HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

սկիզբը

8. Անգլիական դավերը և Ստ. Շահումյանի կառավարության անկումը

Լենինի կառավարությունը, անկասկած, շահագրգռված էր Բաքվի ճակատագրով։ Ստեփան Շահումյանը սիստեմատիկ տեղեկություններ էր հաղորդում Լենինին Բաքվի ընդհանուր վիճակի մասին և խնդրում օգնություն։ Աստրախանից, Կասպից ծովի վրայով, հաճախակի ստացվում էին զենք, զինամթերք, հագուստ և պարեն, որոնց մի մասն էլ երբեմն տեղ չէր հասնում։ Ռուսաստանից ստացված այդ օգնությունը, անշուշտ, խիստ արժեքավոր էր։ Բայց և այնպես, այն անկարող էր լիովին բավարարել ճակատում օրավուր սաստկացող մարտերի հարաճուն պահանջներին։ Բացի այդ նյութական օգնությունից, Ռուսաստանի խորհրդային իշխանությունը Բաքուն փրկելու համար դիմում էր նաև դիվանագիտական միջոցների օգնության։ Դա երևում է 1918 թ. հունիսի 30-ին Ստալինի անունով Ցարիցին ուղարկված Լենինի հետևյալ հեռագրական հաղորդումից։

«1918 թ. հունիսի 30-ին. գաղտնի. հեռագիր ժողկոմ Ստալինին, Ցարիցին.

Այսօր, հունիսի 30-ին, Բեռլինից հաղորդում ստացվեց Յոֆֆեից, որ Կյուլմանը (Գերմանիայի արտաքին գործերի ստատս-սեկրետար) Յոֆֆեի հետ ունեցել է նախնական խոսակցություն։ Այդ խոսակցությունից երևում է, որ գերմանացիները համաձայն են ստիպելու թուրքերին[1]դադարեցնելու ռազմական գործողությունները Բրեստի սահմանից դուրս, ուր սահմանված է մեզ համար ճշտորոշ դեմարկացիոն գիծ։ Խոստանում են թույլ չտալ թուրքերին մտնելու Բաքու, բայց ցանկանում են նավթ ստանալ։ Յոֆֆեն պատասխանել է, որ մենք պետք է խստորեն հետևենք Բրեստին, բայց լիովին համաձայն ենք տալու սկզբունքին, որպեսզի ստանանք։ Հատուկ ուշադրություն դարձրեք այս հաղորդման և աշխատեցեք որքան կարելի է շուտ հայտնել այն Շահումյանին, որովհետև այժմ շատ լուրջ շանսեր կան[2] պահելու Բաքուն։ Նավթի մի մասը մենք իհարկե կտանք։ Լենին»[3]

Դժբախտաբար, Լենինի այդ հույսերը՝ փրկելու Բաքուն գերմանացիների միջոցով, ինչպես հայտնի է, չիրականացան։ Գերմանացիները, իրոք, համաձայն էին ստիպելու թուրքերին դադարեցնելու ռազմական գործողությունները «Բրեստի սահմանից դուրս», ուր հաստատված էր ճշտորոշ դեմարկացիոն գիծ, բայց «ոչ թե նրա համար,- ինչպես ասում էր Շահումյանը մի այլ առիթով,- որ գերմանացիները մտածեցին հարգել Բրեստի պայմանագիրը[4], այլ որովհետև Գերմանիան դեմ էր թուրքական էքսպանսիային Անդրկովկասում»։ Թուրքերը իրենց գործողություններով մեծապես վնասում էին գերմանական բլոկի ընդհանուր ռազմագիտական պլանին, ցրելով իրենց ռազմական ուժերը այն ժամանակ, երբ Անտանտի 600 հազարանոց բանակը Միջագետքում սպառնում էր Թուրքիայի կենսական կենտրոններին, իսկ մյուս կողմից, ինչպես հայտնի է, գերմանացիները կամենում էին մասնատել Ռուսաստանը և Անդրկովկասում ևս ստեղծել Ուկրաինայի, Բելոռուսիայի և Լեհաստանի օրինակով առանձին հանրապետություններ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, մինչդեռ օսմանցիների նվաճողական ագրեսիան Անդրկովկասում հակասում էր Գերմանիայի այդ քաղաքականությանը։ Եվ որովհետև Թուրքիան չուզեց ենթարկվել գերմանական կառավարության և գլխավոր հրամանատարության պահանջներին՝ ետ քաշելու զորքերը մինչև Բրեստում գծված սահմանները՝ այդ պատճառով կենտրոնական պետությունների բլոկի երկու խոշոր պարտնյորները՝ Գերմանիան և Ավստրիան որոշեցին հրավիրել Կ. Պոլսում կոնֆերանս Բրեստի պայմանագիրը ստորագրած պետությունների մասնակցությամբ[5], որտեղ պիտի վերնայվեր նաև 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում Թուրքիայի կողմից Անդրկովկասյան հանրապետությունների վզին բռնությամբ փաթաթված պայմանագրերը և որոշվեց ստիպել Թուրքիային դադարեցնելու ռազմական գործողությունները Բրեստի սահմաններից դուրս, այլ կերպ ասած, քաշելու թուրքական զինված ուժերը նաև Բաքվի ճակատից։ Սակայն նախատեսված կոնֆերանսը տեղի չունեցավ, հավանորեն, գերմանական բլոկի ռազմական դրության վատթարացման պատճառով։ Կոնֆերանսի հետ մեծ հույսեր էր կապել առանձնապես Հայաստանի հանրապետությունը, իր տերիտորիայի վերամիավորման հարցի դրական լուծումը սպասելով նրանից։ Դրա համար Հայաստանի կառավարությունը խնդրել էր Ուկրաինային պաշտպանել այդ կոնֆերանսում Հայաստանի շահերը։ Ավելի ուշ, Բաքվի կոմունայի անկումից ավելի քան մեկ ամիս հետո, 1918 թ. սեպտեմբերի սկզբին, Բաքվի ընկնելուց մի 10 օր առաջ, Գերմանիան, օգտվելով նրանից, որ Թուրքիան դիմել էր իրեն և 45 միլիոն լիրայի սահմանում դրամական վարկ խնդրել, փորձեց պայմանագրի մեջ մտցնել մի կետ, որի համաձայն Թուրքիան պիտի ճանաչեր Բաքուն իբրև Ռուսաստանի սեփականություն և ուրեմն հրաժարվեր իր զորքերը մտցնելու այնտեղ[6]։ Բայց դրանից էլ բան դուրս չեկավ։ Թալեաթ հայասպանը այդ առթիվ Պոլսից շտապ մեկնեց Բեռլին, և այնուհետև փոխառության խնդիրը լուծվեց այնպես, ինչպես Թուրքիայի մինիստրն էր ցանկացել։

Վերոհիշյալ փաստերը թույլ են տալիս մակաբերել, որ իսկապես չկային «լուրջ շանսեր» պահելու Բաքուն նման դիվանագիտական բանակցությունների միջոցով, երբ, մանավանդ, արևմտյան ճակատում Գերմանիայի համար այդ ժամանակ ստեղծված ռազմականի վտանգավոր իրադրությունը, անկասկած, լուրջ կերպով զբաղեցնում էր նրան։

Երբ թուրքերը մտան կռվի մեջ Բաքվի դեմ, միացած տեղական մուսուլմաններից կազմված բազմահազար զինված հորդաներին, այն ժամանակ թարմ զորամասեր կռվի մեջ նետելու պահանջը Բաքվի զինված ուժերի ղեկավարության համար դարձել էր հրամայական։

Հուլիսի 27-ին Շահումյանը հեռագրով խնդրում էր Լենինին և Ցարիցին՝ Ստալինին՝ ուղարկել արագ օգնություն կանոնավոր զորամասերով։ Նա հայտնում էր. «Մեր դեմ կռվում են թուրքական կանոնավոր զորքերը։ Սպասում եմ Ձեր շտապ կարգադրություններին զորքեր ուղարկելու վերաբերյալ»[7]։

Դրությունը թիկունքում և ճակատում ավելի էր բարդանում անգլիացիներին Բաքու «հրավիրելու» ծավալուն ագիտացիայի շնորհիվ։ Այդ հանգամանքը քայքայում, կազմալուծում էր պաշտպանության գործը։ Ագիտացիան խթանողը և ղեկավարողը հենց իրենք անգլիական ագենտներն էին։ Անգլիացիները նպատակ ունեին զավթելու Անդրկովկասը՝ Միջին Ասիան կլանելու և բոլշևիզմի դեմ պայքարելու համար։ Չէ՞ որ Անդրկովկասի վրայով էին անցնում Եվրոպայից դեպի Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս և Պարսկաստան տանող կարճ ճանապարհները։ Իսկ Բաքվի առատ նավթը իր հերթին հանգիստ չէր տալիս անգլիական ծովահեններին։ Անգլիայի խոշոր կապիտալիստներից մեկը ասել էր. ՙՌուսական նավթային արդյունաբերությունը բրիտանական իշխանության հսկողության տակ լայնորեն ֆինանսավորվելու և ճիշտ կազմակերպվելու դեպքում կդառնա կայսրության (Բրիտանական. – Հ. Թ.) ամենաարժեքավոր նվաճումը՚[8]։

Ահա այդպիսի նկրտումներով դեռևս 1918 թվի սկզբին անգլիական զորքերի մի զորամաս գեներալ Դենստերվիլի հրամանատարությամբ Բաղդատից անցնում է Պարսկաստան և տեղավորվում Կասպից ծովի հարավային եզրում գտնվող Էնզելի քաղաքում։ Անգլիական մի ուրիշ զորամաս Մալեսոնի հրամանատարությամբ Բելուջիստանից գալիս է Մեշեդ և այնտեղից 1918 թվի հուլսի սկզբներին, շարժվելով դեպի հյուսիս, գրավում է Աշխաբադը, Կրասնովոդսկը և մի քանի այլ կարևոր կետեր Միջին Ասիայի ռուսական մարզերում։

Շահումյանի կառավարության դեմ մղվող ագիտացիայի և լարվող բոլոր ինտրիգների անմիջական սադրիչը հենց Էնելիում և Կրասնովոդսկում բանակած անգլիական զինված ուժերի ղեկավարությունն էր։ Անգլիացիները շատ լավ հասկանում էին Բաքվի տնտեսական ու ստրատեգիական հսկայական նշանակությունը Ռուսաստանի խորհրդային իշխանության համար։ Նրանք գիտեին, որ Բաքուն Անդրկովկասում մնացել է ռուսական վերջին բաստիոնը, բայց թուրքերի պարտության դեպքում նա կարող էր դառնալ Անդրկովկասը վերանվաճելու կռվան ռուսների համար, ուստի ձգտում էին ամեն կերպ տապալելու Շահումյանի կառավարությունը, քայքայելու ժողովրդական ուժերի միասնական ճակատը։

Բաքվի ագենտուրայի միջոցով անգլիացիներին ի վերջո հաջողվեց խաբուսիկ խոստումներով մոլորեցնել նույնիսկ Բաքվի խորհրդի անդամների մեծամասնությանը։ Ունենալով Պարսկաստանում և Միջին Ասիայում միայն փոքրաթիվ ջոկատներ, անգլիացիները խոստանում էին Շահումյանի կառավարությունը տապալելու դեպքում Բաքվի ճակատը փոխադրել արագորեն «պատկառելի» ուժեր։

Շահումյանը ամեն կերպ, թե´ գրավոր և թե´ բանավոր, մամուլում, Բաքվի Խորհրդում և առանձին ժողովներու ու միտինգներում, պայքարում էր անգլիական ագենտուրայի դավերի դեմ, հորդորելով չհավատալ անգլիացիների խոստումներին։ «Բոլորը իբրև թե ջանում են ցույց տալ մեզ աջակցություն,- ասում էր նա,- իսկ մենք, փոխանակ մեր հայացքները դեպի Ռուսաստան դարձնելու, քաղքենիների նման անգլիացիների մասին ենք բղավում»[9]։ Նա ասում էր, որ Ռուսաստանը Բաքվի տրամադրության տակ է դրել «հսկայական քանակությամբ տեխնիկական միջոցներ», որ ստացված են մեծ քանակությամբ խոշոր թնդանոթներ, որ Սարատովում 300 վագոն ռազմամթերք է բարձված Բաքվի համար, որ արդեն Բաքու է եկել նախկին գնդապետ Պետրովի շտաբը, բաղկացած 39 հոգուց, որ նրա ետևից գալիս է հեծելազորը, որը գտնվում է արդեն Աստրախանում և որից 300 մարդ արդեն Բաքու է հասել և այլն։ Շահումյանը պնդում էր, որ թուրքերը մեծ ուժեր չունեն և կարելի է նրանց ջարդել, եթե, բացի Ռուսաստանի օգնությունից, տեղում եղած բոլոր հնարավորություններն ևս օգտագործվեն։ Նա շատ լավ տեղյակ էր իրերի վիճակին և միանգամայն իրավացի էր, երբ ասում էր, որ «եթե նույնիսկ հնարավոր չլինի ճակատ թարմ ուժեր ուղարկել, եղած ուժերը բավական են Ապշերոնյան թերակղզին պաշտպանելու համար»։

Բաքվի փրկությունը, հիրավի, նրանում չէր, որ գաղութային գիշատիչների ագենտուրայի ինտրիգներին զոհ բերեին ժողովրդական միասնական ճակատը, որի հաջողությունները մինչ այդ ակներև էին։ Բաքուն կփրկվեր, եթե հրաժարվելով անգլիացիների սուտ օգնությունից, տեղական բոլոր ռեսուրսները, մարդկային և նյութական բոլոր միջոցները, որոնք դեռևս չէին սպառված, մոբիլիզացվեին և օգտագործվեին թշնամու դեմ, որի ուժերը իրոք մեծ չէին և կարելի էր նրա դեմ ոչ միայն հաջողությամբ պաշտպանվել, այլև համաձայնեցված միասնական եռանդուն գործողություններով ջախջախել նրան։ Բաքվի Խորհուրդը և մանավանդ հայերի ղեկավարությունը ճակատագրական սխալ կատարեցին, հավատ ընծայելով անգլիացիների նենգամիտ խոստումներին։ Նրանք իրենց անհեռատես, կարճամիտ գործողություններով, իրենց հախուռն, անմիտ որոշումներով քայքայեցին ու տապալեցին Բաքվի պաշտպանության գործը և այդպիսով դյուրացրին ու արագացրին թուրք-թաթարական արյունռուշտ բանդաների հաղթանակը, որոնք Բաքվի փողոցները ներկեցին տասնյակ հազարավոր անմեղ հայերի արյունով։ Դաշնակցության Բաքվի ղեկավարությունը պարտավոր էր չհետևել էսեռների և մենշևիկների խոտելի քաղաքականությանը։ Շահումյանը միանգամայն իրավացի էր, երբ առանձնապես դատապարտելի և նույնիսկ դավաճանական էր համարում Բաքվի դաշնակցական ղեկավարության դիրքը։ Ով մոռանար-չմոռանար, բայց այդ ղեկավարությունը երբեք մոռանալու չէր պատմության դասերը։

Ծանր և տագնապալի իրադրության պայմաններում, երբ Բաքվի հարյուր հազարից ավելի հայության գլխին դամոկլյան սրի պես կախված էր կոտորածների վտանգը, երբ թուրք-թաթարական արյունկզակ ոհմակների բացահայտ սպառնալիքները հայերի հասցեին միանգամայն ակներև էին դարձնում նրանց գազանային մտադրությունները Բաքվի և ընդհանրապես Անդրկովկասի հայության նկատմամբ, այդ մահացու վտանգներով հղի օրերին ուղղակի հանցանք էր և անմտություն Բաքվի փրկության հույսերը կապել օսմանյան թուրքերի հայաջինջ քաղաքականության ավանդական հովանավողորների նենգ խոստումների հետ։ 1918 թվի սեպտեմբերյան հայկական կոտորածները Բաքվում, հայության կրած անլուր տառապանքները ամբողջ 1919 թվի ընթացքում Ղարաբաղում, Նախիջևանում և այլուր՝ անգլիացիների վարած հայահալած քաղաքականության արդյունքն էին։

Բավական էր պահպանել միասնական ժողովրդական ճակատը ևս մի երեք ամիս, և Բաքուն կփրկվեր։ Կփրկվեր նաև հայությունը ահռելի կոտորածից, կմաքրվեր ամբողջ Անդրկովկասը թուրքական և այլ ռեակցիոն աղտեղություններից։

1918 թ. հուլիսի 25-ին Բաքվի ընդլայնված խորհրդում կրկին քննության դրվեց անգլիացիներին «հրավիրելու» խնդիրը։ Խորհուրդը, հակառակ Շահումյանի հորդորների՝ ձայների աննշան մեծամասնությամբ 259 ձայնով ընդդեմ 236-ի որոշում է անգլիացիներին Բաքու «հրավիրել» և խորհրդում ներկայացված բոլոր կուսակցություններից նոր կառավարություն կազմել։

Հուլիսի 31-ին ընկնում է այդպիսով Շահումյանի կառավարությունը, և իշխանության գլուխ է անցնում այսպես կոչված «Ցենտրոկասպիի դիկտատուրան», բաղկացած երեք կուսակցությունների՝ մենշևիկների, էսեռների եւ Դաշնակցության ներկայացուցիչներից։

Ինչպես և պետք էր սպասել, այդ նոր կառավարության չհաջողվեց անգլիացիներից ստանալ խոստացած օգնությունը, և Բաքուն ընկավ թուրքերի ձեռքը կարճատև հուսահատական պաշտպանությունից հետո։

9. Ղարաբաղի հայության առաջին համագումարը[10], «Ժողովրդական կառավարություն». Բաքվի հետ կապ ստեղծելու փորձի անհաջող վախճանը

Ղարաբաղի հայության ժողովրդական Առաջին համագումարը տեղի ունեցավ այն օրերին, երբ Գանձակի օսմանյան հրամանատարությունը Նուրի-փաշայի գլխավորությամբ Ղարաբաղի զանազան ռազմագիտական կետերում՝ Աղդամում, Թարթարում, Կարիագինոյում, Զաբուղում և այլ վայրերում սկսել էր կենտրոնացնել կանոնավոր զինվորական մասեր, այսպես կոչված «կոմենդանտների» հրամանատարության տակ, իբրև թե տեղերում «ապահովության և կարգի վրա հսկելու», բայց իրապես Ղարաբաղի և Սյունիքի հայության շարժումներին հետևելու և տեղական մուսուլմանական զինված ուժերը կազմակերպելու համար։

Համագումարը բացվեց 1918 թ. հուլիսի 22-ին Շուշում, թեմական դպրոցի դահլիճում։ Երկրի բոլոր շրջաններից հավաքվել էին մոտ 180 պատգամավորներ[11]։ Պատգամավորների մանդատները ստուգվելուց հետո նախագահ է ընտրվում Ալեքսանդր Ռուբենին (Ծատուրյան), իսկ քարտուղար Թեոդորոս Տեր Հովհաննիսյանին։ Առաջին նիստից հետո Ռուբենին, առանց լուրջ պատճառաբանության, հրաժարվեց նախագահել, տարակուսանք և դժգոհություն առաջ բերելով պատգամավորների շրջանում։

Ռուբենին փոխարինում է Արսո Հովհաննիսյանը (էսեռ)։

Միջկուսակցական բյուրոյի և ապա Կոմիսարների խորհրդի նախագահ Հայրապետ Մուսայելյանը տալիս է ընդարձակ հաշվետու զեկուցում երկու ղեկավար օրգանների անցյալ գործունեության վերաբերյալ և ապա ծանոթացնում ժողովին Ռուսաստանում և Անդրկովկասում տիրող ընդհանուր քաղաքական իրադրության, համաշխարհային պատերազմի և Բաքվի ճակատում տեղի ունեցող կռիվների ընթացքին, որքան այդ, իհարկե, թույլ էին տալիս ձեռքի տակ եղած հատ ու կտոր տեղեըությունները։ Մուսայելյանը առանձնապես կանգ է առնում Անդրկովկասի հայության գոյության սպառանացող թուրքական վտանգի վրա և կոչ անում Ղարաբաղի հայության լինել միշտ զգաստ և պատրաստ։ «Բոլոր միջոցներով պիտի աշխատենք համոզել մուսուլման աշխատավորությանը,- ասում է Մուսայելյանը,- որ մենք նրա բարեկամներն ենք, և երբեք չենք շփոթում նրան իր վապիրների՝ բեկերի, խաների, աղալարների և այլ ճնշողների ու շահագործողների հետ, որոնք թշնամի են նաև հայ աշխատավորության»։ Մուսայելյանը երկար խոսում է նաև երկրի կարիքների և նոր ընտրվելիք կառավարության անելիքների մասին և հորդորում պատգամավորներին ընթացիկ ծանր և վտանգներով հղի ժամանակաշրջանում պայքարել անիշխանության դեմ՝ կազմակերպելով ժողովրդին, հենվելով նրա գործուն ուժերի վրա և ամեն ըերպ ամրացնելով կարգապահությունը շրջաններոմւ։ Ժողովը լսեց նրա զինվորական կոմիսարի հաշվետու զեկուցումը և մի քանի այլ զեկուցումներ պարենավորման, ֆինանսական- ճանապարհների կանոնավորման ու այլ հարցերի շուրջը։ Ժողովում ելույթներ ունեցան պատգամավորներից շատերը։ Նրանք դրականորեն էին գնահատում Միջկուսակցական բյուրոյի և նրա հաջորդ Կոմիսարների Խորհրդի գործունեությունը, նրա անդամների մշտական, կենդանի կապը ժողովրդի հետ և հատկապես այն խոշոր և անձնվեր աշխատանքը, որ Բյուրոն և Խորհուրդը կատարել էին երկիրը անիշխանության քաոսից դուրս բերելու, ընդհանուր խաղաղությունն ու ապահովությունը վերականգնելու և երկու հարևան ժողովուրդների համերաշխությունը պահպանելու և ամրապնդելու գործում։ Նկարագրելով ժողովրդի ծանր տնտեսական կացությունը, նրա հողազուրկ վիճակը, պատգամավորները առաջարկում էին նորընտիր կառավարության ձեռք առնել բոլոր միջոցները թեթևացնելու ժողովրդի դրությունը։ «Թեպետև տարին բերքառատ է,- ասում էին պատգամավորները,- բայց չպիտի մոռանալ, որ հայ գյուղացիության հազիվ հիսուն տոկոսը սերմացու է ունեցել ժամանակին ցանքս կատարելու։ Առաջիկա ձմեռը սովի ուրվականը դարձյալ պիտի ծառանա ընչազուրկ հայ գեղջուկի բազմանդակ ընտանիքի առաջ»։ Պատգամավորները գանգատվում էին մուսուլման քոչվորների կողմից ճանապարհներին և յայլաներում հայ գյուղացիների և ճանապարհորդների նկատմամբ կատարվող բռնությունների և սպանությունների առթիվ։ Իսկ բեկական զինված բանդաների հարձակումները սահմանամերձ հայկական գյուղերի վրա համարում էին առօրյա երևույթ։

Գետաշենից եկած ներկայացուցիչները, նկարագրելով Գյուլիստանի շրջանի հայ բնակչության տագնապալի դրությունը, խնդրում էին Ղարաբաղի նոր ընտրվելիք կառավարության իր տեսադաշտից դուրս չթողնել նախկին Գյուլիստանի գավառը, որը կազմում էր պատմական Ղարաբաղի անբաժան մասը, մոռացության չտալ այնտեղ ապրող և պայքարող հայ գյուղացիության կարիքները, նրա թշվառ և անապահով վիճակը։ Օսմանյան զինված ուժերի ներկայությունը Ղարաբաղի սահմանակից վայրերում և Բաքվի ծանր վիճակը խոր  մտահոգություն էին պատճառում ժողովրդին, բայց առանց խուճապ կամ երկյուղ առաջ բերելու նրա մե։ Պատգամավորները միաբերան հայտարարում էին, որ երբ հնչի ահազանգը, ժողովուրդը պատրաստ է և լի վճռականությամբ ելնելուլ մի մարդու պես թուրքերի դեմ՝ պաշտպանելու իր երկրի անկախությունը, իր կյաոնքն ու պատիվը։ Նկատի ունենալով պատմական մոմենտի հրամայական պահանջը՝ համախմբելու նորընտիր կառավարության քշուրջը ժողովրդի բոլոր կենսունակ, գործուն ուժերին՝ ժողովը որոշում է ղեկավարվել անցյալում կիրառված կոալիցիայի միակ ճիշտ սկզբունքով՝ կազմելով կառավարություն անխտիր այն բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներից, որոնք շահագրգռված են կենսականորեն հայ ժողովրդի ճակատագրով և պատրաստ են այդ լուրջ պատմական մոմենտին միացնելու իրենց ջանքերը երկիրը վերահաս աղետներից փրկելու համար։

Պատգամավորներից մեկը առաջարկում է ընտրվելիք կառավարությունը անվանել «Ղարաբաղի ժողովրդական կառավարություն», իսկ կառավարության անդամներին «կառավարիչներ»։ Կարճ վիճաբանությունից հետո ընդունվում է այդ առաջարկությունը։

Մուսայելյանը ներկայացնում է համագումարին Կոմիսարների Խորհրդի հրաժարականը։

Որոշվում է կառավարությունը կազմել յոթ անդամից և ընտրությունները կատարել գաղտնի քվեարկությամբ։

Ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարում է թեկնածուների ցուցակը։

Ընտրվում է կառավարություն, բաղկացած հետևյալ յոթ անձերից.

1. Եղիշե Իշխանյան, նախագահ և կառավարիչ ներքին և արտաքին գործերի.

2. Արշավիր Քամալյան, կառավարիչ հողային և արդարադատության գործերի.

3. Արսո Հովհաննիսյան, կառավարիչ պարենավորման գործերի.

4. Մարկոս Տեր-Աստվածատրյան, կառավարիչ ֆինանսների.

5. Հարություն Թումյան, կառավարիչ զինվորական գործերի.

6. Մարտիրոս Այվազյան, կառավարիչ հաղորդակցության.

7. Մելիքսեթ Եսայան, կառավարության քարտուղար, վճռական ձայնի իրավունքով։ հանձնարարվում է կազմակերպել երկու հանձնաժողովներ կառավարության կից՝ բժշկա-սանիտարական և ժողովրդական կրթության։ Համագումարը որոշում է՝ ա) թույլ տալ գյուղական հասարակություններին կատարել բեկական հողերի բռնագրավում. բ) երկրորդ համագումարը (պատգամավորական ժողովը) հրավիրեիլ օգոստոսի 15-ին։

Իր վերջին նիստում ժողովը լսում և միասայն հաստատում է կառավարության հետևյալ դեկլարացիան (բերում ենք կրճատումներով)։

 

«Դեկլարացիա Ղարաբաղի ժողովրդական կառավարության

1918 թ. հուլիսի 24

Ռուսական Մեծ հեղափոխությունը ոչնչացրեց ցարական բռնակալությունը և նրա դարերի ընթացքում ստեղծած կառավարական ձևերը։ Արմատախիլ արվեց այն ամենը, ինչ ժառանգություն էր մնացել անցյալից։

Ամբողջ Ռուսաստանում սկսվեց նոր կյանքի կառուցումը։

Հեղափոխության ալիքը հեղեղեց նաև Կովկասը։ Նոր կյանքի ստեղծագործության պահանջը հրամայականորեն կանգնեց մեր առաջ։ Սակայն շնորհիվ մեր իրականության առանձնահատուկ պայմանների, այդ խնդիրը հանդիպես բազմաթիվ խոչընդոտների։ Մեզ մոտ սկսվեց եռանդուն աշխատանք Հեղափոխության առաջին օրերից։ Սակայն պատերազմի հետևանքով ստեղծված ծանր վիճակը, զուգորդվելով տեղական աննախընթաց պայմանների հետ, դժվարացնում, գրեթե ի չիք էր դարձնում այդ աշխատանքը։ Ռուսական զորքերի հեռանալուց հետո Անդրկովկասի քաղաքաքական կյանքը կորցրեց իր ծանրության կենտրոնը։ Հեղափոխությունը կորցրեց իր պատվարը մեր Ռուսաստանից փաստապես բաժանվելուց հետո։ Կովկասյան Կոմիսարիատը, այդ անհուսալի տաշեղը քաղաքական կյանքի ալեկոծվող ծովի վրա և կովկասյան ռեակցիայի այդ առաջին կազմակերպված արտահայտությունը եկավ էլ ավելի ծանրացնելու ստեղծված քաղաքական կացությունը։

Դրությունը չփրկվեց նաև, երբ ստեղծվեցին Կովկասում երեք ազգային հանրապետություններ։

Քաղաքական վերիվայրումներից առանձնացած, կղզիացած մնաց Ղարաբաղը։ Կտրված աշխարհից, նա ամբողջ ութ ամիս դեգերում էր միևնույն մեռյալ կետում։ Սակայն մահացու կլիներ իր վիճակը կապել իրերի քմահաճ ընթացքին։ Ղարաբաղը գիտակցեց մոմենտի լրջությունը։ Ժողովրդին հատուկ առողջ բնազդով Ղարաբաղի հայ բնակչությունը վճռեց չսպասել մինչև կգա եղբայրական ույժը, որը պիտի ազատեր նրան շղթաներից։ Այդ ընթացքը վտանգի կենծարկեր բոլոր արժեքները։ Եվ, ահա հավաքվել  են Լեռնային Ղարաբաղի հայության ժողովրդական ներկայացուցիչները տնօրինելու երկրի ճակատագիրը։

Համագումարը մի անգամ ևս ընդգծեց իր բարեկամական վերաբերմունքը դեպի մյուս ազգությունների դեմոկրատիան։ Այդ ճանապարհով մնք կարող ենք հասնել Ռուսական Հեղափոխության հայտարարած վսեմ գաղափարներից մեկի – ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման։ Եվ դա է լինելու Ղարաբաղի կառավարության գործունեության ելակետը։ Համագումարից ընտրված կառավարությունը կոչված է իրագործելու առաջին հերթին ժողովրդի կամքի այդ արտահայտությունը։

Ուշադրության չառնելով մեր կյանքի հեղհեղուկ պայմանները, քաղաքական հորիզոնի անորոշությունը՝ կառավարությունը անհրաժեշտ է գտնում դիմելու օրգանական, սիստեմատիկ աշխատանքի։

Իրեն առաջադրված ամենագլխավոր խնդիրներից մեկը կառավարությունը համարում է լայն մասսաների կազմակերպման գործը։

Պետք է հնարավորություններ ստեղծել վճռելու այն անհետաձգելի խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր առաջ և կապ ունեն ժողովրդի անմիջական ապահովության հետ։ Կառավարությունը վճռական պայքար է մղելու գոյություն ունեղոց անիշխանական երևույթների դեմ։ Իսկ հանցագործ տարրերի չեզոքացումը, անհրաժեշտությունը՝ գավառը ենթարկելու իշխանության պահանջներին, պահանջում են վարչական մարմինների ուժեղ կազմակերպություն։

Քաղաքակացիական վիճելի խնդիրների արդարացի լուծումը, ճնշվողների, հարստահարվողների պաշտպանությունը, ինքնադատաստան գործողությունների վերացումը, այդ ամենը պահանջում են դատական գործի անհապաղ կազմակերպում։

Համագումարի ընդունած որոշումը՝ «Թույլ տալ գյուղական հասարակություններին կատարելու բեկական հողերի բռնագրավում», պիտի կարգավորել և կանոնավորել։ Պահանջվում է դրա համար կազմակերպել հատուկ հանձնաժողովներ, որպեսզի այդ հեղափոխական ձեռնարկումը կատարվի պլանաչափ և գժտությունների ու բախումների պատճառ չդառնա առանձին հասարակությունների միջև։

Անցյալի փորձը հրամայականորեն կառավարության առաջ է դնում պարենավորման գործի շուտափույթ կազմակերպումը։ Այս, ինչպես և մյուս խնդիրների հաջողությամբ լուծելու գլխավոր արգելառիթը կառավարության համար հանդիսանալու է երկրի ֆինանսական ծանր դրությունը։ Այստեղ է ահա, որ հանդես պիտի գա ժողովուրդը իր լիակատար պատրաստակամությամբ օժանդակելու կառավարության։

Ընտրական սկզբունքը կառավարությունը ընդունում է իբրև հիմք բոլոր տեսակի կազմակերպչական աշխատանքների։ Սակայն գոյություն ունեցող պայմանները, քաղաքական սիտուացիայի արագ փոփոխությունները, որոնք պահանջում են շուտափույթ վճիռ և գործողություն, կարող են հարկադրել կառավարությանը, հակառակ իր ցանկության, շեղվելու ժամանակավորապես այդ սկզբունքներից։

Կառավարությունը խոստանում է գործադրել իր բոլոր ջանքերը հաջողությամբ իրագործելու այստեղ հայտարարված և հրապարակման անենթակա աշխատանքների իր ծրագիրը։

Ոչինչ չի կարող արգելք հանդիսանալ կառավարության այդ ծրագրի լիակատար իրագործման, եթե միայն ժողովուրդը գիտակցի ներկա մոմենտի լրջությունը, գիտակցի և ուժեղ թափով ասպարեզ նետել կարողանա իր կենդանի ուժերը՝ պաշտպանելու կառավարությանը և օժանդակելու նրա բոլոր ձեռնարկումներին։

 

Ղարաբաղի ժողովրդական կառավարություն»:[12]

 1918 թ. հուլիսի 24-ի երեկոյան նիստից հետո հայկական Ղարաբաղի պատգամավորական ժողովը ավարտված հայտարարեց իր աշխատանքները։

Այդպիսով, հեղափոխական ուժերի ստեղծած ազգային ճակատի Խորհուրդը այդ օրվանից փոխարինվեց ժողովրդից ընտրված օրինական կառավարությամբ։

***

1918 թ. հուլիսի 23-ն էր, համագումարի աշխատանքների երկրորդ օրը։ Հայտնեցին զինվորական կոմիսարին, որ Գանձակից եկած մեկը շատ կարևոր և շտապ գործով կամենում է տեսնվել նրա հետ։ Միքայել Արզումանյանից ուղարկված սուրհանդակ էր, նամակ էր բերել նրանից։ Արզումանյանը հայտնում էր.

«Թանկագին Թումյան, շտապում եմ հատուկ նամակաբերի միջոցով հայտնելու քեզ հետևյալը։ Շուշուց ուղարկված ձեր սուրհանդակը բռնված է Եվլախում գիշերը, Քռի վրայի կամուրջը անցնելու պահին։ Բռնված է թուրք պահակախմբի կողմից։ Մանրամասնությունները կպատմի քեզ նամակաբերը, որին կարող ես ըստ ամենայնի վստահել։ Բաքու գրված երկու նամակները երևան են հանված և սուրհանդակի բռնվելու գիշերը ուղարկված Նուրի-փաշային։ Նա կանչեց ինձ, ցույց տվեց ձեր նամակները և անզուսպ զայրույթով ասաց. «Դուք խնդրում եք Ղարաբաղին ձեռք չտալ. ահա, տեսեք, թե ինչ է նախապատրաստում ձեր Ղարաբաղը մեր դեմ։ Ես առանց այլևայլության հայտարարում եմ, որ երբ ժամանակը գա, և մեր բանակաները շարժենք դեպի Ղարաբաղ, մենք ժողովրդին ձեռք չենք տալու, բայց այս նամակների հեղինակին կախելու ենք անողոքաբար»։ Այնուհետև փաշան մի քանի խոսքերով ծանոթացրեց ինձ, թե ինչ հանգամանքներում է ձերբակլվել ձեր սուրհանդակը։

Այս չափազանց անհաճո տեղեկությունը ես իմ ընկերական պարտքը համարեցի անհապաղ հաղորդելու քեզ։

                                                Մ. Արզումանյան.

Հ. Գ. – Քեզ անշուշտ կհետաքրքրի սուրհանդակի հետագա ճակատագիրը։ Նա հաջորդ օրը ձերբակալության վայրում կրկին հարցաքննվելուց հետո Նուրի-փաշայի հրամանով ուղարկվել է Աղդամ և այնտեղ կախաղան է հանվել։ Մ. Ա.»[13]։

Սուրհանդակի բռնվելու հանգամանքների վերաբերյալ նամակաբերի պատմածից պարզվեց հետևյալը։ Սիմոնը հաջողությամբ անցել էր ճանապարհը մինչև Եվլախ։ Գիշերը նա փորձում է անցնել Քռի ձախ ափը, օգտվելով գետի վրայի մեծ կամուրջից, բայց նկատվում է կամուրջի վրա հսկող թուրք պահակներից և ձերբակալվում։ Խուզարկելիս սկզբում գտնում են Սիմոնի մոտ Շուշու հայ քաղաքացաիներից մի երկուսի նամակները, հասցեագրված Բաքվի ազգականներին։

Այդ «իրային ապացույցները» բավական էին թուրքերին գլխի ընկնելու, որ հիանալի տաճկերեն խոսող և իրեն իսլամ կրոնավոր ձևացնող այդ մարդը ուղարկված է Շուշու հայերի կողմից և գնում է Բաքու հատուկ միսիայով։ Գործ դնելով այդպիսի դեպքերում իրենց սովորական փորձված թուրքական մեթոդները, նրանց հաջողվում է ստիպել Սիմոնին խոստովանելու ամեն բան և դուրս բերելու Ղուրանի կազմում ներփակյալ երկու նամակները։ Այդ մանրամասնությունը կասկածել չտվեց, որ դժբախտությունը Սիմոնի հետ տեղի է ունեցել իր անխոհեմության պատճառով։ Հակառակ զինվորական կոմիսարի նախազգուշացման՝ չհայտնել ոչ ոքի իր առաքելության մասին, նա, այնուամենայնիվ, հանցավոր անզգուշություն է հանդես բերել ոչ միայն հայտնելով իր առաջիկա ուղևորության ու թերևս նաև նպատակի մասին շուշեցի ծանոթներին, այլև նամակներ է վերցրել նրանցից։ Եթե խուզարկության ժամանակ նրա մոտ չհայտնաբերվեին կողմնակի անձանց նամակները, որ ինչպես երևում է Սիմոնը լավ թաքրաց չի եղել, ապա շատ հավանական է, որ նա չբռնվեր և կարողանար հաջողությամբ իրագործել իր միսիան։

Խե՛ղճ Սիմոն... Ինչպիսի վառ հույսերով նրան ճանապարհեցին Բաքու, և ի՛նչ դժբախտ վախճան ունեցավ նա, այդ տակավին ջահել, կենսուրախ և եռանդով լի մարդը...

Այդ հաջողությունը Ղարաբաղի ղեկավարներին չհուսահատեցրեց։ Նրանք պատրաստվեցին երկրորդ անգամ փորձել՝ սուրհանդակ ուղարկելու Բաքու, այս անգամ Լենքորանի վրայով, որը թեև շատ ժամանակ կպահանջեր, բայց ավելի հուսալի ճանապարհ էր։ Իսկ կգտնվե՞ր Սիմոնի պես հարմար անձ, դժվար թե։ Բացի դրանից, դեպքերը Բաքվում շուտով այնպիսի ընթացք ընդունեցին, որ կառավարությունը ստիպված եղավ առժամանակ հետաձգել Բաքու սուրհանդակ ուղարկելու մտադրությունը։

Արզումանյանին գրած պատասխան-նամակում խնդրվում էր պարբերաբար տեղեկություններ հաղորդել Բաքվի և համաշխարհային պատերազմի ճակատներում տեղի ունեցող կռիվների ընթացքի մասին։

Այդ ցանկությունը հասկանալի էր. յուրաքանչյուր հայ այդ մղձավանջային օրերին մի իղձ միայն ուներ – Թուրքիայի արագ պարտությունը։

(շարունակելի)



[1] Ընդգծումը տեքստնն է։

[2] Ընդգծումը մերն է։

[3] Ленинский сборник, XXXVI, 1959 г., էջ 53։

[4] Ստ. Շահումյան, հոդվածներ և ճառեր, էջ 382։

[5] ՀՊՊԿԱ, ֆ. 222, գ. 1բ, թ. 399։

[6] Նույն տեղում, թ. 404։

[7] Ստ. Շահումյան, հոդվածներ և ճառեր, էջ 397։

[8] Проф. И. Л. Рубинштейн, Ближний и Средний Восток после первой мировой войны, 1952, стр. 8.

[9] Ստ. Շահումյան, հոդվածներ և ճառեր, էջ 392։

[10] Սա առաջին համագումարն էր մինչև 1920 թ. փետրվար-մարտ ամիսը հաջորդաբար գումարված Ղարաբաղի հայության ժողովրդական ութ համագումարներից (պատգամավորական ժողովներից)։

[11] Ըստ ընտրական հրահանգի՝ յուրաքանչյուր գյուղախմբային հասարակություն ուղարկել էր 2-ական պատգամավոր, ընտրված գյուղացիների ընդհանուր ժողովներում։ Շուշի քաղաքի պատգամավորներն ընտրվել էին «քառանդամ սիստեմով» ութ ընտրական տեղամասերում։

[12] «Ղարաբաղի սուրհանդակ» (Ղր. ժող. կառ. պաշտոնական օրգան), շաբաթաթերթ, 1918 թ. օգոստոս, նո. 1 (լույս է տեսել միայն այդ համարը։ Հեղինակի ձեռքի տակ չի եղել բնագիրը, նա օգտվել է մեքենագրած պատճենից)։

[13] Նամակի բնագիրը ոչնչացել է բազմաթիվ այլ փաստաթղթերի հետ Շուշում, 1920 թ. հրդեհի ժամանակ, Բայց այն իմ հիշողության մեջ պահպանվել է գրեթե բառացի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter