարությունների ու վտանգների հետ։

Այդ բոլոր հաշիվները և կասկածները թելադրում էին արտաքին արագ օգնության հետ մեծ հույսեր չկապել, այլ երկրի պաշտպանական միջոցները ուժեղացնելու համար տեղում որևէ բանի ձեռնարկել, թեև այդ ասպարեզում շոշաբելի արդյունքների հասնելու առձանձին հույսեր չկային։

Կարճ ժամանակամիջոցում Շուշում հիմնվեց արհեստանոց ինժեներ Սուրեն Օհանյանի ղեկավարությամբ։ Մեծ դժվարություններով հարմարություններ ստեղծվեցին ձուլարանի համար։ Այդտեղ պղնձից ձուլվեցին 150 միլիմետրանոց երկու հին սիստեմի ռմբանետներ իրենց ռումբերով։ Փորձերը ցույց տվին, որ դրանք կարող են գործել 1000-1500 մետր հեռավորության վրա։ Արհեստանոցում կարգի բերվեցին Շուշու գաղտնի պահեստներում անցյալից պահպանված զենքերը։ Գանձակից բերված տասը հազարից ավելի վարժական փամփուշտների համար պատրաստվեցին պղնձից գնդակներ։ Դա փամփուշտ ձեռք բերելու հուսահատական միջոց էր։ Հետագայում փորձը ցույց տվեց, որ այդ կարգի փամփուշտները լուրջ կռիվների համար անօգտագործելի են։ Երեխայություն կլիներ, իհարկե, հույս դնել տնայնագործական հնարներով ստեղծված նման միջոցների վրա, երբ հաննիբալը կանգներ Ղարաբաղի դռների առաջ իր լավ սպառազինված կանոնավոր զորամասերով։

Արհեստանոցի իրական օգուտն այն եղավ, որ քաղաքացաիներից և գյուղացիներից շատերի մոտ եղած նորոգության կարիք ունեցող զենքերը կարգի բերվեցին։

Ռազմամթերքի պակասը, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ Բյուրոյի մշտական մտահոգության առարկան։ Ժողովուրդը և նրա գործիչները հայացքները շարունակում էին ուղղել դեպի արևմուտք, սպասելով, թե երբ վերջապես Զանգեզուրից Ղարաբաղ կգա «Շուշու գունդը» իր մեծ պաշարով։

5. Կոմիսարների խորհուրդ. ժամանակավոր հեղափոխական տրիբունալ

1918 թ. ապրիլ ամսի վերջերին Շուշում տեղի ունեցավ մի անախորժ դեպք, որը թեև շուտ լուծարվեց, բայց, այնուամենայնիվ, պատճառ դարձավ Միջկուսակցական բյուրոյի աշխատանքների առժամանակյա խանգարման։

Դաշնակցություն կուսակցության հարող մի փոքրիկ խմբակ, որը երբեք չնահանջեց իր նեղմիտ դիրքերից և շարունակում էր պահանջել, որ իշխանությունը կազմվի բացառապես դաշնակցականներից, այդ խմբակը Բաքվի նախկին բանվոր Մուշեղ Զաքարյանի գլխավորությամբ կարողացավ մոլորեցնել կուսակցության քաղաքային կազմակերպության անդամների մի մասին և ստեղծել իր համակիրներից նոր կոմիտե։ Այդ կոմիտեն որոշեց ցրված հայտարարել Միջկուսակցական բյուրոն, թողնելով հին կազմից միայն զինվորական կոմիսարին։ Բյուրոյի փոխարեն կոմիտեն նշանակեց իր համակիրներից նոր կառավարություն։ Այդ յուրատեսակ ուզուրպատորները չքաշվեցին նույնիսկ Բյուրոյի նախագահ հայրապետ Մուսայելյանի փոխարեն, որ վայելում էր բոլորի սերն ու վստահությունը, նորաթուխ «կառավարության» գլուխ կարգել քաղաքում տխուր համբավ ունեցող մի ոչնչության։

Մուշեղ Զաքարյանի[4] սարքած այդ «խռովությունը» հաջողություն չունեցավ։ Այն տևեց ոչ ավելի, քան 5 օր։ Զինվորական կոմիսարը և Շուշու զինված ուժերը հայտարարեցին, որ իրենք հավատարիմ են մնում հեղափոխական կուսակցությունների խորհրդին (Միջկուսակցական բյուրոյին) և չեն ճանաչում Զաքարյանի ստեղծած «կառավարությունը»։ Այդքանը բավական էր, որ «խռովությունը» համարվեր լիկվիդացված։ Դրանից հետո հրավիրված Դաշնակցության քաղաքային կոնձերանսը, գավառի ներկայացուցիչների մասնակցությամբ, դատապարտեց Մուշեղ Զաքարյանի պառակտիչ գործունեությունը, վերականգնեց նախկին կոմիտեի իրավունքները և ընդունեց ճիշտ ու առաջարկեց այնուհետև ևս հետևողանորեն կիրառել կոալիցիայի սկզբունքը Ղարաբաղի կառավարական մարմին ստեղծելու ժամանակ։

«Խռովության» ընթացքում միջկուսակացական բյուրոյի ոչ-դաշնակցական անդամների և ընդհանրապես ինտելիգենցիայի շրջանում առաջ եկած տարակուսանքը, շփոթությունն ու երկյուղը ազգային միասնական հեղափոխական ճակատի հետագա բախտի նկատմամբ՝ հնարավոր եղավ փարատել այդ կոնձերանսի որոշումներից հետո։

Զաքարյանի կարճատև ավանտյուրայի ընթացքում ծագել էին մի շարք նոր հրատապ հարցեր, որոնք շտապ լուծում էին պահանջում։ Մուսայելյանը հրավիրեց բյուրոյի ընդլայնած նիստ։ Այդտեղ քննության ենթարկվեցին Բյուրոյի գործունեության մեջ նկատված բացերը՝ դիմազրկությունը և պատասխանատվության բացակայությունը, որ հաճախ հանդես էր գալիս Բյուրոյի որոշումների կատարման մեջ նրա անդամների մի մասի հուսունության պատճառով։ Ժողովը որոշեց Բյուրոյի կազմի համար այս անգամ կատարել կուսակցություններիծ և խմբակներից պերսոնալ ընտրոմւթյուններ՝ մեծացնել Բյուրոյի յուրաքանչյուր անդամի պատասխանատվությունը։

Բաքվի հաջողությունները շարունակում էին ոգևորել Ղարաբաղի հայության և նրա գործիչներին։ Ապրիլի 25-ին այնտեղ վերջնականապես ձևավորվել էր իշխանությունը։ Կազմվել էր ժողովրդական կոմիսարների խորհուրդ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ։ Ոգեշնչված դրանով, որոշվեց Միջկուսակցական Բյուրոն վերանվանել «Կոմիսարների Խորհուրդ»։ «Ժողովրդական» մակդիրից ժողովը հրաժարվեց, որովհետև խորհուրդը չէր ընտրվում ժողովրդից, նրա ներկայացուցչական ժողովից։ Այդպիսի ընտրություն տեղի ունեցավ միայն հուլիս ամսին, երբ Ղարաբաղի առաջին պատգամավորական ժողովի (համագումարի) կողմից ընտրվեց «Ժողովրդական կառավարությունը»։

Գաղտնի քվեարկությամբ «Կոմիսարների խորհրդի» անդամներ ընտրվեցին. 1. Հայրապետ Մուսայելյան – նախագահ, 2. Աշոտ Մելիք-Հովսեփյան – արդարադատության կոմիսար, 3. Արսեն Բակունց – արտաքին գործերի կոմիսար, 4. Արամ Միքայելյան – ֆինանսների կոմիսար, 5. Հարություն Թումյան – զինվորական կոմիսար, 6. Արծատուր Ավետիսյան – պարենավորման կոմիսար, 7. Արտաշես Պետրոսյան- ներքին գործերի կոմիսար*։ Կոմիսարների խորհրդի քարտուղար ընտրվեց վճռական ձայնի իրավունքով Ռուբեն Տեր-Գասպարյանը (էսեռ)։

Ամբողջ Լեռնային Ղարաբաղը բաժանվեց վարդչական երկու մեծ շրջանների, որոնց համար նշանակվեցին գլխավոր լիազորներ՝ Եղիշե Իշխանյան – Խաչեն – Ջիվանշիրի (Ջրաբերդ, Գյուլիստան) շրջանի համար և Արսո Հովհաննիսյան- Վարանդա – Դիզակի շրջանի համար։ Ազգամիջյան կոմիտեի անդամներ նշանակվեցին՝ Հայրապետ Մուսայելյանը, Աշոտ Մելիք-Հովսեփյանը, Լևոն Վարդապետյանը, Արամ Միքայելյանը, Նիկոլայ Իսախանյան և Արտաշես Պետրոսյան։

Ղարաբաղում այդ ժամանակ բոլոր քաղաքական հոսանքների համակրանքը Հոկտեմբերյան հեղափոխության կողմն էր, բացի, իհարկե, կադետներից։

Արդարև, Ղարաբաղի ակտիվ մտավորականությունը չէր կարող վրաց մենշևիկների պես նեղ, դոգմատիկ, հակաժողովրդական կոնցեպցիայի հետևող լինել, լավ հասկանալով, որ ռուսական ռեակցիոն ուժերի հաղթանակը ոչինչ դրական բան չէր կարող բերել Ռուսաստանի բազմատանջ ժողովուրդներին, որոնք վաղուց ծանոթ էին ռուսական ռեակցիայի զազրելի կերպարանքին։ Բացի սկզբունքային կողմնորոշումից Ղարաբաղի* հայ առաջավոր մտավորականությունը հավատացած էր, որ միայն Բաքվի խորհրդային իշխանությունը կարող է ի վիճակի լինել պահելու Անդրկովկասում դեպի հյուսիս շարժվող ռուսական ղշելոնների գեթ մի մասը՝ օգտագործելու համար անդրկովկասյան հակահեղափոխության դեմ։ Եվ, վերջահես, ո՞ր հայը կարող էր մոռանալ հայկական հեկատոմբները Թուրքիայում։ Իսկ այժմ կոտորածների ահավոր վտանգը կախվում էր արդեն Հյուսիս-Արևելյան Հայաստանի հայ բնակչության գլխին։ Այդ հանգամանքը, բնականաբար, պիտի ստիպեր Ղարաբաղի գործիչներին իրենց հայացքներն ուղղելու դեպի Բաքու և դեպի Հյուսիս, օգնություն ակնկալելով այնտեղից։

Ի դեպ է ասել, որ կոալիցիա կազմած* հայ մտավորականության քաղաքական կողմնորոշումը երբեք չգնահատվեց Շուշու բոլշևիկյան խմբակի ղեկավարների կողմից։ Թե´ Ալեքսանդր Ռուբենին, թե´ Սաքո Համբարձումյանը և թե´ Արմենակ Ղարագյոզյանը և´ Միջկուսակցական բյուրոյի, և´ Կոմիսարների խորհրդի նկատմամբ շարունակում էին պահպանել իրենց աղանդավորական, դոգմատիկ դիրքը։ Նրանք մինչև վերջ չկամեցան այդ ծանր ժամանակներում որևէ բանում աջակցել Ղարաբաղի ղեկավարության։ Նրանց չափազանց նեղմիտ, կասեինք եսամոլ ընթացքը դատապարտվեց ժամանակին և´ մտավորականության լավագույն մասի, և´ ժողովրդական խավերի կողմից։ Այդ մարդկանց անվայել դիրքը չհանդուրժեց նրանց ընկերներից միայն մեկը՝ Մելիքսեթ Եսայանը։ Այդ քաղաքացիական մեծ արիության տեր, անկեղծ, ուղղամիտ և հայրենասեր անձը դատապարտեց իր նեղահայաց գաղափարակիցների դիրքը, եկավ Կոմիսարների Խորհուրդ և առաջարկեց իր ծառայությունները։ Եսայանը ամենքի կողմից ընդունվեց գրկաբաց։ Նա բանժանեց մինչև վերջ այն բոլո դժվարություններն ու դառնությունները, որ վիճակվեց Կոմիսարների Խորհրդի, իսկ հետագայում «Ժողովրդական կառավարության» անդամներին։

Կոմիսարների Խորհուրդը հիմնեց ժամանակավոր հեղափոխական տրիբունալ, որի առաջին գործը եղավ սպանությունների մեջ մեղադրվող մի քանի մարդկանց գործերի քննությունը։ Երկու հոգի դրանցից դատապարտվեցին մահվան, իսկ մի քանի հոգի, որոնց հանցանքը չապացուցվեց, անպարտ ճանաչվելով, ազատվեցին։ Ի զգուշացումն բոլոր արկածախնդիր, և անհանգիստ տարրերի, որոնք սովորաբար սկսում էին աշխուժանալ գարնանը և առանձնապես գյուղական շրջաններում, մահվան դատավճիռը, դատարանի նիստից անմիջապես հետո, գիշերվա ուշ ժամին, մեծ պլակատի ձևով տպագրել տրվեց Բաբաջանյանի տպարանում 1500 օրինակ, որի մի մասը հենց նույն գիշերը փակցվեց քաղաքի պատերին, իսկ մնացած օրինակները հաջորդ օրը ցրվեցին շրջաններում։ Այդ լայնորեն հրապարակված դատավճռի թողած տպավրությունը ամենուրեք սպասածից շատ ավելի խորն էր։ Հանցագործ և արկածների սիրահար տարրերը, որոնք հայկական շրջաններում անհանգստություն էին մտցնում, մի ավելորդ անգամ ևս համոզվեցին, որ Ղարաբաղի կառավարությունն այնքան ուժ, միջոցներ և վճռականություն ունի, որ առանց տատանման կարող է խստորեն պատժել բոլոր հակահասարակական գործողությունների հեղինակներին։

Դատարանի վճռի լայնորեն հրապարկումը առանձնապես կարևոր էր հենց այդ ժամանակ, երբ քոչի խնդիրը արդեն ծառացել էր Կոմիսարների Խորհրդի առաջ և արագ լուծում էր պահանջում, իսկ մեր թալանի սիրահարները քոչի բարձրանալուն էին սպասում իրենց շահատակություններն սկսելու համար։

Քոչը բարձրանում է արոտավայրերը

Արդեն մայիս ամիսն էր։ Թյուրք քոչվորները սկսել էին անհանգստանալ։ Նրանք իրենց բազմահազար մանր և խոշոր եղջերավոր անասուններով ամեն տարի բարձրանում էին Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի հովասուն արոտատեղիները։ Տարվա այդ ժամանակ քոչը դառնում է ամենակենսական, հրատապ հարցը դաշտաբնակ մուսուլմանների համար։ Նախորդ ամսին օկրուգային համագումարն արդեն սահմանել էր քոչը բաց թողնելու պայմանները։ Ազգամիջյան կոմիտեին մնում էր քննելու այն կոնկրետ միջոցառումները, որոնցով պիտի ապահովվեր քոչի անվտանգ անցումը սովորական ուղիներով։ Եվ քոչվորները հավաքված այդ ուղիների մատույցներում, անհամբեր սպասում էին, թե երբ պիտի ավատի Ազգամիջյան կոմիետն այդ աշխատանքը։ Հարցի արագ լուծման դժվարություններից մեկը կայանում էր նրանում, որ քոչի ճանապարհին ընկած հայ գյուղացիության արյուն-քրտինքով մշակած արտերը ոտնակոխ էին լինում ամեն տարի, իսկ վնասների հատուցում սովորաբար խոստացվում էր, բայց չէր կատարվում։ Այդ հողի վրա էլ ծագում էին բազմաթիվ անախորժություններ, տեղի էին ունենում բախումներ և նույնիսկ սպանություններ։ Այժմ հարկավոր էր լուրջ միջոցներ ձեռք առնել, որ նման դեպքեր տեղի չունենան։ Երկար ջանքերից հետո վերջապես հաջողվում է հարթել դժվարությունները։ Քոչին ուղեկցելու համար կազմակերպվում է ուժեղ պահպանություն և հսկողություն։

Ազգամիջյան կոմիտեի հայ անդամների առաջարկությամբ որոշվում է Գորիս ուղարկել մի խառը ներկայացուցչություն քոչի մասին տեղեկացնելու և հեռագրական հաղորդակցությունը Շուշու և Գորիսի միջև վերականգնելու համար։ Այդ դելեգացիայի մեջ էր մտնում նաև ֆինանսների կոմիսար Արամ Միքայելյանը, որին իմիջայլոց հանձնարարված էր տեղեկանալ Գորիսում, թե ինչ է մտածում գնդապետ Մելիք-Շահնազարյանը Շուշու գունդը Ղարաբաղ բերելու համար։ Դելեգացիան շուտով վերադարձավ Շուշի։ Զանգեզուրցիները, իհարկե, չէին մերժել ընդունելու քոչը, բայց պահանջել էին հատուցել վնասները։

Փոստ-հեռագրական կապը, որ խզված էր Զաբուղի գծամասում մուսուլմաններից, խոստացվել էր վերականգնել, բայց չի կատարվում օսմանյան թուրքերի ագենտուրայի դրդմամբ։ Գնդապետ Մելիք-Շահնազարյանի և նրա գնդի մասին Միքայելյանը պատմեց հետևյալը. գնդապետը մեծ դժվարություններով հասել էր արդեն Սիսիան։ Այնտեղից Գորիս էր ուղարկվել ջոկատի զինվորներից ոմն Մալինցյան փոխադրական միջոցներ գտնելու համար։

Զանգեզուրցիները ( հատկապես Գորիսի շրջանը) սակայն, ոչ մի կերպ չէին համաձայնվել ձիաներ և սայլեր տրամադրելու զինամթերքը Գորիս փոխադրելուն։ Այդ հանգամանքն էլ շարունակում էր խանգարել գնդապետին Գորիս և ապա Շուշի տեղափոխվելու։

Քոչը արդեն սկսել էր շարժվել դեպի լեռները։ Ղարաբաղի հայ գյուղացիությունը իր 40 հազապ հեկտարից ավելի տարածություն ընդգրկող ամառային արոտավայրերից շատ քիչ էր օգտվում։ Օգտվողը գրեթե բացառապես մուսուլման քոչվորներն էին։ Ձմեռը նրանց միլիոնից ավելի անասունների առաջ կեր էին գտնում Քռի և Արաքսի միջև ընկած հին Ուտիքի ընդարձակ, բարեբեր, տաք և խոտառատ տափաստաններում[5], իսկ գարունը թևակոխելուն պես, երբ շոգը սկսում էր նեղել տափաստանում, քոչվորներն իրենց անասուններով և սարք ու կարգով հորդում էին դեպի Լեռնային Ղարաբաղի արոտավայրերը, Զանգեզուրի խոտավետ ու ջրառատ լեռնահովիտները։

Քոչը ոչ միայն ոտնակոխ էր անում ու արածեցնում լեռնցու արտերը, այլև հաճախ իր հետ բերում և տարածում էր անասունների ժանտախտ ու այդպիսով մեծ կորուստներ պատճառում հայ չարքաշ գյուղացու համեստ տնտեսության։ Այնուամենայնիվ արգելել քոչը չէր կարելի։ Դա բացահայտ մարտահրավեր կլիներ, ուղղված դաշտաբնակ մուսուլմանության։ Դրա համար էր թույլատրվել էր քոչվորներին բարձրանալ յայլաները նախկին ճանապարհներով, այն է՝ Ասկերան,Շուշի-Թթու ջուր, Խոնաշեն-Աղողլան-Շուշի, Ասկերան-Բալուջա,Գանձասարի վանքի մոտով, Տողի ձորակով և Թարթար-Սաղսաղանի կամրջով։ Այդ բոլոր ուղիների վրա քոչին ուղեկցում էին Կոմիսարների խորհրդի և թյուրքական ազգային կոմիտեի ներկայացուցիչները, որոնց պարտականությունն էր հսկել, որ քոչն անցնի անվտանգ և նրա ճանապարհների վրա ընկած արտերը վնասներ չկրեն, հաշվի առնել հայ գյուղացիներին պատճառած վնասները և երկու կողմերի ներկայացուցիչների փոխադարձ համաձայնությամբ որոշել նրանց չափը և հատուցել բնաբերքով կամ քոչվորներից հավաքած տուրքի միջոցներից[6]։

Կոմիսարների Խորհրդի կողմից քոչի հարցերով զբաղվելու համար նշանակվել էր Աշոտ Մելիք-Հովսեփյանը։ Նա ամենայն եռանդով և բարեխղճությամբ կատարեց իր վրա դրված պարտականությունները։ Նրա ջանքերի շնորհիվ քոչը բոլոր ուղիներով անցավ ընդհանուր առմամբ կազմակերպված և առանց լուրջ բախումների։ Ճանապարհների վրա ընկած ցանքսերը վնասներ կրեցին, իհարկե, բայց ոչ մեծ չափերով։ Վնասները տեղում որոշվում և անմիջապես հատուցվում էին։

***

Քոչի անցման եռուն շրջանում էր, երբ Լյուֆտալի-բեկ Բեհբուդովը հայտնեց, թե դոկտոր Խոսրով-բեկ Սուլթանովը[7], որը եկել էր Գանձակից և գտնվում էր Աղդամում, խնդրում է Կոմիսարների Խորհրդին թույլատրել իրեն գալ Շուշի, այնտեղից իր ծննդավայրը (ՙՔուրդիստան՚) մեկնելու՝ «ամառային հանգստի համար»։

Խորհուրդը այդ դիմումի լուծումը հանձնարարեց զինվորական կոմիսարին։ Վերջինս կտրականապես մերժեց Սուլթանովի դիմումը, նկատի ունենալով, որ նա մուսավածական կուսակցության ականվոր ղեկավարներից է, ակտիվ քաղաքական գործիչ, թուրքոֆիլ, համիսլամական և հայատյաց։ Հետևապես չէր կարելի այդպիսի մեկին թույլ տալ այդ ժամանակներում մուտք գործել Շուշի, առանց լրջորեն կասկածելու, որ  այդ վերին աստիճանի խորամանկ և վտանգավոր ռեակցիոները չունի լուրջ քաղաքական հանձնառություններ մուսավաթական կուսակցությունից կամ հենց թուրքական հրամանատարությունից՝ իրագործելու Շուշում, ուղղված Ղարաբաղի հայության դեմ։

(շարունակություն)



[1] ՀՊՊԿԱ, ֆ. 223, գ. 86, թ. 37-39։

[2] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 104, թ. 1-3։

[3] Շուշու գնդի մասին Ղարաբաղում տեղյակ էին վաղուց։ 1917 թ. նոյեմբերին Թիֆլիս էր գործուղվել Հայրապետ Մուսայելյանը հատուկ հանձնարարություններով։ Վերադառնալով Գորիսի վրայով Շուշի, նա միջկուսակցական յուրոյի նիստում իր ներկայացրած զեկուցման մեջ հիշատակել էր նաև Շուշու գնդի մասին, որը 1917 թ. նոյեմբերի սկզբներից կազմակերպվել և մեծաքանակ զինամթերքով դուրս էր եկել Թիֆլիսից ղարաբաղ անցնելու մտադրությամբ։

[4] Այդ այն Մուշեղ Զաքարյանն է, որը 1920 թ. մայիսին, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, երբ Դրոն իր զորամասով Ղարաբաղից քաշվել էր Զանգեզուր, Բռնակոթ գյուղի զինված համագյուղացիներով դիրքեր էր գրավել դեպի Վայոց Ձոր և Երևան տանող ճանապարհը եզերող բլուրների և լեռների վրա ու այնտեղից «վերջնագիր» ներկայացրել Դրոյին՝ անմիջապես հեռանալ Զանգեզուրից, որովհետև «իրենք պատրաստվում են ընդունելու Կարմիր Բանակին»։

[5] 6 դար շարունակ Աղվանքի այդ ընդարձակ հողամասերը կազմել են Հայաստանի վաղեի թագավորության սեփականությունը (սկսած 2-րդ դ. մ. թ. առաջ մինչև 4-րդ դ. մ.թ.)։

[6] Արոտատեղիների օգտագործման վերաբերյալ 1884 թ. հունիսի 29-ի օրենքի համաձայն խաշնարածության հատկացրած արոտատեղիները համարվում էին պետական հողային ֆոնդ, որի օգտագործման համար տուրք էր առնվում։

[7] «Քուրդիստանի» տեր ու տիրական Սուլթան-բեկ Սուլթանովի ավագ եղբայրը, հետագայում թուրքերի և ապա անգլիացիների օգնությամբ Ղարաբաղ բերված մուսավաթական գեներալ-նահանգապետը, Շուշու 1920 թվականի ավերման և կոտորածի հեղինակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter