
Ինչու լիարժեք չի գործում վաղաժամկետ ազատման ինստիտուտը
Լուսանկարում Անահիտ Մխիթարյանն է որդու` Արթուրի հետ: Կին, ով 4 տարի առաջ որոշել է կյանքը կապել ճաղերից այն կողմ գտնվող Արամ Գասոյանի հետ: «Մեր սերը միացրեց մեզ ու տվեց սիրո պտուղ, ծնվեց մեր առաջնեկը: Հիմա էլ սպասում ենք երկրորդ երեխային»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Անահիտը՝ պատմելով նաև այն ֆինանսական, հոգեբանական դժվարությունների մասին, որ ստիպված է կրել, քանի որ ամուսինը կողքին չէ:
Արամ Գասոյանը 10 տարի է` բանտում է՝ «Կոշ» ՔԿՀ-ում, դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 104 հոդվածի 2-րդ մասով (սպանություն): Պայմանական վաղաժամկետ ազատման ժամկետը, ըստ ՔՕ 76-րդ հոդվածի, լրացել է երկու տարի առաջ, սակայն 7 անգամ վարչական հանձնաժողովը մերժել է նրան և չի ներկայացրել անկախ հանձնաժողովին պայմանական ազատելու համար: Արամը նամակով դիմել է «Հետքին»՝ պատմելով իր ու իր ընտանիքի մասին. «Նախկինում դատված չեմ եղել, պատժի կրման ընթացքում չեմ ունեցել տույժ, չունեմ քաղաքացիական հայց, չեմ եղել պատժախցում, պատժիս կրման ընթացքում ամուսնացել եմ, որդիս արդեն 2 տարեկան 7 ամսական է, կինս սպասում է երկրորդ երեխային, խնամքիս է նաև հիվանդ մայրս: Հիվանդ եմ եղել թոքախտով, բուժվել եմ դատապարտյալների հիվանդանոցում: «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ տեսա, որ դատապարտյալներից Ռուբեն Ամատունին բարձրաձայնել էր վաղաժամկետ ազատման գործընթացում առկա խախտումների մասին, ինչը համապատասխանում է իրականությանը»:
Արամին զարմացրել էր նաև այն փաստը, որ հեռուստատեսային նույն հաղորդման ժամանակ անկախ հանձնաժողովի անդամներից հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը նշել էր, որ պայմանական ազատման ժամանակ առաջնահերթությունը տրվում է այն դատապարտյալներին, ովքեր ընտանիք են կազմել, ունեն երեխաներ, նախկինում դատված չեն եղել: «Իմ ամուսինը հենց այդպիսի դատապարտյալ է, սակայն նրան մերժում են: Իսկ նրա ներկայությունը այնքա~ն կարևոր է մեր կողքին: Արամի մայրը հիվանդ է, երբեմն կարողանում է դուրս գալ այգի ու փուչիկներ վաճառել, դրանով գոնե գոյատևել, մենք էլ թափառականի պես՝ մեկ ամուսնուս մի քրոջ տանն ենք լինում, մեկ՝ մյուս, որ կարողանանք ապրել: Երեխան շուտով կդառնա 3 տարեկան, բայց մանկապարտեզ չեն ընդունում՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Ուզում եմ մանկապարտեզ գնա, որ գոնե ես աշխատեմ, կարողանամ հոգալ որոշ կենցաղային հարցեր: Լա՛վ, չեն ազատում, գոնե բաց տիպ տանեն, այդպես գոնե հաճախ կտեսնվենք, կկարողանա աշխատել նաև: Ո՞վ է շահում, երբ դրական դատապարտյալը մնում է բանտում, ես չեմ հասկանում»,-ասաց դատապարտյալի կինը՝ Անահիտը:
Որքա՞ն կորուստ է կրում պետական բյուջեն
Արամ Գասոյանը մեկն է այն բազմաթիվ դատապարտյալներից, ովքեր դժգոհում են պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացից՝ նշելով, որ համակարգը չի գործում, չկան հստակ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում դատապարտյալը կարող է պայմանական ազատման հույս ունենալ:
«Հետքին» ուղղված մեկ այլ նամակով էլ պարբերաբար այս թեմաներն արծարծող դատապարտյալ Ռուբեն Ամատունին հաշվարկել է, թե որքան կորուստ է կրում պետական բյուջեն, երբ դատապարտյալներին շարունակում են պահել բանտերում՝ չկիրառելով պայմանական ազատումը. «Մեկ դատապարտյալին ՔԿՀ-ում մեկ օր պահելու համար պետական բյուջեից ծախսվում է մոտ 4000 դրամ: Ինձ 7 ամիս արդեն ավելորդ պահում են այստեղ: Այդ 4000 դրամը ես բազմապատկել եմ 7 ամսով, այսինքն՝ 210 օրով, ստացել 800.000 դրամ, որը իզուր վատնվել է: Հիմա պատկերացնենք, թե բանտերում ինչքան դրական բնութագրվող, տույժ չունեցող դատապարտյալներ կան, և որքան գումար է փոշիանում, որ կարող էր ուղղվել այլ ոլորտներ, որտեղ դրա կարիքը շատ կա: Եթե ինձ պայմանական չազատեն ու պահեն մինչև պատժի կրման վերջին օրը, այսինքն՝ ևս երկու տարի մեկ ամիս, ապա պետական բյուջեից միայն ինձ համար կծախսվի ևս 3.000.000 դրամ»: Դատապարտյալը գրում է, որ ազատության մեջ գտնվելով՝ կարող է գումար վաստակել, պահել իր հիվանդ մորը, օգտակար լինել պետական բյուջեին աշխատավարձից գոյացած պետական վճարումներով:
«Հետքի» միջոցով պետական պաշտոնյաներին դիմող դատապարտյալները կոչ են անում կիրառել օրենքով իրենց հասանելիք պայմանական ազատումը` միևնույն ժամանակ նշելով, որ խնդիրը ՔԿՀ-ներից դուրս է, որ վարչական հանձնաժողովները մեղավոր չեն:
Ո՞րն է խնդիրը
Ըստ դատապարտյալների` խնդիրն այն է, որ տաբու է դրված մի քանի հոդվածների վրա: Նրանք նկատել են, որ պայմանական ազատում չի կիրառվում ՀՀ Քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով: Բայց թե ո՞ր օղակի կողմից է «սահմանվել» այդ չգրված օրենքը, դատապարտյալները դժվարանում են ասել: «Հետքը» դիմել էր ՔԿՎ՝ հարցմամբ, թե տարեկան միջին վիճակագրությամբ ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները քանի անգամ են ՔՕ վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց ներկայացրել անկախ հանձնաժողովին` պայմանական վաղաժամկետ ազատման համար: Վարչությունից հայտնել էին, որ նման վիճակագրություն չի վարվում: Այժմ նույն հարցմամբ դիմել ենք անկախ հանձնաժողովներին:
Երկրորդ լուսանկարում Արամ Գասոյանի որդին է` Արթուրը
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել