
ԱԺ ճաշարանը սպասարկող ընկերությունը դժգոհ է եկամտաբերությունից
Ազգայի ժողովի դրամատիկ միջավայրերից մեկը ԱԺ ճաշարանն է, որը գտնվում է խորհրդարանի երկրորդ հարկում: Սա այն վայրերից մեկն է, որտեղ նիստերի օրվա երկրորդ մասում ավելի շատ պատգամավոր կարելի է տեսնել, քան նիստերի դահլիճում: Ճաշարանում հատկապես ուշադրություն է գրավում հանրապետականների համար նախօրոք պատրաստվող սեղանը: Քաղաքական մեծամասնությունը նախապատվությունը տալիս է կոլեկտիվ ճաշին: Դա, այսպես ասած, դասական խնջույքի ձևերից է, որտեղ պակասում է միայն երաժշտությունը: Բայց կան նաև պատգամավորներ, ովքեր նախընտրում են ճաշել կամ իրենց սենյակներում կամ ԱԺ շենքից դուրս: Իսկ ահա ԱԺ նախագահն ունի հատուկ խոհանոց, որտեղ սպասարկում են առանձին խոհարարներ:
Պատգամավորական ճաշարանում էլ արդեն մի քանի շաբաթ հայտարարվել են զեղչեր: Աշխատակիցներն ասում են, որ սա չպետք է պայմանավորել հին սննդով: «Դա միայն մարքետինգային քայլ է»,- պատասխանում են նրանք:
Ճաշարանն այժմ շահագործում է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ն, որի տնօրենն է Բակուր Մելքոնյանը: Պետռեգիստրի տվյալներով՝ այս ընկերությունը գրանցված է Բակուր Մելքոնյանի կնոջ՝ Գայանե Մարգարյանի անունով: Ընկերությունը հիմնադրվել է 2002-ին: «Սա ընտանեկան բիզնես է, իմ ու կնոջս բիզնեսն է, մենք ենք սկսել մեր տնից, մեր ձեռքերով»,- նշում է Մելքոնյանը:
Վերջինս ասում է, որ նախորդ տարվա հունիսին իրենք 1 տարի ժամկետով պայմանագիր են կնքել ԱԺ-ի հետ: Ընկերությունը պարտավորվել է ապահովել որակյալ և մատչելի սնունդ, իսկ ԱԺ-ին որևէ ֆինանսական պարտավորություն չունի: Տնօրենը, սակայն, դժգոհ է եկամտաբերությունից: Նրա ասելով՝ հաճախորդներին գրավելու համար նույնիսկ զեղչեր են արել, բայց դա էլ արդյունք չի տալիս: «Զեղչերն արվել են այն բանի համար, որ հասկանայինք, թե ինչից է, որ հաճախորդների թիվը քիչ է, բայց հետո հասկացանք, որ դա Ազգային ժողովի սպեցիֆիկան է, դա մենք հաշվի չենք առել: Ազգային ժողովում կան նիստերի օրեր և ոչ նիստերի օրեր, որոնք ավելի շատ են գերակշռում, քան նիստերի օրերը»,- ասում է Բ. Մելքոնյանը, հետո ավելացնում, որ իրենք այլևս հրաժարվելու են ԱԺ-ին սպասարկելուց քիչ շահույթ ստանալու պատճառով: Այսինքն՝ պայմանագրի ավարտից հետո չեն մասնակցելու նոր մրցույթին:
Սնունդը, Բ. Մելքոնյանի ասելով, ձեռք են բերում տարբեր ընկերություններից, որոնց անունները տնօրենը հրաժարվեց նշելուց:
Օրինակ՝ ճաշարանում վաճառվում են «Գառնի Կրիստալ Լայն», «Դիլիջան» և «Բյուրեղ» ջրերը, հյութերից՝ «Յան», «Դոլ», վրացական լիմոնադ: Նշենք, որ «Գառնի Կրիստալ Լայնի» անունը կապվում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Ռեդի-Սթեդի» ընկերությունը նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ըստ կառավարության կայքի, մեկ անձից կատարվող գնումների շրջանակներում 7 անգամ ծառայություն է մատուցել ԱԺ-ին: Տարբեր պատվիրակությունների և ուսուցիչների տոնի հյուրասիրությունների համար Ազգային ժողովը 820.750 դրամ է փոխանցել ՍՊԸ-ին:
Այս ընկերությունն այժմ մատակարարում է նաև Կենտրոնական բանկին, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը, «Սինոփսիսին», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկին: Ի տարբերություն ԱԺ-ի՝ սրանց եկամտաբերությունից տնօրեն Բ. Մելքոնյանը չի դժգոհում:
Մեկնաբանել