HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու կանայք կարող են շուտով հայտնվել փողոցում

Երևանի բնակչուհի Կարինե Մկրտումյանը դիմել է «Հետքին»՝ ահազանգելով, որ դատական քաշքշուկներից հետո անսպասելի իմացել է, որ իր բնակարանը վաճառված է (Կենտրոն վարչական շրջան, Աղայան 12ա, բն.1): Հիմա էլ ԴԱՀԿ-ից ժամանակ են տվել բնակարանն ազատելու համար: Իսկ գնորդն էլ ոչ այլ ոք է, քան բարակ պատից այն կողմ ապրող իր բարեկամուհին՝ Իզաբելլա Մկրտումյանը: 

Այս պատմությունը 10 տարվա վաղեմություն ունի: Երեք ազգական ընտանիքներ վեճ են ունեցել պապական տան տնօրինման հարցով: Քանի որ 3 բարեկամ ընտանիքները համաձայնության չեն կարողացել գալ, Վճռաբեկ դատարանը որոշել է վեճի առարկա գույքը դնել աճուրդի: Եվ ահա վեճը հանգուցալուծվել է նրանով, որ Մկրտումյաններից մեկը՝ Իզաբելլան գնել է էլեկտրոնային աճուրդի դրված Աղայան 12ա, բն.1-ը, որտեղ և փաստացի տասնյակ տարիներ ապրել է իր բարեկամուհի Կարինե Մկրտումյանը՝ մոր հետ: Սակայն տիկին Կարինեն պնդում է, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է վաճառվել տունը, որտեղ ապրում է ծնված օրվանից, քանի որ այն արգելանքի տակ է դրված եղել՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշմամբ՝ պարտքի պատճառով դեռ դեկտեմբերի 25-ից: 

«Հետքի» հետ զրույցում Կարինե Մկրտումյանը պատմեց. «Ես հանգիստ իմ տանը նստած էի, չէի էլ կարող մտածել, որ արգելանքի տակ դրված գույքը կարող է վաճառվել առանց իմ գիտության: Այս տարվա փետրվարի սկզբին զանգահարել են ինձ ու ներկայանալով դատարանից՝ ասել, որ փետրվարի 10-ին պետք է գնամ դատարան»: Տիկին Կարինեն, համարելով, որ իրեն պետք է պատշաճ ծանուցեն, գրել է այդ մասին դատարանին, որ պատշաճ ծանուցում չի եղել: Բայց դա հաշվի չի առնվել: Նիստը տեղի է ունեցել առանց Կարինեի: 3 օր հետո միայն՝ ամսի 13-ին նրան փոստով ծանուցվել է, որ փետրվարի 10-ին դատարան պիտի ներկայանա: «Նիստը անելուց հետո ինձ ոչ թե որոշումն է ուղարկվել, այլ նոր ծանուցվել եմ, թե՝ արի դատի»,-ասաց տիկին Կարինեն: Ինչևէ, գործն առանց նրա լսելով՝ դատավոր Խանդանյանը ձևափոխում է հայցի ապահովման միջոցը, վերացնում է գույքի վրա դրված արգելանքը՝ այս գործով կողմ չհանդիսացող Իզաբելլա Մկրտումյանի միջնորդության բավարարմամբ: «Այս ամենի մասին ես հայտնել եմ արդարադատության խորհրդին: Բայց նույն այդ դատավոր Խանդանյանը այդ խորհրդի անդամ է, բնականաբար ինքն իր դեմ որոշում չի կայացնի»,-նշեց Կարինեն, ով ինքն՝ իր տանն այսօր հյուր է: 

«Հետքը» զրուցեց նաև բնակարանի գնորդ Իզաբելլա Մկրտումյանի հետ: Նա նշեց, որ ինքն այն գնել է էլեկտրոնային աճուրդով՝ դեկտեմբերի  23-ին, սակայն չի կարողացել սեփականության գրքույկ ունենալ զուտ այն պատճառով, որ դեկտեմբերի 25-ին տունը դրվել է արգելանքի տակ մեկ այլ վեճի շրջանակներում: Դա է եղել պատճառը, որ միջնորդել է՝ գույքը արգելանքի տակից հանել, որպեսզի կարողանա ստանալ սեփականության գրքույկը: Եվ ահա փետրվարի 10-ի նիստում դատավոր Խանդանյանը բավարարել է Իզաբելլայի միջնորդությունը: «Ցանկացած անձ կարող էր դառնալ այդ բնակարանի գնորդ, քանի որ էլեկտրոնային աճուրդի էր այն դրված: Եվ Կարինեն նույնպես գիտեր աճուրդի մասին, ինքն էլ կարող էր մասնակցել ու դառնալ գնորդ: Բայց այնպես ստացվեց, որ ես գնեցի ու, բնականաբար, ցանկանում էի ունենալ նաև սեփականության գրքույկը, որը չէի կարողանում անել արգելանքի պատճառով: Դիմեցի դատարան միջնորդությամբ, որ դուրս գա արգելանքը: Ահա և ողջ պատմությունը»,-«Հետքի» հետ զրույցում նշեց Իզաբելլան: 

Փետրվարի 11-ին, դատից մեկ որ անց, որոշումը հայտնվել է ԴԱՀԿ-ում, բայց Կարինե Մկրտումյանին նույն որոշումը հասել է միայն 8 օր անց: Փետրվարի 19-ին նոր Կարինեն տեղեկացել է, որ իր տունը վաճառվել է և գնորդը նույն շենքի բնակարան 2-ում ապրող իր իսկ բարեկամուհի Իզաբելլան է: Հիմա էլ Իզաբելլան դիմել է, որ Կարինեն տունը ազատի: 

Կարինեին օրեր առաջ հեռախոսով են տեղեկացրել, որ ինչ-որ 13 մլն դրամ գումար ունի ԴԱՀԿ-ում: Սակայն որևէ փաստաթուղթ չեն ուղարկել իրեն ու պատշաճ չի իրազեկվել, որ գումար ունի. «Երկու ամիս իմ գումարը որտե՞ղ են պահել, ինչպե՞ս են վաճառել իմ գույքը առանց իմ գիտության, թող տեղեկացնեին: Հիմա ժամանակ էլ չունեմ տուն փնտրելու: Եվ ի՞նչ կարող եմ գտնել 13 միլիոնով: Բացի այդ, ինչպես է արգելանքի տակ դրված գույքը նոտարական վավերացում ստացել: Չեմ կարողանում հասկանալ»,-տարակուսում է Կարինեն:

Բարեկամական այս շղթայի մեջ Կարինե Մկրտումյանը նշեց նաև Արեգ Գալստյանի՝ Էներգետիկայի փոխնախարարի անունը, ով Մկրտումյանների բարեկամն է: «Երբ դատախազությունից գալիս էի, տեսա Արեգին, ում մենք Ալիկ ենք ասում: Բարևեցի, շատ կոպիտ խոսեց, ասաց՝ քեզ էդ տնից պիտի հանեն: Շատ վիրավորվեցի, թե ինչու են ուզում ինձ ու մորս տնից դուրս հանել, որտեղ ծնվել, մեծացել եմ և երբեք ուրիշ տեղ չեմ ապրել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կարինե Մկրտումյանը:     

Կարինե Մկրտումյանը դիմել է դատախազություն,  նաև Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քննեն ԴԱՀԿ-ի գործողությունները, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է: 

Յուրաքանչյուր օր Կարինե Մկրտումյանն ու իր մայրը կարող են մնալ առանց տան, քանի որ արդեն 2 անգամ ԴԱՀԿ-ից զգուշացրել են, որ երկու կանայք ազատեն արդեն ուրիշինը դարձած բնակարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter