HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի և Թաիլանդի փողոցային պայքարի նմանություններն ու տարբերությունները - 2

Էդգար Վարդանյան

Սկիզբը

Պետք է նշել, որ Ուկրաինայի ընդդիմադիր հանրության բողոքի գործողությունների ողջ ժամանակահատվածում երբեմն դժվար է եղել տարբերակել, թե ցուցարարների որ պահանջն է առաջնահերթ, իսկ որը` երկրորդական:

Թաիլանդի ընդդիմությունը բողոքի սկզբից մինչեւ այսօր հետապնդել է մեկ հիմնական նպատակ` իշխանությունների ամբողջական հրաժարական եւ իշխանության փոխանցում չընտրված «Ժողովրդական խորհրդին»: Ի դեպ, եթե «Մայդան»-ի պահանջները տեղավորվում են Սահմանադրության շրջանակներում, ապա «Ժողովրդական խորհրդին» իշխանություն փոխանցելու ընդդիմադիր թաիլանդցիների պահանջը, համենայնդեպս ֆորմալ առումով, Սահմանադրության շրջանակների մեջ չի տեղավորվում:

Թաիլանդի ընդդիմությունը գտնում է, որ երկրի գործող իշխանությունները` վարչապետ Յինգլուկ Շինավարտրայի գլխավորությամբ, թաղված են լայնածավալ, խորքային կոռուպցիայի մեջ, սահմանափակում են քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, ամենուր մոնոպոլիա են հաստատել եւ այլն: «Բարեփոխում մինչեւ ընտրություններ» ընդդիմադիրների հիմնական կարգախոսը նշանակում է` թաիլանդցիները կարծում են, որ իրենց քաղաքական ռեժիմի պայմաններում ընտրությունները չեն հանգեցնելու պետության առողջացմանը, քանի որ իշխանությունները ձայներ գնելու, տարբեր կերպ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու արդյունքում կարողանալու են վերարտադրվել, եւ երկրում որեւէ բան չի փոխվելու: Այդ իսկ պատճառով թաիլանդցիները ցանկանում են ժամանակավոր չընտրված մի մարմնի` «Ժողովրդական խորհրդի» միջոցով մինչեւ մեկ տարի ժամկետում երկրում իրականացնել իրական արմատական բարեփոխումներ եւ դրանից հետո նոր կազմակերպել ազատ եւ արդար ընտրություններ: 

Հարկ է նշել, որ Թաիլանդի գործող իշխանությունները իշխանության են եկել ընտրությունների միջոցով՝ հաղթելով այն ժամանակվա գործող իշխանություններին, որոնց մեծ մասը կանգնած է այսօրվա փողոցային պայքարի հիմքում: Հենց այն պատճառաբանությամբ, որ ընդդիմությունը ցանկանում է ընտրություններով եկած իշխանությանը փոխարինել չընտրված իշխանությամբ, Արեւմուտքը հիմնականում քննադատում է բողոքը եւ աջակցում է գործող իշխանություններին:

Ուկրաինայում այս առումով հակառակ պատկերն է. արեւմտյան պետությունները սպառնում են պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի չինովնիկների նկատմամբ, եթե իշխանությունները ուժով ցրեն Մայդանը: Եվրոպական երկրների բազմաթիվ չինովնիկներ անձամբ են այցելել ցուցարարներին եւ նրանց աջակցող ելույթներ ունեցել:

Ե՛վ Թաիլանդում, եւ՛ Ուկրաինայում բողոքի գործողություններ սկսելու առիթ է հանդիսացել իշխանությունների կոնկրետ մեկ քայլը: Թաիլանդում դա ընդունված համաներման օրենքն է, որը թույլ է տալիս նախկին վարչապետ Թաքսին Շինավաթրային (շատերի կարծիքով՝ նա հեռակա կարգով կառավարում է երկիրը իր քրոջ` ներկայիս վարչապետ Յինգլուկ Շինավարտրայի միջոցով) վերադառնալ հայրենիք եւ չկրել դատարանի սահմանած պատիժը, իսկ Ուկրաինայում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելն էր: Պետք է նշել, որ երկու երկրներում էլ բողոքի առիթ դարձած խնդիրների լուծումը ընդդիմադիրների պայքարի խնդիրներից մեկն է եւ կարող ենք ասել, որ դրանք, իսկապես, բողոքի առաջացման առիթն են, այլ ոչ թե խորքային պատճառը:

Բողոքի գործողությունների հենց առաջին ալիքից հետո, երբ ընդդիմությունը վայր է դրել մանդատները, Թաիլանդի վարչապետը, որպես փոխզիջման քայլ, ցրել է խորհրդարանը եւ նշանակել արտահերթ ընտրություններ, որոնք բոյկոտում են ընդդիմադիրները: Այդ բոյկոտը շատ ակտիվ բնույթ է կրում. ընդդիմադիրները խնդիր են դրել տապալել ընտրությունները եւ արդեն իսկ կարողացել են մի շարք ընտրատարածքներում պարալիզացնել ընտրական գործընթացը: Թաիլանդի ընդդիմադիրները նաեւ հայտարարել են, որ եթե վարչապետը հրաժարական չտա, ապա նրանք կձերբակալեն նրան: Սակայն, վերջինս չի պատրաստվում հեռանալ, իսկ ընդդիմադիրների այդ սպառնալիքը դեռեւս մնում է չիրագործված: Անկախ նրանից, թե որքանով են լուրջ վարչապետին ձեռբակալելու` ընդդիմադիրների սպառնալիքը, այդ հայտարարությունը վկայում է, որ նրանք իշխանություններին օրենքից դուրս են համարում եւ կարծում են, որ ժողովուրդն իրավունք ունի գործել որպես երկրի տեր:

Ուկրաինական ընդդիմությունը ընտրել է մասնակցության, այլ ոչ թե բոյկոտի տակտիկան: Ընդդիմադիր պատգամավորները վայր չեն դրել իրենց մադատները, իսկ Մայդանի հիմնական պահանջներից մեկը արտահերթ ընտրություններն են, որոնց անցկացումը սեփական երկրում բոյկոտում են թաիլանդցի ցուցարարները: Սակայն պետք է նշել, որ ուկրաինացիները նաեւ ստեղծում են իշխանական մարմիններին այլընտրանքային կառույցներ, օրինակ` «ժողովրդական ռադաներ», սակայն դրանք, կարծես թե, կոչված չեն փոխարինելու Սահմանադրությամբ հաստատված պետական մարմիններին:

Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Թաիլանդում գոյություն ունի բողոքի գործողությունները համակարգող մարմին: Հարկ է նշել, որ երկու երկրներում էլ այդ մարմինը կուսակցական ինստիտուտ չէ, սակայն դրա ղեկավար կազմում կուսակցությունների ներկայացուցիչները մեծամասնություն են:

Ուկրաինայում, ինչպես վերեւում արդեն նշվել է, պայքարի սզբում ձեւավորվել է Ազգային դիմադրության շտաբ, իսկ որոշ ժամանակ անց նաեւ հիմնադրվել է «Մայդան» համաուկրաինական միությունը: Երկու կազմակերպությունների ղեկավար մարմնի մեջ են մտնում երեք խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Իսկ ընդհանրապես, «Մայդանի» կազմում իրենց տեղն են գտել տարբեր գաղափարախոսություններ ունեցող բազմաթիվ հասարակական, քաղաքական միավորներ եւ անհատներ:

Ուկրաինական ընդվզումը առանձնանում է նաեւ նրանով, որ ընդդեմ իշխանությունների ակտիվ գործողություններ իրականացնող շատ քաղաքացիներ եւ որոշ կազմակերպություններ դուրս են Մայդանի համակարգող մարմնի վերահսկողությունից եւ հաճախ քննադատության են արժանանում վերջինիս ակտիվիստների կողմից: Պետք է նշել, որ ամեն դեպքում հիմնական հռետորները, իշխանությունների հետ երկխոսության մեջ գտնվողները, որպես կանոն, երեք կուսակցությունների առաջնորդներն են, եւ հաճախ շատերը նրանց ելույթների եւ գործողությունների հետեւում նկատում են սեփական կուսակցության շահը եւ գաղափարախոսությունը: Նկատվում է նաեւ, որ շատ պայքարող անկուսակցականներ անվստահություն են տածում վերոնշյալ կուսակցությունների առաջնորդների նկատմամբ եւ հաճախ խիստ կերպով քննադատում նրանց: Լարված հարաբերություններ են Մայդանի «աջ» եւ «ձախ» թեւերի որոշ ներկայացուցիչների միջեւ: Սակայն պետք է նշել, որ, այնուամենայնիվ, Մայդանը հիմնականում շատ լավ կազմակերպված է եւ նրա ներսում լավ է իրականացված աշխատանքի բաժանումը:

Թաիլանդում բողոքը կազմակերպում է Դեմոկրատական բարեփոխումների ժողովրդական կոմիտեն, որն ունի վառ ընդգծված առաջնորդ` ի դեմս երկրի ամենախոշոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Սութեփ Թագսուբանի, որը վայր է դրել պատգամավորական մանդատը եւ հրաժարական տվել իր կուսակցության ղեկավարի պաշտոնից, որպեսզի առաջնորդի փողոցային պայքարը: Այստեղ պայքարի մեջ են ներգրավված հիմնականում «միջին դասի» ներկայացուցիչները, քաղաքաբնակները: Պայքարը առաջնորդող կոմիտեի մաս են կազմում տարբեր քաղաքական եւ քաղաքացիական կառույցներ, սակայն զգալի մասը դեմոկրատական կուսակցության կողմնակիցներն են: Պետք է նշեմ, որ  Թաիլանդի ընդդիմադիր պայքարի ներսում չեմ նկատել առաջնորդի գործողություններից դժգոհության առկայություն, սակայն, ինչպես արդեն նշել եմ սույն հոդվածի առաջին մասում, իմ վերլուծությունը նախնական է եւ ոչ խորքային, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ չբացահայտի մակերեսին չերեւացող մի շարք երեւույթներ: 

Թե՛ Թաիլանդի, թե՛ Ուկրաինայի քաղաքացիական ընդվզմանը բնորոշ է եւս մի ընդհանուր հատկություն` իշխանությունների կողմից ուժի կիրառումը հանգեցնում է պայքարի է՛լ ավելի ընդլայնմանը ու ուժեղացմանը:

Նշեմ, որ դեռ շատ կարելի է գրել Ուկրաինայի եւ Թաիլանդի փողոցային պայքարի նմանությունների եւ տարբերությունների մասին, սակայն հոդվածի ժանրը թույլ չի տալիս ավելի ծավալվել: Կարծում եմ, որ վերոնշյալ գործընթացների հանգուցալուծումից հետո ճիշտ կլինի կատարել դրանց ավելի խորը եւ համապարփակ վերլուծություն:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter