
Ուկրաինայի եւ Թաիլանդի փողոցային պայքարի նմանություններն ու տարբերությունները
Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան
Աշխարհի տարբեր մասերում, ժամանակ առ ժամանակ, մարդիկ դուրս են գալիս փողոց պայքարելու ռեժիմի փոփոխության համար: Պետք է նկատել, որ այդպիսի շարժումների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ առումներով, հաճախ, դրանք շատ նման են լինում միմյանց: Սակայն երբեմն, արտաքին նմանության տակ թաքնված են լինում լիովին տարբեր երեւույթներ:
Այսօր բողոքի ամենաթեժ զանգվածային գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայում եւ Թաիլանդում: Դրանք սկսվել են գրեթե միաժամանակ` անցյալ տարվա նոյեմբերին եւ որպես կանոն այդ երկրներում ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվական նյութերը ԶԼՄ-ներում հաճախ հաջորդում են միմյանց: Իհարկե, վերոնշյալ իրադարձությունները խորությամբ հասկանալու եւ դրանց միջեւ զուգահեռներ անցկացնելու համար անհրաժեշտ է կատարել համապարփակ գիտական ուսումնասիրություններ: Սակայն մամուլում առկա տեղեկատվության նույնիսկ հպանցիկ, ոչ գիտական վերլուծությունը կարող է նպաստել այդ շարժումների հետ կապված որոշ նրբերանգների բացահայտմանը: Ներկայացնում եմ իմ կողմից կատարված մի այդպիսի հետազոտության (այն ներառում է մինչեւ 2014-ի հունվարի 24-ը ընկած ժամանակահատվածը) նախնական արդյունքները:
Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Թաիլանդում պայքարի հռչակված փիլիսոփայությունը` խաղաղ, ոչ բռնի, անզեն դիմադրությունն է: Կազմակերպվել են տասնյակ եւ երբեմն հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ խաղաղ հանրահավաքներ, երթեր, պիկետներ: Այս երկրների մայրաքաղաքների կենտրոնում գործել է վրանային ճամբար, որտեղ անժամկետ ցույցեր են իրականցվել: Սակայն պետք է նկատել, որ երկու երկրներում էլ, երբեմն, ցուցարարների փոքր մասը բախման է գնացել ուժայինների հետ` նրանց դեմ օգտագործելով «մոլոտովի կոկտեյլներ», քարեր, փայտեր եւ նմանատիպ այլ միջոցներ: Ամեն դեպքում, բողոքի գործողությունների սկզբնամասում ընդդիմադիրների բացարձակ մեծամասնությունը ընդհանրապես որեւէ ուժային գործողություն չի իրականացրել իսկ ոստիկանների հետ բախվող նույնիսկ ամենառադիկալ ցուցարարները հրազենով զինված չեն եղել:
Կարծում եմ, որ միայն խորքային հետազոտությունը կարող է պարզել` ովքեր են ոստիկանության հետ բախումների գնացողները, որքանով են նրանք միասնական եւ նախապես պատրաստված եւ արդյոք համաձայնեցրել են իրենց գործողությունները շարժման կազմակերպիչների հետ, թե ինքնակամ խախտել են հռչակված խաղաղ անհնազանդության սկզբունքը: Հպանցիկ վերլուծությունը, այս առումով, միայն ցույց է տալիս, որ երկու երկրների շարժումների առաջնորդների կողմից բարիկադներում պայքարող մարդկանց (ի դեպ, Ուկրաինայի դեպքում լրահոսում հաճախ նշվում է, որ դրանք աջակողմյան ազգայնականներ են) նկատմամբ դատապարտող հայտարարություններ հիմնականում չեն եղել: Դեռեւս կարողացել եմ գրանցել միայն մեկ դեպք, երբ առաջնորդները փորձել են չթույլատրել ուժային բախումը` «Մայդանի» առաջնորդներից «Ուդառ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն կանգնել է ցուցարարների եւ ոստիկանության միջեւ եւ փորձել է խաղաղացնել բոլորին, ինչը այդ ցուցարարների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել:
Հարկ է նշել, որ երկու երկրներում էլ որպես իշխանությունների նկատմամբ ճնշման իրականացման միջոց կիրառվել է վարչական շենքերի գրավման եւ բլոկադայի պրակտիկան: Սակայն, եթե Ուկրաինայում դրանք եղել են տեղական ինքնակառավարման եւ շրջանային նշանակության շենքեր, ապա Թաիլանդում ընդդիմադիրները հիմնականում գրավել են պետական կառավարման համապետական նշանակության շենքեր, ինչպիսիք են` ԱԳՆ եւ Ֆինանսների Նախարարության շենքերը: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընդդիմությունը նաեւ միաժամանակ շրջափակել է մի շարք կենտրոնական փողոցներ` պարալիզացնելով մայրաքաղաքի բնականոն կյանքը:
Երկու երկրներում էլ, ըստ էության, պայքարը մղվում է համակարգային ռադիկալ փոփոխությունների հասնելու նպատակով, ինչը ներառում է գործող իշխանությունների հրաժարականի պահանջը, սակայն ամենեւին չի սահմանափակվում դրանով: Պետք է նշել սակայն, որ եթե Ուկրաինայում ընդդիմության կողմից ներկայացվող պահանջները պայքարի ընթացքում փոխվել եւ լրացվել են, ապա Թաիլանդում դրանք մնացել են անփոփոխ:
Ուկրաինայում բողոքի գործողությունների սկզբնամասում ցուցարարները պահաջում էին նախագահ Յանուկովիչից ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումից հրաժարումը հենց հանդիսացել էր բողոքի ալիքի առաջացման պատճառը: Սակայն հետագայում, երբ նա այդպես էլ չստորագրեց այդ համաձայնագիրը իսկ հատուկ ջոկատայինները անհամաչափ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ, ընդդիմադիրները առաջ քաշեցին նոր հիմնական պահանջներ` իշխանությունների հրաժարական եւ արտահերթ ընտրություններ: Հարկ է նշել, որ պայքարի ընթացքում ստեղծվել են պայքարը համակարգող երկու մարմիններ` սկզբում ձեւավորվել է «Ազգային դիմադրության շտաբը» իսկ որոշ ժամանակ անց, հավանաբար տեսնելով, որ պայքարը անարդյունավետ է, ցուցարարները հիմնադրել են նոր կազմակերպություն` «Մայդան» համաուկրաինական միավորումը, որը շարժման նախկին նպատակներին ավելացրել է մի շարք նոր նպատակներ, այդ թվում` սահմանադրության փոփոխություն, ուժային կառույցների բարեփոխում եւ այլն:
Մեկնաբանել