HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնտեսական վիճակն Ադրբեջանում

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական խնդիրների, երկու երկրներում բիզնես միջավայրը ձեւավորող պայմանների, տնտեսական համակարգերի առանձահատկությունների մասին են ստորեւ ներկայացված հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի մասնագետների հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում:

Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց «Օժանդակություն տնտեսական նախաձեռնություններին» հասարակական միության ղեկավար Ազեր Մեհթիեւի հետ

Ինչպիսի՞ն են Ադրբեջանի տնտեսական վիճակի ցուցանիշները, եւ որքանո՞վ են դրանք համեմատելի հետխորհրդային այլ տնտեսական վիճակների հետ:

Վերջին տասը տարվա ընթացքում Ադրբեջանի տնտեսությունն աչքի է ընկնում աճի բարձր տեմպերով: Եթե 2000-2004թթ. դրանք կազմում էին 10%, ապա 2005-2007թթ.` համապատասխանաբար 26,4%, 34%, 25%: 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում իրական տնտեսական աճն Ադրբեջանում կազմեց 10,8%: 2009 թ. այդ ցուցանիշը 9,3% էր, իսկ 2010 -ին` 5%: Եթե 2000 թ.երկրի ՀՆԱ-ն հավասար էր 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարի, ապա 2010-ին այն հասավ 51,8 միլիարդի: Անցյալ տարի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր 5800 ԱՄՆ դոլար: Այսպիսով, Ադրբեջանը մտնում է այն երկրների խմբի մեջ, որոնցում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տատանվում է 5-10 հազար ԱՄՆ դոլարի միջեւ:

Աճել են նաեւ բնակչության ծախսերի տեմպերը: 2005-2010թթ. բնակչության ընդհանուր եկամուտը մեծացել է ավելի քան երեք անգամ` մոտ 10 միլիարդ ԱՄՆ դոլարից հասնելով 32 միլիարդի: Երկրում աղքատության մակարդակը 2001-2010թթ. ընթացքում նվազել է 49%-ից մինչեւ 9%:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տնտեսական նման բարձր տեմպերով աճի մեջ ամենակարեւոր դերը խաղացել է նավթային գործոնը: Բարձր աճը սկսվեց 2005 թվականից, այսինքն, նավթադոլարների ներհոսքի հետ միասին: Արդյունքում, նավթային սեկտորի բաժինը ՀՆԱ-ում, որ 2000 թ. կազմում էր 30%, մեծացավ եւ 2007 թ. հասավ 60%-ի: Չնայած նրան, որ վերջին տարիներին նկատվում է այդ ցուցանիշի անկում, երկրի տնտեսությունը եւ նրա աճն առայժմ հիմնված են հենց նավթի վրա: Պետբյուջեի եկամուտների կեսից ավելին առաջանում է անմիջապես նավթային սեկտորից (2011 թ. այս ցուցանիշը կկազմի 74%): Աճի բարձր տեմպերի հետ միասին, մեծ նավթային եկամուտները հանգեցրին նոր լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների: Դա առաջին հերթին սոցիալական շերտավորման խորացումն է հասարակության մեջ:

Ըստ տարբեր ուսումնասիրությունների արդյունքների` ամենաբարձր եկամուտներ ունեցող 10% բնակչության եւ ամենացածր եկամուտներով 10%-ի եկամուտներն իրարից տարբերվում են ավելի քան 70-80 անգամ: Երկրորդ` պետկառավարման բոլոր մակարդակներում լայնորեն տարածված է կոռուպցիան: Վիթխարի տարբերություն կա պետական ծառայողների եկամուտների եւ նրանց կենսակերպի միջեւ: Պետական միջոցների հաշվին իրականացվող նախագծերի արժեքի` մի քանի անգամ մեծացումը դարձել է սովորական բան: Պետական միջոցներն անարդյունավետ են ծախսվում, չկա հաշվետվություն, թափանցիկություն եւ հասարակական մասնակցություն: Երկրում տնտեսական բարեփոխումներն իրականացվում են ծայրահեղորեն դանդաղ եւ չհամակարգված ձեւով: Գրեթե չեն կատարվում կառավարման ապակենտրոնացման հետ կապված բարեփոխումներ: Էներգետիկ եւ կոմունալ ծառայությունները շարունակում են մնալ խոշոր պետական ձեռնակությունների ձեռքին:

Ուղեւորների եւ բեռնափոխադրության ոլորտում տիրապետում են պետական ձեռնարկությունները (իրականում այդ բոլոր տիրույթներում տարածված է թաքնված մասնավորեցումը): Պետական սոցիալական ծառայությունների տիրույթներում (առողջապահություն, կրթություն եւ այլն) դեռեւս պահպանվում են խորհրդային ժամանակների կառավարման մեխանիզմները: Բացի այդ, չնայած մեծ եկամուտներին, պետության կողմից կրթությանը հատկացված միջոցները կազմում են ընդամենը ՀՆԱ-ի մոտ 3%-ը, առողջապահությանը` 1%-ը, գիտությանը` 0,2%-ը:

Տնտեսական ի՞նչ համակարգ է ձեւավորվել երկրում, որքանո՞վ է այն ընդունակ ադեկվատ եւ ժամանակին արձագանքելու գլոբալ տնտեսական գործընթացներին:

Ճիշտ կլիներ` այդ հարցին մոտենալ համաշխարհային տնտեսության կարճաժամկետ եւ երկարաժամկետ մարտահրավերների տեսանկյունից: Ինչպես գիտեք, վերջին երեք տարվա ընթացքում` հատկապես զարգացած երկրները համակած ֆինանսատնտեսական ճգնաժամը (այդ երկրներն ունեն նաեւ պարտքերի հետ կապված խնդիրներ) լուրջ սպառնալիք է ստեղծել այդ երկրների տնտեսության, ինչպես նաեւ գլոբալ տնտեսության համար: Ադրբեջանն այդպիսի խնդիրներ չունի: Ադրբեջանի Պետական նավթային ֆոնդի տարադրամային պահուստները գերազանցում են 30 միլիարդ ԱՄՆ դոլարը, իսկ Կենտրոնական բանկինը` 7,5 միլիարդը:

Ադրբեջանի արտաքին պարտքը դոլարային համարժեքով կազմում է մոտ 4,5 միլիարդ կամ` ՀՆԱ-ի 8%-ը: Բայց դրա հետ միասին, Ադրբեջանի տնտեսությունը եւ նրա աճի տեմպերը մեծապես կախված են համաշխարհային նավթային շուկայի վիճակից: Համաշխարհային շուկայում նավթի գների յուրաքանչյուր լուրջ անկման պատճառով կարող են կտրուկ նվազել երկրի եկամուտները: Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում նավթի եւ գազի արդյունահանման ծավալներն ամեն տարի աճում են, եւ ի հավելումն դրան` մեծանում է նաեւ ոսկու արդյունահանումը, ապա պարզ է, որ երկիրը կարող է փոխհատուցել նավթի գների նվազման բերած կորուստների մի մասը, բայց դա չի լուծում բոլոր խնդիրները:

Երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից` շատ կարեւոր է վերացնել երկրի տնտեսության կախվածությունը նավթային սեկտորից: Դժվար է ասել, թե ինչքան կտեւի բարձր նավթային եկամուտների շրջանը: Մի կողմից` համաշխարհային տնտեսության վերածնունդի եւ էներգակիրների պահանջարկի աճի հետ միասին նավթի եւ գազի գները համաշխարհային շուկայում  կարող են մնալ Ադրբեջանի համար ձեռնտու մակարդակի վրա:

Մյուս կողմից` Ադրբեջանի ունեցած նավթագազային պաշարները դեռ երկար ժամանակ կարող են շահագործվել: Բացի այդ, վերջերս «Ումիդ» եւ «Աբշերոն» հանքավայրերում հայտնաբերվել են գազի մեծ պաշարներ, ինչը կամրապնդի Ադրբեջանի` որպես նավթ եւ գազ արտահանողի դերը: Ադրբեջանի տնտեսությունն, իր հումքային կախվածությամբ եւ ներկա կառուցվածքով, մրցունակ չէ տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում:

Այսպես, ՀՆԱ-ի մինչեւ 53%-ը արտադրվում է արդյունաբերության ոլորտում, իսկ արդյունաբերական արտադրության մոտ 80%-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերության տիրույթին (նավթի, գազի եւ այլ հանքային հարստությունների, որտեղ զբաղված է աշխատող բնակչության 2%-ից էլ փոքր մասը): Վերջին տարիներին զարգացող շինարարության սեկտորի բաժինը ՀՆԱ-ում կազմում է մոտ 7%: Երկրի գյուղատնտեսությունը, որտեղ աշխատում է զբաղված բնակչության մինչեւ 40%-ը, արտադրում է ՀՆԱ-ի ընդամենը 5%-ը:

Եւ սա այն դեպքում, երբ երկիրն ունի բնական եւ կլիմայական լավ պայմաններ գյուղատնտեսության ավելի հզոր զարգացման համար: Անարդյունավետ է գյուղատնտեսության զարգացման կառավարության քաղաքականությունը: Վերջին տարիներին կառավարությունն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացնում տուրիզմին, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաներին: Բայց այդ ջանքերի արդյունքները դեռեւս հեռու են ցանկալի մակարդակից:

Սկզբունքային ի՞նչ խնդիրներ են այսօր խոչընդոտում երկրում բիզնես միջավայրի զարգացմանը, դրանք ավելի շատ ներքի՞ն, թե՞ արտաքին քաղաքական բնույթի են:

Վերջին տարիներին Ադրբեջանը սրընթաց շարժվում է Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշային ցանկում, հատկապես` 2009 թ. ձեռնարկությունների գրանցման գործում «միասնական պատուհանի» սկզբունքի ներմուծումից հետո:

Իրականում, երկրում մնում են բիզնես միջավայրի հետ կապված շատ լուրջ խնդիրներ: Չկան սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ: Վերջին տարիներին, ճանապարհների, զբոսայգիների, պետական հաստատությունների շենքերի եւ այլնի շինարարության ընդլայնման հետ միասին, նկատվում են սեփականության իրավունքի զանգվածային խախտման դեպքեր:

Երկրի տնտեսության բոլոր ոլորտներում կան մեաշնորհներ, եւ դրանք պաշտոնյաներինն են: Լայնորեն տարածված է պաշտոնեական կամայականությունն ու կոռուպցիան: Բացի այդ, պետական պաշտոնյաները զբաղվում են ձեռներե ցությամբ եւ վերահսկում են տնտեսական գործունեության բոլոր բնագավառները: Խախտվում են օրինականությունն ու պայմանագրերը, չկա անկախ արդարադատություն: Լուրջ խոչընդոտներ կան ապրանքների եւ ծառայությունների արտահանման եւ ներմուծման գործում:

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա երկրի պատերազմական վիճակում գտնվելը խանգարում է արտասահմանյան ներդրումների հոսքին դեպի երկիր: Դա հատկապես վերաբերում է միջին բիզնեսին: Բայց բիզնես միջավայրում առկա հիմնական խնդիրները ներկա պահին վերը թվարկածներն են, այսինքն, դրանք ներքին խնդիրներ են:

Այսօր ո՞ր երկրներն են Ադրբեջանի տնտեսական ամենախոշոր գործընկերները: Երկիրն ի՞նչ միջազգային տնտեսական կազմակերպությունների անդամ է, ի՞նչ օգուտ կա այդ անդամությունից:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը առեւտրային կապեր է պահպանում 146 երկրների հետ: 2010 թ. Ադրբեջանի արտասահմանյան առեւտրային շրջանառությունը կազմել է 28 միլիարդ ԱՄՆ դոլար: Դրանից 6,6 միլիարդը բաժին է ընկել ներմուծմանը, իսկ 21,3 միլիարդը` արտահանմանը: Ադրբեջանի արտահանման 92%-ը կազմում են նավթը եւ նավթամթերքները: Արտահանման հիմնական գործընկերները Իտալիան, Ֆրանսիան, Իսրայելը, ԱՄՆ-ը, Ուկրաինան են եւ այլ երկրներ: Ներմուծման հիմնական մասը կազմում են զանազան մեքենաներ եւ սարքավորումներ, սննդամթերք, արդյունաբերական ապրանքներ: Ներմուծվող ապրանքների հիմնական մասը բերվում է Ռուսաստանից, Թուրքիայից, Գերմանիայից, Չինաստանից եւ այլ երկրներից:

2010 թ. երկրում արտասահմանյան ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 8,2 միլիարդ ԱՄՆ դոլար: Մեծ մասը բաժին է ընկնում Թուրքիային, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, ԱՄԷ-ին:

Ներկայումս Ադրբեջանը Սեւծովյան ավազանի տնտեսական համագործակցության կազմակերպության, Իսլամական տնտեսական համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունների անդամ է: Նման կազմակերպությունների անդամ լինելը նշանակություն ունի նաեւ երկրների միջեւ տնտեսական համագործակցության առումով:

Ադրբեջանը դեռեւս ԱՀԿ-ի անդամ չէ: Դիմում ներկայացվել է դեռեւս 1997թ.: ԱՀԿ մտնելը արագացնելու նպատակով 2006 թ. օգոստոսին պետության ղեկավարը ստորագրեց հատուկ կարգադրություն: Հիմա ընթանում են երկկողմանի եւ բազմակողմանի բանակցություններ: Չինաստանի նման տնտեսապես հզոր  երկիրը ԱՀԿ-ի անդամ դարձավ 15 տարվա ընթացքում: Ադրբեջանն այդ գործընթացի մեջ է արդեն 14 տարի: Մենք դեռեւս քննարկում ենք ԱՀԿ-ին մեր երկրի անդամության արդյունավետության հարցը, թեեւ ավելի ճիշտ կլիներ հաշվել երկրի կրած իրական կորուստները այդքան երկարատեւ ձգձգումից: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ուշացումը կապված է պաշտոնյա մոնոպոլիստների կորպորատիվ շահերի հետ: Բայց չպետք է մոռանալ նաեւ այն, որ ԱՀԿ մտնելու գործընթացը տարեցտարի բարդանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter