HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չաստ նայողները» մնացել են անպատիժ

Սկիզբը

Գործի նյութերում կան հարցաքննված զինվորների վկայություններ այն մասին, որ դեպքից (2005 թ-ի սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշեր) մի քանի օր առաջ զինծառայող Հայկ Թորոսյանին տղաները տեսել են մտամոլոր, անգամ լաց լինելիս, կան վկայություններ, որ Հայկը այլ զինվորներից պարտք է խնդրել մինչև զորամասը թողնելը, սակայն չի կարողացել անհրաժեշտ 5000 դրամը հայթայթել ու հանձնել իր վրա «փչացնելու» սպառնալիք դրած տղաներին: Իր ցուցմունքներում նա նշել է, որ վախեցել է այդ ամենի մասին պատմել հրամանատարներին, քանի որ մտածել է, որ դա կդիտվի որպես «գործ տալ»: Քրեական գործում կան զինվորների վկայություններ, որ Հայկը ցանկացել է արձակուրդ գնալ՝տուն հասնելու ու գումար հայթայթելու համար, սակայն արձակուրդ գնալ նրան մերժել են:

Այսպես՝ նախաքննական մարմինն ու դատարանը չնայած պարզել են, որ զենքի գողությունը, զորամասը լքելն ու ավազակային հարձակումը նա կատարել է տղամարդկային արժանապատվությունը փրկելու նպատակով, սակայն դատավճռով իրավական գնահատական չի տրվել այդ հանգամանքին:

 Հայկն անգամ տուժող չի ճանաչվել

«Հետքի» հետ զրույցում փաստաբան Մանվել Վարդանյանը շեշտեց, որ մեղադրանք չի առաջադրվել Արեն Խառատյանին, միայն Անդրանիկ Ղասաբյանին է մեղադրանք առաջադրվել 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ շորթում՝ զուգորդված սպառնալիքով: Սակայն Հայկը, ումից շորթվել է 11.000 դրամ գումարը, տուժող չի ճանաչվել: Իսկ «հեղինակություն» Անդրանիկի նկատմամբ նախաքննական մարմինն ու դատարանը բարեհաճ են գտնվել. նա մեկ օր անգամ չի կալանավորվել (խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չբացակայելու մասին), իսկ դատարանն էլ  նշանակել է փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ մեղմացուցիչ հանգամանք համարելով այն, որ ծառայության ժամանակ նա պարգև է ստացել: Դատարանը գտել է նաև, որ չկա Անդրանիկի արարքը ծանրացնող հանգամանք: Փաստաբան Մանվել Վարդանյանը, սակայն, գտնում է, որ ծանրացնող հանգամանքներ են առաջացել հենց Անդրանիկ Ղասաբյանի սպառնալիքներից հետո: «Եթե նրա սպառնալիքները՝ Հայկի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու մասին, չլինեին, բնականաբար արարքների այդ շղթան չէր լինի»,-համոզմունք հայտնեց փաստաբանը:

Այս բոլոր հանգամանքները նա ներկայացրել է դատարան: 2011-ին գործն անցել է եռաստիճան դատարանի բոլոր ատյաններով, սակայն անարդյունք:

Հայկը դեպքից ոչինչ չի հիշում

9 տարի բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանն իր հետ կատարվածը չի հիշում, մեկ տարի առաջ նա ուղեղի կաթված է ստացել բանտում: Վտանգված է նրա կյանքը, աջ աչքը շատ թույլ է տեսնում, աջ ձեռքը չի աշխատում:

Հայկի մայրը, մանկավարժ Լիլյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Ես առողջ զինվոր եմ տվել մեր բանակին, նա 2003 թ-ից դուրս է եկել տնից, ու մինչ օրս սպասում եմ նրան, արդեն 11 տարի: 2005-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ հիմա Հայկի վիճակը սարսափելի է, ամեն րոպե կարող է կրկնվել նրա հիվանդությունը, նորից կարող է ինսուլտ լինել: Պետպատվերով նրան բուժեցին քաղաքացիական հիվանդանոցում, ես էլ նրա կողքին էի: Սկզբում չէր կարողանում խոսել անգամ, չկար հիշողություն: Հիմա մի փոքր վերականգնվել է ոտքը, բայց աջ ձեռքը բոլորովին չի աշխատում, տեսողության խնդիր ունի, միայն խորքային հիշողությունն է աշխատում, հազիվ իրեն սպասարկում է մեկ ձեռքով, խցակիցներն են օգնում շատ հարցերում: Դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ, պետությունից ստանում է 16.000 դրամ թոշակ: Մեկ տարի է անցել, նրան հիմա պետք է նորից հետազոտել: Անգամ վեց ամիս անց պետք է հետազոտեին, որդուս պետք է մշտական բժշկական հսկողություն»:

28 տարեկանում՝ անցյալ տարի, Հայկ Թորոսյանը մեկ ամիս բուժվել է «Էրեբունի» ԲԿ-ում, էպիլեպտոլոգիական բաժնում՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում ձախ միջին ուղեղային զարկերակի ավազանում՝ իշեմիկ տիպի, աջակողմյան հեմիպարեզով ախտանիշով:

Տիկին Լիլյան ասաց, որ դիմել է տարբեր ատյաններ՝ որդու հիվանդության հետ կապված: 3-4 անգամ է՝ գրում է նաև հանրապետության նախագահին՝ նշելով, որ ՀՀ կառավարության 2006 թվականի  մայիսի 26-ի N 825-Ն որոշման  պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 20-րդ կետի համաձայն, Հայկին ազատեն պատժի հետագա կրումից: Սակայն փաստաբան Վարդանյանն ասաց, որ իրենց մերժում են՝ նշելով, որ Հայկի հիվանդությունները կառավարության ցանկին չեն համապատասխանում: «Սակայն ցանկի 20-րդ կետի 1-ին մասը սահմանում է հենց այն, ինչ ախտորոշված է Հայկի մոտ՝ ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ»,-ընդգծեց Մանվել Վարդանյանը:

Ըստ օրենքի, ոչ թե դատապարտյալը, այլ քրեակատարողական հիմնարկն է իրավասու դիմել պատժից ազատելու հարցով: Զրույցի վերջում Հայկի մայրն ասաց. «Չեմ կարողանում հասկանալ այն համառությունը, որով ցանկանում են հիվանդ, կես մարդ դարձած դատապարտյալին պահել բանտում, չեմ հասկանում, թե ով է շահում դրանից»:

Մեկնաբանություններ (4)

Հիվանդ ենք!
5000 դրամ (12 դոլլար) - ի համար կործանվել են երկու Հայ երիտասարդ իսկ նրանց ընտանիքների կյանքը դժոխք է դարձել: Ինչ արժեն այլեւս ներկա երկիր - պետություն կոչվողը, անընդհատ շահարկվող հազարամյա քրիստոնեական մշակույթը, դաժան կորուստներով ձեռք բերված հաղթանակները երբ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ հոգեբանությամբ ենք ապրում? Գուցե հենց սրա համար է որ բնազդաբար իրարից հեռու ենք փախչում, ինչպես ժանտախտով վարակված վայրից եւ միակ ելքն էլ հենց այդ է մնում?
Զարուհի
«Չեմ կարողանում հասկանալ այն համառությունը, որով ցանկանում են հիվանդ, կես մարդ դարձած դատապարտյալին պահել բանտում, չեմ հասկանում, թե ով է շահում դրանից»,-ասաց Հայկի մայրը.............ես էլ չեմ հասկանում՝ ինչ կլինի եթե կարգը կիրառվի? ով կտուժի? Պատժողի հոգեբանությունից երբ կձերբազատվենք? Իսկ բանակու առկայությունը ու նրանց հանդեպ այս հովանավորչությունը անհանդուրժելի է: Ցավն այն է, որ դատարանը ևս բարեհաճ է գտնվել նկատմամբ:
АРТУР
вы, бездушные должнастные портфельи и стулья, да Будьте вы прокляты за то что должны были рлужить людям, вашим же гражданам, вашему собственному народу, а не своим портфелям и стулям. Да будьте прокляты тысячу раз что стали для этих вот 20 летних парней палачами. Товмасян, Костанян, судьи и прокуроры, депутаты и министры да будет проклят ваш род, ели этот парень нехотя стал преступником и неосознанно убил милицианера то вы осознанно убываете каждый день, это вы настоящые убицы, палачи безбожные. Гореть вам и вашему роду в аду. И это голос Армянского Народа, а не моя.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այսինքն՝ ԸՆԴԱՄԵՆԸ մոտ 10-20 եվրոյի համար Հայաստանի բանակում կյանքեր են կործանվում ու խեղվու՞մ: Այս ի՜նչ մանր-գողական-զոնային բարքեր են բանակում: Իսկ հայկական բանակում հրամանատարներ կա՞ն. թե՞ իրենք էլ «զոն նայողների» «զոն նայողներն» են: Էս ա՞ «սուրբ» հայոց բանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter