
Պատգամավորի ընկերությունը կկառուցի Վարդենիս գյուղի դպրոցը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» ՍՊԸ-ն կիրականացնի Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները:
Կառավարության նիստում այսօր հաստատվել է «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակներում անցկացված «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գ. Վարդենիսի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերում» մրցույթի արդյունքները, և «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ին հատկացվել է 430 մլն 662 հազար 120 դրամ:
Այս դպրոցին «Հետքն» արդեն անդրադարձել է: Ապարանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Վարդենիս գյուղի դպրոցի շենքի նկուղում գարնան հալոցքի ժամանակ ջուր է հավաքվում: Շահագործման օրվանից` շուրջ 31 տարի, դպրոցի շենքը չի վերանորոգվել: 1988 թ. երկրաշարժից հետո այն վթարային է: Երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով նախահաշիվ է կազմվել: Սակայն Խորհրդային Միության փլուզման արդյունքում մոռացվել է Վարդենիսի դպրոցը եւ կազմված նախահաշիվը:
Համայնքապետ Կամո Պետրոսյանը լրջորեն մտահոգվում է դպրոցում սովորող երեխաների ճակատագրով` նշելով, որ ձմռան այդ ցրտի պատճառով աղջիկները առողջական խնդիրներ են ունենում, երբ հարս են գնում:
Համայնքապետ Կամո Պետրոսյանը տեղեկացրեց, որ արդեն դպրոցի հիմքերը փորում են, ինքն էլ դեպի Չքնաղ գյուղ գնացող ճանապարհին նոր տարածք է հատկացրել դպրոցի համար: «Քանի որ հին դպրոցի տարածքում ընդերքային ջրերը բարձրանում են, մենք ուրիշ տարածք նախատեսեցինք: Եվ հետագայում էլ դա կարող է 4 գյուղի համար կենտրոն լինել, որ ավագ դպրոցի ստատուս ունենա»,- ասաց գյուղապետը:
Ըստ նախագծի` կառուցվելու է երկհարկանի դպրոց` 10 դասասենյակով, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, ռազմագիտություն առարկաների համար նույնպես դասասենյակներ կլինեն: Դպրոցը կունենա նաև սպորտդահլիճ, գրադարան, ճաշարան, հանդիսությունների դահլիճ և այլ հարմարություններ:
Գյուղապետը ուրախությամբ տեղեկացրեց, որ Վարդենիսում ծնունդների աճ է գրանցվել. անցյալ տարի 24 երեխա է ծնվել, այս տարի` 12, հավանաբար տարվա վերջ ծնունդների թիվը կհասնի 20-ի: 2011-2012 ուսումնական տարում Վարդենիսի դպրոցը շուրջ 100 աշակերտ կունենա:
Մեկնաբանել