HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

սկիզբը

10. Ղայբալիքեդ գյուղի կոտորածը եւ մի քանի այլ գյուղերի ու մետաքսամանման գործարանների ավերումները

Երբ երեք մեքենաները անհետացան մուսուլմանական տափաստանի մշուշապատ հորիզոնում, Սուլթանովը անցավ տենդային գործունեության:

Քաղաքի թյուրքական մասում տեղավորված ադրբեջանական զորքն անգլիական զինվորների ու սպաների ուղեկցությամբ, առանց դիմադրության հանդիպելու, անցավ հայկական մասով և գրավեց քաղաքի հյուսիս-արևմտյան բարձունքի վրա գտնվող նախկին ռուսական զորանոցի շենքերը, դուրս վանելով այնտեղից արևմտահայ և Ղարաղշլաղ գյուղացի փախստական ընտանիքներին: Հայկական մասից մուսուլմանական մասը տեղափոխվեց փոստ-հեռագրատունը և գանձարանը (казначейство) առանց ուշադրության առնելու քաղաքի հայերի բողոքները:

Տիրելով այդպիսով քաղաքի հայկական մասին, Սուլթանովի և անգլիացիների կարծիքով հեշտանում էր այլևս գավառի հնազանդեցման գործը: Անհրաժեշտ էր միայն գավառում ծայր առած տագնապը, շփոթությունն ու հուսալքումը խորացնելու և ժողովրդի կամքը վերջնականապես բեկելու համար համիդյան եղանակով հայ գյուղացուց արյուն հոսեցնել: Եվ Սուլթանովն իր առաջին համիդյան հարվածն ուղղեց Ղարաբաղի բարեկեցիկ գյուղերից մեկի` Ղայբալիքենդի դեմ:

Այդ գյուղը տեղավորված է Ղարաբաղի լեռնաշղթայից դեպի արևելք ձգված ոստերից մեկի լայնանիստ լանջին, Շուշի քաղաքից 5-6 կիլոմետր հեռավորության վրա, նրա հյուսիսակողմի խոր և ընդարձակ ձորի հակառակ եզրին: Ղայբալիքենդը Ղարաբաղում միակ խոշոր գյուղն է, որտեղ խառը ապրում էին հայ և թյուրք : Մեծամասնություն էին կազմում հայերը, մոտ 140 տուն: Հարձակումից մի քանի ժամ առաջ թյուրք ընտանիքները, նախազգուշացված լինելով, քաշվել էին մոտակա Խալիֆալլու մուսուլմանական գյուղը, հայտնելով հարևաններին, որ իբրև վախենում են շրջակա հայկական գյուղերի հարձակումից:

Եվ ահա 1919 թ. հունիսի 5-ին, Սուլթանովի ազդանշանով, քաղաքի մուսուլմանական մասում և Խալիֆալլու գյուղում հավաքված սպառազեն քրդերը, միացած տեղական թյուրք բնակչության տականքների հետ, մեծ ուժերով հարձակվում են Ղայբալիքենդ գյուղի վրա, և, հանկարծակիի բերելով բնակիչներին, հրդեհում ու թալանի և կոտորած ենթարկում գյուղը, որի 700 շունչ հայ բնակիչներից հազիվ կարողանում են ազատվել 11 տղամարդ, 87 կին և երեխա[1]:

Ականատեսների պատմածներով, քաղաքի հյուսիսակողմի բերդի պարիսպների վրա կանգնած անգլիական սպաները, գեներալ Մոնկ-Մեզոնի գլխավորությամբ, ծխում ու դիտում էին հանցավոր անտարբերությամբ հանդիպակաց լեռան լանջին տեղի ունեցող եղեռնը, լսում կանանց ու երեխաների վայնասունն ու օգնության հուսահատ աղաղակները...

Խորամանկ Ալբիոնի սառնասիրտ ճետերը բավականաչափ ուժ և ազդեցություն ունեին, իհարկե, ճնշում գործադրելու Սուլթանովի վրա` դադարեցնել տալու կատաղած խուժանի անլուր չարագործությունները: Բայց այդ նրանք ոչ միայն չարեցին, այլև կարգադրեցին իրենց մուսուլման զինվորներին ամեն կերպ խափանել զինված հայերի խմբերի փորձը` օգնության ձեռք մեկնելու իրենց դժբախտ արյունակիցներին:

Հաջորդ օրը, հունիսի 6-ին, ջարդարարների նույն խուժանը, այս անգամ կրկնապատկված ուժերով և մոլեգնությամբ, հարձակվեց Խանքենդ ավանի շրջանում գտնվող Ջամիլու, Փահլուլ, Կրկժան և Դաշուշեն գյուղերի վրա. հրդեհեց գյուղերի տների մի մասը և քշեց անասունները: Բնակչներին վնասել չկարողացան շնորհիվ հայկական գյուղերի ցույց տված օգնության:

Թալանվեցին ու կրակի մատնվեցին Դավիթ Ներսիսյանի և Դանիել Ահարոնյանի մետաքսաթելի և մետաքսամանման գործարանները, որոնք սարքավորված էին ժամանակի եվրոպական կատարելագործված տեխնիկայով և տնտեսական խոշոր նշանակություն ունեին տեղական հայ բնակչության ապրուստի համար[2]: Կտրել ապրուստի բոլոր եկամուտների աղբյուրները եւ ստիպել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը լքելու իր հարազատ երկիրը և ապրուստի միջոցներ փնտրելու օտար հորիզոնների տակ` այդ էին համարում միակ հուսալի ճանապարհը հայկական Ղարաբաղը նվաճելու և թյուրքացման ենթարկելու համար Ադրբեջանի ղեկավարները:

Հունիսի 7-ին, սակայն, երբ մարդասպանների և կողոպտիչների արյունարբու բանդաները, շփացած իրենց անպատիժ չարագործություններով և տարված նոր, առավել ահավոր ոճիրներ գործելու մոլուցքով, կենտրոնացրին բոլոր ուժերը և հարձակում սկսեցին քաղաքի հարավակողմի ձորում գտնվող հայկական Քարին-Տակ խոշոր գյուղի վրա, այս անգամ արդեն նրանց չհաջողվեց նախորդ օրերի պես անպատիժ կողոպուտի և կոտորածի ենթարկել հայ բնակիչներին: Քարին-Տակ գյուղի երիտասարդությունը սկսեց քաջաբար պաշտպանվել, մինչև օգնության հասան Սղնախ գյուղում հավաքված Դիզակի և Վարանդայի զինված ուժերը, որոնց հաջողվեց կտրել կատաղած թշնամու նահանջի բոլոր ճանապարհները և մի այնպիսի ջարդ տալ արյունռուշտ խւժանին, որի առաջ նվաստանալ կարող էր անգամ այդ իսկ խուժանի ձեռքով կատարված Ղայբալիքենդ գյուղի անմեղ հայերի կոտորածը:

Հայկական զինված  ուժերը քաշվեցին Սղնախ գյուղի բարձունքները միայն այն ժամանակ, երբ քարատակերին կամ թփերում թաք կացած եւ կամ մահվան սարսափից գլուխները չախկալների բների մեջ կոխած քրդերի և նրանց զինակից տեղական մուսուլմանների մնացորդները փչեցին իրենց վերջին շունչը հայ վրեժխնդիր մարտիկների սրերի անողոք հարվածների տակ:

Լուծվեց այդպիսով եռապատիկ Ղայբալիքենդ գյուղի տներում և փողոցներում կոտորված հայ կանանց, երեխաների, ծերերի և անզեն տղամարդկանց վրեժը: Քարին-Տակ գյուղի ամբողջ ձորը և լեռնալանջերը ծածկվել էին մուսուլման մարդասպանների հարյուրավոր դիակներով:

Այդ ջարդի հաջորդ օրը, հունիսի 8-ին, հայ մարտիկները Սղնախից մարդ ուղարկեցին Շուշի հայկական մասին տեղեկացնելու, որ Դիզակի և Վարանդայի զինված ուժերը պատրաստ են օգնության գնալու քաղաքի հայ բնակչությանը, եթե այն անհրաժեշտ համարվի: Շուշուց խնդրեցին «հանգիստ մնալ»: Որոշել էին «լեզու գտնել Սուլթանովի հետ»:

11. Անգլիացիները աշխատում են աղավաղել փաստերը. բողոքի ժողովներ եւ միտինգներ հունիսյան վայրագությունների առթիվ

1919 թ. հունիսի 10-ին Հայաստանի հանրապետության Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչը զեկուցում է ուղարկում արտաքին գործերի մինիստրին, որ մեջ տեղեկացնում է, թե անգլիական գեներալ Կորին[3] հայտնել է իրեն, որ Ղարաբաղի դեպքերը չափազանց ուռճացած են:

«Իրոք, տեղի է ունեցել անկարգություն, ասել է Կորին, եւ որի հետևանքը եղել է այն, որ երկու կողմից տուժել են 15 անձ, որի ընթացքում սպանվել է նաեւ մի անգլիացի զինվոր, իսկ երկուսը վիրավորվել»:

Գեներալ Կորին հայտնել է նաև, որ Ղարաբաղում տեղի ունեցած անցքերը քննելու համար նա այնտեղ է ուղարկել սպա Կիշբենիին, որը, իբրև թե, երևան պիտի հանի հանցավորներին, «որոնք անգլիական հրամանատարության հրամանով կենթարկվեն խիստ պատժի»[4]:

Կորիի հաղորդած սուտ ինֆորմացիան «երկու կողմից» տուժածների քանակի և անգլիացիների կրած կորուստների վերաբերյալ բխում էր, իհարկե, Շուշու անգլիական միսիայի հերյուրած միտումնավոր հաղորդումներից: Մոնկ-Մեզոնը ձգտել էր թաքցնել իրողությունը, քողարկելու համար իր չարամիտ, պրվոկացիոն գիրքը դեպքերի ժամանակ, աշխատել էր հանդես բերել անգլիցիներին իբրև, մինչև իսկ, տուժած կողմ, վերագրելով անգլիական զինվորների չեղյալ սպանությունը կամ վիրավորվելը ... հայրերին:

Փաստ այն էր, որ հունիսյան իրադարձությունների ժամանակ անգլիական և ոչ մի զինվոր չէր տուժել:

Ստոր խաբեություն էր նաև Կորիի խոստումը, որ հանցավորները երևան կհանվեն ու կպատժվեն:

Քրդերի վայրագությունների սադրիչ Սուլթանովը և նրա անգլիական խորհրդատուներն ու հովանավորողները` Մոնկ-Մեզոնն իր գործակիցներով, ոչ միայն չպատժվեցին, այլև շարունակեցին մնալ իրենց պաշտոններում[5]:

Սուլթանովի և անգլիական Շուշու միսիայի հանցանքը հունիսյան դեպքերում անհերքելի փաստերով ապացուցվեց Ադրբեջանի պառլամենտի նշանակած հատուկ հանձնաժողովի կողմից Շուշում կատարված քննությամբ[6]:

Շուշեցի Զուլֆուգար Ախունդովը Ադրբեջանի պառլամենտականներին ցուցմունքներ տալու ժամանակ հայտնել էր, որ կոտորածների ամբողջ պրովոկացիան բխել է անգլիացիներից: «Անգլիացիները, - ասել էր Ախունդովը, - հունիսի 4-ին ետ են դարձրել դպրոց գնացող մեր երեխաներին, ասելով, թե հայերը ձեզ կկոտորեն ... նրանք (անգլիացիները) գիտեին, թե ինչ պիտի լինի և եթե ցանկանային, կարող էին կանխել»[7]:

Ախունդովի ցուցմունքի միակողմանիությունը նրանումն էր, որ նա, հավանորեն վախից, խուսափել էր մատնանշել նաև ոճրագործությունների փաստական կազմակերպչին և ոգեշնչողին` դոկտոր Սուլթանովին: Հարցաքննության ենթարկված բազմաթիվ անձերից (հայ և մուսուլման) միայն Ադրբեջանում ծառայող երկու ծախված ռուս սպաներ` Ալեքսանդր Պավլովիչ Մաքսիմով և Դմիտրի Ալեքսանդրովիչ Շտոր, ցուցմունքներ էին տվել հայերի դեմ, մեղադրելով նրանց նույնիսկ իբրև հարձակվող կողմ:

Պառլամենտական կոմիսիան շուշեցի հայերից ստացել էր 40-ից ավելի դիմումներ քաղաքի մուսուլմանական մասում իրենց հարազատների սպանության կամ ճանապարհներին ասկերների, քոչվորների և առանձին զինված մուսուլմանների կողմից բռնությունների ենթարկվելու մասին:

Հունիսյան վայրագությունները Ղարաբաղում խոր զայրույթ էին առաջ բերել նաև Ղարաբաղից դուրս հայ հասարակական շրջաններում:

Բողոքի բազմամարդ միտինգ տեղի ունեցավ Թիֆլիսում բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, ուր ելույթներ ունեցան նաև Ղարաբաղից արտաքսված գործիչները:

Բողոքի մի շարք ժողովներ ու միտինգներ տեղի ունեցան նաև Երևանում, իսկ ղարաբաղցիների ու զանգեզուրցիների Թիֆլիսի հայրենակցական միությունը հունիսյան դեպքերի առթիվ դիմեց Անդրկովկասի բրիտանական զինված ուժերի հրամանատարին, բողոքելով ադրբեջանական զորքերի և բանդաների վայրագությունների դեմ ու մեղադրելով բրիտանական ներկայացուցիչներին այդ դեպքերի համար:

«Այդ հարձակումը անսպասելի չէր և հետևանք էր Ադրբեջանի կառավարության ղարաբաղը նվաճելու համար վարած պրովոկացիոն քաղաքականության», - ասված էր դիմումի մեջ: Ապա խնդրվում էր գեթ դրանից հետո կարգադրել` դուրս բերելու Ղարաբաղից ադրբեջանական զինված ուժերը և անգլիական գեներալ-նահանգապետություն հիմնել Ղարաբաղում[8]:

Այդ բողոքները, սակայն, անցան ապարդյուն: Դաշնակից պետությունները որևէ միջոցի չդիմեցին թեթևացնելու հայկական Ղարաբաղի վիճակը, զսպելու Ադրբեջանի բացահայտ զավթողական էքսպանսիան կամ գեթ վերջ դնելու Ղարաբաղում և Բաքվում գործող անգլիական հրամանատարության ներկայացուցիչների հակահայ գաղտնի կամ ակներև պրովոկացիոն սանձարձակություններին: Ընդհակառակը, ավելի ու ավելի ծանրացավ Ղարաբաղի ընդհանուր վիճակը: Վտանգվեց նաև Սյունիքի հայաշատ գավառների դրությունը, որոնց նկատմամբ Ադրբեջանը, օսմանցիների թելադրանքով, դարձյալ լուրջ նվաճողական նպատակներ էր հետապնդում:

Հայաստանի հանրապետության կառավարությունը կամեցավ Ղարաբաղում անգլիական միսիային կից ունենալ իր մշտական ներկայացուցիչը իբրև կապի սպա` ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար Հայաստանի այդ ընդարձակ գավառում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Գեներալ Կորին, սակայն, մերժեց` «նկատի ունենալով առաջարկված թեկնածուի անհաճո քաղաքական համոզմունքները...»:

Սուլթանովի կարծեցյալ հաջողությունները Ղարաբաղում` մեծ ոգևորություն էր առաջ բերել Բաքվի կառավարության և ընդհանրապես թյուրքական շրջաններում:

Ահա ինչ էր գրում այդ առթիվ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Ադրբեջանում` Վրաստանի հայկական ներկայացուցչին իր 1919 թ. հունիսի 26-ի գրության մեջ:

«... Թյուրքերի տրամադրությունը շատ բարձր է. ըստ երևույթին Ղարաբաղի հարցը նրանք վերջնականապես լուծված են համարում: Լուրջ նախապատրաստություններ են տեսնվում Զանգեզուրի դեմ և, ինչպես վկայում են պառլամենտի հայ անդամները, Սուլթանովը անգամ Հայաստանի կառավարության դեմ ռազմական գործողություններ սկսելուց չի խուսափել, որպեսզի մի անգամ ընդմիշտ վերջ տա Ղարաբաղի կնճռոտ հարցին: Սուլթանովի այս ռազմատենչ տրամադրությունը ղեկավարող շրջաններում կողմնակիցներ և դրվատողներ ունի ... Ներկա պայմանները նրանք իրենց համար նպաստավոր են համարում»[9]:

Հայաստանի արտաքին գործերի մինիստր Ս. Տիգրանյանը Փարիզի հայկական պատվիրակությանն ուղարկած հուշագրում ասում էր. «Անդրկովկասի թրքությունը այժմ, բրիտանական զորահրամանատարության օրով, ավելի նպաստավոր պայմանների մեջ է գտնվում, քան գերմանա-տաճկական հաղթական օկուպացիայի ժամանակ ... Ամեն կողմից մեզ շրջապատել է թրքական վտանգը, սպառնական և հանդուգն: Մեր քաղաքական ծրագրին հակառակ` Թուրքիան առաջ է տանում իր ծրագրերը Հայաստանի վերաբերմամբ, որոնց մեջ հայ տարրի ֆիզիկական բնաջնջումը հիմնական և էական կետն է հանդիսանում, և մենք ոչինչ գրավական և վստահություն չունենք, թե անգլիական հրամանատարությունը ցանկություն ունի մեզ փրկելու այդ վտանգից, որը կրկնում եմ ու պնդում, այսօր էլ իրական է և սպառնական ոչ պակաս, քան ամիսներ առաջ»[10]:

Եվ, հիրավի, Ադրբեջանի ագրեսիվ նվաճողական գործողությունների համար ստեղծվել էին շատ ավելի նպաստավոր պայմաններ, քան մի տարի առաջ էր, 1918 թվին, օսմանյան թուրքերի ժամանակ, 1919 թվին հանգամանքները փոխվել էին: Հայերի «դաշնակից» թոմսոնները այս անգամ կանգնած էին ոչ միայն Ադրբեջանի, այլ առհասարակ ամբողջ Անդրկովկասի մուսուլմանություն թիկունքում:

Եվ օսմանյան արյունարբուների ոգով և ներշնչմամբ գործող Ադրբեջանի նորաթուխ քաղաքագետները դարձել էին այնքան լկտի, որ մտորում էին հարձակվել նույնիսկ Հայաստանի հանրապետության վրա «մի անգամ ընդմիշտ վերջ տալու Ղարաբաղի կնճռոտ հարցին» և, հաջողության դեպքում, զավթելու նաև Հայաստանի հարավ-արևելյան բոլոր լեռնային գավառները մինչև Վարդենիսի լեռնաշղթան:

Պիտի խոստովանել, որ այդպիսի հանդուգն տերիտորիալ էքսպանսիայի համար Ադրբեջանն ուներ նյութական ամեն կարգի միջոցներ. անսպառ քանակությամբ հաց և այլ մթերքներ, առատ զենք ու զինամթերք, կողոպտված կամ գնված ռուսական էշելոններից կամ թողնված թուրքերից 1918 թվին Անդրկովկասը զորապարպելու ժամանակ, ուներ հանդերձանք ու  պատերազմի համար անհրաժեշտ այլ կարգի պիտույքներ, ուներ մեծաքանակ մարդկային ռեսուրսներ, որից մուսավաթական կառավարությունը կարողացավ կազմակերպել կարճ ժամանակամիջոցում բավականաչափ մարզված բանակ, Ադրբեջանում ապաստան գտած ռուս սպաների ու բազմաթիվ օսմանցի զինվորների, սպաների ու ենթասպաների հրահանգչական և կազմակերպչական լարված աշխատանքների շնորհիվ: Իրենց զինվորական բարձր պատրաստությամբ և դիվանագիտական փորձով մեծ օգնություն էին ցույց տալիս Ադրբեջանին ադրբեջանական զինվորական համզգեստով ծպտված Նուրի, Քյազիմ և Խալիլ փաշաները ու Թուրքիայի պարտությունից հետո Ադրբեջան սողոսկած Էնվեր փաշան, որը թաքնված էր Ջիվանշիրի մուսուլմանական մասում և այնտեղից ծածկաբար ղեկավարում էր Հայաստանի և հայկական գավառների դեմ ուղղված գործողությունները[11]:

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը մենակ չէր: Եվ միայն անգլիացիները չէին, որ նրան թև ու թիկունք էին դարձել: Իսկ այդ ամենը համարձակություն և հաջողության վստահություն էին ներշնչում նրա ղեկավարներին, Ղարաբաղում ունեցած վերջին օրերի հաջողություններից հետո, հետզհետե ընդարձակելու իրենց զավթողական գործողությունները Զանգեզուրի ուղղությամբ:

Առաջին հարձակումը կատարվեց Ղափանի ուղղությամբ 1919 թ. հունիսի 28-ին: Երեք հազարի չափ թուրք-ադրբեջանական ասկերներ, Քյազիմ փաշայի հրամանատարությամբ, առավոտյան վաղ հարձակում սկսեցին Ղափանի ուղղությամբ հայկական Ղարաբաբա, Ագարակ և Եղվարդ գյուղերի վրա:

Սկզբում հակառակորդին հաջողվեց գրավել Ղարաբաբան, որը թալանվելուց հետո հրդեհվեց: Կրակի մատնվեցին նաև դաշտերում քաղած ցորենի խուրձերը եւ խոտի դեզերը:

Ագարակ գյուղը թշնամին գրավել չկարողացավ շնորհիվ գյուղի մարտիկների հերոսական դիմադրության, որոնք ոչ միայն կարողացան իրենց փոքրաթիվ ուժերով մի քանի անգամ հետ մղել հակառակորդի կատաղի գրոհները, այլև խլեցին նրանցից մեկ գնդացիր և շատ փամփուշտներ:

Հաջորդ օրը, հունիսի 29-ին, Եղվարդ գյուղի մոտ վճռական պարտության մատնելով թշնամուն, ղափանցի մարտիկներն անցան հակահարձակման: Ասկերները փախչելիս աղաղակում էին. «Հայեր, սպասեցեք, մենք դարձյալ կգանք մեծ ուժերով և թնդանոթներով»:

Այդ կռվում ավերվեցին թուրք-ադրբեջանական ագրեսորների հանցանքով թյուրքական Հայդար, Խաշտապ, Եմազլու, Հաջի-Կուրբանլար, Սարալու եւ Աղբիս գյուղերը:

Գերի ասկերները պատմեցին, որ Քյազիմ փաշան հրամայել էր ինչ գնով էլ լինի գրավել Ղարաբաբան, Ագարակը և Եղվարդը, որպեսզի հեշտ լինի մտնել պղնձահանքերը:

Այդ կռվում հայերի ձեռքն ընկան 3 գնդացիր, 120 հրացան և 15 ձիաբեռ փամփուշտ[12]:

Քյազիմ փաշայի կրած անհաջողությունից հետո Ադրբեջանը մինչև 1919 թ. սեպտեմբերի ամիսը, այսինքն` մինչև առաջին լուրջ հարձակումը Զանգեզուրի վրա, նոր գործողություններ չձեռնարկեց Սյունիքի դեմ: Այդ ժամանակամիջոցում Ադրբեջանը զբաղվեց հայկական Ղարաբաղի գյուղական շրջանները ևս իր իշխանության ենթարկելու հարցով, միաժամանակ շարունակելով տենդային նախապատրաստությունները Զանգեզուրի վրա արշավելու համար:

12. Ղարաբաղի հայության ժողովրդական  6-րդ համագումարը

Հայկական գյուղերի ավերածություններից և Ղայբալիքենդի կոտորածից հետո երկրում ստեղծված ծայրահեղորեն լարված դրությունը ստիպեց շտապ հրավիրել Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների համագումար Ադրբեջանի հետ համաձայնության որևէ եզր գտնելու համար` նպատակ ունենալով վերջ դնելու ընդհարումներին և վերականգնելու նորմալ փոխհարաբերությունները երկու դրացի ժողովուրդների միջև:

Սկզբում որոշվել էր համագումարը հրավիրել 1919 թ. հունիսի 20-ին, սակայն դաշտային լարված աշխատանքները ստիպեցին հետաձգել մինչև նույն ամսի 28-ը: Համագումարի աշխատանքի վայրը նախատեսված էր Շուշին, սակայն գավառից ընտրված պատգամավորների կամքով գումարվեց Շոշ գյուղում, Սուլթանովի ազդեցությունից ազատ ոլորտում[13]:

Համագումարը կամենալով հենց առաջին նիստում դրական քայլեր անել համաձայնության հասնելու Ղարաբաղի հարցի շուրջը Ադրբեջանի հանրապետության և անգլիական միսիայի հետ, հրավիրեց նրանց ներկայացուցիչներին հունիսի 28-ին լինել Շոշ գյուղում: Բայց նրանք ոչ միայն նշանակված օրը, այլև մինչև 30-ը չեկան, չնայելով, որ թե Ադրբեջանը և թե Մոնկ-Մեզոնը հայտնել էին իրենց համաձայնությունը:

Համագումարը ստիպված եղավ հունիսի 30-ի երեկոյան ցրվել, ընտրելով Ազգային խորհուրդ եւ ընդունելով հետևյալ որոշումը (բերում ենք անփոփոխ. Հ. Թ.):

«Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցչությունը հավաքվել է 6-րդ համագումարի, գլխավոր նպատակ ունենալով բանակցությունների միջոցով մշակելու Ղարաբաղի հարցի խաղաղ որոշման պայմաններ, մինչև նրա (հարցի) վերջնական որոշումը համաշխարհային կոնֆերանսում: Ընդառաջ գնալով այն ամենին, ինչ-որ կարող է նպաստել բարիդրացիական հարաբերությունների ամրանալուն, Ղարաբաղի հայ ժողովուրդը ողջունում է Ղարաբաղում խաղաղ ճանապարհով ժամանակավոր համաձայնություն հաստատելու ամեն մի փորձ: Համագումարը ցանկանում էր այդ հարցը վերջացնել հունիսի 28-ի նիստում, այն պայմանով, եթե Ադրբեջանի հանրապետության և անգլիական (միսիայի) ներկայացուցիչները ներկա լինեին: Անհայտ պատճառներով նշանակված օրը հիշյալ ներկայացուցիչները չեկան համագումարին, ուստի և համագումարը զրկվեց իր հիմնական նպատակն իրագործելու հնարավորությունից: Իր ցանկության հակառակ, շնորհիվ դաշտային աշխատանքների հրատապ շրջանի, համագումարը հնարավորություն չունի ավելի սպասելու ներկայացուցիչների գալուն: Հայտնելով իր խորին ափսոսանքը այս անհաջողության առթիվ, համագումարը Ղարաբաղի հարցի խաղաղ լուծման համար անհրաժեշտ է համարում ձեռք առնել իրենից կախված բոլոր միջոցներն այդ հարցը խաղաղությամբ լուծելու հետևյալ համագումարում, որը կարելի է հրավիրել միայն դաշտային աշխատանքները վերջանալուց հետո: Այս նպատակով համագումարը պարտավորեցնում է հայկական Ղարաբաղի սահմաններում գործող բոլր կազմակերպություններին ու պաշտոնական անձանց աշխատել տեղերում պահպանելու բարիդրացիական հարաբերություններ և նորմալ փոխհարաբերություններ ստեղծել:

Համագումարը ենթադրում է, որ մինչև հետևյալ համագումարն այս ուղղությամբ համապատասխան քայլեր կարվեն, որ Ադրբեջանի հանրապետության իշխանությունը ամեն մի ջանք կգործադրի հայերի և թյուրքերի մեջ խաղաղ հարաբերությունները վերականգնելու համար, մանավանդ  սահմանակից շրջաններում, որտեղ չեն թույլատրվում դաշտային աշխատանքներ կատարել: Այս ուղղությամբ անհրաժեշտ է մատնանշել Ասկերանի շրջանի (Փիրջամալի և Խանքենդու մոտիկ) ավերված գյուղերի բացառիկ դրությունը, որոնք բոլորովին զրկված են որևէ բերք հավաքելու հնարավորությունից:

Միաժամանակ համագումարը բողոք է հայտնում Ադրբեջանի զորքերի քաղաքում կազմակերպած ընդհարման, հինգ հայկական գյուղերի ոչնչացման և Ղայբալիքենդի կոտորածի առթիվ և պահանջում է հետաքննել այդ դեպքերը` հանցավորներին գտնելու, նրանց պատասխանատվության  ենթարկելու և վնասները հատուցանելու համար, որովհետև նման դեպքերը զրկում են հիմնական հարցի խաղաղ լուծման հնարավորությունից: Նախագահ 6-րդ համագումարի (ստորագրություն), քարտուղար (ստորագրություն), 30 հունիսի, 1919 թ., Շոշիքենդ գյուղ»:

Պատգամավորների ցրվելուց մի քանի օր հետո, Շոշ գյուղ եկան համագումարի հետ համաձայնության բանակցություններ վարելու համար Ադրբեջանի կառավարության և անգլիական հրամանատարության ներկայացուցիրչները և խնդրեցին կրկին գումարել համագումարը: Սակայն պատգամավորները չեկան: Նրանք չհամաձայնվեցին վերանայել համագումարի որոշումը, հնարավոր չգտան թողնել դաշտային աշխատանքները:

Ղարաբաղի հայ գյուղացիությունն իրեն պարտված չէր համարում, թեև անկեղծորեն ձգտում էր վերականգնելու երկրում խաղաղությունը. չէ որ ազգամիջյան պառակտումներից ամենից շատ տուժողը ինքը` Ղարաբաղի հայ բնակչությունն էր: Նա սրտանց կամենում էր խաղաղության համաձայնություն կնքել Ադրբեջանի կառավարության հետ, թեկուզ ժամանակավորապես նրա իշխանությունը ճանաչելու գնով, լիահույս, որ Փարիզի խաղաղության կոնֆերանսը ի վերջո կվճռի Ղարաբաղի հարցը հօգուտ Հայաստանի:

Եվ այն ժամանակ (երազում էր յուրաքանչյուր հայրենասեր ղարաբաղցի) հայկական Ղարաբաղը կծաղկի ու կշենանա, իսկ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կվերահաստատվեն ու կամրանան բարիդրացիական փոխհարաբերությունները: Այն ժամանակ հայկական Ղարաբաղը կկարողանա իր ստեղծագործական ջանքերն ու կորովը միացնել Մայր Հայրենիքի վերաստեղծման գործին, որպեսզի մի գեղեցիկ օր պատմական հայրենիքում միավորված և հզորացած ազատ հայ ժողովուրդը փայլի ու շողշողա ազգերի եղբայրական մեծ ընտանիքում համամարդկային քաղաքակրթության գանձարանը` մուծած իր հանճարի մեծարժեք գրոհներով ...

***

Նորընտիր Ազգային խորհուրդը, որի նախագահն էր նախկին կազմի փոխնախագահ Ասլան Շահնազարյանը (կատեդ), իրեն աշխատանքի վայր ընտրեց անգլիական միսիայի և Սուլթանովի ազդեցության շրջանից դուրս գտնվող Վարանդայի Տրնավազ գյուղը, Շուշուց մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա:

Խորհրդի երկու եռանդուն անդամների` Լևոն Վարդապետյանի և Ներսես Նասիբյանի նախաձեռնությամբ և ջանքերով Ղարաբաղի զինված ուժերի նախկին շտաբը վերակազմվեց և տեղավորվեց նույն գյուղում:

Խորհրդի տրամադրության տակ կային Բաքվից ու Թիֆլիսից ուղարկված բավականաչափ դրամական միջոցներ` կազմակերպելու և պահպանելու համար Տրնավազ գյուղում փորձված մարտիկներից բաղկացած մի ջոկատ` հայ-ադրբեջանական սահմանի  մոտ գտնված հայկական գյուղերի պաշտպանությանն օժանդակելու համար:

Բայց և այնպես Ազգային խորհուրդը չկարողացավ իր ջոկատի և տեղական ուժերի միջոցով ապահովել սահմանամերձ հայկական գյուղերի բերքահավաքը մուսուլմանական բանդաների մշտական հարձակումներից:

Նա չկարողացավ նույնպես որևէ դրական գործ կատարել` օգնելու համար Դիզակին, երբ 1919 թ. հուլիսի 20-ին թուրք-ադրբեջանական կանոնավոր զորքերը գնդացիրներով և թնդանոթներով հարձակվեցին Դոլանլար և Բունյաթլու գյուղերի վրա, թալանեցին ու հրդեհեցին այդ գյուղերը: Բայդ երբ իր առաջին հաջողություններից լկտիացած թշնամին փորձեց հարձակվել նաև Առաքյալ գյուղի վրա, տեղական ուժերը, որոնք արդեն կարողացել էին համախմբվել ու կազմակերպվել, ետ մղեցին հարձակումը և ստիպեցին ասկերների ջոկատներին և «պարտիզանների» բանդաներին նահանջել: «Սուլթանովը ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում Ղարաբաղը գրավելու, - ասել էին Բաքվի Ազգային խորհրդում իրենց զեկուցման մեջ Շուշուց նոր վերադարձած պառլամենտի անդամներ Չուբարյանը և Խոջոյանը: - Նրա (Սուլթանովի) կարծիքով այդ հարցը սպառված պիտի համարել, որովհետև Դիզակը, Շուշին, Ջիվանշիրը (Ջրաբերդը) ... շրջապատած են թյուրքական ուժերով, այնպես որ ընդհարման դեպքում հայերի համար դրսից օգնություն ստանալու ոչ մի հնարավորություն չկա: Այժմ Սուլթանովը, - հայտնել էին Ադրբեջանի պառլամենտականները, - իր ուժերը կենտրոնացնում է Զանգեզուրի սահմանի վրա, որովհետև Ղարաբաղի գրավման հարցը նա վերջացած է համարում ...»[14]:

Վաղաժամ էր, իհարկե, Սուլթանովի այդ պարծենկոտ լավատեսությունը: Ղարաբաղցի մարտիկը դեռ իր վերջին փամփուշտը չէր կրակել, թեեւ ի մեծ դժբախտություն իր և իր երկիրի` նա շատ չնչին պաշար ուներ դրանից:

Ղարաբաղցուն մտահոգություն պատճառողը իր երկրի պաշարված վիճակը չէր, վերջին րոպեին նա կապաստաներ իր անառիկ լեռներում: Նրան քիչ էր մտահոգում նույնպես սահմանամերձ գոտում թշնամու ստեղծած բերքահավաքի արգելքները, կամ դրսից օգնություն ստանալու դժվարությունը: Ղարաբաղցուն խոր մտահոգություն էր պատճառում մի բան միայն, որ իր ունեցած փոքրաքանակ զինամթերքը սպառվելուց հետո նրա պաշտպանության միակ հենարանը պիտի մնային իր լեռները և սառը զենքը` իր դաշույնը, թուրը և սվինը: Ղարաբաղցին թնդանոթ, գնդացիր չէր պահանջում, նրան պետք էր միայն փամփուշտ, իսկ մնացածը նա ձեռք կբերեր խլելով ջախջախված թշնամուց:

Ազգային խորհուրդը երբեք այդ կենսական հարցով լրջորեն չզբաղվեց, թեև նա իր տրամադրության տակ եղած նյութական միջոցներով, անշուշտ կարող էր փամփուշտի որոշ պաշար նախապատրաստել:

(շարունակություն)

 


[1] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 99:

[2] Մետաքսագործական արհեստին հայկական Ղարաբաղում առաջին անգամ ծանոթացրել է մի արևմտահայ վարպետ, բրուսացի, որ Ղարաբաղ էր եկել 1856 թվին: 1912 թ. տվյալներով Ղարաբաղում եղել է 40 մետաքսաթելի գործարան: Բոլոր գործարանները պատկանել են հայերի: Ստացված թելը արտահանվել է Մոսկվա և Մարսել:(Հայկ. հոկտ. ռև. սոց. շին, Պետ. կենտ. արխիվ, ֆ. 113, գ. 56, թ. 245-246):

[3] գեներալ Տոմսոնը ետ էր կանչվել Անգլիա և նրա փոխարեն նշանակվել էր ոմն գեներալ-մայոր Կորի, իբրև Անդրկովկասի բրիտանական զինված ուժերի պետ:

[4] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 18:

[5] Հունիսյան դեպքերի հանցավորների հետ անգլիացիները վարվեցին այնպես, ինչպես վարվել էին 9-10 ամիս առաջ, Պոլիսը գրավելուց հետո, հայ մարտիրոսության մասնակից թուրք մարդասպանների հետ: Նրանք հայերի ձեռքից առել էին 120-ր չափ արյունռուշտ գազանների, խոստանալով տանել Մալտա կղզին և բոլորին խստորեն պատժել, բայց հետո ամենքին ազատ էին թողել:

[6] Հանձնաժողովը նշանակվել էր պառլամենտի հայ անդամների պահանջով:

[7] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 122:

[8] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 86:

[9] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 103:

[10] Բժ. Իսահակ Տերտերյան, «Հայկական գոյամարտը», 1957թ., Թեհրան, էջ 361:

[11] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 850, թ. 1-4:

[12] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 219:

[13] Պատգամավորների մեջ բացարձակ մեծամասնություն էին կազմում Վարանդայից և Դիզակից եկածները: Շատ քիչ էին եկել Խաչենից և Ջրաբերդից: Պատճառը ոչ միայն դաշտային եռուն աշխատանքներն էին, այլև այդ շրջանների համեմատաբար հեռավորությունը Շուշուց: Ճանապարհի անապահովությունը -ս պակաս նշանակություն չէր ունեցել: Ադրբեջանին հաջողվել էր իր զինված ուժերի վերահսկողության տակ առնել ռազմագիտական նկատառումներով ամբողջ Ասկերան-Շուշի խճուղին: Այդ ճանապարհի ամբողջ երկարությամբ վխտում էին հեծյալ ու հետևակ զինված մուսուլմանների խմբերը, և հեշտ չէր հայերի համար կտրել,անցնել այդ գիծը մեկ կամ կյուս կողմի վրա: Ադրբեջանի հրամանատարության համար Աղդամ-Ասկերան-Շուշի-«Քուրդիստան» ճանապարհը այժմ ծառայում էր իբրև կարևոր կոմունիկացիոն գիծ ադրբեջանական զորքերի դասավորության տեղերի հետ թիկունքի կապը ապահովելու համար, որ համարվում էր անհրաժեշտ, մանավանդ Զանգեզուրի դեմ գործողություններ ծավալելու ժամանակ: Այդ գծի վրա կամ նրան մոտիկ գտնված Ղայբալիքենդի կամ մյուս հայկական գյուղերի ավերումը նաև նպատակ ուներ հնարավորին չափ ազատել կոմունիկացիան հայկական տարրից:

[14] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 612, թ. 111-112:


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter