HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ստեղծվեց մահապատժի դատապարտված զինվորի մասին ֆիլմը

«Հետքը» զրուցել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկինում` Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ) արտադրության բաժնի ղեկավար Հարություն Մանսուրյանի հետ: Նա հեղինակել է 19 տարեկանում մահապատժի դատապարտված զինվոր Արթուր Մկրտչյանի մասին պատմող «Ոճիր և պատիժ» փաստագրական ֆիլմը:

Ինչպե՞ս կարողացաք մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ և նկարահանել մահապատժի դատապարտված զինվոր Արթուր Մկրտչյանի մասին պատմող «Ոճիր և պատիժ» ֆիլմը՝ հաշվի առնելով, որ ՔԿՀ-ն փակ կառույց է, հատուկ ռեժիմային գոտի, և այցելությունների մասին լրագրողների դիմումները հաճախ մերժվում են: 

Մոտ 10-12 տարի առաջ էր, որ նկարահանեցինք այդ ֆիլմը: Բանն այն է, որ  Հայաստանը պիտի ԵԽ անդամ դառնար, դիմեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ թույլտվություն ստանալու համար: Մեր նպատակն էր ցույց տալ հանրությանը՝ ինչպե՞ս են մահապատժի դատապարտված 42 մարդիկ 1991-ից սկսած` ապրում մահվան ու կյանքի մեջտեղում: Մահապատժի դատավճիռները չէին իրագործվում, բայց և հույս էլ չկար, որ այդ մարդիկ ազատությունը կտեսնեն: Լրագրող Սյուզան Սիմոնյանի հետ սկսեցինք ուսումնասիրել մահապատժի դատապարտվածների մասին ամփոփ տեղեկանքները: Երբ մտանք «Նուբարաշեն», մեզ ուղեկցեցին 5-րդ՝ վերջին հարկ, որտեղ և պատիժ էին կրում մահապատժի դատապարտված 42 անձինք:

Զինվոր Արթուր Մկրտչյանի հետ ինչպե՞ս ստացվեց զրույցը:

Առաջին անգամ զրույց չստացվեց: Հենց մտանք Արթուր Մկրտչյանի մոտ, ինքն ասաց՝ ես չեմ ուզում խոսել: Փորձեցի համոզել՝ ասելով, որ կարդացել եմ լրագրող Ժաննա Ալեքսանյանի հետաքննությունն իր գործի մասին: Խոսեցին համարյա բոլորը` բացի նրանից: Արթուրը պարզապես ասաց, որ չի վստահում մեզ: Հետո, երբ դուրս եկանք, հետաքրքրվեցինք ու գտանք Արթուրի հորը՝ Համբարձումին, ով պատմեց ողջ պատմությունը՝ 1996թ. Արթուրին ու մյուս որդուն՝ Գուրգենին ՌՈ-ում պահելու, ծեծ ու ջարդի, ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու, ՌՈ այն ժամանակվա պետ Վահրամ Խորխոռունու աշխատասենյակում կատարված բռնությունների մասին: Համբարձումին ասացի, որ Արթուրը հարցազրույց չտվեց: Արթուրի հայրը մեզ տվեց իր նորածին թոռնիկի լուսանկարը, ասաց՝ հաջորդ անգամ բանտ գնալիս այս նկարը ցույց տվեք Արթուրին, անպայման կխոսի:

Ինչպե՞ս արդարադատության նախարարությունից դարձյալ ստացաք փակ ռեժիմային գոտի մտնելու թույլտվություն:

Նախարարին գրված նամակում նշեցինք, որ նկարահանումները կիսատ են մնացել, մեզ դարձյալ թույլատրեցին ներս մտնել: Նորից մտանք 93-րդ խուց, որտեղ Արթուրն էր երեք այլ մահապատժականների հետ: Լուսանկարը տեսնելով՝ Արթուրը երկար խոսեց՝ մոտ 2 ժամ: Նա պատմեց 5 զինվորների սպանության իր վարկածի մասին՝ անծանոթներ ՌՈ-ից և այլն: Ես, անկեղծ ասած, չէի հավատում այդ պատմությանը, ինչպես որ չէի հավատում նախաքննության մարմնի առաջ քաշած վարկածին ու սպանության մոտիվին: Հարցականները շատ էին: Օրինակ՝ ինչո՞ւ նա թողեց ու փախավ, ինչո՞ւ վկա մնացած Վիգենի հետ չիջավ զորամաս ու սպանության մասին չհայտնեց հրամանատարությանը, ինչո՞ւ սպիտակ «Նիվայի» մարդիկ իրեն հանգիստ բաց թողեցին: Որոշ ժամանակ անց Արթուրի հայրը փոխանցեց, որ տղան մեզ նորից է ուզում տեսնել, որ կարևոր բան ունի ասելու: Քաջ գիտակցելով, որ փակ կառույց մտնելը խաղ ու պար չէ, այդուհանդերձ, նորից դիմեցինք ԱՆ՝ հույս չունենալով, որ այս անգամ թույլ կտան մեզ ներս մտնել: Մինչ մեզ կթույլատրեին երրորդ անգամ բանտ մտնել, Սյուզան Սիմոնյանի հետ ուսումնասիրում էինք գործը: Ինչքան ուսումնասիրում էինք, այնքան համոզվում էինք, որ սարքված սցենար է: Այդ ընթացքում գտանք նաև զոհված զինվորների հարազատներին: Իրենք էլ նշեցին, որ շատ մութ կետեր են մնացել այս գործում, ասացին, որ չեն հավատում, թե Արթուրն է իրենց տղաներին սպանել, ասում էին, որ դատավարության ժամանակ պարզ երևում էր՝ դա մեկ մարդու ձեռքի գործ չէ: Զարմացանք, երբ երրորդ անգամ մեզ թույլատրեցին բանտ մտնել: Ուշադիր դիտողը անգամ կտեսնի, որ ֆիլմում Արթուրը երբեմն թեթև է հագնված, երբեմն՝ տաք հագուստով է: Երրորդ անգամ արդեն եղանակը ցրտել էր:

Ի՞նչ պատմեց Ձեզ Արթուրը երրորդ անգամ:

Պատմեց զենքի առևտրի մասին, ասաց, որ ինքը ևս մասնակից է եղել դրան: Շարունակելով հետաքննությունը՝ մենք գտանք, որ այդ ժամանակ Բուլղարիայից Հայաստան էր ներկրվել մեծ քանակի ավտոմատ զենք, որն անհետացել էր: Փաստորեն, այդ զենքը վաճառվում էր սահմանային դիրքերից: Բնականաբար, այդ գործի մեջ շարքային զինվորը կատարող օղակն էր: Զինվորը չէր կարող այդ բիզնեսը նախաձեռնել և այդ գումարները տնօրինել: Կապը գտնվեց: Այստեղ ամեն ինչ ընկավ տեղը: Պետք է միշտ փողին հետևել: Արթուրը մեզ պատմեց, որ բանտ է եկել Գագիկ Ջհանգիրյանը, ասել է, որ Արթուրը պատմի զենքի առևտրի մասին: Երբ Արթուրը խոսել է 50.000 դոլարի մասին, Ջհանգիրյանը քմծիծաղ է տվել, թե՝ ո՞ւմ ես երեխայի տեղ դնում: Այսինքն՝ շատ ավելի մեծ գումարների մասին է խոսք եղել: Կուզեի, որ պարոն Ջհանգիրյանը հիշեր այդ խոսակցության մասին, կուզեի ասեր` արդյո՞ք գտել է զենքի առևտրով զբաղվողների թելը:

Ֆիլմը ինչ-որ ռեզոնանս առաջացրե՞ց պետական կառույցներում: Եղա՞վ, արդյոք, պատրաստակամություն անդրադառնալու գործին: Օրինակ՝ վավերագրող Ալ. Գուտմանի «Երեք օր ու էլ երբեք» ֆիլմից հետո ՌԴ-ում վերանայվեց ցմահ դատապարտյալ զինվորի պատժաչափը, այն փոխարինվեց 15 տարվա ազատազրկման:

Դրանից առաջ մենք արել էինք երկու մասանոց ֆիլմ, որը կոչվում էր «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Ֆիլմը պատմում էր Զինդատախազության, մեղմ ասած, վատ աշխատանքի, զինադադարից հետո սպանված զինվորների գործերի մասին: Հիմնականում ներկայացված էր ջհանգիրյանական շրջանը: Ֆիլմում մի հատված կա, որտեղ զինվորի ծնողը գաղտնի ձայնագրել էր իր և զինդատախազ Ջհանգիրյանի զրույցը: Վերջինը այդտեղ խոստովանում է, որ քննիչները կարող են հրահանգներով ինչ-որ մի բան սարքել: Այդ հետաքննությունների ամբողջ շարքը 15 ֆիլմից է բաղկացած, որից 4-ը սպանված կամ դատապարտված զինվորների մասին է: Ֆիլմերից առաջինը, երբ եթեր գնաց «Ա1+»-ով, հեռուստաընկերությունը փակվեց: Փորձել էին լրագրողի հետ խոսել, ինձ էին զանգահարել զինվորական դատախազությունից: Դրանից առավել ոչինչ չեղավ: Ես սպասում էի լայն ռեզոնանս, քանի որ դրանից առաջ Հայաստանում հակատուբերկուլյոզային դիսպանսերի մասին էինք ֆիլմ պատրաստել, որը մեծ արձագանք էր ստացել: Սկզբում միայն զանգեր էին վերևներից, թե ի՞նչ եք անում:

Իսկ դրական առումով արձագանք եղե՞լ է որեւէ հետաքննությունից հետո:

Այո՛, նախ առողջապահության նախարարությունը այդ ֆիլմից հետո հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցների 3 ամսվա աշխատավարձերը վճարեց, հետո առողջապահության ոլորտում լուրջ փոփոխություններ եղան հենց հակաթոքախտային պայքարի տեսանկյունից: Բայց զինվորական դատախազության գործելաոճի մասին ֆիլմերը մնացին անհետևանք: Թեպետ «Ինտերնյուս» կազմակերպությունը «Հանուն Հայաստանի Հանրապետության» ֆիլմի համար «Սայաթ Նովա» մրցանակաբաշխության ժամանակ ստացավ «Լավագույն հետաքննություն» մրցանակը, բայց անգամ մրցանակը չօգնեց, որ զինդատախազության գործելաոճը փոխվի: Այնպես որ, զինվոր Արթուր Մկրտչյանի մասին ֆիլմն անելիս մենք ունեինք նախադեպ, որ լրագրողական հետաքննությունները ռեզոնանս են առաջացնում մարդկանց հոգիներում ու սրտերում, բայց ոչ՝ պետական համակարգերում:

Ի՞նչն է, Ձեր կարծիքով, դրա պատճառը:

Վստահ եմ, որ չեն կարող ինչ-որ բաներ բացահայտել համակարգերը, քանի որ այնտեղ մարդիկ են, որոնցից մեկի «պոչը» մյուսի ոտքի տակ է: Մեկը մյուսի նկատմամբ ունի կոմպրոմատ: Խորխոռունուն սպանեցին, Ջհանգիրյանի նկատմամբ տեղի ունեցավ մահափորձ, որից հետո նա պատգամավոր դարձավ ու անձեռնմխելի է: Առաջին հայացքից սրանք պատահականություններ կարող են թվալ, բայց այդպես չէ: Հիմնական պատճառն այն է, որ ռեալ պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճանները: Ու քանի որ անպատժելիությունը շարունակվում է, կլինի այնպես, ինչպես հիմա է: Հղում անել մարդկային խղճին, թե ինչպես են այդ մարդիկ քնում, չէ՞ որ գիտեն, որ, օրինակ, Արթուրն արդեն 18 տարի նստած է բանտում, միամտություն է:

Ի՞նչ եք կարծում՝ հետաքննական լրագրությունը ե՞րբ կարող է դառնալ գործոն:

Երբ հետաքննության արդյունքում իրավիճակ փոխվի վատից դեպի լավը, երբ համակարգերը շտկեն իրենց իսկ գործած ճակատագրական սխալները, այն ժամանակ էլ կարելի է ասել, որ հետաքննությունները գործոն են: Բայց իշխանությունն այսօր խնդիր չի դրել սրբագրելու նախկին սխալները, որովհետև եթե հիմա սրբագրի նախորդի սխալները, կգա հաջորդը և կսրբագրի իր սխալները: Այսինքն՝ կդրվի նոր մշակույթի սկիզբ, որի կարիքը չունեն այսօր իշխանությունները: Բացի այդ, նախորդ ու հաջորդ իշխանություններն այնքան սերտաճած են մեզանում, մի քիչ վերևից նայելով՝ տեսնում ենք, որ գրված սցենար է: Հետաքննությունները դեռ մշակույթ չեն դարձել նաև այն պատճառով, որ անհետևանք են մնում: Օրինակները շատ են: Տեսե՛ք, «Օֆշորի» մասին հայտնի հետաքննությունը եղավ, բայց գլխավոր դերակատարները նույնիսկ չհարցաքննվեցին:

Զինվոր Արթուր Մկրտչյանի մասին պատմող «Ոճիր և պատիժ» փաստագրական ֆիլմը կարող եք դիտել այստեղ

Մեկնաբանություններ (3)

Վեհարի Առաքելյան
Նոր ի հայտ եկած, օրենքներով ամրագրված հանգամանքը հիմք ունենալով և հաշվի առնելով Հայաստանի դեմ դավաճանների զենքի առանձնապես խոշոր առևտուրը թշնամու հետ, պարտավոր էին ոչ թե այս ֆիլմը ցուցադրող «Ա1+» հեռուստաընկերությունը փակել, այլ քրեական այդ գործը վերանայել: Այս և հազարավոր կոծկված քրեական գործերը բացահայտ ասում են այն մասին, որ Հայաստանում իշխանությունը դավաճանների ձեռքերին է: Այս փաստերը անուղղակի ասում են նաև այն մասին, որ այդ դավաճանները թշնամուց ստացած գումարի դիմաց իրագործել են աչկի ընկած զինվորների սպանություններ:
Զարուհի
Շարքային զինվորներին խստագույն պատիժներ տալու փոխարեն, թե կարող եք բռնեք հրամանատարական կազմի վզից: Ամենածանրագույն գործերով դրանք պլստում են ամենաշատը 1-2 տարի պայմանականով............հենց սա է ազատում նրանց ձեռքերը: Անգամ երբ միջանձնային հարաբերություններն են խախտվում, մեղքի 70 տոկոսը պետական ինստիտուտ բանակի վրա է: Բայց պետական պատասխանատվություն ՉԿԱ բանակում: Պատասխանատու եմ խոսքերիս համար: Սա հայտարարել ինձ թույլ են տալիս էն հատորանոց քրեկական գործերը, որ ուսումնասիրել և ուսումնասիրում եմ արխիվներում:
Gevorg
Miain Astzy patij@ srants kyxxi!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter