
Բանակում հաշմանդամ դարձած նախկին զինվորը առողջական խնդիրներ ունի բանտում
«Հետքի» խմբագրություն ահազանգած Գյումրիի բնակչուհի Էմմա Մկրտչյանը պատմեց 13 տարի ազատազրկման վայրում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ամուսնու՝ Արման Իսկանդարյանի առողջական վատ վիճակի մասին:
Տիկին Մկրտչյանը հայտնեց, որ ամուսինը երկրորդ կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է հենակի միջոցով, մեկ ոտքը կտրված է: «Դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության ժամանակ՝ 1990-ականների կեսերին: Ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգության ժամանակ մին է պայթել, ու Արմանն այդ ժամանակ զրկվել է ոտքից»,- պատմեց նրա կինը:
Իսկ տարիներ անց՝ 2001-ին, 25 տարեկանում նրան մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն կատարելու մեջ ու դատապարտել մահապատժի (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ):
«Մեր որդին ծնվեց, երբ հայրն արդեն դատապարտված էր: Նա 13 տարի բանտում է, տղաս արդեն 13 տարեկան է»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց ցմահ դատապարտյալի կինը՝ փոխանցելով, որ վերջին անգամ ամուսնուն երկու ամիս առաջ է տեսակցել (ցմահ դատապարտյալներն իրավունք ունեն տարեկան առնվազն 1 երկարատև տեսակցության՝ 3 օրով և 3 կարճատև տեսակցության) ու անձամբ տեսել պրոթեզի խնդիրը:
Լինելով բուժքույր ու տեսնելով ամուսնու առողջական վիճակը՝ Էմման խիստ անհանգստացած է. «Պրոթեզը ստացել է 4 տարի առաջ, բայց հպման տեղը ցավեցնում է, արյուն է հավաքվում պրոթեզի տակ: Չի կարողանում կրել այն, իսկ առանց պրոթեզի էլ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, իր կենցաղային հարցերը հոգալ: Նա դիմել է, որ պրոթեզավորողը մտնի բանտ ու շտկումներ կատարի կամ իրեն տեղափոխեն բուժմաս կամ «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն այս հարցում որևէ տեղաշարժ չկա: Բանտի բժիշկը մի քանի անգամ տեսել է Արմանի վիճակը, խոստացել, որ պրոթեզավորողը կգա, անգամ մենք պատրաստ ենք հոգալ բժշկի տեղափոխման ծախսերը: Եթե պրոթեզավորողը չի մտնում բանտ, գոնե երկու հենակ հատկացնեն Արմանին, հիմա ունի մեկը, որ գոնե տեղաշարժվի»,- ահազանգեց ցմահ դատապարտյալի կինը: Նա նշեց, որ ամուսինը ըմբշամարտիկ է եղել, բազմաթիվ մրցանակներ ունի, որ նրա կյանքը խեղվել է բանակում ծառայելուց հետո, իսկ դատարանը քրեական գործը քննելիս հաշվի չի առել շատ հանգամանքներ. «Գոնե հանուն նրա, որ Արմանը հաշմանդամ է դարձել հայրենիքը պաշտպանելիս, կարելի է ուշադրություն դարձնել ու լուծել պրոթեզի հետ կապված խնդիրը: Նոր պրոթեզ պետք չի, այլ միայն շտկումներ կատարվեն իր ունեցածի վրա»:
Խնդրի առնչությամբ դիմեցինք Քրեակատարողական վարչություն: ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ բժիշկը մեկ անգամ ևս լսել է ցմահ դատապարտյալի գանգատը: Հարցին, թե ինչու դատապարտյալը չի տեղափոխվում բուժմաս կամ «Դատապարտյալների հիվանդանոց», բաժնի պետը պատասխանեց, որ նման հարցերը որոշում է ՔԿՀ ղեկավարությունը:
Մեկնաբանել