
Գևորգ Դանիելյան. «Արժեք ունի ոչ այնքան պետական մարմնի ցուցանիշների «անաղարտությունը», որքան կոնկրետ մարդու ճակատագիրը»
«Հետքի» հարցերին պատասխանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը
- «Հետքում» առանձին հոդվածաշարով ներկայացնում ենք անկախ Հայաստանի առաջին տարիներին քննված քրեական գործեր, որոնցով մարդիկ դատապարտվել են պատժի առավելագույն չափի եւ այսօր էլ շարունակում են պատիժ կրել: Նրանցից ոմանք տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ դատական սխալի հետևանքով են հայտնվել բանտում: Արխիվում ուսումնասիրելով այդ գործերը՝ հայտնաբերեցինք, որ պետությունը օրենքով ոչնչացրել է գործերի վերաբացման հիմքեր հանդիսացող իրեղեն ապացույցները: Պարոն Դանիելյան, ինչո՞ւ պետությունն, ըստ Ձեզ, չի պահպանել այդ կարևոր ապացույցները:
- Իրեղեն ապացույցների պահպանման խնդիրն անմիջականորեն առնչվում է Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայով նախատեսված` յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքին: Մասնավորապես, արդարադատության մատչելիության սկզբունքը չի սահմանափակվում սոսկ դատարանին դիմելու իրավական հնարավորություն նախատեսելով. անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավունքն ուղեկցվի ողջամիտ երաշխիքներով, ինչը, բնականաբար, հրատապ է դարձնում նաև դատավաճռի հիմքում դրված ապացույցների պահպանմանն առնչվող իրավակարգավորումը: Քրեական գործի նորոգման լիարժեք իրավակարգավորումների մասին խոսելն իմաստազուրկ է՝ ապացույցների ոչնչացման պայմաններում: Ձեր բոլոր հարցերին կփորձեմ պատասխանել սահմանադրաիրավական ասպեկտներով, իսկ դատավարական ասպեկտներին կարող են անդրադառնալ այլ մասնագետներ: Այնքան էլ իրավաչափ չէ որոշակի միտումներով պետության ինչ-ինչ քաղաքականություն «բացահայտելը», խնդիրն այլ հարթության վրա է: Իմ խորին համոզմամբ, այս դեպքում իներցիայի ուժով պահպանվել են խորհրդային իրավական համակարգին ու գաղափարախոսությանը բնորոշ իրավական լուծումներ: Ապացույցների պահպանման վերաբերյալ օրենսդրական կարգավորումներից այն տպավորությունը կարելի է ստանալ, որ խոսքը ոչ թե դատավարական նշանակություն ունեցող իրերի կամ փաստաթղթերի, այլ առևտրի համար նախատեսված ապրանքի մասին է: Պատահական չէ, որ գործող ՀՀ քր. դատ. օր.-ով իրեղեն ապացույցների պահպանման հարցը փոխկապակցված է դրանց շրջանառության մեջ գտնվելու կամ օգագործման համար պիտանի լինելու հետ, ինչը բնորոշ է հենց վաճառքի հանված ապրանքին. «Հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում՝ ոչնչացվում»: Հասկանալի է, որ համապատասխան հիմնարկներին այդ իրերը հանձնվում են ոչ թե պահպանության, այլ որպես արժեք ունեցող իր՝ օգտագործման նպատակով: Մյուս կողմից, դարձյալ գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ քրեական գործին կցվում և մինչև դատավճիռը պահպանվում են այն իրեղեն ապացույցները և դրամն ու այլ արժեքները, որոնք տուժողի տիրապետության տակից դուրս են եկել հանցագործության միջոցով: Սա արդեն այլ ծայրահեղություն է և նշանակում է, որ տուժողն անհարկի պետք է սպասի, որ, օրինակ, իր բնակարանից գողացված դրամը վերադարձվի իրեն միայն դատավճռի կայացումից հետ: Ընդ որում, խոսքը բնավ այն դրամի մասին չէ, որն իրեղեն ապացույցի նշանակություն ունի իր անհատական հատկանիշների համար: Տուժողին պատկանող իրեղեն ապացույցներն ու դրամը, ՀՀ քր. դատ. օր-ի նախագծով նախատեսված կարգի համաձայն, արդեն վերադարձվելու են մինչդատական վարույթում, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը: Ինքս եմ եղել այս բնույթի իրավակարգավորման ջատագովը: Ինչ վերաբերում է ապացույցների պահպանության կանոններին, ապա դրանք օրինագծում դաձյալ նույնն են, ինչ գործող օրենսդրությամբ: Նշված իրավակարգավորումները համահունչ են նաև 2013թ. ՌԴ-ում ընդունված քրեական դատավության օրենսգրքով ամրագրված մոտեցումներին, սակայն դրանք ընդհանուր ոչինչ չունեն միջազգային փորձի հետ:
- Աշխարհի տարբեր երկրներում, միայն շնորհիվ իրեղեն ապացույցների պահպանման, անգամ տասնյակ տարիներ անց ԴՆԹ թեստով արդարացման դատավճիռներով դատապարտյալները վերադառնում են կյանք: Մեզանում ինչպե՞ս կարող ենք հասնել գործերի վերանայումների, նոր երևան եկած հանգամանքներո՞վ միայն, իսկ ո՞վ պետք է երևան բերի այդ հանգամանքները:
- Նոր երևան եկած հանգամանքների առնչությամբ ձևավորվել է անհարկի շփոթ: Արմատացած են այն պատկերացումները, ըստ որոնց՝ որպես նոր երևան եկած հանգամանքների առկայությունը հավաստող իրավական հիմք բացառապես կարող է լինել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Անգամ դատավճռի հիմքում դրված փաստաթղթի կեղծված լինելը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Այս իրավական կարգավորումների հիմքում այն թյուր մտայնությունն է, որ այլ իրավասու մարմնի կողմից փաստաթղթի կեղծված լինելը հաստատված համարելու դեպքում, իբր, կխախտենք Սահմանադրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը: Սակայն չպետք է անտեսել, որ տվյալ դեպքում մենք գնահատում ենք ոչ թե անձի վարքագիծը, այլ ինքնին փաստաթղթի կեղծված լինելը՝ անկախ նրանից, թե ով է դա կատարել: Մենք կարող ենք բացահայտել, որ փաստաթուղթը կեղծված է, բայց, միաժամանակ, պետք է ձեռնպահ մնանք դրա համար որևէ մեկին մեղադրելուց: Ավելին, հնարավոր է, որ ընդհանրապես բացահայտված չլինի կեղծիք կատարողը, բայց դրանից չի բխում, որ փաստաթուղթը դադարում է կեղծված լինել: Վերը նշված իրավական կարգավորումները գործնականում հանգեցնում են լուրջ խնդիրների ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական գործերով: Օրինակ` որևէ փաստաթղթի հիմքով կայացված վճռի հիման վրա օրինական տիրապետողը զրկվում է իր գույքից, սակայն, երբ պարզվում է տվյալ փաստաթղթի կեղծված լինելը, միշտ չէ, որ հնարավոր է լինում ակնկալել այդ կեղծիքի կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ (քրեական գործի վարույթը կարող է կարճվել տարբեր, ոչ արդարացնող հիմքերով՝ համաներման ակտը, վաղեմության ժամկետի լրանալը, կասկածյալի մահը և այլն), ինչի արդյունքում բացառվում է նաև քաղաքացիական գործի վարույթի նորոգումը և խախտված էական իրավունքների վերականգնումը: Այս իրավական կարգավորումները դարձյալ նույնական են ՌԴ գործող օրենսդրության հետ, սակայն բոլորովին այլ մոտեցումներ են որդեգրված արևմտյան Եվրոպայի երկրներում: Օրինակ` Գերմանիայի քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ և 362-րդ հոդվածների համաձայն` փաստաթղթի կեղծված լինելը հաստատված համարելու համար որևէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի անհրաժեշտություն չկա: Կարծում եմ` մեր գործընկերները քննարկման նյութ կդարձնեն հիշյալ հարցադրումը և նախապատվությունը կտան առավել հիմնավորված իրավական լուծումների, քանզի պահպանված մոտեցումը նաև հղի է կոռուպցիոն ռիսկերով:
- Բրիտանացի քրեական գենետիկ Մայքլ Նոթթոնն ինձ հետ հարցազրույցում պատմեց իրենց պայքարի մասին, երբ պետական համակարգերը գործերի վերաբացմանն ուղղված նախաձեռնությունների համար համակարգի թշնամի էին անվանում իրենց: 20 տարի է պահանջվել, որ նույն դատական համակարգը ընկալի իրենց աշխատանքը, և այժմ պետությունը լուրջ միջոցներ է ուղղում գործերի վերաբացմանը: Հայաստանում նման ընթացք ե՞րբ կարելի է կանխատեսել` հաշվի առնելով, որ այսօր պետական համակարգերը համառորեն բացառում են դատական սխալի հավանականությունը:
- Հարցը, կարծում եմ, քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա. եթե օրենսդրությունը և իրավական մշակույթը որոշ հարցադրումներով հետ են մնում բնականոն զարգացումներից, դրա խորքային պատճառները վատագույն դեպքում կարող են լինել գերատեսչական շահերի ոչ համարժեք ընկալումները, ինչը ևս էական խոչընդոտ է: Ինքս էլ տասնյակ տարիներ աշխատելով իրավապահ մարմիններում` համակողմանի ծանոթացել եմ արտասահմանյան փորձին, տևական ժամանակ անմիջապես տեղում ուսումնասիրել եմ ինչպես քրեական գործերի նորոգման, այնպես էլ չբացահայտված գործերով (վերջիններս ևս կարևոր են, քանզի առօրյա ծանրաբեռնված գործունեությունը նվազեցնում է դրանց նկատմամբ անհրաժեշտ ուշադրությունը) կատարվող աշխատանքների առանձնահատկությունները: Կարծում եմ` կարելի է ընդօրինակել այն երկրների փորձը, որոնք ինչպես նորոգման հարցի, այնպես էլ նախկինում կատարված, սակայն չբացահայտված գործերի առնչությամբ բոլոր դիմումները փոխանցում են այդ գործերի հետ երբևէ որևէ առնչություն չունեցած և գործնական մեծ փորձ ունեցող, պրակտիկայում իրենց հիրավի արդարացրած և տվյալ պահին արդեն կենսաթոշակի անցած մասնագետներից կազմված հանձնախմբերի: Կյանքը ցույց է տալիս, որ փորձառու և իր գործին նվիրված մարդը կարող է մեծ չափով աջակցել համակարգին՝ նաև կենսաթոշակի անցնելուց հետո: Հեռատես չեն կարող համարվել այն իրավական կարգավորումները, որոնք այդ անձանց համար ցանկության դեպքում մասնագիտական աշխատանքում ներգրավվելը հանգեցնում են կենսաթոշակների իսպառ դադարեցմանը: Իրեն արդարացնում է նաև Հոլանդիայի օրինակը, երբ ռոտացիոն սկզբունքով դատավորները որոշ ժամանակ անց ստանձնում են դատախազի պաշտոն և հակառակը: Այս նախաձեռնությունը մեղմում է միևնույն պաշտոնում երկարատև աշխատելու փաստով պայմանավորված կաշկանդվածությունը: Իհարկե, սրանք միայն մասնակի առաջարկություններ են, բայց տասնյակ այլ այս բնույթի նախաձեռնություններ կարող են լինել: Սակայն կարևոր է, որպեսզի դրանք ոչ թե մեխանիկորեն ընդօրինակվեն (ինչը դեռևս տարածված երևույթ է), այլ կիրառվեն հայրենական առանձնահատկությունների հաշվառմամբ:
- Վերջին շրջանում է միայն սկսել կիրառվել «անմեղ դատապարտյալ» «դատական սխալ» արտահայտությունը: Ինչի՞ց է գալիս այս համոզմունքը, որ դատարանը միշտ ճիշտ է: Այնինչ քրեագիտության պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անմեղ մարդու են պատժել:
- Հարցն ունի երկու ասպեկտ. որևէ մեկն իրավասու չէ սխալ համարել օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, ինչը բխում է ոչ միայն դատական իշխանության անկախության, այլև հենց դատավորների ինքնուրույնության սահմանադրական սկզբունքից, սակայն ասվածը բնավ չի նշանակում, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պարագայում ևս չեն կարող նախատեսվել և իրականացվել դատավարական այնպիսի գործողություններ, որոնք միտված կլինեն ողջամիտ հիմքերով քրեական գործերի նորոգմանն ու դատավճիռների վերանայմանը: Գործող օրենսդրությունը ևս նախատեսում է այդպիսի իրավական հիմքեր, ուղղակի դրանք, մեր կարծիքով, բարելավման կարիք ունեն, մասնավորապես` մենք անդրադարձանք նոր երևան եկած հանգամանքների ինստիտուտին:
- Պարոն Դանիելյան, եթե մինչ «Վահան Հովհաննիսյան +30» գործի ընթերցումը իմ հրապարակումներով բարձրաձայնում էի, որ իրեղեն ապացույցները պետությունը ոչնչացրել է, ապա այդ գործից գրեթե բան չի մնացել: Չկան անգամ քրեական գործի նյութերը, բազմահատորանոց գործը (մնացել են միայն 16-20 հատորները): Այս գործով եթե անգամ նոր երևան եկած հանգամանքներ լինեն, այն չի կարող վերաբացվել, քանի որ ուսումնասիրության նյութ այլևս չկա: Ի՞նչ անել:
- Բնականաբար, իմ կարգավիճակով ծանոթ չեմ իրավիճակին, ուստի վերացական կտրվածքով լուծումներ առաջադրելն իրավաչափ չեմ համարում: Նկատեմ միայն, որ օրենսդրությամբ ևս նախատեսված են քրեական գործի վերականգնման կանոններ:
- Ուսումնասիրածս գործերում այնքան քիչ էին փորձաքննությունները, այնքան քիչ` լուսանկարները, որ այժմ երբ դիմում ենք աշխարհի տարբեր քրեագիտական կենտրոնների, պատասխանում են, որ, ցավոք, անգամ 3D մոդելավորում չենք կարող անել: Այս առումով ի՞նչ է հնարավոր անել:
- Եթե նկատի ունեք հենց այն գործերը, որոնցով անկախության առաջին փուլում կայացվել են պատժի առավելագույն չափ սահմանող դատավճիռներ, ապա դա պայմանավորված է եղել ինչպես փորձագիտության ընդհանուր ցածր մակարդակով, այնպես էլ աննախադեպ մեծ ծանրաբեռնվածությամբ: 1992-95թթ. մեր երկրում տարեկան գրանցվում էին սպանության 280-320 դեպքեր (ներկայումս դրանք հարյուրի չեն հասնում. 2013թ. գրանցվել է սպանության 48, սպանության փորձի` 25 դեպք)՝ չհաշված ռազմական գործողությունների արդյունքում մահվան դեպքերը, ավազակային հարձակման դեպքերն աճել էին առնվազն 7-8 անգամ: Քննիչները չէին հասցնում գողության դեպքերով անգամ տեղազննություն կատարել և այլն: Ինչ վերաբերում է ԴՆԹ թեստերին, 3D մոդելավորմանը, ապա սուղ միջոցները դեռևս հնարավորություն չեն տալիս համահունչ լինել ներկայիս գիտատեխնիկական անգամ նվազագույն չափանիշներին: Միաժամանակ, կարծում եմ, հետևողական աշխատանք է կատարվում վերջին տարիներին ձևավորված Փորձաքննությունների ազգային բյուրոյում: Բայց, որպեսզի հնարավոր լինի հավուր պատշաճի օգտվել փորձագիտության նվաճումներից, նախ հարկ է, ինչպես ճիշտ նկատեցիք, լուծել մի պարզ խնդիր՝ խելամիտ կերպով կարգավորել ապացույցների պահպանման ընթացակարգը: «Քրեական գործ» եզրույթն ընդգրկում է ոչ միայն արձանագրություններից, դատավարական որոշումներից ու փաստաթղթերից կազմված նյութերը, այլև դրանց կցված ապացույցները: Ուստի, բոլոր այն ապացույցները, որոնք այդպիսին են ճանաչվել իրենց անհատական հատկանիշների արդյունքում, հարկ է պահել ոչ թե մինչև բողոքարկման ընդհանուր ժամկետների ավարտը, այլ քրեական գործը պահելու ողջ ժամկետում. ոչ ոք չի կարող բացառել, որ այդ ընթացքում կարող է ի հայտ գալ նոր երևան եկած հանգամանք, կամ պարզապես վերանայման արդյունքում պարզվի, որ տեղի է ունեցել դատական կոպիտ սխալ՝ ի վնաս դատապարտյալի:
- Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, պետությունը հիմա չի գնում հին քրեական գործերը վերանայելու ճանապարհով:
- Ձեր հարցի մեջ, թերևս, կանխակալ ու ընդհանրացված երանգներ կան. որևէ պետություն չի կարող ընտրել քրեական գործի վերանայումն անվերապահորեն ժխտող քաղաքականություն: Մյուս կողմից, քրեական գործի վերանայումն ինքնանպատակ չէ, դրա համար անհրաժեշտ են հիմքեր, ոոնք անտեսելու դեպքում արդեն առիթ կլինի խոսել կոնկրետ խախտումների ու թերությունների մասին: Սակայն մնում եմ այն կարծիքին, որ միայն բարի կամքն ի զորու չէ համարժեք լուծում տալ կուտակված իրավական խնդիրներին: Կարող եմ համամիտ լինել միայն այն կտրվածքով, որ քրեական գործերի վերանայման լիարժեք ու բնականոն մշակույթ դեռևս չի ձևավորվել, իսկ դրան չեն նպաստել իրավական կարգավորումները: Անմեղ մարդկանց դատապարտված վիճակում պահելը շահեկան չէ նաև հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից. իրական հանցագործը և նրա համակիրներն ավելի են հակվում անպատժելիության մտայնությանը:
- Հավատո՞ւմ եք, որ հայաստանյան բանտերում կան անմեղ մարդիկ:
- Որևէ մեկը չի կարող բացառել: Եթե անգամ տեսականորեն այդպիսի իդեալական վիճակ հնարավոր է, միևնույն է, պետք է զգոն լինել և հնարավոր բոլոր միջոցները գործադրել այդպիսի մարդկանց օր առաջ ազատ արձակելու համար: Մեծ հաշվով, արժեք ունի ոչ այնքան այս կամ այն պետական մարմնի ու դրա պաշտոնատար անձանց ցուցանիշների «անաղարտությունը», որքան կոնկրետ մարդու ճակատագիրը: Ինձ մտահոգում է ոչ այնքան օբյեկտիվ դատական սխալը (դրանից չեն կարողացել խուսափել անգամ կատարյալ արդարադատության համակարգ ունեցող երկրները), որքան անթույլատրելի եղանակներով ցուցմունքներ կորզելու և ոչ բավարար ապացույցների պարագայում մեղադրանքներ առաջադրելու գործելաոճը. բոլոր դեպքերում արդարացման դեպքերի վերլուծությունը, ցավոք, հիմք է տալիս այդպիսի մտահոգություն հնչեցնելու համար:
Լուսանկարը՝ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել