HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի նախագահը կայցելի Հնդկաստան

Կայացավ Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների հանդիպումը Պաշտոնական այցելությամբ Հնդկաստանում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սոմանահալլի Մալլայահ Կրիշնայի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Դելի` Հնդկաստանի  ԱԳ նախարարն ասաց. «հայ-հնդկական բարեկամության պատմական հարուստ ավանդույթներ գոյություն ունեն եւ Հնդկաստանը ցանկանում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները առավել խորացնելու համար:» Շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի իր գործընկերոջը Դելի այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս  Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը` մի երկրի, որի հետ Հայաստանին միավորում է երկու ժողովուրդների միջեւ հարուստ պատմությունը եւ քաղաքակրթական առնչությունները: «Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ չկա որեւէ խնդիր, որ բաժանում է կողմերին, այլ կան շատ գործոններ, որոնք միավորում են մեր երկրներին: Տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մեր պետությունները ունեն փոխըմբռնում, նույնանման կամ շատ մոտ դիրքորոշումներ» – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը: Հայ-հնդկական բարեկամական գործընկերությանը նոր լիցք հաղորդելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց 2011 թ. Հնդկաստան ՀՀ Նախագահի այց կազմակերպելու մասին: Նախարարներ Նալբանդյանն ու Կրիշնան նշեցին, որ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում վերջին տարիների արդյունավետ համագործակցությունն ամրապնդել է փոխվստահությունը կողմերի միջեւ, եւ առկա է երկու երկրների քաղաքական կամքը եւ պատրաստակամությունը  ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ, ընդգրկելով փոխգործակցության նոր բնագավառներ: Էդվարդ  Նալբանդյանն ու Սոմանահալլի Կրիշնան հանգամանալից քննարկեցին Հայաստանի եւ Հնդկաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստի հաջորդ նիստի գումարմանը, ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդակցությունների աշխուժացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Նախարարները կարեւորեցին միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում  կուտակած փորձառության ընդլայնումը, զբոսաշրջությունը խթանող քայլերի ձեռնարկումը: Նախարարները բարձր գնահատեց հնդկահայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ժառանգության ստեղծման, պահպանման եւ հարստացման գործում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Կաշմիրի հարցում Հայաստանի դիրքորոշումը եւ շնորհակալություն հայտնեց հնդիկ գործընկերոջը Կովկասում առկա խնդիրների վերաբերյալ Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշման համար: Իր հերթին նախարար Կրիշնան ասաց, որ Հնդկաստանը բարձր է գնահատում Հայաստանի մշտական աջակցությունը իր երկրի համար կարեւոր հարցերում, մասնավորապես Կաշմիրի խնդրի առնչությամբ: Նախարարներն ընդգծեցին, որ առկա խնդիրներին կրոնական երանգ տալու փորձերը ապակառուցողական են եւ կարող են միայն բարդացնել կարգավորման հեռանկարները, եւ հարկավոր է դրանք լուծել միայն բանակցությունների միջոցով` խաղաղ ճանապարհով: Էդվարդ Նալբանդյանն Հնդկաստանի իր գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրների մասնավորապես` ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կրիշնան շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամության հարցում Հայաստանի աջակցության համար: Բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Հնդկաստանի մշակութային կենտրոնի հիմնադրման եւ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում հնդկական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծման հնարավորությունները : Հանդիպումից հետո Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների ներկայությամբ Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը եւ Հնդկաստանի մշակույթի նախարարության պետքարտուղար Ջավար Սիրկարը ստորագրեցին Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2012 թթ. մշակութային համագործակցության մասին հուշագիր: Առավոտյան Էդվարդ Նալբանդյանը նաեւ ընդարձակ հարցազրույց տվեց Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը: Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը այցելեց Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհուրդ, ուր հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով, որին ներկա էին Նյու-Դելիում հավատարմագրված դեսպաններ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ լրագրողներ: Ելույթից հետո, Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդի տնօրեն Սուդհիր Դեվաերի հետի հետ կայացած հանդիպման ընթացքում, Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Խորհրդի միջեւ համագործակցության հնարավորությունները: Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Կալկաթա, ուր հանդիպում կունենա Արեւմտյան Բենգալի նահանգապետի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter