HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Հարությունյանը մեկուսացված է արտաքին աշխարհից. չունի նաև զանգերի իրավունք

«Հետքի» հարցերին պատասխանում է Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: 

-Մինչ մենք տոնում ենք Ամանորը, Շանթ Հարությունյանը հացադուլի մեջ է դեռ դեկտեմբերի 24-ից: Կարողացա՞ք այս օրերին տեսակցել նրան: 

-Արդեն 11-րդ օրն է՝ Շանթը հրաժարվել է հացից: Պահանջը իշխանությունների կողմից անօրինականությունների դադարեցումն է, նաև հարազատների հետ տեսակցությունների արգելքի վերացումը: Երեկ՝ հունվարի 4-ին ես դարձյալ փորձեցի տեսակցել նրան: Գնացի երեկոյան կողմ: Որդին՝ Շահենը շատ էր ուզում հայրիկին փոխանցեր իր զորակցությունը, լուր իմանար նրանից: Նաև կարևոր էր իմանալ՝ ինչպես է առողջությունը: Սակայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պատասխանեցին, որ ոչ աշխատանքային օրեր են, տոնական օրեր են, և ես չեմ կարող տեսակցել Շանթին: 

-Իսկ եղե՞լ է նման նախադեպ Ձեր պրակտիկայում, երբ ոչ աշխատանքային օրվա պատճառաբանությամբ արգելվի Ձեր մուտքը որևէ քրեակատարողական հիմնարկ Ձեր պաշտպանյալին տեսակցելու նպատակով: 

-Չեմ մտաբերում: Օրենքով մենք՝ փաստաբաններս անարգել մուտքի, տեսակցելու իրավունք ունենք մեր պաշտպանյալներին: Սակայն նման տեխնիկական խնդիրներով խոչընդոտվում է մեր աշխատանքը: Առհասարակ տեղյակ եք, որ Շանթ Հարությունյանի դիմումը՝ վերացնել հարազատներին տեսակցելու արգելանքը մերժվել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից: Հիմա Շանթը լրիվ մեկուսացված է արտաքին աշխարհից, չունի նաև զանգերի իրավունք: 

-Իսկ որևէ տեղեկատվություն ունե՞ք նրա առողջական վիճակի մասին: 

- Այո՛, մշտապես զանգահարում եմ քրեակատարողական հիմնարկ,   զրուցում հերթապահների, օրվա պատասխանատուների հետ: Ինձ վստահեցնում են, որ Շանթը մշտական բժշկական հսկողության տակ է: Շանթին անպայման կտեսնեմ հունվարի 8-ին՝ տարվա աշխատանքային առաջին օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter