HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սլավոնական համալսարանի ամբիոնի վարիչը վտարում է ընտանիքին

Կամո և Սվետլանա Բադալյանների ընտանիքը անօթևան դառնալու վտանգի առջեւ է: Կամո Բադալյանը Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից է և դատական վեճի մեջ է նախկին դատախազ, այժմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ Ստեփան Ծաղիկյանի հետ:  

Ծաղիկյանը Կամո Բադալյանի միջնորդությամբ 4 նկար էր գնել 2004-ին: Այդ նկարները Ծաղիկյանն արտահանել էր ՌԴ: Թե հետո ինչ ճակատագիր են ունեցել նկարները, հայտնի չէ: Սակայն տարիներ անց Ս. Ծաղիկյանը հայտնվել է և հայտարարել, որ դրանք կեղծ են և 2010-ին դատարան է դիմել` իրեն վաճառված իբրեւ թե կեղծ նկարների դիմաց փոխհատուցում պահանջելու հայցով: Նախկին դատավոր Սուրեն Ղազարյանն էլ, ղեկավարվելով «ներքին համոզմամբ», բավարարել էր հայցը: Վերադաս ատյաններն էլ նույնն են թողել այն, և վճիռն արդեն օրինական ուժի մեջ է մտել:

Զուգահեռաբար Կամո Բադալյանը դիմել էր ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե, և քննչական վարչությունում գործ է հարուցվել Ծաղիկյանի դեմ: Գործը, սակայն, 2011թ.-ից կասեցված է: Վարույթն իրականացնող մարմինը դիմել է ՌԴ իրավապահներին` նկարների փորձաքննությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու միջնորդությամբ և մինչ օրս սպասում է պատասխանի:

Կամո Բադալյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Նրա կնոջ` Սվետլանա Հակոբյանի աշխատավարձի վրա փետրվարի 7-ին կալանք է դրվել: Բադալյանների տունը եւս կալանքի տակ է: Կամո և Սվետլանա Բադալյանները երկու անչափահաս երեխա ունեն:

«Այլևս ի՞նչ կարող եմ անել ես իբրև կին, որի ամուսինը լքել է երկիրը արտագնա աշխատանքի պատճառով, իբրև քաղաքացի, որ իր չնչին (գրադարանային) աշխատավարձով անզոր է կարգավորել ընտանեկան խնդիրները, իբրև մայր, որ հուսահատ երեխաների աչքերին նայելով՝ կարող է դիմել ծայրահեղ քայլերի, իսկ երեխաները, որոնց մանկությունը, ի շնորհիվ խորամանակ-խարդախ (հովանավորված) իրավաբանի, դարձավ դաժան, անսահման հիասթափված, հատկապես, երբ նայում են անօգնական և հուսահատված մորը»,- գրել է Սվետլանա Հակոբյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ս. Հակոբյանը իր դիմումում նշել է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրեն Ղազարյանը վճիռը կայացրել է Ստեփան Ծաղիկյանի ներկայացրած կեղծ փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթերի կեղծ լինելը բացահայտվել է երկու նկարների վերաբերյալ ՌԴ հարցումների պատասխանից: Փաստաբան Սեդա Սաֆարյանը մեկ անգամ տեսել է այդ փաստաթուղթը, սակայն կողմին այն չի տրամադրվել:

Սվետլանա Հակոբյանը նամակ է գրել նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ հասկանալ՝ արդյոք պաշտպանվա՞ծ եմ ՀՀ օրենքով, թե՞ ոչ: Կա՞, արդյոք, որևէ անկախ մարմին, որը կկարողանա քննել մեր գործը` առանց սպասելու արտաքին ազդեցությունների: Ինչքա՞ն և մինչև ե՞րբ պիտի տուժի իմ ընտանիքը արդարադատության խամաճիկների խաղի կանոններից, որի արդյունքում ամուսինս գրչի փախարեն բահ վերցնի` կարոտելով իր երկիրն ու ընտանիքին, մինչև ե՞րբ պետք է երեխաներս կարոտեն իրենց հորը, իսկ ես կրեմ անկանոն կյանքի հարվածները»: 

Երկու կառույցից էլ որևէ պատասխան չեն տվել: Դիմել է նաև Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին. «Ցավում եմ, որ Ձեր ենթակայության բուհում մնում և շարունակում է մնալ, կրթում և սերունդներ է դաստիարակում մի մարդ, որը «ուրիշի ձեռքով շագանակներ է կրակից հանում»` ըմբոշխնելու և վայելելու համար: Մի՞թե հանդուրժելի է այդ կերպարը մեծ հեղինակություն վայելող ՀԴՀ համար: Վտանգված չէ՞, արդյոք, Ձեր բուհում ուսանած ապագա մասնագետի որակը, մարդկային արժեքները և ընդհանրապես բարոյականությունը»,- հարցրել է Ս. Հակոբյանը:

«Հետքը» դիմեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` պարզելու, թե ինչ գործողություններ են կատարվել գործի շրջանակներում, և ինչու այն առաջ չի գնում: Խնդրել էինք հայտնել, թե`

  1.  ՌԴ իրավապահ ո՞ր մարմնին է ուղարկվել քննչական պահանջ (ու՞մ է կոնկրետ հասցեագրվել այն),
  2. ի՞նչ հարցեր են առաջադրվել ՌԴ իրավապահ մարմիններին,
  3. արդեն իսկ ստացված մեկ պատասխանը, որտեղ հերքվել է ՌԴ-ում նկարների փորձաքննության եզրակացության օրինականությունը, բավարար չէ՞ գործը վերսկսելու և համապատասխան ընթացք տալու  համար:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մեր հարցմանն ի պատասխան ուղարկել է ոչինչ չասող մի գրություն. «ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում վարույթը կասեցված թիվ 84102811 քրեական գործով քննչական և դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ քննչական պահանջի միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՌԴ իրավասու մարմիններին և ստացված տեղեկություններով ըստ էության չեն տրվել քննչական պահանջում առաջ քաշված հարցերի պատասխանները, ուստի 16.01.2014թ. ՌԴ իրավասու մարմիններին ուղարկվել է երկրորդ քննչական պահանջի միջնորդություն և խնդրվել սեղմ ժամկետներում կատարել դրանում նշված գործողություններն ու ուղարկել արդյունքները: Ուղարկված քննչական պահանջում ՌԴ իրավասու մարմիններին առաջադրվել են մի շարք հարցեր` կապված նկարների վերաբերյալ ՌԴ-ում իրականացված փորձաքննությունների հետ»:

Երբ «Հետքն» ասաց, որ որևէ հարցի պատասխան չի տրվել, նոր գրությամբ ՊԵԿ-ը հավելեց. «Տեղեկացնում ենք, որ քանի դեռ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում` կասեցված վիճակում, Պետական եկամուտների կոմիտեն, ելնելով նախաքննության շահերի գաղտնիությունից, չի կարող արդեն տրամադրված տեղեկատվությունից զատ որևէ այլ լրատվություն տրամադրել: Միևնույն ժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը` նախաքննության ավարտից հետո պատասխանել նշված գործի վերաբերյալ Ձեզ հետաքրքրող հարցերին»:

Գույքի վրա բռնագանձումը տարածելու նոր հայցով Ծաղիկյանը նորից է դիմել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նախագահող դատավոր Ա. Հունանյանը կասեցրել էր դատաքննությունը և նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: Փորձաքննություններն ավարտվել են, և չնայած քրեական գործի առկայությանը, մարտի 18-ին գործի քննությունը կվերսկսվի: Այս դատավորը պիտի վճռի` վտարե՞լ Բադալյաններին տնից, թե՞ ոչ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter