HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

(սկիզբը)

6. Թուրքերը մտնում են Անդրկովկաս, սաստկանում են կռիվները Բաքվի ճակատում 

«Պղտոր ջրում ձուկ որսալու մեծ վարպետներ են թուրքերը։ Եթե նրանք կառավարեին նույնքան լավ, որքան կարողանում են լավ որսալ, նրանց կայսրությունը կլիներ ամենահզորն աշխարհում։ Դժբախտաբար, չկան ավելի վատ կառավարողներ, քան թուրքերը, և այստեղից էլ հենց բխում են ամեն տեսակ աղետները, ինչպես թուրքերի, այնպես էլ այն ժողովուրդների համար, որոնց վիճակվել է հպատակ լինել թուրքերին... Թուրքը խոց է և անեծք այն բոլոր վայրերի համար, որտեղ նա խփում է իր վրանը»։

Այդ դառն խոսքերը օսմանյան թուրքերի հասցեին պատկանում են Դավիթ Լլոյդ Ջորջին[1], այն տերության ղեկավարներից մեկին, որը սկսած դեռևս 18-րդ դարից շարունակ հենարան է ծառայել «հիվանդ մարդուն» և հովանավորել, հաճախ պաշտպանել կամ խրախուսել նրա բոլոր չարագործությունները այն ժողովուրդների նկատմամբ, «որոնց վիճակվել էր հպատակ լինել թուրքերին»։

Խոսք չկա, խորամանկ Ալբիոնի պետական գործիչները շատ լավ էին ուսումնասիրել իրենց դարավոր հովանավորյալին։ Եվ ահա այդ «խոցը և անեծքը», պղտոր ջրում ձուկ որսալու այդ հմուտ վարպետները կարողացան արագորեն ժողովել, վերակազմել և լրացնել իրենց ջախջախված բանակի մնացորդներից մի քանի մարտունակ դիվիզիաներ, հագցնելով ու պարենավորելով նրանց ռուսական բանակի թողած մեծաքանակ պարենով, զգեստով, ամունիցիայով և 1918 թ. փետրվարի կեսերից սկսել առաջխաղացությունը Արևմտյան Հայաստանում։

Ռուսաստանի խորհրդային իշխանությունը 1917 թվին վերացրել էր Թուրքիայի հետ ցարական կառավարությունների կնքած պայմանագրերը, որոնք աննպաստ էին թուրքերի համար։ Բացի դրանից,«խաղաղություն առանց անեքսիաների և կոնտրիբուցիաների» լոզունգի հիման վրա կարգադրվել էր Կովկասյան ճակատի կես միլիոնանոց բանակին ազատել «թուրքական տերիտորիան» և ամենակարճ ժամկետում վերադառնալ Ռուսաստան։ Խորհրդային իշխանության այդ ակտը և 1918 թ. մարտի 3-ին կնքված Բրեստի խաղաղության պայմանագիրը ավետում էին թուրքերին ոչ միայն նոր կորցրած տերիտորիաների անարյուն վերագրավման լիակատար հնարավորություն, այլև անարգել նվաճումներ ի հաշիվ Անդրկովկասի։ Օսմանցիք մի րոպե կարծեցին, որ Թուրքիայի դարավոր մահացու թշնամին՝ «սառը գյավուրը» կանգնած է քայքայման և կործանման անդունդի եզրին և պիտի ուրեմն ամեն կերպ շտապել «պղտոր ջրում ձուկ որսալու»։ Այդպես մտածելու լիակատար հիմք ունեին թուրքերը. պատմության մեջ եզակի իրողություն էր, երբ հաղթողը ծունկի էր խոնարհում գլխովին ջախջախված թշնամու առաջ, զիջելով նրան ոչ միայն նոր, այլև 40 տարի առաջ մեծ զոհերի գնով ձեռք բերված տերիտորիալ նվաճումները։

Թուրքական զինված ուժերը 1918 թ. փետրվարի 13-ին վերագրավեցին Երզնկան, փետրվարի 26-ին՝ Բայբուրդը, Մամախաթունը, իսկ մարտի 12-ին Էրզրումը։

Անդրանիկի և Կովկասյան բանակի հայազգի զինվորականների բոլոր ջանքերը՝ կազմակերպելու գեթ Էրզրումի պաշտպանությունը հայկական զինված ուժերի միջոցով՝ անցան ապարդյուն։ Դրան մեծապես նպաստում էր քայքայիչ ագիտացիան, որը տակավին շարունակվում էր ռուսական էշելոնների հեռանալուց հետո ևս հայկական զորամասերում և Կարսի հայկական բնակավայրերում։

Բրեստի պայմանագրով Թուրքիային էին անցնում Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները, իսկ Անդրկովկասում՝ Բաթումի և Կարսի մարզերը։ Գեներալ Պոտտոն Կարսը համարում էր «Անդրկովկասի բանալին»։ Թուրքերը այդ շատ լավ հասկանում էին։ Դրա համար էլ Կարսի անարյուն զիջումը Ռուսաստանի կողմից նրանց համար մի աներևակայելի դյուրին հաղթանակ էր, որ նրանք ձեռք էին բերել Բրեստում դիվանագիտական ճանապարհով գերմանական պարտնյորի պաշտպանությամբ[2]։ Թուրքերը ամուր հիմքեր ունեին չկասկածելու, որ այլևս իրենց առաջ բաց են անպաշտպան Անդրկովկասի բոլոր ճանապարհները, բոլոր ուղղություններով։ Նրանք երազում էին իրենց պանթուրքական, պանիսլամական, գուցե և պանթուրանական զառանցաքներն իրագործել, ոչնչացնելով այս անգամ հայ ժողովրդի անդրկովկասյան հատվածը ևս։ Չէ՞ որ «արիական» հայերը ճեղքվածք են ստեղծում մեկ լեզվով խոսող թուրք-թաթարական ցեղերի միջև, բաժանելով նրանց երկու հատվածի ու այդպիսով անջրպետ ստեղծում այդ ռեակցիոն, հետամնաց ցեղերի կոնսոլիդացիայի համար...

Անդրկովկասի քաղաքական իրադրության մասին թուրքերը ունեին ամենահավաստի և մանրամասն ինֆորմացիա։ Նրանց հավատարիմ դաշնակիցները՝ Անդրկովկասի մուսուլմանները սիստեմատիկ կապ էին պահպանում թուրքական հրամանատարության հետ, իրազեկ պահելով նրան երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և պարբերաբար հաղորդելով լրտեսության և այլ ճանապարհներով ձեռք բերված տեղեկություններ հայերի զինված ուժերի, այդ ուժերի տեղադրության և տեղաբաշխման մասին։ Օրինակ, Անդրկովկասյան Սեյմի անդամ Սեիդովը, թուրքական հրամանատարության հաղորդելու համար, 1918 թ. մայիսի 19-ին Թիֆլիսից հեռագրական ուղղակի խոսակցությամբ հարցնում էր Երևանի մուսուլմանական ազգային խորհրդի նախագահ Աղաևին, թե Երևանում և նրանից դուրս գտնվող դիրքերում հայկական որքա՞ն զորամասեր կան[3]։ Անդրկովկասյան Կոմիսարիատի և Սեյմի թյուրք անդամները առհասարակ չէին թաքցնում հայերից և վրացիներից իրենց հավատարմությունը և համակրանքը օսմանյան թուրքերի նկատմամբ։ Ուսուբբեկովը Սեյմում արտասանած իր ճառում ասում էր.«... Դրությունը Անդրկովկասում սրվում է նրանով, որ արևելքից (այսինքն Բաքվից – Հ. Թ.) արշավում են բոլշևիկները, դաշնակցած մեր դարավոր թշնամիների (այսինքն հայերի – Հ. Թ.) հետ, տարածելով ավերածություն և բերելով վերջնական կործանում թյուրք ժողովրդին։ Այսպիսի անպաշտպան վիճակում մենք այլ ելք չունենք քան դիմել օտար միջամտության՝ դա Թուրքիան է, մեր բարեկամ և եղբայրական ուժը...»[4]։

Ուսուբբեկովը և մյուս մուսուլման ռեակցիոներները, դիմելով թուրքերի օգնության, ուրեմն, մի ցանկություն ունեին՝ օսմանցիների միջոցով ոչնչացնել Բաքվի կոմունան և ապա «բոլշևիկների դաշնակից» հայերին։ Դրանից հետո նրանց համար դժվար չէր լինի, իհարկե, միանալով օսմանյան թուրքերին, մաքրել հաշիվները նաև վրացիների հետ, թեև վրաց ղեկավարները հույս ունեին փրկելու իրենց երկիրը ողջ Հյուսիս-Արևելյան Հայաստանը մատնելով թուրքերի ձեռքը։ Ինչպես տեսնում ենք, անդրկովկասյան մուսուլմանների շեֆերը «պղտոր ջրում ձուկ որսալու» համար իրենց ցեղակից օսմանցիներից պակաս վարպետներ չէին։

***

Էրզրումը մարտի 12-ին վերագրավելուց և մեծ քանակությամբ պազմավար ձեռք բերելուց հետո՝ թուրքական 1-ին կովկասյան կորպուսի զորամասերը սրարշավ առաջ շարժվեցին և մտան Անդրկովկասի սահմանները։

Այն «մահաշունչ համաճարակը, որ բազմաթիվ սերունդների ընթացքում անապատի էր վերածել երկրագնդի չքնաղ անկյունները» (Ասկվիտ)[5], այժմ մուտք էր գործում Անդրկովկաս և ահռելի դժբախտության սպառնալիք ստեղծում հայության վերջին բեկորի համար։

Թուրքերի այդ լկտի համարձակությունը պետք է բացատրել ոչ միայն Բրեստում ձեռք բերված էժանագին  տերիտորիալ զիջումներով, Անդրկովկասյան կոմիսարիատի սեպարատիստական քաղաքականությամբ, Անդրկովկասում ապրող ժողովուրդների մեջ գոյություն ունեցող սուր պառակտմամբ, այլև այն միամիտ հավատով, որ թուրքերը տակավին տածում էին կենտրոնական պետությունների ուժի «անհաղթահարելիության» նկատմամբ։ Եվ այդ այն ժամանակ, երբ Անտանտի ուժերը անընդհատ և արագորեն աճում էին, իսկ Գերմանիայի և նրա դաշնակիցների ուժերը հետզհետե սպառվում, այն ժամանակ, երբ Միջագետքի անգլո-ֆրանսիական 600 հազարանոց բանակը արդեն սկսել էր լրջորեն սպառնալ հենց իր՝ Օսմանյան կայսրության կենսական նշանակություն ունեցող կենտրոններին, ջրային և ցամաքային կարևոր կոմունիկացիաներին։

Ապրիլի 25-ին թուրքերը վերցրին Կարսը, իսկ մայիսի 15-ին, խախտելով Բրեստի պայմանագիրը, մտան Ալեքսանդրապոլ (Գյումրի), որտեղից նրանք սկսեցին առաջ խաղալ երկու ուղղությամբ՝ դեպի Երևան և դեպի Ղարաքիլիսա-Թիֆլիս, մտադիր լինելով Ղարաքիլիսան գրավելուց հետո իրենց ուժերի մի մասը շարժելու դեպի Դիլիջան-Ղազախ-Բաքու։

***

Երևանում, Ղարաքիլիսայում, Ջալալօղլիում և շրջակա հայկական գյուղերում հավաքվել էին ճակատից վերդարձած բազմաթիվ հայ զինվորներ՝ ղարաբաղցի, զանգեզուրցի, նուխեցի, գանձակեցի և այլ վայրերից, որոնք պատրաստություն էին տեսնում վերադառնալու իրենց ծննդավայրը լեռնային ճանապարհներով, որովհետև դեպի Թիֆլիս, Բաքու, Գանձակ և Նախիջևան տանող խճուղիներն ու երկաթուղիները գտնվում էին տեղական մուսուլմանական զինված ավազակախմբերի հսկողության տակ։

Այդ մարդիկ, երբ դեռևս գտնվում էին Արևմտյան Հայաստանի տերիտորիայում, չունկնդրեցին և չհետևեցին հայ հրամանատարների և առանձին գործիչների հորդորներին, կոչերին ու հրամաններին և չհասկացան, որ անհրաժեշտ էր հենց Արևմտյան Հայաստանի բնագծերում ամրանալ և կազմակերպված դիմադրություն ցույց տալ թուրքերին, իսկ նահանջի դեպքում, նահանջել, խստորեն հետևելով ռազմական կանոնների պահանջներին, արգելելով թշնամուն սրարշավ նետվելու առաջ։

Հայ զինվորների ամբոխը այժմ տեսնում էր ու համոզվում, որ թշնամին Կարսը և Ալեքսանդրապոլը գրավելուց հետո իսկ մտադիր չէ կանգ առնել, որ նա ծավալում է իր ուժերը լայն ճակատի վրա և շարժվում առաջ մեծ թռիչքներով։ Եվ թերևս հեռու չէ այն օրը, երբ թուրքական հորդաների արյունոտ յաթաղանները կսկսեն ճոճել իրենց իսկ ծնողների, կանանց և երեխաների գլխին։ Այդ վերահաս ահարկու վտանգը Երևանում ու Ղարաքիլիսայում կուտակված հայ զինվորությունը վերջապես սկսեց գիտակցել։ Հարկավոր էին միայն անձնվեր և կարող ղեկավարներ, որոնք ժողովեին և կազմակերպեին արագորեն ցրված ուժերը, վառեին հայ մարտիկների սրտերը հայրենասիրական բոցաշունչ խոսքերով և տեղական զինված ուժերի հետ ի մարտ նետեին թուրքերի դեմ։ Իսկ այդպիսի ղեկավարներ շատ էր կոփել հայ ժողովուրդը իր ազգային-ազատագրական հերոսական պայքարի հնոցում։

***

1918 թ. մայիսի 22-ից սկսվեցին կատաղի մարտեր մի կողմից հայկական զորամասերի և աշխարհազորի, իսկ մյուս կողմից թուրքական հարձակվող ուժերի միջև՝ Արարատյան դաշտում, Սարդարապատի տակ, Արագածի բարձունքներում, Ապարանում և Ղարաքիլիսայի ու Ջալալօղլու լեռնային մատույցներում։

Պատերազմը հետզհետե բորբոքվում, ստանում էր արյունահեղ բնույթ։ Թուրքերը կրում էին մեծ կորուստներ։ Վերջապես հինգօրյա համառ մարտերից հետո, չդիմանալով հայերի ուժգին և սրարշավ գրոհներին, Շեֆքի փաշայի 30 հազարանոց բանակը ջախջախվելով՝ խուճապահար նահանջեց մինչև Ալեքսանդրապոլ։ Մայիսի 25-ից մինչև 28-ը հայկական զորամասերին և աշխարհազորին հաջողվեց հերոսական արյունահեղ մարտերի միջոցով կասեցնել թուրքերի հարձակումը նաև Ղարաքիլիսայի տակ։

Ղարաքիլիսայի կռիվներում հայ մարտիկների ցուցաբերած մի շարք հերոսական սխրագործություններից ուշագրավ է հետևյալ դեպքը, որ մենք բերում ենք ականատեսի պատմածից.

«Ճակատամարտը սկսվեց թնդանոթների մենամարտով։ Հայերի կողմից կռիվը ղեկավարում էր գնդապետ Բեյ-Մամիկոնյանը, օգնական ունենալով գնդապետ Ղորղանյանին։ Հրետանու հրամանատարն էր ղարաբաղցի կապիտան Տեր-Մովսիսյանը, որն իր հայրենակից հրետանավորների հետ հերոսական ջանքերով աշխատում էր թշնամու զորամասերի առաջխաղացումը կանգնեցնել, պատճառելով նրանց մեծ կորուստներ։ Ի վերջո հայկական մարտկոցները հաջողեցան լռության մատնել թուրքերի թնդանոթները։ Սա թշնամու համար պարտություն էր։

Ինչ-ինչ պատճառներով Դիլիջանից եկող հայկական հեծելագունդը ուշանում էր։ Թշնամին նկատելով մեր հրետանու անպաշտպան վիճակը, որոշեց իր հեծելազորը բաց թողնել հայկական հրետանու վրա, ազատվելու համար նրա կործանարար կրակից։ Րոպեն չափազանց տագնապալի էր և ճակատագրական. դանդաղումը մահացու վտանգ էր սպառնում մեր հերոս հրետանավորներին։ Հրամանատարությունը տեսնելով այդ՝ կապիտան Տեր-Մովսիսյանին հրամայեց իր ունեցած հեծյալներով անցնել հակագրոհի։ «Տղե´րք, ձեր նամուսին մեռնեմ,- գոչում է Տեր-Մովսիսյանը,- մեռնել կա, հետ նահանջել չկա, մեկը պիտի կռվի տասի դեմ ... առա՛ջ ... Կեցցե´ ազատ Հայաստանը...»: Այս խոսքերի հետ կապիտանը իր սակավաթիվ այրուձիով, որն անցել էր ռուսական հեծելազորի շկոլան, մրրկի պես նետվում է թշնամու վրա։ Ղարաբաղցի զինվորների այդ թրամարտը պատերազմի տարեգրության մեջ մի դյուցազնական աննախընթաց գոտեմարտ էր, որի ժամանակ թրի ամեն հարվածը բաժանում էր թշնամու գլուխը մարմնից... Մարտի ընթացքի վրա վճռական նշանականություն ունեցավ այն, որ թրամարտը առաջինը սկսեց ինքը՝ կապիտան Տեր-Մովսիսյանը, որը սուսերամերկ սլացավ թուրքական հեծելազորի հրամանատարի վրա և մի հարվածով գետին տապալեց նրան։ Տաճկական հեծելազորը, կորցնելով իր հրամանատարին և տալով զգալի կորուստներ, մատնվեց շփոթության։ Հենց այդ ժամանակ վրա հասավ Դիլիջանից եկող այրուձին։ Թուրքերը այլևս չդիմացան և դիմեցին փախուստի, զիջելով կռվի դաշտը հայ մարտիկներին»[6]։

Դժբախտաբար, զինամթերքի պակասությունը զրկեց հայկական զինված ուժերին հնարավորությունից վերջնականապես ջախջախելու թուրքերին և դուրս քշելու նրանց Անդրկովկասի սահմաններից։ Հայ ժողովրդի ազատագրական դարավոր պայքարի արյունալի պատմության մեջ շրջադարձային մոմենտ հանդիսացավ 1918 թվի մայիսին Սարդարապատի տակ և Ղարաքիլիսայի ու Ջալալօղլու լեռնային բնագծերում հայկական զորմասերի և ժողովրդական զինված ուժերի թուրքերի վրա տարած պատմական փայլուն հաղթանակը, որը սկիզբ դարձավ հայ ժողովրդի քաղաքական անկախ կյանքի վերածնության։

Բաթումի բանակցությունների ժամանակ Վեհիբ-փաշան Սարդարապատի և Ղարաքիլիսայի տակ տեղի ունեցած ճակատամարտերի մասին ասել էր. «Դա բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ... Սարդարապատի և Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվին, որ նրանք կարող են լավագույն զինվորները լինել աշխարհում»[7]։

Հայկական զինված ուժերի հերոսական դիմադրությունը ստիպեց թուրքական հրամանատարության հրաժարվել Երևանը գրավելու մտադրությունից և ժամանակավորապես դադարեցնել զորքերի տեղաշարժը Ալեքսանդրապոլ-Դիլիջան-Ղազախ գծով դեպի Բաքու։

Սարդարապատի ճակատամարտը ստիպեց թուրքերին Հայաստանի նկատմամբ վարել ավելի զգուշավոր քաղաքականություն[8]։

Անդրկովկասը դեռևս 1918 թ. ապրիլի 22-ին Թուրքիայի ճնշման տակ իրեն հայտարարել էր անկախ ֆեդերատիվ տերություն։ Դա արվեց այն հույսով, թե հնարավոր կլինի Թուրքիայի հետ խաղաղության համաձայնագիր կնքել թեկուզ Բրեստի պայմանագրով գծած սահմաններում։ Այդ նպատակով Թուրքիայի հետ 1918 թ. մայիսին սկսված բանակցությունները Բաթումում երկարեցին այնքան, մինչև թուրքերը Կարսից օգնական ուժեր բերելով՝ զավթեցին Անդրկովկասում նոր շրջաններ, Բրեստում գծված սահմաններից դուրս։ Դրանից հետո քայքայվեց Անդրկովկասի ֆեդերացիան։ Վրաստանը իրեն անկախ հայտարարեց 1918 թ. մայիսի 26-ին, Հայաստանը 28-ին, իսկ Ադրբեջանը՝ մայիսի 27-ին[9]։

1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքվեց հաշտություն Թուրքիայի և Հայաստանի հանրապետական կառավարության միջև։ Այդ հաշտության պայմանագրի համաձայն Թուրքիան տեր էր դառնում Սուրմալուի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի գավառներին և Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասին[10]։

Օսմանցիները հնարավորություն ստացան արագորեն վերախմբավորելու իրենց զինված ուժերը, տեղական զինված մուսուլմաններից կազմակերպելու «իսլամի բանակ» կոչված «պարտիզանների» ջոկատներ և արշավելու Բաքվի վրա։

***

Բաքվի զինված ուժերը 1918 թ. հունիսի 10-ից անցել էին ընդհանուր հարձակման։ Կարճ ժամանակամիջոցում նրանք գրավել էին Ղուբան, Սալյանը, Շամախին, Քերարը, Աղսուն, Կարամարյանը և Քյուրդամիրը։ Քյուրդամիրի ճակատում տեղի ունեցող հրետանային հրաձգության ձայները պարզորոշ լսվում էին Ղարաբաղում։ Դա հույսեր էր ներշնչում ժողովրդին, որ շուտով Բաքվի հեղափոխական բանակը կհասնի Եվլախ և կապ կհաստատի Ղարաբաղի հետ։ Բայց այդ, դժբախտաբար, չկատարվեց։ Բաքվի մարտական ուժերի ղեկավարությունը սկզբնական հաջողություններից խրախուսված, հույս ուներ, որ շուտով կհաջողվի գրավել նաև Եվլախը, որը հնարավորություն կտար բռնելու Քուռ գետի պաշտպանական գիծը։ Սակայն մարդկային կորուստների մեծությունը ջրի և պարենի հայթայթման դժվարությունները, հիվանդությունները մարտիկների շրջանում ստեղծել էին այնպիսի ծանր իրադրություն, որ Բաքվի ճակատի զորամասերը ստիպված եղան ետ քաշվել։ Իսկ երբ թուրքական ուժերը մտան կռվի մեջ, միացած «իսլամի բանակի» բազմահազար ջոկատներին, Բաքվի զորամասերը նրանց ճնշման տակ նահանջեցին ընդհուպ մինչև Շամախի։ Միայն երբ Բիչերախովի զորամասը երևաց ճակատում, Շամախու գծի վրա դիրքեր գրաված ուժերը, քաջալերված դրանով, անցան կրկին հարձակման և ջարդեցին թշնամուն Կյուրջևանի և Քյուլուջայի մոտ։

Այնուհետև կռիվները շարունակվեցին երկու կողմերի համար փոփոխակի հաջողություններով։

7. Ղարաբաղը փորձում է կապ հաստատել Բաքվի հետ

Բաքվի ուժերի առաջին նահանջը ծանր տպավորություն գործեց Ղարաբաղի հայության վրա։ Տագնապը ավելի սաստկացավ, երբ թուրքերը  մտան Գանձակ և իրենց հիմնական ուժերը նետեցին Բաքվի դեմ։ Օսմանցիների կողմից Ղարաբաղի դեմ ագրեսիվ գործողությունների ձեռնարկելու նշաններ տակավին չկային։ Հայաստանի հանրապետական կառավարությունը Բաթումի հաշտությունից հետո խնդրել էր թուրքական հրամանատարության ձեռք չտալ Ղարաբաղի, Գանձակի և նրա շրջանի հայության։ Իսկ Բաքուն գրավելուց հետո թույլ չտալ քաղաքում հայերի ջարդ։ Թուրքերը խոստացել էին այդպես վարվել, եթե լեռնաբնակ հայերը իրենց հանգիստ պահեն, իսկ Բաքվի հայությունը դադարի ակտիվորեն օգնել բոլշևիկներին։ Բաթումի խաղաղության պայմանագրի մեջ թուրքերը հատուկ կետ էին մտցրել, որը պարտավորեցնում էր Հայաստանի կառավարության էվակուացիայի ենթարկել Բաքվի հայկական զինված ուժերը[11]։ Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը նշանակել էր Բաքվի ազգային խորհրդի նախկին անդամներ Միքայել Արզումանյանին և Մարտիրոս Հարությունյանին, որոնք պիտի աշխատեին թուրքական հրամանատարության օգնությամբ կապվել Բաքվի հայ զորամասերի հրամանատարության հետ և իրագործել այդ պարտավորությունները։ Սակայն Բաքվի հետ ճակատի միջոցով կապվելու փորձերը անհաջող էին անցել։

Ղարաբաղում չէր կատարվում որևէ մի այնպիսի գործողություն, որը կարողանար կասկած առաջ բերել տեղի հայության նկատմամբ, նրա հակաթուրքական ակտիվ դիտավորությունների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, օսմանցիները, իրենց թիկունքը Ղարաբաղի կողմից ապահով չզգալով, աշխատում էին Գանձակի հայության միջոցով ազդել Ղարաբաղի վրա, հորդորելով հանգիստ մնալ և դրա հետ միաժամանակ «շոշափելու» Ղարաբաղի տրամադրությունները։

Թուրքերի պահանջով Գանձակի հայոց ազգային խորհուրդը այդ նպատակով Շուշի ուղարկեց երկու մարդու՝ կապիտան Խորեն Համասփյուռին և Գևորգ Մելիք-Շահնազարյանին (Շահեն), որոնք Ղարաբաղ եկան թուրքերի աջակցությամբ Աղդամի վրայով, այսինքն Եվլախ-Շուշի խճուղով, որն այդ ժամանակներում փակ էր հայերի երթևեկության համար ընդհանրապես։ Այդ հանգամանքը կասկած առաջ բերեց ժողովրդի մեջ, որ Գանձակից եկածները ուղարկված են թուրքերից ոչ բարի նպատակներով։ Ժողովրդի մեջ այդ առթիվ ծայր առած հուզումը փարատելու համար Գանձակից եկածների վրա նշանակվեց հսկողություն, որ նպատակ ուներ նաև ապահովելու նրանց կյանքը գրգռված ժողովրդի ինքնադատաստանից։

Գանձակից եկած պատվիրակները իրենց առաքելության նպատակը համարում էին այն, որ Ղարաբաղի հայության և նրա ղեկավարներին իրազեկ անեն, թե «որչափ սիրալիր վերաբերմունք ունեն թուրքերը Գանձակի և նրա շրջանի հայության նկատմամբ», որ «թուրքական մեծաքանակ ուժեր են նետված Բաքվի ճակատը, որոնց ճնշման տակ Բաքվի զինված ուժերը ստիպված են եղել նահանջել վերջին շրջանում գրաված կարևոր դիրքերից», որ «թուրքերը անընդհատ նորանոր զորքեր են ստանում Կարսից և, նայելով երկու կողմերի ուժերի թվական փոխհարաբերության, Բաքվի անկումը պիտի համարել անխուսափելի» և այլն։ Վերջում նրանք խնդրում էին Գանձակի ազգային խորհրդի անունից «խուսափել օսմանյան թուրքերի նկատմամբ գրգռեցուցիչ գործողություններից»: Կոմիսարների խորհրդի երկու ներկայացուցչիները, որոնց հանձնարարված էր տեսակցել պատվիրակության հետ, այդ խոսքերը գտան բոլորովին անտեղի և անհիմն, որովհետև Ղարաբաղի հայությունը չէր կատարել մի այնպիսի քայլ, որ կասկած հարուցեր ժողովրդի խաղաղասիրական տրամադրությունների վերաբերյալ։

Գանձակի հայերի խուճապային տրամադրությունը բոլորովին բնական էր։ Հայերն այնտեղ գտնվում էին մի տեսակ պատանդների վիճակում։ Այդ պատճառով Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչները ամեն կերպ աշխատեցին հանգստացնել պատվիրակներին, որ Ղարաբաղը որևէ ագրեսիվ նպատակներ չունի ուղղված թուրքերի դեմ, նախազգուշացնելով միաժամանակ, որ թուրքերին երբեք չպետք է հավատալ, չպետք է վստահել նրանց նենգ, կեղծավոր խոսքերին, հրապուրվել հայ ժողովրդի անողոք թշնամիների շողոքորթ, խարդախ, խաբուսիկ ժպիտներով։ Քանի դեռ կանգուն է Բաքուն, և չեն հաղթահարված նրա պաշտպանները, թուրքերը, գառան մորթի հագած, հայերի առաջ կարող են ռեվերանսներ անել։ Բայց եթե հաջողվի նրանց գրավել Բաքուն, այն ժամանակ նրանք հանդես կգան լեռնաբնակ հայության առաջ իրենց իսկական բորենիական գարշելի մռութներով։ Գանձակի և նրա շրջանի հայությունը,- եզրակացրին Խորհրդի ներկայացուցիչները,- պիտի չթուլացնի իր զգոնությունը, լինի չափազանց զգույշ և լրջորեն խորհի ինքնապաշտպանության մասին։ Ապա առաջարկվեց պատվիրակներին պատրաստվել վերադառնալու Գանձակ, որովհետև Աղդամից հայտնել էին Ասկերանի հայ սահմանապահների միջոցով, թե «Գանձակի օսմանյան շտաբը անհանգստացած է Շուշի ուղարկված երկու հայերի վիճակով»:

Հատուկ պահակախմբի ուղեկցությայմբ «երկու հայերը» կառքով ուղարկվեցին Ասկերան, որտեղից նրանք թուրքական մեքենայով ուղևորվեցին Գանձակ։

Դա 1918 թ. հուլիսի սկիզբն էր՝ 2-ին կամ 3-ին։

***

Պատվիրակության մեկնելու հաջորդ օրը գումարվեց Կոմիսարների խորհրդի նիստ, որտեղ նախագահ Հայրապետ Մուսայելյանը և զինվորական կոմիսարը ծանոթացրին խորհրդին պատվիրակության գալու նպատակին և տեղի ունեցած խոսակցությանը։ Խորհրդին լուրջ մտահոգություն պատճառեց թուրքերի մուտքը Գանձակ, նրանց մասնակցությունը Բաքվի կռիվներին և դրա հետևանքով հեղափոխական ուժերի համար ճակատում ստեղծված ծանր իրադրությունը։ Ճիշտ է, Գանձակի հայ պատվիրակները, եկած լինելով թուրքերի ազդեցության անմիջական ենթակա շրջանից և ապրելով այդ ազդեցության ոլորտում, կարող էին չափազանցնել վտանգը, որ ստեղծվել էր ճակատում թուրքական զինված ուժերի մասնակցությամբ, բայց արդեն Ղարաբաղին հայտնի էր Բաքվի ուժերի նահանջը այն կարևոր դիրքերից, որ նրանք գրավել էին հունիսի սկզբներին։

Այսպես թե այնպես, իրերի դրությունը չէր կարելի մխիթարական համարել, և խորհուրդը ընդունեց սկզբունքորեն Բաքվին զինված օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը, թողնելով սակայն այդ օգնության ձևը և կոնկրետ կիրառությունը որոշելու Շուշու գնդի Ղարաբաղ գալուց հետո, որ սպասվում էր անհամբեր։ Իսկ մինչ այդ, առաջարկվեց զինվորական կոմիսարին ձեռք առնել բոլոր միջոցները կապ հաստատելու Բաքվի հետ և հաղորդելու Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհրդին Ղարաբաղի պատրաստակամությունը զինված օգնություն ցույց տալու ռազմաճակատին թիկունքային դիվերսիոն գործողություններով կամ մի այլ ձևով։ Եթե հաջողվեր ստեղծել այդ կապը կարճ ժամանակամիջոցում և պահանջվեր սկսել գործողությունները օսմանցիների դեմ նախատեսված ժամանակից շուտ, այսինքն մինչև Շուշու գնդի մուտքը Ղարաբաղ, այդ դեպքում հարցը պիտի շտապ ներկայացվեր Խորհրդի քննության։

Նույն նիստում Կոմիսարների Խորհուրդը որոշեց կարճ ժամանակամիջոցում հրավիրել Ղարաբաղի ժողովրդական համագումար նոր կառավարություն կազմելու համար, մի այնպիսի կառավարություն, որը հենարան ունենալով լայն ժողովրդական զանգվածների վստահությունը, այդ տագնապալի և փոթորկահույզ պատմական ժամանակաշրջանում, շատ զգույշ և հեռատես քաղաքականություն վարելով հանդերձ, ընդունակ լիներ միաժամանակ, հարկ եղած դեպքում, երկրի փրկության համար դիմելու վճռական գործողությունների։

***

Բաքվի հետ կապ հաստատելու համար, բացի սուրհանդակային կապից, այլ միջոց չգտնվեց։ Ղարաբաղը չուներ ռադիոկապի միջոցներ, իսկ փոստային կամ սովորական հեռագրական կապի մասին խոսք լինել չէր կարող, որովհետև այդպիսի հնարավորություններից Ղարաբաղի հայությունը զրկված էր դեռևս 1917 թ. նոյեմբերից։

Այդպիսով մնում էր միայն մի ելք՝ գտնել մի հարմար մարդ և իբրև սուրհանդակ գործուղել Բաքու, թեև պետք էր ենթադրել, որ այդ էլ այնքան հեշտ գլուխ գալու բան չէր, որովհետև նման պատասխանատու հանձնարարության կատարումը կապված էր մեծ ռիսկի և անհաշիվ դժվարությունների հետ։ Բայց անսպասելի կերպով այդպիսի մարդ գտնվեց և գտնվեց խիստ կարճ ժամանակամիջոցում։

Այդ մարդը ջուլամերիկցի ասորի Սիմոնն էր, մոտ հիսուն տարեկան, կարճահասակ, թիկնեղ, ջլապինդ, թխադեմ, սև, վառվռուն աչքերով, միշտ ժպտերես, կենսուրախ մի տղամարդ։ Տարիներ առաջ ինչ-ինչ պատճառներով նա թողել էր ազատասեր Ջուլամերիկը և Պարսկաստանի վրայով անցել Անդրկովկաս ու բնակություն հաստատել հայկական Ղարաբաղում, Վարանդայի գյուղերից մեկում։ Շահախնդրությունը չէր, որ խթանել  էր Սիմոնին իր ծառայություններն առաջարկելու Ղարաբաղի ղեկավարության այնպիսի մի վտանգավոր հանձնարարություն կատարելու համար, որը պահանջում էր նրանից շրջահայեցություն, խիզախություն, տոկունություն, աննկուն կամք, իսկ այդ ամենի հետ ու ամենից առաջ ամենաէականը՝ պատրաստակամություն զոհաբերելու կյանքը։ Այո, Սիմոնը նյութական վարձատրության ոչ մի պահանջ չարեց։ Նա միայն խորապես ատում էր թուրքերին, ատում իր հոգու ամբողջ էությամբ։ Երբ իր միսիան հաջողությամբ ավարտեր, նա մտադիր էր Բաքվից վերադառնալուց հետո գործուն մասնակցություն ցույց տալ Ղարաբաղի զինված ուժերի հետ թուրքերի դեմ ուղղված գործողություններին։ Սիմոնին Շուշի բերող շրջանային պատասխանատու աշխատողը մեծ գովեստով էր խոսում նրա մասին։ Նա բնութագրեց Սիմոնին իբրև հավատարիմ, քաջ և խելոք մարդու։ Սիմոնը գրագետ էր։ Նա, ինչպես ինքն էր ասում, իր մայրենի լեզվի չափ գիտեր հայերեն և թուրքերեն, կարող էր խոսել պարսկերեն, իսկ արաբրեն ոչ միայն խոսել, այլև գրել ու կարդալ, որ նա սովորել էր Բաղդադում, փոքր հասակում, իր հորեղբոր հետ այնտեղ մշակություն անելիս։ Նա մինչև իսկ իր գրպանում պահում էր արաբերեն Ղուրան։ Այդ հետաքրքիր անձը դժբախատաբար, Շուշուց դուրս գալուց հետո այնտեղ այլևս չվերադարձավ։ Սիմոնը զինվորական կոմիսարի մոտ մնաց միայն մի ամբողջ օր։ Այդ ժամանակամիջոցում նա դուրս եկավ պտտելու քաղաքը մեկ-երկու ժամով և տեսակցելու իր ծանոթ մի երկու հայերի հետ։ Սիմոնին խստորեն պատվիրվեց լինել գաղտնապահ և ոչ ոքի բան չասել իր առաջիկա առաքելության մասին, առանձնապես լինել զգույշ Շուշում, ուր բացառված չէր թուրքական գաղտնի լրտեսների գոյությունը։ Նա խոստացավ այդպես վարվել։ Բայց հետագայում միայն, երբ ամեն ինչ արդեն վերջացած էր, պարզվեց, որ Սիմոնը անզգուշություն էր ունեցել դրժելու իր խոստումը, որը և պատճառ էր դարձել ոչ միայն իր միսիայի անհաջողության, այլև իր կորստյան։

Բաքու տանելու համար Սիմոնին հանձնվեց երկու նամակ, մեկը ուղղված Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին հետևյալ բովանդակությամբ. «Թանկագին ընկեր Ստեփան Շահումյան, հայկական Ղարաբաղը պատրաստ է օգնելու ձեր կռվող ուժերին թիկունքային շեշտակի գործողություններով։ Թշնամու դեմ կարող ենք հանել մինչև քսան հազար լավ սպառազինված և ամեն ինչով ապահովված փորձված մարտիկներ։ Մեզ ներկայումս անհրաժեշտ են տվյալներ թշնամու ուժերի քանակի և դասավորության մասին։ Հարվածի ուղղության և ժամանակի մասին տեղեկացրեք։ Զին. կոմիսար (ստորագրություն)»։

Ղարաբաղի զինված ուժերի սպառազինության և «ամեն ինչով ապահովված» լինելու վերաբերյալ մասամբ ուռցրած տեղեկությունները մտցվել էին նամակի մեջ նախամտածված։ Մեծ անզգուշություն կլիներ, հարկավ, եթե չնախատեսվեր, որ սուրհանդակը կարող էր անհաջողության հանդիպել և նույնիսկ բռնվել թշնամու կողմից, ինչպես և, դժբախատաբար, տեղի ունեցավ։ Ուստի պետք էր այնպես ձևակերպել նամակը, որ այն թուրքերի ձեռքն ընկնելու դեպքում, ամենից առաջ նրանց մեջ որևէ կասկած չծագեր, թե Ղարաբաղի ռազմական պոտենցիալը որևէ բանով թույլ է։ Բացի դրանից, բացառված չէր, որ թշնամին, նամակից համապատասխան եզրակացություններ անելով Ղարաբաղի տրամադրությունների, զինված ուժերի և նրանց պատրաստության մասին, ստիպված լիներ ցրելու իր ուժերը, որոնք առանց այն էլ շատ մեծ չէին, որով կթուլանար նրա ճնշումը Բաքվի ճակատում։ Դեպքերի հետագա ընթացքը ապացուցեց, որ այդ նախատեսումը ճիշտ է եղել ըստ ամենայնի։ 1918 թ. հուլիսի վերջերից մինչև օգոստոս ամսի կեսերը թուրքերը ստիպված էին իրենց ուժերից առանձնացնել որոշ մասեր, դնելով հատուկ սպաների («կոմենդանտների») հրամանատարության տակ և պահել ոչ միայն Գանձակի պաշտպանության համար, այլև ուղարկել Աղդամ, Թարթար, Կարյագինո և մի քանի այլ կարևոր ստրատեգիական կետեր, որոնք գտնվում էին Ղարաբաղի սահմանների վրա։ Իսկ երբ թուրքերին հայտնի դարձավ, որ Անդրանիկը մտել է Զանգեզուր իր «Հայկական հատուկ հարվածող զորամասով», նրանք ուղարկեցին մի քանի վաշտ Կարյագինոյի վրայով Զաբուղ և Ագարա գետի հովտի մի քանի կետերը, հավաքագրելով նաև տեղական մուսուլմանների զինված ուժերը։ Երկրորդ նամակը, գրեթե նույն բովանդակությամբ, հասցեագրված էր Դաշնակցության Բաքվի կենտրոնական կոմիտեին։

Նամակները Սիմոնը փակեց ղուրանի կազմի մեջ և ամրացրեց սոսինձով։ Ճանապարհի մարշրուտը որոշվեց՝ Շուշի-Մարտակերտ-Չայլու-Բարդա (Պարտավ)- Եվլախ, իսկ այնուհետև Քուռ գետի ձախ ափի ուղղությամբ դեպի Բաքու։ Սիմոնը պիտի աշխատեր ճանապարհ գնալ գիշերները, իսկ ցերեկը՝ թաքնվել։ Մարդկանց հանդիպելիս նա պիտի ձևացներ իրեն մուսուլման քարոզիչ, որ շրջանում է գյուղերը և մուսուլմաններին քարոզում «իսլամի սրբազան պատվիրանները»։

Հուլիսի 8-ի երեկոյան էր, երբ մութը կոխելուց հետո Սիմոնը մեկնեց Շուշիից։

(շարունակություն)



[1] Д. Ллойд Джордж, Правда о мирных договорах. II, стр. 461-464.

[2] Մոսկվայի հայոց ազգային խորհուրդը բողոքեց Բրեստի խաղաղության պայմանագրի դեմ և ցանկացավ այդ բողոքը հայտարարել գյուղացիների և բանվորների պատգամավորների համագումարում, բայց մերժում ստացավ։ (Տես՝ ՀՊՊԿԱ, ֆ. 222, գ. 13, թերթ 115)։

[3] ՀՊՊԿԱ, ֆ. 222, գ. 1գ, թ. 396։

[4] Ставровский, Закавказье после Октября, 1925 г., стр. 50-51.

[5] Д. Л.-Джордж, ibid, стр. 462.

[6] Բժ. Իսահակ Տերտերյան, Հայկական գոյամարտ, Թեհրան, էջ 307-309։

[7] Е. К. Саркисян, Экспанс, политика осм. империи в Закавказье, 1963. стр. 401. (Տես նաև ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 11, թ. 63)։

[8] Նույն տեղում։

[9] ՀՊՊԿԱ, ֆ. 222, գ. 1բ, թ. 398։

[10] Նույն տեղում։

[11] Բաթումում կնքված հայ-թուրքական խաղաղության պայմանագրի 11-րչ կետում ասված է. «Հայաստանի հանրապետության կառավարությունը պարտավորվում է սույն պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո գործադրել իր բոլոր ջանքերը Բաքու քաղաքում գտնվող հայկական զորքերը էվակուացիայի ենթարկելու համար, ապահովելով, որ այդ էվակուացիան կատարվի առանց որևէ բախումների»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter