HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Անձնական մեդիան՝ պայքարի գործիք

սկիզբը

Մաս II

Ետընտրական հանրահավաքների օրերին էր։ Երեկոյան երթուղայինով տուն էի գնում։ Վերջին շարքում նստած մի աղջիկ շարունակ խոսում էր բջջայինով. զանգեր էր ստանում, պատասխանում էր։

Ձգտում էր ցածրաձայն խոսել, բայց երբեմն ոգեւորվում եւ ձայնը բարձրացնում էր։ Հանրահավաքի մասին էր պատմում, պարզաբանումներ էր անում։ Երբ արդեն իջնում էր, հավանաբար շատախոսության համար իրեն մեղավոր զգալով, կողքի ուղեւորներին բացատրեց. «Բոլորը գիտեն, որ միտինգում էի, զանգում են, որ իմանան, թե հրապարակում ինչ են խոսում»։ Էլեկտրոնային տեղեկատվամիջոցների լռության կամ ապատեղեկատվության պայմաններում սա բնավ էլ բացառություն չէր։ Հանրահավաքների ժամանակ շատերին կարելի էր տեսնել հեռախոսով խոսելիս, եւ խոսակցությունների նպատակը հաճախ հենց հանրահավաքի մասին պատմելն էր։

Նախընտրական եւ ետընտրական շրջանում նոր տեղեկատվամիջոցների լայնածավալ, աննախադեպ գործածությանը նվիրված հոդվածի երկրորդ մասը հիմնված է իմ՝ հանրահավաքներին (իսկ ոմանց դեպքում՝ նաեւ քարոզարշավին) մասնակցած երիտասարդների հետ ունեցած հարցազրույցների վրա։ Հարցազրույցների հիմնական նպատակներից մեկն այդ զանգվածային իրադարձության մեջ մեծ թվով երիտասարդների ներգրավման դրդապատճառները հասկանալն էր, իսկ մյուսը՝ նրանց կողմից անձնական տեղեկատվամիջոցների գործածության չափի եւ ձեւերի մասին մանրամասն տեղեկություններ ստանալը։ Թեեւ ունեի նախօրոք որոշված հարցերի մի խումբ, որ ուղղում էի յուրաքանչյուրին, բայց զրույցներն ազատ էին եւ այդ հարցերով չէին սահմանափակվում։ Այս հոդվածում կկարողանամ օգտագործել ստացված նյութի մի փոքրիկ մասը միայն։

Իմ զրուցակիցները՝ յոթ աղջիկ եւ երկու տղա, 19-25 տարեկան են։ Հարցազրույցները տեղի են ունեցել մարտի վերջին տասնօրյակում։ Կարեւոր եմ համարում ընդգծել, որ նրանցից ոչ մեկին նախապես չեմ ճանաչել։ Յուրաքանչյուր հարցազրույցից բերված են զրուցակցիս, նրա վերաբերմունքը բնորոշող, ինչպես նաեւ տեղեկատվամիջոցների օգտագործման փորձառությանը վերաբերող մի քանի հատվածներ։

Լիլիթի մոտ հետաքրքրությունը հանրահավաքների նկատմամբ ծագել է ետընտրական շրջանում. «Սկզբում կտրականապես դեմ էի, ես Լեւոն Տեր-Պետրոսյանին ձայն չեմ տվել…. Ինչու՞ սկսեցի գնալ այդ հետընտրական հավաքներին։ Որովհետեւ իմ ծանոթներն ու ընկերները գնում էին, շատ ոգեւորված էին, ու իմ մեջ էլ հետաքրքրություն առաջացավ: Մանավանդ, շատ նյարդայնանում էի լրատվամիջոցներից, ընկերներիցս մի բան էի լսում, հեռուստաալիքներով` այլ բան.... Գնացի, բայց գաղափարապես չձուլվեցի այդ հոսանքին, որովհետեւ գաղափարապես ինձ հարազատ չէր. ոչ միայն առաջնորդի պատճառով, այլեւ՝ ընդհանուր։ Բայց այդ զանգվածային ցույցը, մարդկանց բողոքն ինձ համար հետաքրքիր էր»:

«Ես շատ ուրախ եմ, որ ժողովուրդը կարողացավ համախմբվել, մի տարօրինակ զգացում կար՝ երբ ես մտնում էի այդ մարդկանց շարքերը, ես ինձ շատ ապահով էի զգում: Ես գիտեի, որ այդ մարդկանց մեջ ինձ ոչինչ չի պատահի, որովհետեւ այդտեղ չկար ագրեսիա, կար համախմբվածություն»:

«Այդ հուզական լիցքը հատկապես Մյասնիկյանի արձանի մոտ էր շատ: Ժամը 12:00-ից մինչեւ 17:00-ն եմ եղել: Բայց այդ լարված խառնաշփոթը, մարդկանց անհանգստությունը շատ հուզիչ էր: Ես էլ արդեն ինձ նրանց հետ էի զգում»։

«Ես հենց իմացա, որ բռնություն է եղել, վազեցի Մյասնիկյանի արձանի մոտ, որ տեսնեմ մարդկանց։ Ու այնտեղ մարդիկ ավելի ագրեսիվ էին։ Օպերայում հանրահավաքների եկած մարդիկ խաղաղ էին, նրանց մեջ կատաղություն չկար։ Հիմա ֆիզիկապես նույն մարդիկ էին, բայց ջղայնությամբ լցվել էին»:

«Սա ազդեց իմ քաղաքացիական գիտակցության վրա, ու եթե սանդղակով դատեմ, ամենաբարձր սանդղակին կդնեմ, որովհետեւ ամենակարեւոր, ամենաաննախադեպ, ամենահետաքրքիր իրադարձությունն էր»:

«Առաջին հինգ օրը ես անընդհատ զանգում էի, քանի որ ընկերներիցս շատերն այնտեղ էին, եւ ես ուզում էի իմանալ, թե այնտեղ ինչ է կատարվում: Այդ վերջին շրջանում, երբ արդեն ես էի այնտեղ, մի ընկերուհի ունեմ Գերմանիայում` նա էր ինձ զանգում, ինտերնետով էի ասում՝ ինչ է կատարվում: Մայրս էր անընդհատ զանգում` հարցնելու, թե ինչ է տեղի ունենում... Առանց բջջայինի չէինք կարող ապրել, այդ կապը շատ կարեւոր էր: Եթե հեռուստատեսության լուրերով չէի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, ես միանգամից կարող էի ճիշտ տեղեկություններ ստանալ Օպերայի հրապարակից. Լեւոնի ելույթի ինչ-որ հատվածներ լսել ու նույնը կարող էի ուրիշին փոխանցել, եթե ես էի այնտեղ գտնվում…. Ֆոտոներ էլ եմ արել՝ զուտ ինձ համար, նաեւ փոխանցում էի ընկերուհուս՝ Գերմանիա»:

Արմանն Ազատության հրապարակ սկսել է գնալ «Իմպիչմենտ»-ի ցույցերի ժամանակ. «Հատկապես էն ժամանակ ես ոգեւորվեցի՝ հոկտեմբերի 23-ի գիշերը, երբ ձերբակալեցին Նիկոլ Փաշինյանին, Շողեր Մաթեւոսյանին: Նրանք փողոցում ընդամենը հայտարարում էին, որ ամսի 26-ին հանրահավաք պիտի լինի: Երբ ես տեսա, որ իշխանությունը ոստիկանության միջոցով փորձում է նրանց բերանը փակել, հասկացա, որ այդ մարդիկ ինչ-որ ուժ են ներկայացնում»։ Նա մասնակցել է Տեր-Պետրոսյանի բոլոր հանրահավաքներին, բայց ընտանիքում ատելություն կար Տեր-Պետրոսյանի նկատմամբ. «Մեր ընտանիքում երկու փաստացի հանրապետական կար։ Ուշ էի տուն գնում, «Հայլուր»-ից հետո պատմում էի, թե իրականում ինչ է եղել, եւ սա անընդհատ կոնֆլիկտների եւ վեճերի առիթ էր դառնում: Հետո զգացի, որ կամաց-կամաց փոխվում է իրադրությունը: Նախընտրական շրջանում, երբ ուզեին, թե չուզեին Լեւոն Տեր-Պետրոսյանին եթեր էին տալիս, իսկ իմ տան անդամները հաստատ հրապարակ եկող չէին, զգում էի, որ իրենց վրա էլ էին ազդեցություն ունենում այդ ելույթները, այդ խոսքերը»:

«Նա առաջին հերթին շատ գրագետ, ճիշտ տեղին ասված խոսքեր էր ասում: Ինձ դա շատ է դուր եկել: Էնքան անգրագետ ղեկավար ենք տեսել, որ ուզում էի, որ ղեկավարը մեզանից խելոք լինի: Մենակ գրագետ խոսելու ընդունակությունը մարդկանց շատ էր դուր գալիս: Իսկ հիպնոս... երեւի: Բայց դա հիպնոս չէր, մարդիկ առանց հասկանալու ասում էին՝ հիպնոս, բայց իրականում մարդիկ կարոտ էին մնացել ազատ խոսքի, ճշտի»:

«Ես հիշում եմ, որ երբ DVD-ն տարա տուն, մամաս ասաց՝ տար տուր նրան, ով տվել է, գործ չունես: Այ այդ աստիճան էին սկզբում, բայց հետո ընտրության օրը բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրեցին»:

«Ես նկարում էի վիդեո կամ ֆոտո, տանում էի տուն, ցույց էի տալիս, թե ինչքան մարդ է իրականում հավաքվել.... Լինում էր, որ մարդիկ ձայնագրիչով ձայնագրածս ուզում էին լսել.... Ես չէի անում, բայց նկատում էի, որ մարդկանց զանգում էին, եւ նրանք հեռախոսը մոտեցնում էին բարձրախոսին: Երեւի գյուղից էին զանգում կամ հեռու տեղից: Հեռակա մասնակցում էին»:

Գայանեն քաղաքականությամբ հետաքրքրվածությունը եւ իշխանությունների նկատմամբ քննադատակական վերաբերմունքը ժառանգել է ընտանիքից։ Այդ պայմաններում հրապարակ գնալն ինքնին հասկանալի էր։ 1996-ից հետո մեծ հակակրանք է ունեցել Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որ ավելի շատ հորից է անցել իրեն։ Բայց, մեծանալով, կարդալով Տեր-Պետրոսյանի հոդվածները՝ քիչ-քիչ վերաբերմունքը փոխվել է։ Վերջին նախագահական ընտրություններից առաջ հասկացել է, որ միակ իրական ընդդիմադիր թեկնածուն նա է. «Ինչ-որ իմաստով նաեւ ներքին կոնֆլիկտ էր, որ ես կանգնել եմ մի մարդու կողքին, որին մշտապես մեղադրել եմ անգամ այսօրվա բոլոր արատավոր երեւույթների մեջ։ Բայց գիտեմ` ոնց որ ճակատագրի հեգնանքը լիներ»։ 

«Վերջապես այս տասը տարվա ընթացքում ես լսեցի քաղաքական գրագետ խոսք ու հասկացա, որ տասը տարի զրկված եմ եղել քաղաքական շրջանակներում սկզբից մինչեւ վերջ հայերեն արտասանված նախադասություն լսելուց: Սա կարեւոր հանգամանք էր ինձ համար: Հայերենով խոսելը, հայերեն մտքեր արտահայտելն ինձ համար շատ կարեւոր էր: Ես համարում եմ, որ իր ամենամեծ առավելությունն իր խոսքն է: Այսինքն՝ զուտ հանրահավաքների ժամանակ անընդհատ այդ խոսքը լսելն արդեն իսկ փոփոխություններ էր առաջացնում մարդկանց մեջ: Մարդիկ սկսում էին մտածել, կշռադատել խոսելուց առաջ»:

«Մինչեւ ընտրությունները պայքարը քաղաքական էր, ընտրություններից հետո պայքարը դարձավ քաղաքացիական.... Ես, իհարկե, հույս չունեի, որ դա կվերածվի հուժկու շարժման, չնայած երազում էի, որ մի օր դա գա, ու շատ էի անհանգստանում, որ այդ օրը կուշանա ու շատ ուշ կլինի, բայց ես մեծ հույսերով էի սպասում: Ես համարում էի, որ հասարակությունը գտնվում էր այն աստիճանի հանդուրժողականության, այն աստիճանի նարկոզային վիճակում, որ դա արդեն վտանգավոր էր դառնում հասարակության գոյատեւման համար: Նման հանդուրժողականություն ամեն տեսակի անօրինականությունների նկատմամբ՝ ես դա ի նկատի ունեմ։ Պետք էր, որ հասարակությունը ըմբոստանար, եւ այդ պարագայում ինձ համար նշանակություն չուներ, թե ով կլիներ այդ շարժման լիդերը: Այսինքն՝ ես շարժումն ինչ-որ տեղ դիտում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանից անջատ»:

Ընկերուհու հետ միասին ձայնագրել են հանրահավաքի ելույթները՝ հետագայում լսելու եւ վերլուծելու նպատակով։

Բաժանել է Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պատրաստած DVD-ները (ոչ թե փողոցներում, այլ կապոցներով տվել է մարդկանց, որոնք արդեն բաժանել են ուրիշներին, հատկապես՝ մարզերում)։ Ինքը մարզում գտնվող իր հարազատներին ուղարկել է հանրահավաքների տեսագրությամբ սկավառակներ, ֆիլմեր եւ այլ տեղեկատվություն։

Անուշը մարզից է, Երեւան եկել է սովորելու նպատակով։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չի եղել, նրա օգտին քվեարկել է իշխանությունների նկատմամբ ունեցած հակակրանքի պատճառով, միշտ զգացել է հեռուստատեսությամբ հաղորդվող տեղեկատվության անբավարարությունը հատկապես մարզերի համար։

«Գուցե անցած տարիներին փոքր եմ եղել, չեմ նկատել դա, բայց իմ կյանքի մեջ այդ հարցին գիտակցաբար մոտեցա առաջին անգամ, երբ հասկացա, որ մարդիկ ուղղակի կարիք ունեն միմյանց հետ համախմբվելու եւ խնդիր լուծելու: Երեւի նրանք իրենց օտարված էին զգում, որ չեն կարողանում պետության հետ որեւէ հարց ուղղակիորեն լուծել: Ոնց որ մի մեծ ընտանիք լիներ, երբ ես առաջին անգամ գիշերը մնացի մինչեւ ժամը մեկը.... Այդ հրավառությունները. այնպես էր դուրս գալիս, ոնց որ արդեն իշխանափոխությունն արված էր, եւ տոնելու պահն է եկել.... Ես զարմանում էի, թե որքան բարի են մարդիկ: Ամեն մի լավ կողմ դրսեւորվում էր այնտեղ»:

«Ու փորձում էի ամեն կերպ՝ սկսած իմ դպրոցի տնօրենից, վերջացրած իմ ծնողներով, մի խոսքով՝ բոլորին, ինչ-որ տեղեկատվություն հաղորդել: Հիմնականում ֆոտոների միջոցով էի փորձում այդ տեղեկատվությունը փոխանցել.... Ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, երբ հեռուստատեսությամբ, օրինակ, կարող էին ցույց տալ ինչ-որ կադրեր, որտեղ մարդիկ հրապարակում պարզապես արեւածաղիկ են ուտում ու ոչնչով չեն զբաղվում։ Իհարկե, իրականում պատկերը լրիվ այլ էր»:

«Ուղղակի ես էլ էի ուզում իմ ներդրումն ունենալ: Այնպես էի նկարում, կարծես ինչ-որ աշխատանքով պարտավորված լինեի, ես ուղղակի պետք է ամեն օր դասերից հետո, եթե ոչ՝ դասերի ընթացքում, լինեի այնտեղ եւ լուսանկարեի: Տանում ցուցադրում էի կամ ուղարկում էի Ինտերնետով»:

«Հա, զանգում էին, սկսած մեր ընտանիքի անդամներից, վերջացրած այն մարդկանցով, ովքեր իմ դասարանցիներն են եղել ու հիմա այնտեղ են սովորում, ու էլի երիտասարդներ՝ թիվը մեծ էր, իմ հասակակիցներն էին երեւի, բայց դա ինձ շատ էր ուրախացնում: Ասենք՝ կարող է դասընկերս զանգեր եւ հարցներ, թե այստեղ ինչ է կատարվում: Ոնց որ հեռուստատեսությամբ չբավարարվեին»: 

«Նաեւ SMS-ի միջոցով էի նկար ուղարկում: Ես ցավում եմ, որ նախընտրական օրերին այնքան մեծ չէր ցանկությունը՝ ուրիշին ինֆորմացիա հայտնելու, եթե այդպես լիներ, ընտրությունների վրա կանդրադառնար»:

Անին մարզից է, սովորում է Երեւանում։ Շատ է զայրացել, երբ իմացել է, որ Տեր-Պետրոսյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, քանի որ վստահ էր՝ նրա գործը գիտությունն էր, ոչ թե քաղաքականությունը։ Դա նաեւ նրա հայրիկի կարծիքն էր։ Կարծիքն աստիճանաբար փոխվել է, երբ դիտել եւ համեմատել է իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերի բաժանած DVD-ները։ Այնուհետեւ որոշել է իր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում հանրահավաքներում՝ սկսած հունվարից։

«Ուզում եմ ասել միտինգների մթնոլորտի մասին։ Ես մի գիշեր այնտեղ եմ մնացել եւ ինձ ապահով եմ զգացել։ Ես հայ մարդուն զիջող ու հանդուրժող չէի տեսել…. Ես դրա մասնիկն էի, այո, այդ մարդիկ կարծես մեր տունը լինեին, ես սիրում էի այդ մարդկանց»։

«Ճիշտ է, ասում ենք, որ ամենամեծ պրոպագանդան հեռուստատեսությունն է անում, բայց այս դեպքում այդպես չէր, որովհետեւ մարդկային հոգեբանության համար կարեւոր է այն, ինչ «ես եմ նկարել, իմ հեռախոսի ձայնագրությունը եւ այլն», այդ անհատական փոխանցումն ավելի գրավիչ էր»:

«Մեր քաղաքում մի խանութ կա, որտեղ քաղաքականությամբ հետաքրքրվողներն են հավաքվում։ Իմ մաման զանգում էր, միացնում միկրոֆոնը, եւ բոլորը լսում էին, թե հանրահավաքում ինչ է կատարվում»:

«Իմ ընկերներից մեկը բլոգեր է, ֆոտոները եւ վիդեոները նրա բլոգում էինք դնում, ես ինքս էլ բլոգ ունեմ, ուղղակի իր բլոգն ավելի շատ կարդացողներ կան: Բլոգները շատ լավ աշխատեցին, որովհետեւ անընդհատ նորացվում էին։ Հենց իմ ընկերը ձեռք էր բերել մի վիդեո, թե ինչպես է մի մարդ քվեաթերթիկներ լցնում արկղի մեջ։ Դա հեռախոսով էր նկարված…. Այդպես փորձում էինք տարածել Ինտերնետի միջոցով, քանի որ մյուս բոլոր միջոցները փակ էին»։

Վարդուհին սովորում եւ աշխատում է, Տեր-Պետրոսյանի նկատմամբ համակրանքը գալիս է աշխատավայրից, որտեղ հաճախ քննարկել են քաղաքական անցուդարձը, քարոզարշավին վերաբերող DVD-ները։ Հայրը՝ որպես Պաշտպանության նախարարության աշխատակից, եղել է Սերժ Սարգսյանի կողմնակիցը, եւ ընտանիքի մյուս անդամներին կողմնորոշելու հարցում նրանց հայացքները բախվել են, եղել են լուրջ տարաձայնություններ։ Համոզված է, որ ընտանիքի բոլոր անդամները, թերեւս բացի հորից, ի վերջո քվեարկել են Տեր-Պետրոսյանի օգտին։ Ետընտրական հանրահավաքներին մասնակցել է փետրվարի 21-ից։

«Ինձ համար շատ զարմանալի բան բացահայտեցի, հայ մարդու տեսակ բացահայտեցի: Բացի այն, որ ես գրքերում կարդացել էի, տխրել էի կամ ոգեւորվել, ինձ համար նոր բացահայտում էր՝ հայ մարդու, քաղաքացու. Երեւանի հետ կապ չուներ, մարզերից էլ շատ մարդ կար, բայց ինձ համար այդ տեսակը բացահայտում էր: Բացահայտում էր, որ տարեց մարդիկ ասում էին՝ արի դու առջեւում կանգնի, քեզ ավելի լավ կերեւա, կամ, եթե ինչ-որ մեկը թեթեւակի հրեր անցնելիս, մի քանի անգամ ներողություն կխնդրեր… Էս վիճակն ինձ համար նորություն էր, որովհետեւ նույնիսկ Հանրապետության հրապարակում կամ Ազատության հրապարակում կազմակերպված չակերտավոր աստղերի համերգների ժամանակ իրար էին սպանում, եթե մեկն առաջ գար… Բայց այստեղ փոխըմբռնման, ներողամտության, իրար հասկանալու, աջակցելու վիճակը նորություն էր ինձ համար»:

«Ֆոտո եւ վիդեո շատ եմ արել։ Հեռախոսիս հնարավորություններն այդքան էլ մեծ չէին, փոքր-փոքր կտորներ կարող էի տեսագրել, հետո դա DVD ֆորմատի էի վերածում եւ հարազատներիս, նույնիսկ այն մարդկանց, ովքեր տեղյակ չէին, ցույց էի տալիս, թե այնտեղ ինչ է կատարվում: Նույնիսկ կարճ հաղորդագրություններ էի անում, որ, ասենք, Ջհանգիրյանը եկավ կամ այս մարդուն տարան»:

«Շատերը, տանը նստած, ինձ զանգում էին եւ ասում՝ բա գիտե՞ս, «Հայլուր»-ն այսպիսի բան է ցույց տալիս։ Ասում էի՝ նման բան չկա. ես կանգնած եմ Օպերայի հրապարակում։ Եւ փորձում էի փոխանցել այն, ինչ իրականում այնտեղ կատարվում էր»:

Գոհարը ձայնը տվել է Արթուր Բաղդասարյանին, իսկ հանրահավաքների գնացել է փետրվարի 23-ից սկսած։ Առաջին անգամ գնացել է հետաքրքրությունից դրդված, իսկ հետո արդեն անհամբեր սպասում էր, որ դասերը վերջանան ու գնա հրապարակ։ Ընտանիքում խոչընդոտներ չի ունեցել։ 

«Կարծում եմ՝ միասնության գաղափարն էր այնտեղ, որ բոլորը միասնական են։ Ու կարծում եմ՝ ճիշտ էր, որովհետեւ այնտեղ գտնվող մարդիկ դուրս չէին եկել կռվելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու։ Իրենք համոզված էին, որ հաղթել են, ու պարզապես պետք էր այդ հաղթանակը հետ բերել»։

«Երբ մասնակցում էի ցույցերին, երթերին, ինքս նկարում էի բջջային հեռախոսով` վիդեոներ եւ ֆոտոներ, եւ դրանք տարածում ընկերներիս մեջ: Ես չեմ քարոզել, ով ուզել է՝ տվել եմ…. Ու իրենք էլ տեղեկատվությունը տարածում էին DVD-ներով, ու դա շատ դրական էր, շատ ճիշտ քայլ էին անում, որովհետեւ «հայլուրները» հնարավորություն չէին տալիս իրական տեղեկատվությունը սփռելու, մարդկանց տեղյակ պահելու: Ու պիտի ասեմ, որ մեծ դեր էր խաղում, շատերը մարզերում, թեկուզ այստեղ՝ Երեւանում, չեն կարողանում տեղյակ լինել, թե իրականում ինչ է կատարվում: Օրինակ՝ մեր տնից մենակ ես էի գնում ցույցերի ու երթերի, ու թե իմ խոսքով, թե նկարներով, վիդեոներով նրանք էլ ուրիշներին էին պատմում: Շատերը տեսնելով` զարմանում էին: Ու արդեն տեսնում էին իշխանությունների իրական դեմքը»:

«Ամսի 1-ին, երբ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ես առավոտյան ժամը 7-ին արդեն տեղյակ էի ու շատ էի ուզում գնալ։ Չնայած՝ ծնողներս չթողեցին, անհանգստացան, ու չգնացի…. Ու ես այդ ընթացքում 10 րոպեն մեկ զանգերի եմ պատասխանել, տեղեկացել եմ այնտեղ կատարվող ամեն ինչին թե զանգերի, թե կարճ հաղորդագրությունների միջոցով»։ 

Մարիամը մարզից է, սովորում է Երեւանում։ Երկու տարի կլինի, որ հետաքրքրվում է քաղաքականությամբ եւ ունի հստակ արտահայտված ընդդիմադիր դիրքորոշում, որ ժառանգել է ընտանիքից։ Հանրահավաքների գնացել է նախընտրական շրջանից։

«Մարդիկ հրապարակում պարում էին այն բանի համար, որ հավատում էին իրենց հաղթանակին։ Չնայած փաստերով դա ընդունված չէր, բայց հավատում էին իրենց հաղթանակին: Ամեն դեպքում, երեւի կարեւոր էր այն, որ ժողովուրդը բլոկադայի մեջ էր ապրել եւ ազատության շունչ էր զգում, ինձ մոտ այդ տպավորությունն էր»:

«Այդ դեպքերից հետո իմ մեջ շատ բաներ են ավելացել՝ ռիսկը, նաեւ մարդկանց հետ շփվելու ժամանակ: Հիմա, երբ ես նստում եմ երթուղային տաքսի… Անցյալ տարի ես ուրիշ բաների մասին կարող էի մտածել, իսկ հիմա, որ այդ տեղերով անցնում եմ, հիշում եմ հրապարակը, մարդկանց ոգեւորությունը, ամեն ինչ եմ հիշում: Շատ բան է փոխվել հիմա, իհարկե, չեմ կարողանում ասել. ավելի հաստատուն եմ դարձել, ավելի համարձակ եմ դարձել, շատ բաներ եմ հասկացել»։

«Զանգում էի գյուղ, տուն, եւ նրանք ելույթները հեռախոսով լսում էին…. Մայրս ուսուցչուհի է, նա դպրոցում ավելի շատ է շփվում, եւ այդպես տեղեկությունները տարածվում էին։ Իրականում գյուղում շատ քիչ բան գիտեին հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին: Այնտեղ միայն «Հայլուր» է, թերթերը շատ քիչ են հասնում, իրենք տեղեկություններին լավ ծանոթ չէին: Հսկայական երթերի մասին բացարձակապես բան չգիտեին»:

Հակոբը քաղաքականությամբ հետաքրքրվել է «Իմպիչմենտ»-ի կազմակերպած միջոցառումների շնորհիվ. «Այդպես թռուցիկներից միամիտ տեղեկացա, իջա Օպերա եւ տեսա, որ մի խումբ մարդիկ կանգնած են ու ինչ-որ բան են ուզում խոսել ժողովրդի հետ, ու քաղաքապետարանի կողմից ստեղծված ինչ-որ արհեստական խոչընդոտներ կային: Հետաքրքրեց, որովհետեւ լրիվ արմատական ընդդիմադիր գաղափարներ էին, մինչեւ այդ քաղաքական համակարգի նկատմամբ հետաքրքրություն չունեի»: Ընտանիքում բախումներ չի ունեցել։ Նախընտրական շրջանում բաժանել է թռուցիկներ, որի համար մի անգամ տարվել է ոստիկանության բաժանմունք։ Ետընտրական հանրահավաքների շրջանում գրեթե ամեն օր գիշերել է Ազատության հրապարակում։ Իմ զրուցակիցներից միակն է, որը մարտի 1-ի առավոտյան եղել է հրապարակում։

«Բոլոր գիշերներն էլ մնում էի, մի օր եմ բացակայել: Մեջտեղներից: Վերջին օրը եղել եմ այնտեղ ընկերներիս հետ: Մի օր մի քիչ վատ զգացի, գնացի տուն, բայց առավոտյան նորից այնտեղ եմ եղել: Գիշերը բոլորը ոնց որ իրար ճանաչեին, մտերմիկ, ջերմ մթնոլորտ էր։ Այդքան ժամանակ գիշերները մնում էինք՝ ոչ մի հրմշտոց, քաշքշուկ, միջադեպ տեղի չունեցավ: Ոնց որ մի հատ ուրիշ երկիր լիներ երկրի մեջ»:

«Երկրապահների մոտ զենք չկար, նրանք, ընդհանուր առմամբ, կարող է 500 մարդ լինեին։ Մեր դեմ դուրս էր եկել 4-5 հազար ոստիկան…. Նրանցից սկսեցին: Անկյուններում էին, հիմնականում Սպենդիարյանի արձանի մոտ էին կենտրոնացած, մեկ էլ Հյուսիսային պողոտայի կողմը «Հատուկ գունդ» կար։ Նրանց առաջինը ծեծեցին, բռնեցին, որովհետեւ նրանք չէին թողնի փախնի: Հիմնականում երիտասարդները ծլկեցին, տարիքով մարդը չէր փախնում, կանգնում էր, ու բռնում էին կամ ծեծում: Մի 50 հոգով մեկին ծեծում էին ու մենակ գլխին էին խփում… էնպիսի բաներ եմ տեսել, որ երկու օր ցնցված վիճակում էի. չէինք հասկանում՝ ինչ եղավ: Մինչեւ Ֆրանսիայի դեսպանատուն հետեւներիցս վազել են: Ով էլ ընկնում էր՝ բռնում ծեծում էին, ու այնպես էին ծեծում, որ մտածում էինք՝ կմեռնի: Պատրաստ էինք ծեծվել, բայց պատրաստ չէինք նման բաներ տեսնել»:

«Ու ոնց որ երկրում քաղաքական քաղց լիներ. այդ DVD սկավառակները, որ ցրվեցին քաղաքում, շատ ուժեղ ալիք բարձրացրին։ Ես էլ եմ բաժանել: Հա, քանակի առումով Երեւանում քիչ է ցրվել, մարզերում երկու անգամ ավելի շատ է ցրվել, որովհետեւ Երեւանն այդ երթերի, միտինգների ականատեսն է եղել»:

«Հանրահավաքների ընթացքում դա զգացվեց: Երբ մարդկանց ասում էի, որ այսքան շատ մարդիկ են գալիս, առաջին հերթին ուզում էին իրենց աչքով տեսնել: Միացնում էի, ցույց տալիս, ու պատկերը միանգամից փոխվում էր, որովհետեւ չէր պատկերացնում, որովհետեւ ամբողջ օրը ուրիշ տեղեկատվություն էր ստանում: Հետո, բացի այդ, մարտի 1-ի դեպքերի կադրերը համարյա ամբողջությամբ հեռախոսով նկարած կադրեր են, որովհետեւ մեծ կամերայով հնարավոր չէր լինի նկարել, երբ խաղաղ կանգնած ժողովրդին գալիս խփում են, մեկը հեռախոսով աննկատ նկարում էր։ Եթե մեծ կամերա լիներ, հաստատ ձեռքից կվերցնեին»:

«Իմ ֆոտոներն ու վիդեոները ընկերներիս ու հարազատներիս եմ փոխանցել, որովհետեւ այն, ինչ ցույց էին տալիս, շատ էր շեղված իրականությունից: Մարդկանց պետք էր ցույց տալ, որ ամեն ինչ այլ կերպ է: Եթե բջջայինով նկարում էի, թե ինչպես է գիշերն անցնում հրապարակում, մարդիկ նայում էին ու մտածում, որ այնտեղ բոմժեր չէին, նորմալ մարդիկ էին, նորմալ շորերով ու դեմքերով, խարույկի մոտ նստած՝ տաքանում էին: Շատ մեծ բեկում էին առաջացնում այդ կադրերը»:

Եզրակացություններ

Կրկնում եմ՝ հարցազրույցները շատ ավելին էին, քան իմ մի քանի հարցերին զրուցակիցներիս տված պատասխանները։ Այս դեպքում, ինձ համար իսկապես կարեւոր տեխնոլոգիաների հարցից է՛լ ավելի կարեւոր էին այդ ոչ սովորական իրադարձության՝ երիտասարդ մարդկանց ապրումների, հուզմունքի, ոգեւորության եւ հուսահատության միջով ինձ հասնող արձագանքները։

Իհարկե, այս հարցազրույցները բավարար չեն ընդհանուր բնույթի եզրակացություններ անելու համար։ Նման նպատակ չեմ էլ ունեցել։ Բայց կան բաներ, որ լրացնում են իմ անձնական փորձառությունը, այլ շփումներից ստացած իմ տպավորություններն ու մտորումները եւ դրանով իսկ որոշակի ընդհանրացումների հնարավորություն տալիս։ 

Օրինակ՝ պարզ է, որ երիտասարդների զանգվածային մուտքը շարժման շարքեր եղել է ետընտրական հանրահավաքների առաջին օրերին՝ սկսած փետրվարի 21-ից, թեեւ պատճառների մասին միարժեք եզրակացություն առայժմ կզգուշանամ անել։ Կարող եմ նաեւ առանց վարանելու կրկնել այդ շարժման ձեւավորման եւ ծավալման համար անձնական տեղեկատվամիջոցների խաղացած վճռական դերի մասին իմ պնդումը։ Հարցազրույցներն ամբողջովին հաստատում են այդ բանը։ Զրուցակիցներիցս յուրաքանչյուրը, կախված տարբեր հանգամանքներից եւ առաջին հերթին՝ շարժմանն իր ներգրավվածության աստիճանից, ինչ-որ չափով օգտագործել է ձեռքի տակ եղած տեխնոլոգիաները՝ հանրահավաքների ու երթերի մասին տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու համար։ Հարց է մնում, սակայն, թե ինչու՞ հատկապես այդ տեխնոլոգիաները եւ ինչու՞ այդ ձեւերով։

Այս իրողությունները եւ դրանց հարուցած հարցերը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հայաստանյան իրադրության համատեքստում վերլուծելը դուրս է մնում սույն հոդվածի շրջանակից։ Ընդգծեմ միայն, որ համաձայն ապրիլ ամսին հրապարակված տվյալների (խոսքը Համաշխահային տնտեսական ֆորումի վերջին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների գլոբալ զեկույցի (2007-2008) մասին է)՝ Հայաստանը ետ է մնում իր բոլոր հարեւաններից մի ոլորտում, որտեղ 2000 թվականից ի վեր պաշտոնապես իրեն մեծ պոտենցիալ է վերագրել եւ հավակնել լինելու կամ դառնալու տարածաշրջանային առաջատար։ Սա Ռ. Քոչարյանի նախագահության տասնամյակի տխուր արդյունքներից մեկն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter