HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

16 տարի անց ցմահ դատապարտյալն արդարացվել է

Լուսանկարում ամերիկացի Քելվին Ջոնսոնն է, ով 16 տարի պատիժ է կրել ամերիկյան 5 տարբեր բանտերում՝ չկատարած հանցանքի համար:

1983թ. նրան մեղադրել են բռնաբարության և սպանության մեջ՝ բացառապես ցուցմունքների հիման վրա, ու դատապարտել ցմահ ազատազրկման: Վերջին խոսքի իրավունքով Քելվինը դատարանում արտասանել է հետևյալը. «Ես անմեղ եմ, ինձ սխալ եք դատապարտում, վկա է Աստված, որ չեմ կատարել այն հանցանքը, որում ինձ մեղադրում եք»:

Սակայն ԱՄՆ Ջորջիա նահանգի դատարանն անդրդվելի էր: Մեղադրական դատավճռից հետո Քելվինը 16 տարի պայքարել է իր անմեղությունն ապացուցելու համար: Քելվինի պատմության մասին ինձ պատմեց մեր հայրենակից Գրեգ Համփիկյանը, ով քրեական գենետիկայի մասնագետ է, ղեկավարում է «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Գրեգը նամակ է ստացել դատապարտյալից, ով պնդել է, որ տարիներ առաջ իրեն սխալ են դատապարտել: Շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման և ԴՆԹ թեստի 1999թ. ապացուցվել է Ջոնսոնի անմեղությունը, և նա արդարացման դատավճռով վերադարձել է հասարակություն՝ դառնալով 61-րդ արդարացվածը ԱՄՆ-ում ԴՆԹ թեստով: Այսօր նրանց թիվն անհաշվելի է ողջ աշխարհում, քանի որ ցանցն ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա և այլուր:

Ամերիկացի ցմահ դատապարտյալ Քելվինն ու հայազգի գենետիկ Գրեգը դարձել են քավոր-սանիկ, նրանք երկուսով գիրք են գրել իրենց պայքարի մասին, որը կոչվում է «Ելք դեպի ազատություն»: Գրքի առաջին տողերում կարդում եմ. «Ազատությունը սիմֆոնիա է» արտահայտությունը: Ազատություն վերադառնալով՝ նախկին ցման դատապարտյալն ամուսնացել է, այժմ ունի երեխաներ, աշխատում է որպես մեքենավար:

Նման պատմությունների մասին կարելի է անընդհատ լսել «Անմեղության ծրագրի» աշխատակիցներից, կարդալ նրանց մասին հրապարակումներ: Քրեական գենետիկայի մասնագետներն օրական 100-ավոր նամակներ են ստանում դատապարտյալներից, ովքեր գրում են իրենց քրեական գործերի, դատական սխալների մասին: Եվ միայն շնորհիվ նրա, որ այդ պետությունները պահպանել են իրեղեն ապացույցները, հնարավոր է դառնում հին գործերի վերաբացումը, ի տարբերություն Հայաստանի, որտեղ դրանք ոչնչացվում են:

Հայաստանյան իրականությունն այլ է

Հայաստանում դատական սխալի մասին խոսելը յուրօրինակ տաբուների շարքում է: Եվ եթե արտերկրում Քելվինը մեկն է տարիներ անց հարյուրավոր արդարացվածներից, ապա Հայաստանում նման մեկ-երկու դեպք է գրանցվել: Շատերը կհիշեն Մատաղիսի դեպքը, երբ ինը տարվա համառ պայքարից հետո երեք զինվորներն արդարացվեցին: Ես էլ կհիշեմ Սարատովկա գյուղի բնակիչ, հովիվ, 23-ամյա Արմեն Պողոսյանի դեպքը, ով 1998թ. մեղադրվել էր անչափահաս աղջնակի բռնաբարության ու սպանության մեջ՝ դատապարտվելով 15 տարվա ազատազրկման: Սակայն 5 տարի անց մեկ այլ անձ նույնատիպ հանցագործություն կատարելով՝ խոստովանական ցուցմունք էր տվել, որ նախորդ անգամ ևս ինքն է կատարել հանցագործություն, պարզապես հիմա խիղճը տանջել է, որ իր փոխարեն ուրիշ մարդ է դատապարտված: Այսինքն՝ պետության կամքից անկախ նոր հանգամանք է եղել, չի կիրառվել ԴՆԹ թեստ, քանի որ իրեղեն ապացույցները ոչնչացվել են, այլ նոր երևան եկած հանգամանք է ի հայտ եկել, որի հիմքով էլ Արմենը ազատ է արձակվել: Նրա փաստաբան Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ, նա ամուսնացել է, ապրում է Մոսկվայում, կրած տառապաքներից երկար ժամանակ երեխա չէին ունենում: Գործը Եվրադատարանում շահել է, Արմենին տրվել է փոխհատուցում:

«Հիշե՛ք հացթուխին»

Մահապատժից հրաժարման առաջին պատճառը դատական սխալի հավանականությունն է: Իսկ եթե անմեղ մարդ դատապարտվի՞ և անդառնալի լինի վերականգնել արդարությունն ու ճշմարտությունը: Իսկ դատական սխալի հավանականությունը ընդունում են անգամ անընդատ կատարելագործվող դատաիրավական համակարգ ունեցող երկրներում, սակայն մեզանում մտածողությունն այնպիսին է, որ եթե կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ուրեմն թեման փակված է: Մինչդեռ դատական սխալների մասին պատմություններ համաշխարհային դատական պրակտիկայում որքան ասես կգտնես: Հենց միայն «Քրեագիտության հարյուր տարին» հաստափոր գիրքը վկայում է մարդկությանը հայտնի այդպիսի աթիվ դեպքերի մասին, երբ դատապարտյալի կարգավիճակում հայտնվել է անմեղ մարդ: Մինչև հայտնի սերիական մարդասպան Չիկատիլոյին հայտնաբերելը, երկու անմեղ մարդ է ենթարկվել մահապատժի:

Իրավագիտության ֆակուլտետներում անգիր գիտեն «հացթուխի» պատմությունը, ում մահապատժի են դատապարտել դեռ Հին Հռոմում, սակայն հետո պարզվել է, որ նա անմեղ էր: Այստեղից էլ թևավոր դարձած «Հիշե՛ք հացթուխին» արտահայտությունը, որը պարբերաբար մեջբերում է նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հացթուխի դեպքից հետո դատարանում մի մարդ էին հատուկ պահում, ով դատավարության ժամանակ քայլում էր սրահով ու կրկնում նույնը. «Հիշե՛ք հացթուխին»:

Միջնադարյան Հայաստանում անգամ լավ գիտեին արդարադատության գինը: Անարդար, սխալ դատ տեսած դատավորին մաշկում էին, այն հագցնում դատավորի աթոռին, որպեսզի իր հաջորդը ամեն անգամ նստելիս հիշի՝ նույն ճակատագիրը սպասվում է իրեն սխալ որոշում կայացնելու պարագայում:

Մեկնաբանություններ (6)

Գեւորգ
Այս բոլորն այն դեպքում, երբ դատողի համար առաջնայինն է մեղավոր-անմեղի հարցը, այլ ոչ թե հենց ,,դատի,, իրականացում-ցուցադրումը: - Մի գյուղում որոշում են կախել հանցագործ-դարբնին, իսկ մի խելոք առաջարկում է ... նրա փոխարեն կախել հյուսներից մեկին, քանի որ դարբինը գյուղում միակն էր! ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԼԽԱՎՈՐ-ՓԱՍՏԱՑԻ ԽՆԴԻՐԸ ՊԱՏԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է, Եւ ՈՉ ԻՐԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ - այստեղ է մեխը:
Վեհարի Առաքելյան
Սիրելի Զարուհի, նոր երևան եկած բերածս հանգամանքներից զատ կարող եմ բերել այլ անժխտելի փաստեր Ձեզ հայտնի,` որդուս բանակային սպանության գործը վերաքննելու նպատակով: Սակայն ես արդեն հաստատապես գիտեմ.` Իշխանությունը Հայաստանում նրանց ձեռքումն է, ովքեր ծառայում են հայերին ոչնչացնելու ծրագիր ունեցողներին: Երբ գրում եք` ,,Այսինքն՝ պետության կամքից անկախ նոր հանգամանք է եղել,, խոսքերը դրանով հաստատում եք, որ մեր պետության իշխանությունը ոչ թե ժողովուրդն է, այլ նրանք,` օրինախախտները: Կարդում եմ ,,Հետքում,, հրապարակված մեկը մյուսից ազդեցիք Ձեր հոդվածները և արդեն որ երրոդ անգամ նկատում, Սյուզի Քոչարյանի նման խելացիներին սպանողները մի բուռ տգետ դավաճաններն են, որոնց գահընկեց անելը և գործած հանցանքների դիմաց պատժելը հրատապ անհրաժեշտություն է:
Զարուհի
Հարգելիներս, հասկանում եմ այն, ինչ ասում եք, բայց չբարձրաձայնել, լռել, չանել այն, ինչ կախված է մեզնից չենք կարող: Հարգելի Վեհարի, շատ կուզեի հանդիպել, խոսել Ձեր որդու դեպքի մասին: Հրապարակումներին ծանոթ եմ: Խնդրում եմ գրեք ինձ [email protected] էլ.հասցեով: Շնորհակալ եմ, որ գրում եք:
ընթերցող
Առաջին անգամ եմ լսում, որ Հայաստանում մարդուն մորթազերծ են արել, թեկուզ հանցագործին; Խնդրում եմ. նշեք աղբյուրը
Գեւորգ
4-ին: Հայաստանում չգիտեմ մորթազերծում կիռարվել է թե ոչ, սակայն Պարսկաստանում (որին այդ ժամանակ հայաստանը ենթակա էր) Դարեհը կարգադրել է քերթել կաշառակեր դատավորին, բազկաթոռ սարքել կաշուց եւ վրան նստեցնել նոր դատավորին՝ նրա որդուն: (Տես՝ Հերոդոտոս ,,Պատմություն 9 գրքից,,)
Զարուհի
Հարգելի ընթերցող, հին աշխարհում եղել է այդ երևույթը, հասել մինչև Միջնադար, հետո վերացել: Այս մասին հիշատակություն կա Պետության և իրավունքի պատմության դասագրքերից մեկում, ցավոք հեղինակին չեմ հիշում այս պահին, կփորձեմ գտնել: Այդ դասագրքում գրված էր, որ շատերը այդ երևույթը որպես լեգենդ են հիշատակել: Բայց այդ մասին իրենց խոսքում նշեւմ են նաև տարբեր իրավաբաններ http://www.panorama.am/am/anticorruption/2010/02/17/capital/www.regnum.ru/news/polit/1515007.htm

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter